Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Կորոնավիրուսն ու պատերազմը

 

 

Ինչպե՞ս փոփոխվեցին հիվանդացության թվերը պատերազմի ընթացքում

 

 

Սեպտեմբերի 27-ին, երբ Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում գործեց Արցախի վրա,  Հայաստանում գրանցված էր կորոնավիրուսի 49 400 դեպք, մահվան՝ 1246 դեպք, որից 289-ի դեպքում մահը վրա էր հասել առողջական այլ խնդիրների հետևանքով։ Այդ օրը կորոնավիրուսի 328 նոր դեպք էր գրանցվել, նախորդող օրերին՝ 429, 392, 374, 210, 115, 121, 244, 239, 295, 257…

 

Սեպտեմբերի 27-ին հաջորդող օրերին նոր վարակակիրների թվերը կրկնապատկվեցին, եռապատկվեցին, բազմապատկվեցին, մահվան դեպքերը՝ նույնպես։ Սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ը ընկած ժամանակահատվածում կորոնավիրուսից մահերի թիվը կազմել է 629։

 

 

Գծապատկերը՝ Medialab.am

 

Ռազմական գործողությունների ավարտի օրը՝ նոյեմբերի 10-ին գրանցվել էր 1221 նոր վարակակիր,  մահվան 34 դեպք, հիվանդների ընդհանուր թիվը հասել էր 108 687-ի,  մահվան  2021 դեպք, որից 412-ի հիվանդի դեպքում մահը վրա էր հասել առողջական այլ խնդիրների հետևանքով։

 

 

Եվ սա այն պարագայում, երբ օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով  պատերազմի ընթացքում հիվանդության ախտանշաններ ունեցող ոչ բոլոր մարդիկ էին կարողանում թեստավորվել, հետևաբար պաշտոնական թվերը հեռու են իրականությունից։

 

Զինադադարից հետո՝ դեկտեմբերի 25-ի դրությամբ հանրապետությունում կորոնավիրուսով վարակվածների թիվը, ըստ պաշտոնական տվյալների, հասել է 156 763-ի, կորոնավիրուսով 3 404 հիվանդ է  մահացել, որի 671-ը՝ առողջական այլ խնդիրների պատճառով։

 

 

Ի՞նչ գործոններ նպաստեցին հիվանդության լայն տարածմանը

 

Դեռ այս տարվա մարտի 24-ին  ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ էր արել  պատերազմող կողմերին ամբողջ աշխարհով մեկ վայր դնել զենքերն, գլոբալ հրադադար հաստատել աշխարհի բոլոր անկյուններում և կենտրոնանալ COVID-19-ի դեմ պայքարի վրա…

 

 

Արցախում Ադրբեջանի կողմից սանձազերծած լայնամասշտաբ պատերազմի ընթացքում՝ հոկտեմբերի 22-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մտահոգություն հայտնեց Լեռնային Ղարաբաղում COVID 19-ի կտրուկ աճով ու տարածմամբ։ 

 

Ցավակցություն հայտնելով պատերազմի ընթացքում զոհերի, վիրավորների, բնակիչների տարհաման կապակցությամբ, ԱՀԿ-ն միաժամանակ ընդգծում էր, որ այս ամենը խորացնում է առողջապահական համակարգում առանց այդ էլ առկա վտանգավոր իրավիճակը։ ԱՀԿ տնօրենը կոչ էր արել  անհապաղ հրադադարի շուրջ պայմանավորվել։

 

 

Արցախում ականազերծման աշխատանքներ իրականացնող HALLO կազմակերպության էջում հոկտեմբերին հրապարակված հոդվածում  անդրադարձ էր կատարվում ապաստարաններում COVID-19-ի տարածման վտանգներին.

 

 

«30-40 հազար մարդիկ, որոնք մնացել են Ղարաբաղում, ամեն օր պայքարում են իրենց կյանքի համար նեղ ապաստարաններում, որտեղ սարսափելի վտանգ են ներկայացնում ռումբերն ու կորոնավիրուսը։ Երբ հրետակոծությունը դադարում է կազմակերպության աշխատակիցները քաղաքացիական բնակչության համար անհրաժեշտ պարագաներ են առաքում ապաստարաններ, այդ թվում հիգիենայի պարագաներ, վառելիք ու ծածկոցներ՝ նվազեցնելու COVID-19-ի տարածումը»։

 

 

WomenNet.am-ի հարցմանն ի պատասխան  Հայաստանի առողջապահության նախարարությունից թվարկեցին այն գործոնները, որոնց պատճառով  տեղի ունեցավ վարակակիրների թվի ավելացում.

