Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

«Կրծքերիս, մարմնիս ձեռք տվեց, ապտակեցի». Մարինա Խաչատրյանը ահազանգում է սեռական ոտնձգության մասին

 

 

«Երկիր ծիրանի»-ի անդամ Մարինա Խաչատրյանը նոր բացահայտումներ է արել, ներկայացնելով  այն պատճառը, որն ստիպել է իրեն ապտակել ՀՀԿ-ական Էդմոն Կիրակոսյանին:  «Ազատության» եթերում  նա  հայտարարել է, որ ինքն այդ պահին  պաշտպանվել է սեռական ոտնձգությունից: 

 

 Նրա խոսքով, Էդմոնդ Կիրակոսյանն իրարանցման մեջ իրեն անպարկեշտ է պահել, ձեռք է  տվել կրծքերին ու մարմնի այլ մասերին: Նշենք, որ տեսախցիկները հստակ  ֆիքսել են այդ պահը

 

«Ինչ վերաբերում է ապտակին, ապա ես երբեւէ որեւէ մեկին թույլ չեմ տա, որպեսզի իմ հագուստն իմ վրայից հանի, ձեռքերով իմ կրծքին, իմ մարմնին ձեռք տա: Ապտակ պատասխան ստացավ, որովհետեւ իմ հանդեպ սեռական բռնություն էր կիրառել, պետք է պատասխանատվության ենթրակվի: Իր բախտը բերել է, իմ տեղը եթե ազատ լիներ, նրանք իմ ոտքերի ուժն էլ կզգային, կոնկրետ այդ տղամարդը »,-ասել է նա:

 

Հիշեցնենք, Երևանի ավագանու այսօրվա նիստի հանդիսավոր մեկնարկը րոպեներ անց վերածվեց ծեծկռտուքի։

 

 

Ամեն ինչ սկսվեց նրանցից, որ «Երկիր Ծիրանի» կուսակցության անդամները փորձեցին քաղաքապետին մատուցել Նուբարաշենի բնակիչների նվերը՝ գարշահոտ կոյուղաջուրը։ Ավագանու անդամ ընդդիմադիր երեք կանայք նախ հագան բժշկական ձեռնոցներ, դրեցին բժշկական դիմակներ և բացեցից իրենց հետ քաղաքապետարան բերված ապակյա տարաները։ Դրանցից բուրող տհաճ հոտը միանգամից տարածվեց նիստերի դահլիճում: «Ելք»-ի անդամները հերթով սկսեցին լքել տարածքը, իսկ «Երկիր Ծիրանի»-ի երկու կանայք՝ Սոնա Աղեկյանն ու Մարինա Խաչատրյանը կեղտաջրով լցված տարաները ձեռքներին փորձեցին մոտենալ քաղաքապետին։ Տարոն Մարգարյանը, տեսնելով դա, հրահանգեց իր աշխատակիցներին՝ փակել նրանց ճանապարհը։

 

Նուբարաշենից քաղաքապետարան բերված կոյուղաջուրը Տարոն Մարգարյանի սեղանին այդպես էլ չհասավ։ Ավագանու հանրապետական անդամներն ու քաղաքապետարանի լրատվության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը առաջ նետվելով անմիջապես կանխեցին ընդդիմադիր կանանց փորձն ու սկսվեց քաշքշոցը։ Հարվածներ, ծեծկռտուք, փոխադարձ վիրավորանքներ՝ միջադեպին ներգրավվել էին բոլորը։

 

Կրքերը թեժացան այն պահին, երբ «Երկիր Ծիրանի»-ից Մարինա Խաչատրյանն ապտակեց իրեն քաշքշող ավագանու հանրապետական անդամ Էդմոնդ Կիրակոսյանին, նա էլ փոխադարձաբար ապտակեց Խաչատրյանին։ Հանրապետական Վասպուրակ Մարտիրոսյանն էլ սկսեց քաշել Խաչատրյանի մազերից։

 

