Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Կեթրին Լիչ. «Քաղաքականության մեջ հաջողությունը՝ երկարարատև ծանր աշխատանքի արդյունք է»:

 

Հայաստանում Մեծ  Բրիտանիայի արտակարգ և  լիազոր դեսպան Կեթրին Լիչը այն երջանիկ կանանցից է, ով   կարողացել է կայանալ ամեն ինչում՝   լինել  մայր, սիրված կին և  կարիերայում հասնել հաջողությունների:  Նա սիրով համաձայնվեց պատասխանել WomenNet.am-ի  հարցերին:  

 

– Տիկին դեսպան, Հայաստանի դիվանագիտական պրակտիկայում  ամուսինների նշանակումը   համատեղ դեսպանների  պաշտոնում աննախադեպ իրադարձություն էր, թեպետ  ՄեծԲրիտանիայի արտաքին գերատեսչության համար դա սովորական երեւույթ է: Բացի այդ հայտնի է, որ  դուք էլ   միասին աշխատելու փորձ  այլ  երկրներում ունեցել եք:  Ինչպիսի՞ դրական և  բացասական կողմեր են առաջանում այդպիսաի պրոֆեսիոնալ ընտանեկան տանդեմի ժամանակ:

 

 

–         Իհարկե ինձ շատ է դուր գալիս աշխատել ամուսնուս հետ որպես «դեսպանների թիմ» և  ես շնորհակալ եմ թե Մեծ Բրիտանիայի, թե Հայաստանի Արտաքին գործերի նախարարություններին մեր աշխատանքին սատարելու համար: Ես կարծում եմ մեր համատեղ աշխատանքի դրական կողմը դիտարկվում է, թե՛անձնական, թե՛ավելի կազմակերպչական տեսանկյունից: Նախ երկուսս միասին երեք-չորս տարվա համար ձեռք ենք բերել հիանալի աշխատանք, երկրորդը` ՄԹ Արտաքին գործերի նախարարությունը մեկի փոխարեն  կունենա երկու համապատասխան ղեկավարման փորձառություն ունեցող  աշխատող:

 

 

Կարևոր խնդիրն այն է, թե արդյոք մենք կարող ենք այս աշխատաձևը ծառայեցնել  ի օգուտ մեր դեսպանատան աշխատողների և Հայաստանում մեր գործընկերների: Գուցե կառավարման այս մոդելը չաշխատի ամենուր և բոլորի համար, սակայն մեր տեսանկյունից հատկապես փոքր դեսպանատան համար չափազանց կարևոր է չորս ամիսը մեկ  լիցքավորել  նոր էներգիայով: Դա լավ հավելում է դեսպանատան միջոցներին և կայունությանը: Ամենադժվար գործը օրվա անցուդարձի մասին մեկս մյուսին տեղեկացված պահելն է:

 

 

-Իսկ ձեր միջև  մասնագիտական  տարաձայնություններ լինու՞մ են   և  հաջողվու՞մ է ձեզ  արդյոք պաշտպանել ձեր տեսակետը:

 

–         Հիմնականում մենք խնդիրներին նայում ենք միևնույն տեսանկյունից: Պատահում է, որ  տարբեր գաղափարներ կամ մոտեցումներ ենք ունենում որևէ հարցի վերաբերյալ, բայց մենք գիտենք, որ քննարկելու ենք խնդիրն այնքան ժամանակ, մինչև գանք ընդհանուր գաղափարի և համաձայնության: Ես չեմ հաշվել, թե մեզնից ով է հաճախ հաղթում, բայց կարծում եմ, որ իրականում հիմնական արդյունքը փոխզիջումն է լինում:

 

 

 

–  Դժվար չէ՞ գտնվել միանգամից երեք` կնոջ, մոր, ինչպես նաև  դիվանագետի դերերում:  Օգնու՞մ է Ձեզ ամուսինը համատեղել կարիերան և  ընտանիքը:  

 

–         Չեմ կարող ասել, որ հեշտ է համատեղել կարիերան և տնային պարտականությունները: Դա պարբերական դժվարություն է ցանկացած աշխատող կնոջ համար: Բայց ես նաև մտածում եմ, որ համատեղումը հնարավոր է միայն սատարող և հարմարվող զուգընկեր ունենալու դեպքում՝ գոնե իմ դեպքում այդպես է: Եվ ես երջանիկ եմ դրա համար:

 

 

 Ձեր կարիերայի ընթացքում կանանց նկատմամբ  խտրականության դրևորումների հետ անձամբ առնչվել  ե՞ք:

 

