Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

«Կուսակցությունները պատասխանատու են կանանց քաղաքական առաջընթացն ապահովելու հարցում». քննարկում

ՀՀ Ազգային ժողովում սկսվել են  «Կուսակցությունների մասին» օրենքում փոփոխությունների շուրջ քննարկումները, որոնց շրջանակում ի թիվս այլ հարցերի քննարկվում են նաև կուսակցություններում  կանանց ներգրավման և  և նրանց քաղաքական առաջընթացի խնդիրները: Այս հարցերին էր նվիրված նաև ԱԺ Ընտրական բարեփոխումների աշխատանքային խմբի նախաձեռնությամբ հոկտեմբերի 11-ին տեղի ունեցած «Կանանց քաղաքական մասնակցության խթանում» քննարկումը,  որին մասնակցեցին ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը, ԱԺ մի շարք պատգամավորներ, արտախորհրդարանական ուժերի , հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, փորձագետներ, ինչպես նև ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության ղեկավար Դեբորա Գրիզերը: Ի դեպ, վերջինս իր խոսքում նշեց, որ համաձայն հետազոտությունների՝ այն հասարակությունները, որտեղ կանայք ներգրավված են քաղաքականության մեջ, ավելի հաջողակ են, քան մյուսները:

 

Նշենք, որ քննարկումը կազմակերպվել էր ԱՄՆ ՄԶԳ ֆինանսական աջակցությամբ՝ Ընտրական համակարգերի միջազգային հաստատության (IFES), Ազգային ժողովրդավարական ինստիտուտի (NDI) եւ ՕքսԵՋեն հիմնադրամի կողմից: Սա նշված թեմայով  երկրորդ քննարկումն էր , առաջինը տեղի էր ունեցել ավելի վաղ՝ ԱԺ-ՔՀԿ հարթակի շրջանակում և ավելի նեղ կազմով:  

 

 

Կանանց քվոտան պետք է հասցնել 40 տոկոսի

 

Անչափ կարևորում եմ թե՛ Կառավարությունում, թե՛ Ազգային ժողովում նմանատիպ քննարկումները, որոնք միտված են կանանց ներգրավվածությունն ապահովելու նպատակով օրենսդրական մեխանիզմներ ստեղծելուն: Այս մասին իր ելույթում նշեց ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը:

 

«Կանանց քվոտան Ընտրական օրենսգրքում պետք է հասցնել 40 տոկոսի: Ներկայումս ԸՕ-ում մի սեռի ներկայացվածությունը չպետք է գերազանցի 70 տոկոսը: Ես առաջարկում եմ, որ այն չգերազանցի 60 տոկոսը»,- նշեց Լենա Նազարյանը:

 

Նրա խոսքով, օրենսդիր և գործադիր մարմիններում կանանց ներկայացվածության վիճակագրությունը փաստում է , որ այս հարցում անելիքներ դեռ շատ կան:

 

«ԱԺ-ում 132 պատգամավորից միայն 31-ն է կին, իսկ կառավարությունում ընդամենը մեկ նախարար ունենք, մարզպետ չունենք, 45 փոխնախարարներից 13-ն են կին և 37 դեսպաններից 6-ն են կին», – ասաց նա:

 

Լենա Նազարյանը նաև ասաց, որ գործընկերների հետ քննարկում են նաև  գործադիրում կանանց ներգրավվածության ընդլայնման հնարավոր մեխանիզմները, այդ թվում  օրենսդրական ։ Քննարկվում է նաև  կուսակցությունների ղեկավար մարմիններում  կանանց ու տղամարդկանց ներկայացվածությունը քվոտավորելու  հարցը:

 

 

Պետությունը պետք է խրախուսի, որ կանանց ձայնը լսելի լինի

 

Ընտրական բարեփոխումների աշխատանքային խմբի համակարգող Համազասպ Դանիելյանը ևս կիսում է այն կարծիքը, որ տեղին է քննարկել քվոտան մինչև 40 տոկոս բարձրացնելու հարցը: Պատգամավորը համոզված է, որ կանայք պետք է ունենան հնարավորություն զբաղվել քաղաքականությամբ, իսկ պետությունն, իր հերթին, պետք է դա խրախուսի, որպեսզի նրանց ձայնը լսելի լինի թե՛ պետական, թե՛ տեղական ինքնակառավարման մարմիններում:

