Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Կարինե Ղուկասյան. «Այսօր Հայաստանում աշխատող կանանց զգալի մասն է իրենց ընտանիքները պահում»

WomenNet.am-ի զրուցակիցն է  Վանաձորի ավագանու թեկնածու,  « Լուսավոր Հայաստան» կուսակցության կողմից 4 –րդ  հորզոնականում ներկայացված  Կարինե  Ղուկասյանն է: Նա  մասնագիտությամբ բժշկուհի է, աշխատում է «Հույս Հայաստանի համար» բարեգործական կլինիկայում որպես բժիշկ –ստոմատոլոգ նաև գործարարությամբ է զբաղվում, Վանաձոր քաղաքում կանթնամթերքի սեփական արտադրություն ունի: Վանաձորի ավագանու ընտրություններին մասնակցում է առաջին անգամ:

 

 

Ի՞նչն ստիպեց գործարար կնոջը ուժերը փորձել նաև քաղաքական պայքարում: Ինչու՞ որոշեցիք առաջադրվել:

 

–  Այն իրավիճակը, որ այսօր ստեղծվել է Վանաձոր քաղաքում, ինձ ստիպեց մասնակցել ընտրություններին: Այն անձինք, ովքեր մեր թիմում են, ապրում և ապրելու են Վանաձոր քաղաքում , մենք ցանկանում ենք երկրում փոփոխություն բերել հենց մեր քաղաքից, որովհետև այլևս հնարավոր չէ ապրել այն վիճակով, որն այս վերջին տասնամյակում տիրում է  մեր քաղաքում: Որևէ ոլորտում դրական որևէ տեղաշարժ այս տարիների ընթացքում չի գրանցվել:  Մեր  թիմի   բոլոր թեկնածուները լիդերներ են, ղեկավարում են տարբեր բիզնեսներ, որոնք իրենք են ստեղծել և զարգացնել: Մենք որոշեցինք մեր ուժը էներգիան և ժամանակը ներդնել քաղաքի վերափոխման , քաղաքի առողջացման համար:

 

՞նչ կարգախոսով եք  հանդես գալիս այս  ընտրություններին: Ձեր  ներկայությունը համայնքային իշխանության կազմում ի՞նչ կտա Վանաձորին:

 

– Համայնքային կյանք այսօր Վանաձորում գոյություն չունի, ցավոք,  քաղաքը տարանջատված է . գույություն ունի ծայրամաս և կենտրոնական հատված:  Բոլոր ոլորտներում բազմաթիվ խնդիրներ կան` քաղաքի փողոցների լուսավորությունից ու ասֆալտապատումից  մինչև գնումների գործընթացի ու համայնքային բյուջեից սնվող կազմակերպությունների  թափանցիկություն: Ես գտնում եմ, որ մենք , որպես համայնքի անդամ , մեր ձայնի իրավունքով պետք է մանսակցենք համայնքի կյանքին, պետք է կարողանանք տարբեր ծրագրերի միջոցով նպաստել այնպիսի ներդրումների, որոնք քաղաքի բնակիչների ապրելակերպի վրա ուղղակի ազդեցություն կարող են թողնել :Եվ, ամենակարևորը, ես կարծում եմ, որ առաջին հերթին պետք է  քաղաքացիների հավատը վերականգնել:

 

-Ինչպե՞ս ընդունեց Ձեր շրջապատը  քաղաքականություն մտնելու որոշումը:

 

