Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

«Կինը պետք է լռի». հետազոտության մանրամասներ

Հայաստանը կանգնած է ընտանեկան բռնության դեմ օրենք ունենալու նախաշեմին ու անկախ նրանից, թե ինչ փոփոխություններով ու երանգավորումներով այդ օրենքն ի վերջո կընդունվի, կարևոր է, որ այն իրոք հասարակական պահանջ ունի:  Դա են փաստում  վերջերս հրապաևակված  Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի կողմից կատարված որակական հետազոտության արդյունքները, որոնք ոչ միայն  բացահայտեցին հասարակության ընկալումներն այս խնդրի վերաբերյալ, այլ  ևս մեկ անգամ  դրա  լուծման պահանջ առաջ քաշեցին:

 

Հիշեցնենք, որ հետազոտությունը անցկացվել է 13 ֆոկուս խմբերում Երևանում և Շիրակի ու Գեղարքունիքի վեց  համայնքներում:  Հետազոտության մասնակիցները ընտանեկան բռնության հիմնական պատճառներիի թվում  նշել են  սոցիալ-տնտեսական վատ պայմանները, արտագնա աշխատանքը, իրար չհասկանալը, սկեսուրների դերակատարությունը, ինչպես նաև ալկոհոլից և ազարտ խաղերից կախվածությունը և այլն:

 

Այն, որ աղքատությունն է  բռնության հիմնական պատճառը՝ թյուր կարծիք է

 

Հեղինակները նշում են, որ Երևանի մասնակիցները, ում  սոցիալական միջավայրն ավելի բազմաշերտ և փոփոխական է, սոցիալ-տնտեսական վիճակն՝ ավելի բարեկեցիկ, շարժունակության հնարավորությունները՝ ավելի լայն, կրթական ցենզն՝ ավելի բարձր, ուրբան միջավայրին հատուկ ճկունություն ունեն ընտրություն կատարելիս, ավելի ծանոթ են գենդերային հարցերի վերաբերյալ արևմտյան մոտեցումներին և ընկալումներին, առաջնություն են տալիս ընտանեկան բռնությանը նպաստող խորքային գործոններին՝ հայրիշխանական կարծրատիպերին ու դրանց վերարտադրությանը: Մինչդեռ մարզերում, որտեղ սոցիալական իրողություններն այլ են, ավելի ստատիկ սոցիալական միջավայր, գործազրկության և միգրացիայի բարձր մակարդակ, ինչպես նաև այս գործոններով պայմանավորված բարեկեցության ավելի ցածր մակարդակ, շարժունակության և նոր իրողությունների հետ ծանոթանալու ավելի սահմանափակ հնարավորություններ, ֆոկուս խմբերի մասնակիցները  առաջնային գործոն են  համարում ընտանիքի սոցիալ-տնտեսական վիճակը: Թեպետ նշենք, որ  պնդումները, իբր՝ սոցիալապես անապահովությունն ու աղքատությունն է ընտանեկան բռնության հիմնական պատճառը՝ թյուր կարծիք են է համարվում մասնագետների շրջանում: Կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների դիտարկամամբ՝ վերջին յոթ տարվա  ընթացքում արձանագրված կնասպանությունների ու դրանց նախորդող պարբերաբար բռնությունների պատճառները չքավորությունը չի եղել, սպանությունների մի զգալի մասը տեղի է ունեցել ապահով ընտանիքներում: Բացի այդ  սոցիալական ծանր պայմանները որև է բռնություն չի արդարացնում, և  որև է մեկն իրավունք չունի աշխատանքային կամ սոցիալական անարդարության պատճառով կուտակած զայրույթը սպառել ընտանիքի անդամներին բռնության ենթարկելու միջոցով:

 

Ինչևիցե, սակայն   Շիրակում և Գեղարքունիքում հարցումները ցույց են տվել, որ առաջնային գործոն է համարվում ընտանիքի սոցիալ-տնտեսական վիճակը, մասնավորապես գործազրկությունը, որը շեշտում են հատկապես տղամարդիկ.