–         Ես անկեղծորեն ուզում եմ ասել, որ իմ գործունեության ընթացքում մինչ այժմ որևէ խտրական վերաբերմունք չեմ զգացել:  Արտաքին գործերի նախարարությունում աշխատելուս առաջին օրերից սկսած նկատել եմ, թե ինչպես են այստեղ ջանում կանանց համար ապահովել աշխատանքային ճկուն պայմաններ՝ հատկապես այն կարևոր տարիներին, երբ երեխաները փոքր են: Հավելեմ, որ այս առավելություններից օգտվում են նաև տղամարդիկ: Այժմ շատ տղամարդիկ ունեն ընտանեկան պարտականություններ և աշխատող կանանց, ուստի նրանք ևս, ինչպես կանայք, ցանկություն ունեն չվարձատրվող արձակուրդ վերցնել, կամ կես օր աշխատել:

 

 

ենդերային անհավասարության խնդիրը Բրիտանիայում  ինչպիսի՞ լուծումներ է  այսօր ստանում:  

 

–         Այս խնդրի լուծման համար  մենք երկար ճանապարհ ենք անցել: Իհարկե, եթե նայեք վիճակագրական տվյալներին, կտեսնենք, որ,  ասենք, խորհրդարանում  կանայք կազմում են 22%,   FTSE Group –ի  100 ընկերություններում կին գլխավոր տնօրենները կազմում են միայն 7 %, այսինքն,  դեռ շատ բան ունենք անելու:  Մենք պետք է բեկումնային քայլեր անենք բարձր պաշտոններ ձեռք բերելու համար: Դրա հետ մեկտեղ  կանայք այսօր Միացյալ թագավորության աշխատաշուկայում մեծ մաս են կազմում և անում են բազմաբնույթ աշխատանք, որի մասին մայրիկիս ժամանակաշրջանի կանայք միայն կարող էին երազել: Մինչև 1973-ը նույնիսկ Արտաքին գործերի նախարարությունում կանայք ամուսնանալուն պես ստիպված էին լինում աշխատանքից դուրս գալ: Սա պարզապես անհավատալի է մեր օրերում, և այս փոփոխությունները, որոնք այսօր երևում են հասարակության վերաբերմունքում, ամրագրված են հզոր իրավական դաշտով, որի շնորհիվ խտրականությունը դիտարկվում է որպես անօրինական երևույթ և աջակցություն է ստանում  կանանց  ֆիզարձակուրդ ունենալու իրավունքը:

 

 

–  Իսկ ինչպիսին է այսօր  Մեծ Բրիտանիայ ի քաղաքական դաշտը կանանց ներկայցվածության տեսակետից: Կա՞ն արդյոք ասպարեզում  բարձր պաշտոնների հավակնող կին քաղաքական գործիչներ:    

 

–         Մենք բավական տաղանդավոր կանայք ունենք քաղաքականության առաջատար դիրքերում: Միայն մի քանի օրինակ կարելի է բերել՝ Թերեզա  Մեյը ներքին գործերի նախարարն է, Իվետ Քուփերը՝ նրա գործընկերն է ստվերային կառավարությունում: Երկուսն էլ հնարավոր ապագա լիդերներ են: Բոլոր կուսակցությունների ղեկավարները կարևորում են կին պատգամավորների ներկայացվածությունը նախարարական պաշտոններում: Սակայն հավասարապես կարևոր է խորհրդարանում ևս տաղանդավոր կանանց  ներկայությունը: 

 

 

Ձեր կարծիքով ինչո՞վ է  պայմանավորված կնոջ հաջողությունը քաղաքականությունում: Ինչպիսի՞ հատկանիշներ  պետք է ունենա կինը, որպեսզի այնպիսի գլխապտույտ քաղաքական կարիերա անի, ինչպես դա հաջողվեց ժամանակին Մարգարետ Թետչերին, ով  վարչապետի պաշտոնում  մնալու յուրահատուկ ռեկորդ  սահմանեց` 11,5 տարի…

 

–         Քաղաքականության մեջ հաջողությունը՝  երկարարատև  ծանր աշխատանքի արդյունք է: Քո աշխատանքային անվտանգությունը  ապահովված չէ  նույնիսկ ընտրություններից հետո, պարբերաբար գտնվում ես լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում, քննադատության թիրախ ես դառնում և   մասնագիտական, և անձնական տեսանկյունից: Ես՝ որպես նշանակովի պաշտոնում աշխատող քաղծառայող, իսկապես հարգում եմ մարդկանց, ովքեր պատրաստ են ապրել ու աշխատել նման պայմաններում: Ցանկացած կին, ով պատրաստվում է մտնել քաղաքականություն, պետք է ունենա ինքնավստահություն, ճկունություն և  կարողանա  համոզիչ լինել: Բայց քաղաքականության մեջ նաև անհրաժեշտ է հաջողությունն ու ժամանակը: Դուք պետք է լինեք ճիշտ տեղում, ճիշտ պահին և քաջություն ունենաս, ինչպես տիկին Թետչերն է ասել՝ բռնեցնել ճիշտ պահը: Հետաքրքիր է, որ 1974-ին  նա դեռևս  ասում էր. «Կլինեն տարիներ և ոչ իմ ժամանակներում, երբ կանայք կղեկավարեն կուսակցություն կամ կդառնան վարչապետ», իսկ  մեկ տարի անց ՝ 1975-ին  դարձավ կուսակցության ղեկավար, այնուհետև  1979-ին ընտրվեց վարչապետ:

 

 

–  Հայաստանում նախագահական ընտրություններում կնոջ առաջադրման առաջին նախադերը արձանագրվեց անցյալ տարի,  երբ լրագրող Նարինե Մկրտչյանը առաջադրվեց նախագահի թեկնածու: Այլ հարց է,որ նա  չմասնակցեց մրցավազքին՝ ընտրագրավը չմուծելու պատճառով:  Ձեր կարծիքով, այդ առաջադրումն  ի զորու է ինչ-որ բան փոխել  կանանց ընկալումներում՝ բարձր պաշտոնների ձգտելու  իմաստով…

 

 

–         Ուզում եմ հուսալ, որ Նարինե Մկրտչյանի առաջադրումը բեկումնային դեր կունենա այս առումով: Ասեմ, որ Բրիտանական դեսպանատունը, Բրիտսնական խորհուրդը և այլ միջազգային կազմակերպություններ  իրականացնում են կանանց  առաջխաղացման համար անհրաժեշտ  հմտությունների ձևավորմանն ուղղված բազմաթիվ ծրագրեր՝ կազմակերպելով  մամուլի հետ աշխատանքի, քարոզարշավներ իրականացնելու, առաջնորդության դասընթացներ: Այս ամենը  անշուշտ խթանում է կանանց մասնակցությունը  տեղական ինքնակառավարման մարմինների կամ համապետական ընտրություններում՝  իրենց թեկնածությունները առաջադրելու իմաստով:  Նման  ծրագրերը բարձրացնում են  կանանց ինքնագնահատականը ,  օգնում  կապեր հաստատել  գործընկեր կանանց  հետ: Ես հուսով եմ, որ Նարինե Մկրտչյանի  օրինակը  դրական  կլինի մյուսների համար:

 

 

 Մեր տարածաշրջանում  միայն մի կին` Վրաստանի նախկին վարչապետ Նինո Բուրջանաձեն երկու ամսվա ընթացքում դարձավ նախագահի պաշտոնակատար: Ձեր կարծիքով, հետխորհրդային տարածքում ինչն է խանգարում կանանց զբաղեցնել ղեկավար պաշտոններ – մտածելակերպի առանձնահատկությունները, կանանց  մոտ առաջ գնալու ցանկության բացակայությունը   թե այլ խոչընդոտները:

 

–          Դժվար է այս հարցերին  միանշանակ  պատասխաան տալ:  Եթե դուք դիտարկեք երկրների շարքը, որոնք ունեն կին ղեկավարներ, կտեսնեք, որ դրանք և  ամենահարուստ (Գերմանիա, Ավստրալիա, Դանիա),  և  ամենաառաջադեմ  (Բրազիլիա, Հարավային Կորեա),  և  վերջին 25 տարվա ընթացքում անկախացած (Լիտվա, Սլովակիա,Կոսովո),  և ամենաղքատ (Մալավի, Լիբերիա, Բանգլադեշ) երկրներն են: Հիմնականում բաց թափանցիկ կառավարման համակարգում, որտեղ մարդիկ ջանում են խրախուսել ուրիշներին, տեսականորեն կանանց համար պետք է բաց լինեն վերև տանող բոլոր դռները: Բայց հասարակության վերաբերմունքն էլ է շատ կարևոր: Ես նայում եմ իմ երկրի օրինակին և տեսնում, թե ինչպես է իմ մայրիկի ժամանակների համեմատ հիմա ամեն ինչ փոխվել:

 

Զրույցը վարեց

Իլոնա Քամալյանը

 

 

P.S. Հիշեցնենք, որ ամուսիններ` Ջոնաթան Ջեյմս Էյվսը և  Քեթրին Ջեյն Լիչը ստանձնել են Հայաստանի Հանրապետությունում Միացյալ  թագավորության դիվանագիտական առաքելության համատեղ ղեկավարությունը  2012 թվականին: Պաշտոնական պարտականությունները  նրանք կատարում են  ռոտացիայի սկզբունքով՝ 4-ամսյա հերթագայությամբ:

 

 

Դիտումների քանակը` 4099

Վերադառնալ վերև