Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Կնոջ կերպարը հայկական գովազդում – ինչպիսի՞ն է այն

 

Երեկ «Կանանց ռեսուրսային կենտրոնում» հրապարակվեցին «Կնոջ կերպարը գովազդում» հետազոտության արդյունքները: Միջոցառումը տեղի ունեցավ «Ակտիվության 16-օրյակ ընդդեմ գենդերային բռնության» քարոզարշավի շրջանակներում: Հետազոտությունը իրականցրել էին «Բաց հասարակության հիմնադրամներ- Հայաստան» կազմակերպության Քաղաքականության կրթաթոշակների ծրագրի մասնակիցներ՝ Լիլիթ Գրիգորյանը, Արևիկ Ղալումյանը և Մանե Ադամյանը:

 

Երիտասարդ նիհարակազմ կանայք, մեծամասամբ կարճ և բաց հագուստով, մերթ ընդ մերթ ժտացող կամ սեքսուալ հայացքով նայում են  էկրանից, ամսագրերի շապիկնեից,  պաստառներից, ու ամենակարևորը նրանք գրեթե միշտ լուռ են: Ահա սա է այն «իդեալական» կնոջ կերպարը, ում նախընտրում տեսնել գովազդատուներն ու գովազդ պատրաստողները… Այս կերպարն է պարտադրվում երիտասարդ աղջիկներին՝ առաջարկելով ընդօրինակել  ոչ  միայն հագն ու կապը, այլ կազմվածքը, վարքն  ու ապրելաձևը…

 

 

–         Մենք արդեն մեկ հետազոտություն կատարել էինք` դիտարկելով, թե որքանով են գենդերապես զգայուն մեր սերիալները և հասկացել, որքան կարևոր է ԶԼՄ-ների  դերը կնոջ մասին պատկերացումներ ստեղծելու հարցում: Գովազդի ազդեցությունը, կարծում ենք,  շատ ավելին է և նաև անկառավարելի. եթե դու կարող ես ալիքը փոխել և չնայել այս կամ այն սերիալը, ապա գովադից դու չես կարող հեռու մնալ` փողոցում քայլելիս, լրագիրը թերթելիս…այն ամենուրեք քեզ հետապնդում է,- նշում է Լիլիթ Գրիգորյանը:

 

 

 

Ինչպիսի՞  կերպարով է հանդես գալիս կինը գովազդում, ի՞նչ գենդերային դերեր են նրան հատկացված … – այս ու մի շարք խնդիրներ էին իրենց առջև դրել հետազոտողները՝ դիտարկելով 11 ամսագիր և 3 հեռուստաընկերություն`«Արմենիա», «Շանթ » և « Հ1» երկու ամսվա  կտրվածքով:

 

Ուսումնասիրվել է 680 ամսագրային գովազդ, որոնցից 245-ում կանայք են պատկերված` ընդհանուր առմամբ 311 կին էր հանդես  գալիս, որպես  գլխավոր կերպար: Հեռուստատեսությամբ  դիտարկվել է 652 գովազդ, որից 273-ում կար կնոջ կերպար` 363-ը գլխավոր դերում:

 

Ըստ հետազոտության արդյունքների.

Գովազդում պատկերված են մեծամասամբ երիտասարդ կանայք` 78%, միջին տարիք` 14%, տարեց կանայք` 3%:  Նրանց 58%-ը նիհարակազմ է…

 

 

Գովազդի հերոսուհիների 34%-ը սովորակնան հագուստով է հանդես գալիս, 33%` կարճ և բաց հագուստով, 14%` ներքնազգեստով:

 

 

Լիլիթ Գրիգորյանի դիտարկմամբ, կերպարները հիմնականում թույլ են, պասիվ, գեղեցիկ, նրանց հազվադեպ կարող ենք տեսնել որևէ գործողության մեջ. պատկերված կանանցից  42 % ընկալվում է որպես գեղեցկության, 22%-ը` հրապուանքի, սեքս օբյեկտ:

 

 

Մանե Ադամյանի խոսքով, կինը գովազդում հաճախ է որպես  սեքս օբյեկտ հանդես գալիս: Կնոջ մարմինը օգտագործվում է գնորդին գրավելու համար: Կինը ներկայանում է իրերի, կենդանիների կամ կահույքի անբաժանելի մասի, ատրիբուտի  տեսքով:

 

 

–         Ես իհարկե գիտեի, որ Ֆեմինիստական տեսության մեջ  վաղուց ապացուցված փաստ  է համարվում, որ   կանանց կերպարները չեն խոսում, նրանք միշտ երևում են: Լսել էի այդ  մասին, սակայն չէի պատկերացնում, որ դա այդքան ցայտուն կերպով կերևա մեր հետազոտությունում, – նկատում է  Լիլիթ Գրիգորյանը:

 

Հեռուստատեսային գովազդների  80%-ի դեպքում լսվում է տղամարդու ձայն, 12%` կնոջ, 8%` կադրից դուրս ձայն չկա… Այսպիսի հարաբերակցությունը լիովին  տեղավորվում է  ռեկլամային արվեստի դասական սկզբունքների մեջ՝ համարվում է, որ տղամարդու ձայնը ավելի մեծ վստահություն է ներշնչում գնորդին, քան կնոջ…

 

 

 

Հեռուստատեսային գովազդներում ներգրավված գլխավոր կին կերպարների 81%-ը ընդհանրապես չի խոսում, ինչը ըստ հետազոտողների նշանակում է, որ կանայք բացառապես ցուցադրվում են որպես «պատկերներ», «նկարներ», ովքեր կարծես ոչինչ չունեն ասելու,  զուրկ են կարծիքից և ձայնից: Դրանով իսկ ենթագիտակցորեն ամրապնդվում են «իդեալական կնոջ» մասին կարծրատիպային պատկերացումները:

 

 

 

Հետազոտողները նաև  նշեցին,  որ դրական կողմեր էլ են  բացահայտել հայկական ռեկլամում.

 

–         Դրականն այն էր, որ բռնություն չենք տեսել մեր դիտարկված գովազդներում, ինչը, ի դեպ, նկատվող միտում է միջազգային գովազդաշուկայում: Ունենք նաև գենդերային զգայուն գովազդներ, որոնք հիմնականում բջջային կապի օպերատորներինն են, որտեղ կինը ակտիվ դերակատար է, հավասար դիրքում է տղամարդու հետ… Բայց սրանք միայն հեռուստատեսությունում, ամսագրերը գրեթե նման գովազզդներ չունեն, – եզրափակեց Լիլիթ Գրիգորյանը:

 

Լիլիթ Քոչինյան

 

 

Կարդացեք նաև  այս թեմայի շուրջ մեր կայքում.

 

Փրկեք ձեր դուստրերին/ վիդեո

 

«Սերիալում՝ կինը որպես երկրորդ սորտի մարդ է ներկայացվում»…/վիդեո

 

Բողոքի ակցիա` ընդդեմ “Դժվար ապրուստ” սերիալի

 

Հասարակությունն ընդդեմ «Դժվար ապրուստ»-ի

 

ԵԽԽՎ. «Սեքսիստական կարծրատիպերը խտրականության գործիք են»…

 

Չենք նկատում էլի … չենք նկատում

 

«64 կանանց կերպար եւ միայն մեկ կին, ում ոչ ոք չի ծեծում, նվաստացնում…»

 

«Կնոջ կերպարը հայ մամուլում»

 

«Որոշեք, որ կատեգորիային եք պատկանում»…

 

Ընդդեմ սերիալներով քարոզվող բռնության/ վիդեո

 

Դիտումների քանակը` 4665

Վերադառնալ վերև