 

«Վիճում են փող, աշխատանք չլինելու պատճառով: Բայց վեճերը լինում են ոչ միայն փողի համար»:

 Գյումրի, երիտասարդ տղամարդկանց խումբ:

 

Նույն խնդիրը առաջ է քաշվել նաև Լուսակերտում, Գյումրու հարակից գյուղերում, թեև այստեղ հարցվածները մատնանշել են մեկ այլ գործոն ևս` կնոջ նկատմամբ հարգանքի բացակայությունը և որոշումների կայացման գործընթացում կնոջ կարծիքը հաշվի չառնելը.

 

«Տղամարդիկ միշտ կարծում են, որ իրենք են ամենաճիշտը ու հաշվի չեն առնում կնոջ ասածը, օրինակ՝ միասին չեն քննարկում, թե ինչ կարելի է ցանել»:

Լուսակերտ, կանանց խումբ:

 

Ի տարբերություն Լուսակերտի ֆոկուս խմբի մասնակիցների՝ Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն համայնքի կանանց կարծիքով գյուղատնտեսական աշխատանքներում կնոջ ու տղամարդու հավասար մասնակցությունը նպաստում է բռնության դրսևորումների նվազմանը.

 

«Երբ միասին հողի վրա աշխատում են, ընտանիքն ավելի համերաշխ է լինում»:

 

Միգրացիայի ազդեցությունը միանշանակ չէ 

 

Մայրաքաղաքի և մարզերի տարբերությունը նաև նրանում է, որ ի տարբերություն Երևանի, որտեղ միգրացիան չի դիտարկվում որպես ընտանեկան բռնության առաջացմանը նպաստող գործոն՝ մարզերում այն հաճախ է դիտարկվում որպես այդպիսին:  Օրինակ, Շիրակում և Գեղարքունիքում ֆոկուս խմբերի մասնակիցներն ընտանեկան բռնության առաջացմանը նպաստող գործոնների շարքում նշում են արտագնա աշխատանքը, ինչն անշուշտ զարմանալի չէ՝ հաշվի առնելով այս մարզերում միգրացիայի ավանդականորեն ավելի բարձր մակարդակը: Սակայն, կարծիքները միանշանակ չեն:

 

Մի մասը համոզված է, որ արտագնա աշխատանքի արդյունքում փոխվում են ամուսինների ավանդական դերերը, ինչի արդյունքում կանայք ավելի ազատ վարք են դրսևորում, ընտանեկան կոնֆլիկտներում դառնում նվազ հանդուրժող.

 

 «Միգրացիան ընտանիքների վրա խիստ բացասական ազդեցություն է ունենում: Ամուսինը նորահարսին թողնում է և 6-7 ամսով մեկնում, երբ հետ է գալիս, ընտանիքը չի կայանում և խնդիրներ են առաջանում»:

Վերին Գետաշեն, տղամարդկանց ֆոկուս խումբ

 

Քիչ չեն մասնակիցները, որոնց կարծիքով, բացի ընտանիքի սոցիալ- տնտեսական բարեկեցությանը նպաստելուց՝ միգրացիան նաև հեշտացնում է ընտանիքում կնոջ և տղամարդու ավանդական դերերի այլակերպման գործընթացը և նպաստում այս փոփոխությունների հանդեպ տղամարդկանց կողմից ավելի հանդուրժողական վերաբերմունքի ձևավորմանը:

 

«Լավ աղջիկ»  նշանակում ա` հնազանդ, չհակաճառվող, տղամարդու ամեն մի քմահաճույքը բավարարող:

 

Ցավոք, մարզերում դեռ գերիշխում է կարծիքը, թե շատ հաճախ հենց կինն է իր վարքագծով հրահրում բռնությունը: Սակայն միևնույն ժամանակ հատկանշական է, որ մեղքը կնոջ վրա բարդելու միտումը հատուկ է միայն բռնության ոչ պարբերական դրվագների վերաբերյալ քննարկումներին, մինչդեռ բռնության շարունակական, պարբերաբար կրկնվող և ծայրահեղ դրսևորումների պարագայում մասնակիցները հակված չեն էսկալացիայի մեղքը բարդել կնոջ վրա.

 

 «Կնոջ լեզվից շատ բան է կախված, եթե կինը շատ չհակաճառի, ծեծը կընդհատվի»:

Ծովինար գյուղի կանանց ֆոկուս խումբ: 

 

Կամ մեկ այլ օրինակ, այս անգամ` Վերին Գետաշենի տղամարդկանց ֆոկուս խմբի տեսակետն է.