Հանրապետականի տղամարդիկ բռնի ուժով փորձում էին նիստերի դահլիճից հեռացնել ավագանու ընդդիմադիր անդամներին։ «Ելք»-ը ստանձնել էր բաժանողի դերը։ Ամենաակտիվը, սակայն, դերասան, կարատեիստ Գոռ Վարդանյանը էր։ Քաշքշոցին խառնվելու փոխարեն, նա կոպիտ  գրկեց Մարինա Խաչատրյանին ու տարավ միջանցք։

 

Քաղաքապետարան ժամանեցին նաև ոստիկանության կենտրոնի բաժնի աշխատակիցները։ Ընդմիջում հայտարարվեց։ Վերադառնալով նիստերի դահլիճ՝ «Երկիր Ծիրանի»-ի անդամները հայտարարեցից, որ իրենց իրերն անհետացել են։ Ներսում իրավիճակը կրկին լարվեց, իսկ քաղաքապետարանի աշխատակիցները խոչընդոտեցին լրագրողների աշխատանքը՝ արգելելով նրանց գտնվել դահլիճում ու տեսանկարահանել։

 

Հանրապետականի տղամարդականց վարքը չդատապարտեցին նաև նույն կուսակցության կանայք։ Նարիա Նահապետյանի կարծիքով, սա առհասարակ հարձակում էր քաղաքապետ Տարոն Մարգարյանի վրա․ – «Այո, հարձակում էր Տարոն Մարգարյանի վրա»:

 

Արդյո՞ք գարշահոտությունից էր, թե՞ միջադեպից, բայց շտապօգնության մեքենայով սրտի գանգատով հիվանդանոց տեղափոխվեց ավագանու անդամ, կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանը։ Քաղաքապետարան էր եկել բժիշկների մեկ այլ բրիգադ: Ինչպես «Ազատության» հետ զրույցում ասաց «Երկիր Ծիրանի»-ի ղեկավար Զարուհի Փոստանջյանը՝ դա հոգեբուժակական ծառայությունն էր․ – «Հոգեբուժարանից մարդիկ էին հրավիրել, որպեսզի․․․ չգիտեմ ում էին ուզում տանել այստեղից: Այդպես էլ չհասկացանք»:

 

Շտապօգնության ծառայության տնօրեն Թագուհի Ստեփանյանը «Ազատության» հետ հեռախոսազրույցում հաստատեց, որ քաղաքապետարան է մեկնել երկու բրիգադ՝ մեկը սրտային, մյուսը՝ հոգեբուժական։ Զանգը, ըստ Ստեփանյանի, եկել է անհայտ համարից ու չի նշվել, թե ում համար են կանչում հոգեբուժական բրիգադը:

 

Ընդմիջումից հետո «Երկիր Ծիրանի» խմբակցության կանայք հաղորդում ներկայացրեցին հանցագործության մասին։ Զարուհի Փոստանջյանը տեղեկացրեց, որ պատրաստվում են դիմել բոլոր ատյաններին։ Ընդդիմադիր կուսկացության ղեկավարը հանդես եկավ նաև ելույթով, որում ասաց․ – «Այդ գարշահոտությունը ուղեկցելու է ձեզ բոլոր վայրերում, որտեղ դուք գտնվելու եք: Նույնիսկ ձեր թանկարժեք օծանելիքը և թանկարժեք կոնյակները ձեզ չեն փրկելու: Ի դեպ, ասեմ՝ գարշահոտությունից չեն խեղդվում: Բայց պետք է թունավորվեք: Մենք ձեր կյանքը թունավորելու ենք»:

 

Տարոն Մարգարյանը հարկ համարեց հայտարարել․ – «Մենք էլ ենք դատապարտում ուժի կիրառումը, և այստեղ ոչ մեկ ուժ չի կիրառում մեկը մյուսի նկատմամբ»:

 

Ընդդիմադիր կուսակցությունը, չսպասելով նիստի ավարտին, լքեց դահլիճը։ Րոպեներ անց «Երկիր Ծիրանի»-ն լրագրողներին հրավիրեց իր սենյակ՝ ցույց տալու, որ իրենց բացակայության ժամանակ բացվել է դուռն ու կեղաջրով ապակյա տարաների պարունակությունը լցվել է իրենց սենյակում ու միջանցքում: Ով է դա արել և երբ նրանք չգիտեն։

