Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Կին թեկնածուների քարոզարշավի առանձնահատկություններն ու սեքսիզմը

Գրեթե չի լինում այնպիսի նախընտրական շրջան, որի ժամանակ սեքսիզմի դրսևորումներ չլինեն։ Վստահ էինք, որ Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քարոզարշավի ժամանակ էլ է լինելու, սակայն որոշեցինք դրան անդրադառնալ ընտրությունների ավարտից հետո, որպեսզի կին թեկնածուներին հասցեագրված սեքսիստական արտահայտություններն արձանագրելով՝ չխանգարենք նրանց քարոզարշավի ընթացքում։

 

Սկսենք դրական տեղաշարժերից․ նախ այս ընտրությունները բացառիկ էին կանանց զուտ թվային մասնակցության առումով։ Ընդհանուր առմամբ ավագանու թեկնածուների մեջ կանայք կազմում էին 36,2 տոկոս (շատ ավելին, քան պարտավորեցնում է Ընտրական օրենսգիրքը)։ Մասնակցում էին 12 կուսակցություն և դաշինք, և նրանց կեսի ցուցակներում կանայք 40%-ից ավելի էին։ Մնացածը ներկայացրել էին 30%-ից ավելի կանանց՝ բացառությամբ ՀՅԴ-ի (29.8%) և «Իմ քայլը» (28.8%) դաշինքի։ Ընդ որում, բոլորի համար ակնհայտ էր, որ ամենաշատ ավագանու մանդատներ հասնելու է հենց վերջինին, և պարզ էր, որ գործում է հին մոտեցումը՝որքան իշխանության բուրգի գագաթին մոտ, այնքան քիչ կին։

 

Այնուամենայնիվ, ընդհանուր ավագանու թվում կանանց 36,2 տոկոս մասնակցությունը եկավ փշրելու որոշ կուսակցությունների այն կեղծ պնդումը, թե իրենց շարքերում չկան բավարար թվով պատրաստված կանայք և օրենքով պարտադրելու դեպքում չեն կարողանա իրական արժանի դեմքերի ներկայացնել։ Ի դեպ, այս միֆը կոտրվել էր նաև 2016 թվականին Գյումրիում և Վանաձորում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ։ Սակայն այդ դեպքում ևս որքան իշխանության բուրգի գագաթին մոտ, այդքան քիչ կին սկզբունքն էր գործել, ինչի հետևանքով այն ժամանակվա առաջատար ՀՀԿ-ի ցուցակով հնարավորինս քիչ կին էր հայտնվել ավագանու կազմում (ՀՀԿ-ն սովորաբար ներկայացնում էր զուտ օրենքի պահանջը բավարարող համամասնություն՝ 75% տղամարդ, 25%` կին)։  

 

Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները բացառիկ էին նաև նրանով, որ ունեինք քաղաքապետի 3 կին թեկնածու, ընդ որում, երկուսի դեպքում այդ կանայք առաջադրված դաշինքի և կուսակցության առաջնորդներն էին։ Ընտրարշավից առաջ արձանագրեցինք, որ Զարուհի Փոստանջյանի և Նաիրա Զոհրաբյանի դեպքում զգալիորեն նվազել են նրանց սեռի մասին հիշատակումները, քանի որ այս քաղաքական գործիչները բավականին երկար ճանապարհ են անցել, եղել են գերակտիվ թե խորհրդարանում, թե դրանից դուրս, և հանրությունը հասցրել է նրանց ընկալել որպես Զարուհի Փոստանջյան և Նաիրա Զոհրաբյան, այլ ոչ զուտ որպես կին քաղաքական գործիչներ։ Անահիտ Թարխանյանի դեպքում իրավիճակը մի փոքր այլ էր, քանի որ վերջինս ակտիվ քաղաքականության մեջ գրեթե չէր եղել և նույնքան կայացած չէր որպես քաղաքական գործիչ, որքան իր մյուս մրցակից կանայք։ Այնուամենայնիվ, տիկին Թարխանյանի կենսագրությունն ու մասնագիտական որակները նրան օգնեցին, որպեսզի իրեն չդիտարկեն զուտ որպես կին, այլ ընկալեն որպես Երևանի քաղաքապետի պաշտոնին հավակնող գործիչ։

 

 

Կին թեկնածուների քարոզարշավի առանձնահատկությունները

 

Քաղաքապետի կին թեկնածուները հայտարարեցին ընտրություններին մասնակցելու իրենց մտադրության մասին առաջիններից մեկը. Զարուհի Փոստանջյանը՝ դեռևս հուլիսին, իսկ Նաիրա Զոհրաբյանը և Անահիտ Թարխանյանը՝ օգոստոսին՝ դրանով իսկ ազդարարելով իրենց քարոզարշավի ոչ պաշտոնական մեկնարկը:

 