 

«Հերթական ընտրությունների համար մենք արդեն ունենք Ընտրական օրենսգրքով ամրագրված 30 տոկոսի քվոտան կանանց համար, սակայն ես կարծում եմ, որ տեղին է քննարկել քվոտան մինչև 40 տոկոս բարձրացնելու հարցը»,- հայտարարեց նա: Նա նաև նշեց, որ ամեն ինչ քննարկումների դաշտում է, իսկ իշխանությունը բաց է ցանկացած քննարկման համար:

 

 

Ի՞նչ է առաջարկում հասարակական սեկտորը

 

Խնդիրը ոչ միայն կուսակցությունների շարքերում  կանանց ներգրավման, այլ նաև  կուսակցությունների ղեկավար մարմիններում կանանց պատշաճ ներկայացվածության մեջ է, նշեց «ՊրոՄեդիա-Գենդեր» հասարակական կազմակերպության նախագահ Թամարա Հովնաթանյանը: Նրա խոսքով,  այս հարցի կուծմամբ օրակարգից դուրս կգա նաև կուսակցությունների դիմադրությունը նույն քվոտայի բարձրացման հարցում և  ընտրական ցուցակներում կանանց  առաջատար դիրքերում ներկայացման հետ կապված նրանց մտահոգությունը:

 

Հիմք ընդունելով  կանանց քաղաքական մասնակցության ընդլայնման հարցում  կուսակցությունների պատասխանատվությունը,  ՕքսԵՋեն հիմնադրամը և «ՊրոՄեդիա-Գենդեր» ՀԿ-ն ներկայացրեցին  հետևյալ  առաջարկները ՝

 

  • ամրագրել «Կուսակցությունների մասին» օրենքում կուսակցությունների հիմնադիր փաստաթղթերում և ներքին կանոնակարգում գենդերային զգայուն սկզբունքների ներառման պահանջը՝ դիտարկելով դա որպես ներկուսակցական ժողովրդավարության կայացման պարտադիր նախապայման;
  • օրենքում ներառել կուսակցությունների ղեկավար կազմում կանանց մասնակցության ապահովման մասին պահանջը ոչ պակաս, քան տվյալ կուսակցություններում կանանց և տղամարդկանց համամասնությունը;
  • նախատեսել օրենքում խրախուսման մեխանիզմներ, այդ թվում՝ լրացուցիչ պետական սուբսիդիաների կամ այլ արտոնությունների տեսքով, այն կուսակցությունների համար, որոնք հատուկ քաղաքականություն են իրականացնում կանանց մասնակցությունն ընդլայնելու և նրանց առաջխաղացումն ապահովելու ուղղությամբ;
  • Ազգային ժողովի և համամասնական ընտրակարգով ՏԻՄ ընտրությունների արդյունքներով քաղաքական կուսակցություններին տրվող պետական ֆինանսավորման չափորոշիչների թվում դիտարկել նաև կանանց ներկայացվածության մակարդակը, լրացուցիչ ֆինանսավորում նախատեսելով այն կուսակցությունների համար, որոնք իրենց ընտրական ցուցակներում և դե-ֆակտո ընտրված ղեկավար մարմնում ապահովել են կանանց 40-50 տոկոս ներկայացվածություն:

 

Առաջարկներ էր ներկայացրել նաև  Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը.