 

 «Եթե կինն իրեն լավ չի պահում, ընտանիքում ավելի շատ լարվածություն ու կոնֆլիկտներ կլինեն: Լավ չպահելը լայն հասկացություն է և միայն բարոյականությանը չի վերաբերում»:

 

«Կինը պետք է լռի, որ հանդարտեցնի մթնոլորտը»:

 Գյումրի, բռնություն վերապրած կանանց խումբ

 

Մինչդեռ Երևանում հարցմանը մասնակցած տղամարդիկ նշել են, թե` «կարծրատիպերի համաձայն տղամարդը պետք է իշխող ու կոպիտ լինի, իսկ կինը միշտ պետք է ենթարկվի ու հաշտվի»:

 

 «Ո՞նց են հիմա շատերը կին ընտրում: «Լավ աղջիկ» պետք ա լինի, որը նշանակում ա` հնազանդ, չհակաճառվող, տղամարդու ամեն մի քմահաճույքը բավարարող: Բայց կինը նրանով չի լավը, որ լուռ պետք ա հանդուրժի տղամարդու տրամադրության ցանկացած տատանում»:

 

«Տղաները վերահսկում են աղջիկներին, և դա դուր է գալիս նրանց,  անգամ հպարտանում են դրանով …» 

 

Շատ են դեպքերը, երբ տղամարդու նման պահվածքը որոշ կանայք միտում ունեն արդարացնել ու դրանում փորձել սիրո ապացույց գտնել: Ռուսական հայտնի ասացվածքի` «бьет значит любит» այսպես ասած հայկական տարբերակն է, բայց որակական հետազոտության  հարցումները ցույց են տվել, որ շատերը այդ տեսակետից հեռանում են, հատկապես Երևանում. օրինակ, երևանցի հարցված երիտասարդ տղամարդկանց մի խումբ նշել է.

 

«Անգամ հպարտանում են, որ իր ընկերը թույլ չի տալիս հանդիպել ընկերուհիների հետ, ինչ-որ տեղ գնալ…»,

 

սակայն ըստ խմբի՝ նման ընկալումները կնոջն ի սկզբանե անպաշտպան են դարձնում և նախապայման են դառնում տղամարդու կողմից շարունակական վերահսկողության և արդյունքում նաև՝ բռնության կիրառման համար:  

 

Նույն հարցի շուրջ երևանցի կանանց խումբը նշել է.

 

«Տղաները վերահսկում են աղջիկներին, և դա դուր է գալիս նրանց, քանի որ մտածում են, որ դա սիրո արտահայտում է: Նման վերահսկողությունը վկայում է, որ ապագայում բռնություն է կիրառվելու»:

 

Ծնողներին անհրաժեշտ է սովորեցնել, թե ինչպես պիտի դաստիարակեն երեխային

 

Հարցվածները կարևոր են համարում երեխաների ճիշտ դաստիարակությունը, որպեսզի հետագայում նման խնդիրներ չլինեն: Կարևորվում է հատկապես միմյանց լսել սովորելու արվեստը, որը պետք է երեխայի մեջ մանկուց ներդրվի: Մինչդեռ հակառակ պատկերն է գերիշխում.

 

«Ծնողներին անհրաժեշտ է սովորեցնել, թե ինչպես պիտի դաստիարակեն երեխային: Իրենք տարրական գիտելիքներ չունեն ու շարունակում են հին մեթոդներով դաստիարակել»:

Երևան, երիտասարդ կանանց խումբ:

 

«Տղամարդը պետք է ուժեղ լինի, ի՞նչ անենք, թող մի քիչ էլ սահմանափակի կնոջ իրավունքները»…

 

Ուշագրավ են բռնություն վերապրած կանանց մոտեցումները: Այդպես, Գյումրիում բռնություն վերապրած կանանց խմբում որպես գործոն շեշտվում է տղամարդու  կողմից վերահսկող վարքը, մասնավորապես խանդից և իշխանությունը հաստատելու ցանկությունից դրդված, թեև խմբի մասնակիցները չեն դատապարտում հայրիշխանական կարծրատիպերն ու դրանցով պայմանավորված տղամարդկանց վարքագիծը, ինչպես դա անում են երևանյան խմբերը: Շատերի համար առնականության և իդեալական տղամարդու կերպար շարունակում է մնալ ավանդական դերեր ու գործառույթներ ունեցող տղամարդը: Այս խմբում տղամարդու ուժեղ և վաստակող մոդելը շարունակում է մնալ ընդունելի և նախընտրելի.