Նաիրա Զոհրաբյանը միանգամից հայտարարեց, որ իր ծրագրի հիմքում կանաչ և խելացի քաղաքի կոնցեպտն է դրվելու: «Դա իմ մոտեցումն է, որպես կին թեկնածուի՝ մենք հասկանում ենք կանաչ քաղաք, մաքուր քաղաք, օդի աղտոտվածությունից զերծ քաղաք», – ասել էր նա: Դրա հետ մեկտեղ, առաջադրման պահից նրա նկատմամբ բացահայտվեց, այսպես կոչված, խանդն ու անհանդուրժողականությունն որոշ տղամարդ կուսակիցների կողմից: Եվ դա այն դեպքում, որ նրա թեկնածությունը միաձայն էր ընդունվել ԲՀԿ քաղխորհրդի կողմից: Նաիրա Զոհրաբյանը, զերծ մնալով մեկնաբանություններից, հայտարարեց, որ տեսնում է իրեն քաղաքապետի պաշտոնում, ավելին՝ կարծում է, որ հաղթելու իրական հնարավորություն ունի: «Մայրաքաղաքը վերջապես պետք է ունենա կին քաղաքապետ», – հայտարարեց նա:

 

Քարոզարշավի մեկնարկից առաջ Նաիրա Զոհրաբյանը, դիմելով քաղաքապետի պաշտոնում առաջադրված կին թեկնածուներին, հանդես էր եկել համատեղ հանրահավաք անցկացնելու ուշագրավ առաջարկով. «Կուզենայի, որ երեք կին թեկնածուներով մենք միասին մի քանի քարոզարշավի մասնակցեինք նույն տեղում, նույն օրը»: Իրականում, այդ առաջարկը կանանց համերաշխությանն ուղղված առաջին փորձն էր Հայաստանի քաղաքական դաշտում:

 

Բավականին ակտիվ սկսեց իր քարոզարշավը նաև Անահիտ Թարխանյանը, ով առաջադրվել էր «Երևանի հանրություն» դաշինքի կողմից: Քարոզարշավի հիմքում Երևանի զարգացման նոր ծրագրի ներկայացնումն էր, կարգախոսը՝ «Ի շահ հարազատ քաղաքի»: Մինչ քարոզարշավի պաշտոնական մեկնարկը նա փորձեց գրավել հանրության ուշադրությունը քաղաքական բնույթի ակցիայով՝ հանդես գալով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանի հրաժարականի պահանջով:

 

Զարուհի Փոստանջյանը, ով նախորդ ավագանու կարճատև գործունեության ընթացքում մշտապես աչքի էր ընկել իր ակտիվությամբ, մինչ քարոզարշավի պաշտոնական մեկնարկը լռություն էր պահպանում: Ի տարբերություն նախորդ ընտրությունների, նա բավական հանգիստ ու հավասարակշռված քարոզարշավ էր տանում՝ ներկայացնելով իր ծրագրի դրույթները՝ նախորդ իշխանությունների բացթողումների համատեքստում և իր նախկին քաղաքական փորձառության շեշտադրումներով: Քարոզարշավի հիմքում «Գալիս եմ ծառայելու» ուշագրավ  կարգախոսն էր:

 

Ընդհանուր առմամբ, քարոզարշավի ընթացքում կին թեկնածուները բավականին ակտիվ էին ԶԼՄ-ների և հանրության հետ իրենց շփումներում: Ավելին, Նաիրա Զոհրաբյանը համարվում էր առաջատար ուժի՝ «Իմ քայլը» դաշինքի հիմնական հակառակորդը: Անահիտ Թարխանյանը և Զարուհի Փոստանջյանը նույնպես աուտսայդերների դերում չէին ընկալվում:

 

 

Սեքսիզմից, այնուամենայնիվ, հնարավոր չեղավ խուսափել

 

Ինչպես նշել էինք , քարոզարշավի ընթացքում նկատվեցին նաև սեքսիզմի դրսևորումներ: Այսպես, բավականին ակտիվ շրջանառվում էր «տղամարդ կին» հայտնի թեզը: «Մարդ, որը, կին լինելով, ավելի շատ տղամարդ է, քան պաշտոնյա տղամարդիկ, որ իրենց տղամարդ են կոչում»՝ այսպես էր ներկայացնում Նաիրա Զոհրաբյանին իր թիմակիցներից մեկը: Այսինքն՝ տղամարդ լինելը, վերջինիս պատկերացմամբ, ավելի բարձր արժեք է, քան կին լինելը: Այդ նույն տրամաբանությամբ տղամարդուն է վերագրվում ուժեղ, սկզբունքային, համարձակ լինելու առաքելությունը:

 