 

-Պետական ֆինանսավորում ստանալիս՝ կուսակցությունը ստանա լրացուցիչ ֆինանսավորում այն տոկոսի չափով, որով կանանց համամասնությունն իրենց մոտ գերազանցում է ընտրական օրենսգրքով սահմանված քվոտան։ Ընդ որում, այս դրույթը գործի և՛ ԱԺ, և՛ ՏԻՄ մակարդակներում։

-Կիրառել պատժամիջոցների մեխանիզմներ այն կուսակցությունների համար, որոնք քայլեր չեն իրականացնում կանանց մասնակցությունն ընդլայնելու և նրանց առաջխաղացումն ապահովելու ուղղությամբ:

-Կուսակցությունն ունենա ներառականության և ներկայացուցչականության ապահովման քաղաքականություն՝ որպես պարտադիր փաստաթուղթ։

 

 

Խրախուսում, թե՞ պատժամիջոց

 

Կանանց մասնակցությունը խթանող ինչպիսի  գործիքակազմ է պետք  սահմանել «Կուսակցությունների մասին» օրենքու , ինչն է ավելի արդյունավետ – խրախուսման մեթոդները թե պատժամիջոցները: Ակս հարցերի շուրջ  քննարկման ընթացքում մի շարք երկրների  փորձը ներկայացվեց: Ընտրական համակարգերի միջազգային հաստատության (IFES) ընտրությունների ավագ փորձագետ Աղասի Եսայանի խոսքով՝ միջազգային պրակտիկայում կան երկրներ, որոնք կիրառում են պատժամիջոցներ, կան նաև երկրներ, որոնք խրախուսական միջոցներ են սահմանում: Սակայն փորձը ցույց է տալիս, որ պատժամիջոցները ավելի լավ են գործում, քան խրախուսումը.

 

«Հայաստանի օրենսդրությունը սահմանում է պատժամիջոցներ՝ եթե համապետական ցուցակի 25 տոկոսը, իսկ հաջորդ ընտրություններից սկսած առնվազն 30 տոկոսը կանայք ներկայացված չեն, ապա այդ ցուցակը չի ընդունվի ԿԸՀ կողմից: Եվ սա, միանշանակ, պատժամիջոց է, որը կանխարգելում է և բոլոր կուսակցությունները, անկախ իրենց անձնական կարծիքի և մոտեցումների, հետևում են դրան»,- ասաց  նա WomenNet.am-ի  հետ զրույցում:

 

Ինչ վերաբերում է խրախուսական նորմերին, ապա նա Հայաստանի հարևան երկներից  օրինակ բերեց:  «Օրինակ, Վրաստանի օրենսդրությունը նախատեսում է, որ եթե ցուցակի առնվազն 20 տոկոսը կանայք են, ապա հանրային ֆինանսավորումից ստանում են 10 տոկոս հավելյալ գումար: Այս նորմը գործում է եվրոպական մի շարք երկրներում ևս»,- նշեց նա:

 

Ըստ Եսայանի, այն, ինչ քննարկվում է ներկայումս Հայաստանում, հենց այդ նորմի շուրջ է՝ հանրային ֆինանսավորման բարձրացման մասին է: Փորձագետը համոզված է՝ դա շատ կարևոր է, որպեսզի կուսակցությունները լինեն մաքսիմալ անկախ և կախված չլինեն մի քանի բարերարի քմահաճույքից ու նրանց ֆինանսական միջոցներից: Որպես միջազգային կազմակերպության ներկայացուցիչ մեր զրուցակիցը զերծ մնաց հնչեցնել իր տեսակետը, թե ո՞րն է ավելի արդյունավետ կանանց քաղաքական մասնակցության խթանման հարցում՝ խրախուսելը, թե պատժելը.

 

«Մենք պարզապես ներկայացնում ենք որոշում կայացնողներին այն ճանապարհները, որոնք կան և ընդունված են միջազգային պրակտիկայում: Մնացած ընտրությունը պատկանում է կուսակցություններին, հասարակական կազմակերպություններին: Բայց միանշանակ է, որ սա է ճանապարհը, որը կխթանի կանանց ակտիվ մասնակցությունը»,- հավելեց նա:

 

***

 

Տեղեկացնենք, որ հոկտեմբերի 18-ին ՀՀ Ազգային ժողովի  նիստերի դահլիճում անցկացվելու են «Կուսակցությունների մասին սահմանադրական օրենք․ առկա խնդիրները և փոփոխությունների շրջանակը» թեմայով  խորհրդարանական լսումները :  

 

Լիա Խոջոյան          

Դիտումների քանակը` 381

Վերադառնալ վերև