Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Կարինե Գրիգորյան . «Բոլորս էլ արժանի ենք, որ ապրենք արժանապատիվ կյանքով»:

Հաշմանդամություն ունեցող կանանց և աղջիկների խնդիրների շուրջ WomenNet.am- ը զրուցում է  Գյումրու “Ագաթ” ՀԿ նախագահ Կարինե Գրիգորյանի հետ: Կազմակերպությունն օգնում է սահմանափակ հնարավորություններով կանանց և երեխաներին կյանքի նկատմամբ հավատ ձեռք բերել, իրացնել իրենց հասարակության մեջ, պաշտպանում է նրանց իրավունքները: Ինքը` Կարինեն, զարմանալիորեն պայծառ և բաց անձնավորություն է, էությամբ ակտիվիստ, նրա անսպառ եռանդին կարելի է միայն նախանձել: Նաանշուշտ  գիտի, թե ինչ է նշանակում լինել մեր հասարակության մեջ ոչ այնպիսին, ինչպես բոլորը, սակայն «սահմանափակ հնարավորություններ» բառակապակցությունը նրա համար չէ, նա դա ապացուցել է իր օրինակովՄեր առաջին հարցը՝ ինչու՞   հաշմանդամություն ունեցեղ մարդկանց խնդիրները գենդերային տարբերակման կարիք ունեն…

 

–  Ներկայումս Հայաստանում գրանցված են մոտ 81900 հաշմանդամություն ունեցող կանայք և աղջիկներ, որոնք հանդիսանում են հասարակության ամենախոցելի խումբը և ենթարկվում են կրկնակի խտրականության` որպես կին և հաշմանդամություն ունեցող անձ: Նրանք մշտապես բախվում են ֆիզիկական և սոցիալական  խոչընդոտների հետ:  Հաշմանդամություն ունեցող կանանց կրթական, աշխատանքային  և զբաղվածության, ընտանիք ունենալու , առողջապահական և վերարտադրողական առողջության  իրավունքները  մեծամասամբ չեն իրագործվում: Չնայած  մեծ  դժվարություններին, այնուամենայնիվ կան նաև շատ խիզախ կանայք, որոնք իրենց ուժեղ և լավատես բնավորության  և անկոտրում կամքի  շնորհիվ, հաղթահարում են ֆիզիկական, էմոցիոնալ և սոցիալ-տնտեսական խորընդոտները՝  հասնելով  լուրջ հաջողությունների: Վերջերս Հայաստանում իրականացված  հետազոտությունների արդյուքում պարզվել է , որ կրթական համակարգից դուրս մնացած հաշմանդամություն ունեցող աղջիկների թիվը անհամեմատ մեծ է նույն խնդիրները ունեցող տղաների թվից:  Ինչ վերաբերում է զբաղվածությանը, հաշմանդամություն ունեցող տղամարդը ավելի համարձակ է և կարող է դիմել որոշակի ֆիզիկական կամ մտավոր աշխատանք կատարելու համար: Մինչդեռ  հաշմանդամություն ունեցող  կանայք շատ ավելի  ինքնամփոփ են ու մերժված հասարակության կողմից: Նրանք ավելի շատ են ամաչում  իրենց կարգավիճակից և դրա համար չեն կարողանում գտնել աշխատանք: Նույնիսկ ընտանիք կազմելու պարագայում տարբերությունն ընդգծվում է նրանով, որ եթե տղամարդը կարող է ընտրություն կատարել, ապա կինը ` ոչ:

 

«Բոլորն էլ իրենց առօրյա կյանքում հանդիպում են դժվարությունների և անարդարության»…

 

Ինչպիսի ՞ ն է հասարակության վերաբերմունքը սահմանափակ հնարավորություններով  անձանց ու հատկապես կանանց   նկատմամբ: Վերջին հետազոտությունները ցույց են տալիս, որ անկախ սեռից  գերիշխում է խղճահարության  զգացումը,  ինչը բոլորովին չի  նպաստում  նրանց ինտեգրմանը հասարակության մեջ:

-Ցավով պետք է հանմաձայնվեմ, որ հասարակությունը դիտում է հաշմանդամություն ունեցող անձանց , ինչպես նաև կանանց ու աղջիկներին, որպես խնամքի, հոգածության և խղճահարության առարկա: Մեր հասարակությունը դեռ պատրաստ և ի վիճակը չէ բոլորին հաասար ընկալել  հաշմանդամություն ունեցող մարդկանց, պատրաստ է չէ  գնահատել  կանանց և աղջիկների պոտենիալը, նրանց հոգևոր և մտավոր հարուստ ներաշխարհը, և շատ հաճախ դատողություններ և եզրահանգումներ է անում` ելնլով վերջիններիս ֆիզիկական իրավիճակից: Մարդկանց կարծիքներն ու մտածելակերպը փոխելը շատ դժվար է, այնուամենայնիվ, արդեն կան բավականին նկատելի փոփոխություններ հասարակության մտածելակերպում:

 

Հայաստանում առկա ՞ են այն անհրաժեշտ պայմանները, որոնք հարկավոր են հասարակության մեջ նրանց լիարժեք ինտեգրման համար: Ո ՞րն է այս հարցում ամենամեծ խոչընդոտը:

2010 -ին Հայաստանը վավերացրեց ՄԱԿ-ի` Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիան,  որի համաձայն պարտավորվում է հատուկ միջոցնել ձեռնարկել, որպեսզի սահմանափակ հնարավորություններ  ունեցող անձիք կարողանան իրացնել իրենց իրավունքները:  Կոնվենցիայի ուժի մեջ մտնելուց հետո, արդեն բավականին քայլեր իրականացվել են ՀՀ Կառավարության և այդ խնդիրներով զբաղվող ՀԿ-ների  կողմից, սակայն ակնհայտ է, որ  դեռեւս  շատ հեռու ենք այն երանելի իրականությունից, երբ հաշմանդամություն ունեցող անձը  լիարժեք ինտեգրվի հասարակությանը:  Դա կախված է տվյալ հասարակության քաղաքական, մշակութային կյանքում մասնակցություն ունենալու հնարավորություններից , ինքնուրույն աշխատանք որոնելու և  գտնելու ունակություններից: Իսկ ինքնուրույնություն դրսեւորելու  համար անհրաժեշտ է, որ նրանք ապրեն լիարժեք կյանքով:  Վերջինս  հնարավոր է միայն  հասարակությունում գերիշխող կարծրատիպերի փոփոխության և հաշմանդամ մարդկանց իրավունքների իրացման համար մատչելի միջավայրի ստեղծման դեպքում:

Դուք հաճախ եք լինում արտերկրում, շփվում եք նույն խնդիրներն ունեցող մարդկանց հետ, ինչ էական տարբերություն կա այս առումով  Հայաստանում և արտերկրում:

-Այո, աշխատանքի բերումով  շատ հաճախ եմ լինում արտերկրում, մասնակցում տարբեր միջազգային համաժողովների և դասընթացների, շփվում և համագործակցում տարբեր երկրներից  հաշմանդամություն ունեցող, բայց  առաջնորդ կանանց հետ: Պետք է նշեմ,  որ գրեթե բոլորն էլ իրենց առօրյա կյանքում հանդիպում են դժվարությունների և անարդարության, որոնց  դրսևորման ձևերն  սակայն տարբեր են` կախված երկրի զարգացածության մակարդակից   և սոցիալ-տնտեսական իրավիճակից: Ավելի զարգացած երկրներում ապրող և գործող հաշմանդամություն ունեցող կանայք ավելի ազատ են, ինքնավստահ և հաջողությունների հասնելը նրանց համար շատ ավելի է հեշտ է: Իսկ երբ համեմատում եմ  ծայրահեղ աղքատ երկրներում ապրող հաշմանդամ մարդկանց  իրավիճակի հետ,  զգում եմ, որ պետք է շարունակեմ լավատես լինել, քանի որ փոփոխությունները Հայաստանում ընթանում են դեպի լավը` չնայած դանդաղ քայլերով:

 

“Ծնողները տարիներ շարունակ նրանց փակում են տանը…”  

 

 

Վերջերս Դուք մասնակցել եք ՄԱԿի կենտրոնակայանում կայացած հաշմանդամություն ունեցող կանանց նկատմամբ բռնության կանխարգելման ու վերացման թեմայով հանդիպմանը, Հայաստանում կա՞  նման խնդիր:Եթե այո, ինչպե՞ս է այն արտահայտվում և ինչպե՞ս պետք է պայքարել դրա դեմ:

-Հայաստանում, որպես  նախկին Խորհրդային Միության հանրապետություններից մեկում, որտեղ  տիրապետում էր հաշմանդամության բժշկական մոդելը, դեռ արմատավորած է խտրական վերաբերմունքը հատկապես հաշմանդամություն ունեցող կանանց ուաղջիկների նկատմամբ: Որքան էլ ջանանք կոծկել, սակայն Շիրակի մարզում  իրական փաստերից ելնելով, կարող եմ նշել, որ շատ մեծ տոկոս է կազմում ընտանեկան բռությունը հաշմանդամություն ունեցող կանանց և աղջիկների նկատմամբ.  երբ  ծնողները տարիներ շարունակ վերջիններիս փակում են տանը և դեմ են, որ նրանք  իրենց  սեփական ընտանիքը կազմեն: Քույրերը և եղբայները  ամաչում են նրանց հետ դուրս գալ հասարակական վայրեր, իսկ եթե ամուսնանում են, ապա ամուսինները  հաճախ ֆիզիկական բռնության են ենթարկում իր հաշմանդամություն ունեցող կնոջը, իսկ վերջինս լուռ տանում է տառապանքը` կարծելով որ դա բնական է իր ֆիզիկական վիճակի դեպքում:

