Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

«Կինն ամեն ինչի սկիզբը դնողի առաքելություն ունի»

alina

ՀՀ տեղական ինքնակառավարման համակարգի 20-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակում  WomenNet.am-ը զրուցեց   2016 թ. ՏԻՄ   ընտրություններում  հաղթած համայնքների կին ղեկավարների և ավագանու անդամների հետ:

 

20 տարի շարունակ Նոր Երզնկա  համայնքի ղեկավարի պարտականությունները  ստանձնած  Ալինա Հարությունյանը լավ  ճանաչված է ողջ հանրապետությունում:  Վերջերս երկարամյա  արդյունավետ և բարեխիղճ աշխատանքի համար պարգևատրվեց ՀՀ Նախագահի կողմից Երախտագիտության  մեդալով:    Մեզ հետ զրույցում անկեղծորեն  նշեց, որ  բազմիցս առաջադրվելով  եւ վերընտրվելով   համայնքի ղեկավարի պաշտոնում երբեք տղամարդկանց հետ մրցակցության մտնելու կամ ինքնահաստատվելու նպատակ չի ունեցել, ուղղակի որպես երկրի  քաղաքացի ու  մշակույթի մարդ մտածել է  իր համայնքին օգտակար լինելու մասին:  

 

-Կինն ամեն ինչի սկիզբը դնողի, կարգավորողի ու արարողի առաքելություն ունի: Դրանում եմ միշտ  տեսել  համայնքի ղեկավարի  իմ առաքելությունը : Այսօր  համայնքի կյանքը լիովին  փոխվել է, վերանորոգվել են  համայնքային  նշանակության  շինությունները,  խմելու և ոռոգման  ջրի  խնդիրը հիմնավորապես  լուծված է, անապատի  վերածված  երբեմնի  մրգատու այգիներն այսօր  բերքառատ են,  և որ ամենակարևորն է՝  բնակիչը  վերագտել է երբեմնի խանդավառությունն ու հավատը  վաղվա  օրվա  հանդեպ:

 

Ալինա Հարույթունյանը վստահեցրեց, որ ձեռքբերումներով  չի  բավարարվելու, որ համայնքի կյանքը բարելավող ցանկացած նոր ու կատարյալ ծրագրի փնտրտուքը շարունակելու է  նոր սերնդի հետ, որի շարքերում  գերակշռելու են  կանայք  և աղջիկներ:

susanna

2016 թվականը որոշ առումով «հոբելյանական» է  նաև Արմավիրի մարզի Արևաշատ համայնքի ղեկավար Սուսաննա Գևորգյանի  համար, քանի որ համայնքի ղեկավարի իր գործունեությունը  համընկնում է տեղական  ինքնակառավարման  համակարգի ներդրման առաջին քայլերի հետ

 

-Գյուղական համայնքերում գենդերային կարծրատիպերն ավելի ամուր են, քան քաղաքներում: Հանրությունը քաղաքապետի կամ համայնքապետի պաշտոնում ավելի շատ պատկերացնում է տղամարդուն, քան կնոջը: Նրանցից շատերի համոզմամբ քաղաքականությունը կնոջ տեղը չէ: Այդպես էին մտածում նաև մեր համայնքի բնակիչները 23 տարի առաջ, սակայն երկար տարիների քրտնաջան աշխատանքիս արդյունքում նկատելով իմ նվիրվածությունը, պատասխանատվությունը համայնքի ու, մասնավորապես կանանց հիմնախնդիրների հանդեպ,  նրանք  փոխեցին  կարծիքը կին համայնքապետի նկատմամբ: Իմ  գործունեության  ընթացքում  համոզվեցի, որ տեղական  ինքնակառավարման  համակարգի կայացման ճանապարհին բազում նդիրներ կան, որոնք    քրտնաջան աշխատանք են  պահանջում: Կարծում եմ, կանայք  այդ խնիրները  լուծելու   ներուժն ունեն,- ասում է Ս. Գևորգյանը:

heriqnaz-nazaryan

 

2016 թ. ՏԻՄ ընտրությունների արդյունքում Արարատի մարզի Արտաշատ համայնքի կյանքը էապես  կփոխվի, քանի որ նախկին <հնաբնակ>-ներին փոխարինելու են  եկել առաջադեմ  մտածելակերպով ավելի  երիտասարդ մարդիկ: Թեև համայնքի ավագանու անդամ Հերիքնազ Նազարյանը պատկառելի ավանդ ունի համայնքի ղեկավարման  գործում /3-րդ անգամ առաջադրվել է ավագանու անդամ/ , այնուհնդերձ նրա  պրպտող  մտքի կարիքը համայնքն  այսօր էլ  զգում է: Ու չի  սխալվում: Տիկին Հերիքնազը համայնքի ավագանու առաջին  նիստում  պատրաստվում է  ներկայացնել համայնքի կանանց  համար աշխատեղերի ստեղծման  ծրագիր:

 

 

-Բազմիցս առիթ եմ ունեցել շփվել անապահով ընտանիքների հետ, նպատակ ունեմ ստեղծել թեկուզ 20 կնոջ համար աշխատաեղ, որպեսզի իրենց աշխատանքով կարողանան հոգալ իրենց խնդիրները: Ցավում եմ, երբ  համայնքապետարանի կամ  մարզպետարանի դռան  մոտ  հանդիպում եմ  10 հազար դրամի օժանդակություն ակնկալող  երիտասարդ  կնոջ: Հասկանում եմ,  լավ  օրից  չէ, որ  եկել է  ղեկավարի դուռը: Որոշել եմ առաջիկա  նիստին  ներկայացնել կարի արտադրամասի ստեղծման  նախագիծ,  կփորձեմ  լուծել  նաև  ներդրումների  հարցը, կփնտրեմ,  կգտնեմ  շահագրգիռ  մարդկանց, ովքեր կօգնեն  իրականացնել ծրագիրս: Քանի որ համայնքը  հարուստ է  նաև գյուղմթերքների արտադրությամբ, ուստի կմտածեմ վերամծակող արտադրամաս  ստեղծելու մասին: Կարծում եմ  կնոջ վաստակած 50 հազար դրամ աշխատավարձն ավելի գերադասելի է, քան  10 հազար դրամի համար օգնության ակնկալիքը,  հատկապես որ վերջինն  այնքան էլ  պատվաբեր չէ,-ասում է տիկին Հերիքնազը:

 

Անուշ Ներսիսյան

Դիտումների քանակը` 513

Վերադառնալ վերև