Ցավոք, այս թեզն իր շարունակությունն ստացավ Նաիրա Զոհրաբյանի հետագա ելույթներից մեկում, երբ նա, վրդովված իր հասցեին սոցիալական ցանցերում հնչեցվող անձնական բնույթի վիրավորանքներից և սպառնալիքներից, դիմեց իր հիմնական հակառակորդ Հայկ Մարությանին՝ ասելով. «Ասում եմ` տղամարդ ես, հրավիրում եմ բանավեճի, արի առանց Նիկոլի, արի տեսնենք, ոնց ես լուծելու Երևանի խնդիրները»: Այսինքն, գործեց այն հայտնի կարծրատիպը, թե տղամարդ լինել նշանակում է լինել համարձակ և «այդքան համարձակություն ունես, արի բանավեճի»:  Դարձյալ տղամարդուն վերագրվեց մի դրական հատկանիշ, որը բնորոշ է մարդուն՝ անկախ սեռից։ Դարձյալ տղամարդ լինելը որպես արժեք ներկայացվեց։ Ի պատասխան դրան, Զոհրաբյանին հիշեցրեցին  կին լինելու մասին Մարությանի թիմակից կանայք՝ հանդես գալով հաճախ շահարկվող մեկնաբանություններով, որ «կնոջը վայել չէ նման բառամթերք օգտագործելը»: Կնոջը լռեցնելու համար գործածվող այս սցենարը, կարծես թե, դասական բնույթ է կրում քաղաքական թեժ իրավիճակներում:

 

Նշենք, որ քարոզարշավի ընթացքը կտրուկ փոխվեց այն պահից, երբ ընտրությունների առաջատար ուժը հանդիսացող «Իմ քայլը» դաշինքի կողմից հնչեցվեց «սև և սպիտակ» ուժերի մասին անհասցե մեղադրանքը, որն ի չիք դարձրեց որևէ ուժի կողմից ծրագրային դրույթներ ներկայացնելու հետագա բոլոր ջանքերը: Քարոզարշավի նման կտրուկ փոփոխությանը հատկապես ընդդիմացան կին թեկնածուները, արդարացիորեն զգալով, որ սև-սպիտակ ֆորմատով ընտրապայքարում իրենք անելիք չունեն: Ու թեպետ փորձում էին իրենց հրապարակային ելույթներում վերադարձնել ընտրարշավը ծրագրային քննարկումների դաշտ, սակայն ապարդյուն:

 

Մասնավորապես, Անահիտ Թարխանյանի քարոզարշավի փոխակերպմանը ընդդիմանալու փորձերը վերջացան նրա նկատմամբ սոցիալական ցանցերում սեքսիզմով համեմված էյջիզմի (տարիքային խտրականության) դրսևորումներով: Նրա նախընտրական հոլովակների տակ որոշ օգտատերեր անհարկի շեշտադրումներ ու վիրավորական որակումներ էին անում նրա տարիքի վերաբերյալ, այն դեպքում, երբ նույն և ավելի մեծ տարիքի տղամարդ թեկնածուների նկատմամբ նման որակումներ երբևիցե չեն հնչեցվել:

 

Տղամարդկանց և կանանց նկատմամբ տարբերակված մոտեցման մի ցնցուն օրինակ էր նաև կայքերից մեկի սկսած շարքը՝ «Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող գեղեցկուհիները», որտեղ կին քաղաքական գործիչների հետ զրույցի մեխը կանանց արտաքին տեսքն էր, այլ ոչ թե գաղափարներն ու ծրագրերը։ Ավելորդ է ասել, որ հնարավոր չէ անգամ պատկերացնել, որ նույնը երբևէ կարվի տղամարդ թեկնածուների նկատմամբ (օրինակ, «Ընտրություններին մասնակցող սիմպո թեկնածուները»), որտեղ տղամարդկանց հետ կզրուցեն իրենց արտաքին տեսքից կամ այն մասին, թե իրենք որքան ժամանակ են տրամադրում իրենց մազերի հարդարմանը։ Ի դեպ, ընտրություններից հետո էլ լրագրողական դաշտում շարունակվեցին ավագանու կազմում ընդգրկված կանանց «գեղեցկուհիների» անվան տակ ներկայացնելու փորձերը: Սակայն դրական տեղաշարժ էլ նկատվեց. «գեղեցկուհիներ» որակմանը ընդդիմացան հենց ավագանու կին անդամները՝ խնդրելով զերծ մնալ նման  բնութագրերից:

 

Ամփոփեց Արման Ղարիբյանը

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում  ՏԻՄ ընտրություններ-2018   խորագրի ներքո.

 

«Քվոտան պետք է աշխատի  որպես պլատֆորմ և ոչ թե որպես առաստաղ»

 

Առաջարկ կուսակցությունների ցուցակներում թեկնածուների սեռերի առնվազն 40/60 համամասնություն ապահովելու մասին

 

Երևանի ավագանու  4 մշտական հանձնաժողովներից երկուսը կանայք են ղեկավարելու  

 

Կանանց ներկայացվածությունը Երևանի նորընտիր ավագանիում 27.6% է

 

Կանանց մասնակցությունը Երևանի ավագանու ընտրություններում. վերլուծական տեղեկանք

 

 

 

 

 

Դիտումների քանակը` 276

Վերադառնալ վերև