 

 

«Սեպտեմբերի 27-ին՝ պատերազմական գործողությունների սկսվելուց հետո, հանրապետությունում արձանագրված կորոնավիրուսային հիվանդության դեպքերի աճին մեծապես նպաստել են մի շարք հանգամանքներ, մասնավորապես` զորահավաքներ, կամավորական խմբերի աշխատանքներ, որոնց ընթացքում սահմանափակ տարածքներում առաջանում էին մարդկանց կուտակումներ, և որպես կանոն, չէին պահպանվում սանիտարահամաճարակային անվտանգության կանոնները (դիմակների կրում, սոցիալական հեռավորության պահպանում և այլն), Արցախի Հանրապետությունից մեծ թվով տեղահանվածների հոսքը դեպի Հայաստան, նրանց չկառավարվող տեղաշարժը, ժամանակավոր բնակեցումը տարբեր կացարաններում՝ քաղաքացիների տներ, հյուրանոցներ, հանրակացարաններ և այլն, և այդ ընթացքում սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների չպահպանումը։ Ինչպես նաև, կորոնավիրուսային հիվանդության դեպքերի աճին նպաստել է մեծաքանակ կուտակումները հոգեհանգիստների և հուղարկավորության արարողությունների ժամանակ»,- հայտնեցին նախարարությունից։

 

 

Ի դեպ, վարակը լայնորեն տարածվել էր նաև տեղահանվածների շրջանում։ Ըստ պաշտոնական տեղեկատվության, սեպտեմբերի 27-ից մինչև հոկտեմբերի 24-ն ընկած ժամանակահվածում Հայաստանի Հանրապետության կողմից իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքում Արցախի Հանրապետությունից ժամանած 1088 անձի մոտ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդություն:

 

Թվեր այս ընթացքում ինչպե՞ս են փոխվել Արցախում, ԱՆ-ում չեն տիրապետում՝ ուղղորդելով Արցախի ԱՆ։

 

 

Նախարարությունից վստահեցնում են՝  կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման նպատակով իրականացվում են մի շարք միջոցառումներ, այդ թվում, COVID-19-ի  յուրաքանչյուր հաստատված դեպք հետազոտվում է, տրվում է ինքնամեկուսացման հրահանգ, իրականացվում է  իրազեկում ինքնամեկուսացման, սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ, բժշկական կազմակերպություներում կորոնավիրուսային հիվանդության ներհիվանդանոցային վարակման կանխարգելման ուղղությամբ շարունակաբար իրականացվում է համաճարակաբանական դիտարկում, վերհանված բացերի հիման վրա մշակված առաջարկությունները ներկայացվում են շահագրգիռ գերատեսչություններին, զուգահեռ բոլոր բժշկական կազմակերպություններին տրամադրվում է մեթոդա-գործնական աջակցություն։ Շարունակաբար ուսումնավիրվում է միջազգային փորձն ու Առողջապահության համաշխարհային կազմակերպության առաջարկությունները և, ըստ անհրաժեշտության տեղայնացվելով մեր հանրապետությունում, լրամշակվում են գործող իրավական ակտերը։

 

 

«Երկրում մեկնարկել է սուր շնչառական վարակների և գրիպի դետքային համակարգի շրջանակներում ծանր սուր շնչառական վարակների (ԾՍՇՎ) և գրիպի վաղ հայտնաբերման նպատակով նմուշառման գործընթացը պարեկ կազմակերպությունների միջոցով, ինչը հնարավորություն կընձեռի բացահայտելու ինչպես շրջանառող գրիպի հարուցիչները, այնպես էլ ԾՍՇՎ, գրիպի և Կորոնավիրուսային հիվանդության համավարակները՝ կանխարգելիչ միջոցառումներն արդյունավետ իրականացնելու համար»,-նշում են ԱՆ-ից։

 

 

Համեմատության համար նշենք, որ Հայաստանը մեկ միլիոն բնակչության դեպքերի թվով աշխարհում 11-րդն է,  Վրաստանը՝ 8-րդ-ը,  Ադրբեջանը՝ 65-րդը:

 

 

Հ. Կարապետյան

 

 

Հ.Գ. Նշենք, որ ըստ ԱՆ-ի կողմից տրամադրված տվյալների, կորոնավիրուսից մահանալու ռիսկն ավելի բարձր է տղամարդկանց շրջանում ,  իսկ վարակակիրների թվում ավելի շատ են կանայք: Այսպես, օգոստոսի դրությամբ, հանրապետությունում կորոնավիրուսով վարակվածների թվում կանայք 62% են կազմել: Մահացածների թվում շուրջ 55 %-ը տղամարդիկ են եղել, 45 %-ը՝ կանայք։ Նույն միտումը պահպանվել է նոյեմբերի 20-ի դրությամբ տվյալներով՝ կորոնավիրուսով վարակվածների թվում կանայք 59.3 % են կազմել , իսկ մահացածների թվում գերակշռել են  տղամարդիկ՝ 55%:

 

 

Առավել մանրամասն COVID-19-ի գենդերային ասպեկտների մասին.

 

«Կանայք՝ կորոնավիրուսի դեմ պայքարում»  տեղեկագիր

 

Դիտումների քանակը` 294

Վերադառնալ վերև