 

«Տղամարդը պետք է ուժեղ լինի, խոսքը թրի նման պետք է կտրի: Աշխատող, տուն բերող: Խիստ պետք է լինի, հա ի՞նչ անենք, թող մի քիչ էլ սահմանափակի կնոջ իրավունքները, բայց արդար, հարգանքով լինի»: «Իդեալական տղամարդը պիտի լինի խիստ ու հեղինակավոր: Միայն այդ դեպքում նրան կհարգի ու կընդունի հասարակությունը»:

Գյումրի, բռնություն վերապրած կանանց խումբ:

 

«Սկեսուրները հրահրում են իրենց տղաներին բռնություն գործադրել»

 

 

Ընտանիքում բռնության հրահրողներ են նաև սկեսուրները և սա ևս նշվել է որպես գործոն: Ընդ որում, սկեսուրների դերը ընդգծում են ոչ միայն երիտասարդ կանայք, այլև տարեցները, որոնք իրենք արդեն իսկ սկեսուր են: Մասնավորապես, Շիրակի և Գեղարքունիքի կանանց խմբերում, այդ թվում և տարեց կանանց խմբերում, որոնց մի մասը հենց սկեսուրներ են, բավականին ընդգծված է սկեսրոջ կողմից հոգեբանական բռնության, ինչպես նաև բռնության այլ տեսակներ հրահրելու հանգամանքը, անգամ եթե նա ընդլայնված ընտանիքի անդամ չէ.

 

«Սկեսուրները հրահրում են իրենց տղաներին ու միշտ նրանց կողմը բռնում»:

Գյումրի, բռնություն վերապրած կանանց խումբ:

 

«Հաճախ բաժանվում են հենց սկեսուրի պատճառով. Էնքան է ճնշում հարսին, սա էլ թողնում գնում է»:

 Գյումրի, տարեց կանանց խումբ:

 

Հեղինակներն ընդգծում են, որ հատկանշական է, որ գրեթե բոլոր խմբերում կարևորելով բռնարարի վարքագծային մոդելի վերարարտադրության հանգամանքը՝ ոչ ոք չի անդրադառնում այն հանգամանքին, որ աղջիկ-կին/մայր- սկեսուր դերային փոփոխության ընթացքում չեն վերարտադրվում աղջիկ և կին լինելու դերային ընկալումներն ու դրանով պայմանավորված վարքը, այսինքն նույն կինը սկեսուր դառնալով վերարտադրում է ոչ թե իր աղջիկ և կին դերերով պայմանավորված ընկալումներն ու վարքը, այլ տվյալ սոցիալական միջավայրում սկեսրոջից ակնկալվող ընկալումներն ու վարքը:

 

Նշենք, որ հետազոտությունն իրականացվել է «Հայաստանում գենդերային բռնության դեմ պայքարին ուղղված ուսումնասիրություններ, տեղեկությունների տարածում և իրավական աջակցություն» ծրագրի շրջանակում` Եվրոպական միության և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի ֆինանսավորմամբ:

 

Լիա Խոջոյան

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

 

«Մենք հակված ենք հանդուրժել նաև այն ընտանիքը, որտեղ բռնություն կա». հետազոտություն

 

«Իմ տղան ինձ է պաշտում, ես՝ իրեն, հարսն ով է…». սկեսուրների դերակատարումը տղաների ընտանիքներում

 

Հայ  կանայք դարձել են ավելի ինքնուրույն, սակայն հիմնականում վաստակում են  ամուսնուց ավելի քիչ. հետազոտություն

 

Գենդերային հավասարությունը տղամարդկանց ընկալումներում. հետազոտություն

 

Հայ հասարակությունն արդարացնում է կնոջ նկատմամբ բռնությունը. հետազոտության արդյունքներ

 

Դիտումների քանակը` 331

Վերադառնալ վերև