-Կարծում եմ, այսօր Հայաստանում սառույցը մի փոքր հալվել է, կարծրատիպերը, որ դա ինչիդ է պետք, ինչու ես մասնակցում , շատ չեն խշխում, ընդհակառակը, այնպես է ստացվել, որ այսօր Հայաստանի բնակչության մեծամասնությունը կանայք են մնացել, կլինի առևտրի ոլորտ, արտադրույուն, բոլոր ոլորտներում մեծամասնությունը կանայք են, որոնք սովոր են իրենց ընտանիքը, օջախը փայփայել, նրանք ավելի խնայողական են,  պակաս կոնֆլիկտային են և տարբեր իրավիճակներում  տարբեր մոտեցումներ ու լուծումներ են ի հայտ բերում: Ես կարծում  եմ, որ եթե մեր կուսակցություններում  ավելի շատ կանայք լինեին, գուցե իրավիճակն այսքան վատը չլիներ, որովհետև կնոջ մտածելակերպն այլ է,  ի վերջո կինը ծնված է մայր լինելու համար, ինչը բերում է միասնության, իսկ տղամարդկանց մոտ ռիսկայնությունն է ավելի բարձր  : Թեև իշխանության համակարգում կոռուպցիոն ռիսկերը իրականում սահմաններ չունեն` կին թե տղամարդ, ընտրակեղծարարությունները տղամարդիկ հիմնականում կանանց ձեռքով են կատարում, այդուհանդերձ կնոջ դերն իր համայնքի խնդիրների լուծման գործում անհրաժեշտություն է: Քանի որ ես բիզնեսում նոր չեմ, իհարկե, եղել  են դեպքեր, որ ասել են, կին ես, քո գործով զբաղվիր, ու շատ դժվարություններ եմ հաղթահարել, բայց ավագանու ընտրությունների հետ կապված նման արձագանքներ չեմ լսել: Իհարկե,  կարծրատիպերը պահպանվում են, շատերը նույնիսկ կարող են մտածել, թե ինչու պետք է նախընտրական ցուցակներում յուրաքանչյուր չորրորդը կին լինի, այնինչ  մենք գտնում ենք, որ եթե հավասար ենք ինչու չպետք է  կանանց և տղամարդկանց ներգրավվածությունը խորհրդարանում հիսուն-հիսուն լինի:

 

՞նչ եք կարծում, ովքե՞ր են Ձեր ընտրողները:

 

-Ես կարծում եմ իմ ընտրողն այն քաղաքացին է, բնակչության այն հատվածը որն ավելի խոցելի է և որը փոփոխություն է ցանկանում:

 

 

-Իսկ ինչպե՞ս եք գնահատում ընդհանրապեսորոշումների կայացման գործընթացում կանանց մասնակցությունը: Արդյո՞ք Հայաստանում կանայք  բավարար չափով ներգրավված են իշխանության տարբեր մարմիններում:

 

-Այս առումով ոգևորող ոչինչ չկա, ընդհակառակը, այն քսանհինգ տոկոսը, որին իշխող ուժերը  մի կերպ համաձայնություն տվեցին, մեզ որևէ կերպ չի գոհացնում: Ես կարծում եմ, որ հենց կին գործիչները, և կապ չունի որ քաղաքական ուժն են նրանք ներկայացնում, պետք է իրենք բարձրացնեն կանանց ներգրավվածության խնդիրը: Կնոջ մտածելակերպը տարբերվում է տղամարդկանց մտածելակերպից, կանանց ներուժը պետք է գնահատվի և որպես հավասարը հավասարի դիտարկվի: Չեմ  կարծում, որ այսօր Հայաստանում կանայք պատրաստ չեն, օրինակ նախարար, գյուղապետ կամ քաղաքապետ լինել, պատրաստ են, սակայն տղամարդիկ դա չեն ուզում ընդունել: Այսօր  Հայաստանում  աշխատող կանանց զգալի մասն է իրենց ընտանիքները պահում: Մեր կանայք և կիրթ են և տեսնում են այն խնդիրները, որոնք լուծման կարիք ունեն` սկսած ամենապարզ ընտանեկան խնդիրներից: Այդ ռեսուրսը չպետք է թերագնահատվի: Ինչ վերաբերվում է կանանց ակտիվությանը, պետք է ասեմ, որ գյուղական վայրերում կանայք մասնակցության ավելի քիչ փորձ ունեն և անհրաժեշտ է ակտիվ կանանց փորձը նրանց ներկայացնել: Այդ գործին պետք է լծվեն և քաղաքական ուժերը և կառավարությունը, որովհետև այսօր մենք ունենք տնտեսապես թույլ, չզարգացած գյուղեր, որոնք ոտքի կանգնեցնելու համար կանանց ռեսուրսը պետք է օգտագործվի:

 

 

Զրուցեց` Մարիաննա Ղահրամանյանը

 

 

Դիտումների քանակը` 1265

Վերադառնալ վերև