Հատկապես մտավոր խնդիրներով կանայք և աղջիկները ենթարկվում են սեռական բռնութունների և ոտնձգությունների:  Շատ են նաև այն դեպքերը, երբ հաշմանդամություն ունեցող կանայք և աղջիկները ենթարկվում են ոտնձգությունների առողջապահական հիմնարկների աշխատակազմի կողմից: Սրա դեմ պայքարելու համար մեր կազմակերպությունը աշխատում է բացահայտել բռնության դեպքերը, հոգեբանական և իրավաբանական խորհրդատվություն է կազմակերպում բռնության զոհերի և նրանց ընտանիքների անդամների համար: Կազմակերպում ենք նաև առաջնորդության, ինքնապաշտպանության, սեռական դաստիարակության և այլ դասընթացներ: Շատ կարևոր է, որ բռնության զոհերի համար նախատեսված ապաստանները մատչելի լինեն հաշմանդամություն ունեցող կանանց և աղջիկների համար:

 

Ոլորտը կարգավորող ՀՀ օրենսդրության մեջ բացեր տեսնո ՞ ւմ եք: Ինչը կցանկանայիք փոխել կամ գուցե լրացնել:

-Ներկայումս Հայաստանում արդեն մշակվել է  “Հայաստանի Հանրապետությունում  հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին” ՀՀ օրենքը , որի շատ դրույթներ բխում են ՄԱԿ-ի կոնվենցիայից: Մեր կազմակերպությունը ևս կատարել է առաջարկություններ ու դիտողություններ, որոնք կներառվեն վերջինիս մեջ: Օրենքի ուժի մեջ մտնելուց հետո, կարծում եմ, որ պետք է հատուկ մեխանզմներ ձեւավորվեն , որպեսզի ապահովեն օրենքի իրականացումը:

 

 

Արդյո ՞ ք այդ ուղղությամբ համագործակցում եք ԱԺ համապատասխան հանձնաժողովի կամ պատգամավորների հետ:

-Մեր կազմակերպությունը ակտիվորեն համագործակցում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի, հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներով զբաղվող մարզային հանձնաժողովի հետ և հանդիսանում է Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ազգային դաշինքի անդամը: Դաշինքի կազմակերպություններից մի քանիսը ըդնգրկված են ԱԺ համապատասխան հանձնաժողովում և վերջիններիս հետ համագործակցությունը հնարավորությունը է ընձեռում մեր ձայնը լսելի դարձնել  որոշումների ընդունման  մակարդակներում: Վերջերս մեր կազմակերպությունը արդեն սկսել է համագործակցել ՀՀ արտաքին գործերի նախարարության հետ ևս:

 

«Էությամբ լավատես եմ»…

 

 

 

– Դուք կին առաջնորդ եք, ով  ևս բախվել է հաշմանդամություն ունեցող մարդկանց խնդիրներին: Ձեզ ինչպե ՞ ս հաջողվեց հաղթահարել դրանք:

 

Անշուշտ, ծնված օրվանից ես ևս բախվել եմ բազում արգելքների, խոչընդոտների և անարդարությունների, սակայն իմ ամենակարևոր խթանը և հաջողության գրավականը եղել է իմ ընտանիքը: Ծնողներս մանկավարժ լինելով ջանք չեն խնայել, որ ես կյանքում ոչ մի բանի կարիք և տխրություն չզգամ, մեծ ներդրում են ունեցել իմ կրթության գործում և միշտ խրախուսել են, որ կյանքում առաջ գնամ: Դա իմ մեծ բախտավորությունն է: Դրա համար էլ էությամբ լավատես եմ, ունեմ նաեւ հումորի մեծ զգացում, որն ինձ օգնում է չհուսալքվել: Կարող եմ նաև ավելացնել, որ մանկուց սրտանց ուրախացել եմ ուրիշների հաջողություններով ՝ հոգուս խորքում փայփայելով այն երազանքը, որ մի օր էլ ես կհասնեմ բարձունքների:

 

Միշտ  հորդորում եմ  հաշմանդամություն ունեցող բոլոր կանանց, որ լինեն լավատես և չհուսալքվեն, աշխարհում չկա ոչ մի անհնար բան, մենք բոլորս էլ կարող ենք, եթե համախմբվենք միասին և պայքարենք մեր իրավունքների համար:  Մենք բոլորս էլ արժանի ենք, որ ապրենք արժանավայել կյանքով:

 

Զրուցեց` Մարիաննա Ղահրամանյանը

 

 

Կարդացեք  նաև այս թեմայի շուրջ մեր կայքում.

 

 

Հաշմանդամ աղջիկներից ծնողներն ավելի հաճախ են հրաժարվում

 

 

Դիտումների քանակը` 3117

Վերադառնալ վերև