 

 Երևանի քաղաքապետարանը ավելի ուշ հանդես եկավ հայտարարությամբ՝ դատապարտելով «Երկիր Ծիրանի» խմբակցության գործողությունները: Քաղաքապետարանի հաղորդագրությունում մասնավորապես ասվում է, որ «Երկիր ծիրանի» խմբակցության անդամների կողմից թույլ է տրվել ավագանու ինստիտուտը վարկաբեկող, ավագանու նիստի կանոնակարգը միտումնավոր խախտող, ավագանու մյուս անդամների, նիստին ներկա Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի և լրատվամիջոցների ներկայացուցիչների իրավունքները ոտնահարող, հային, երևանցուն և, ընդհանրապես, անթույլատրելի ու բանական մարդուն ոչ վայել, կանխամտածված արարք՝ ստեղծելով հակասանիտարական վիճակ և ժամանակավորապես խաթարելով ավագանու բնականոն աշխատանքը»:

 

Նուբարաշենի բնակիչներ. « Մենք ենք ասել ՝ էս կոյուղաջուրը տարեք, տվեք Տարոն Մարգարյանին»

 

Մենք բնակիչներով կազմակերպել ենք, ասել ենք՝ էս կոյուղաջուրը տարեք, տվեք Տարոն Մարգարյանին, որ տեսնի՝ մարդիկ ինչ են շնչում։ Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Նուբարաշենի բնակիչներից մեկը՝ անդրադառնալով Երևանի ավագանու այսօրվա նիստին տեղի ունեցած միջադեպին։

 

«Մեր շատ սիրելի Գոռ Վարդանյանը 5 րոպե այդ կեղտաջրերի հոտը շնչելուց հետո ասում է՝ սիրտներս խառնեց։ Բա մեր սիրտը չի՞ խառնում, 3-4 տարի է՝ շնչում ենք էս հոտը», – նշեց բնակիչը։

 

Նույն բնակիչները նախօրեին փակել էին Նուբարաշեն ՔԿՀ տանող ճանապարհը՝ բողոքելով ՔԿՀ-ի կոյուղատարից տարածված գարշահոտությունից։ Նրանք խոստանում էին հարցին լուծում չտալու դեպքում նորից փակել ճանապարհը՝ այս անգամ արդեն բեռնատարով հող լցնելով։

 

Բնակիչները նշեցին, որ քանի տարի է՝ տվյալ հատվածի գարշահոտությունը շնչում են, բազմաթիվ անգամ քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները խոստացել են կոյուղատարի խնդիրը լուծել, բայց խաբել են։

 

«Այլ տարբերակ չէր մնում, այս կեղտաջրերը քաղաքապետարան տանելով՝ պետք է բարձրաձայնեինք խնդիրը», – ասաց բնակիչներից մեկը։

 

 

Օմբուդսմենը դիմել է դատախազություն

 

Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության կին անդամների նկատմամբ բռնություն գործադրելու վերաբերյալ տվյալների հրապարակումից անմիջապես հետո Մարդու իրավունքների պաշտպանը դիմել է Գլխավոր դատախազին՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցով:

 

«Ստացվել է պարզաբանում այն մասին, որ արդեն իսկ իրականացվում է նյութերի նախապատրաստում Քրեական դատավարության օրենսգրքի շրջանակում:

 

Այս մասին գրավոր տեղեկացվել է Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փստանջյանը:

 

Քրեական վարույթի հարց է բարձրացվել նաև միջադեպի ընթացքում Երևանի ավագանու նիստը լուսաբանող լրագրողների աշխատանքը խոչընդոտելու վերաբերյալ տեղեկությունների առնչությամբ», – ասված է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հաղորդագրությունում:

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

«Ժողովուրդը  շնչում է այս գարշահոտությունը , դուք էլ պետք է շնչեք». ծեծկռտուք քաղաքապետարանում/ տեսանյութ

 

Պահանջում ենք խիստ գնահատականի արժանացնել ավագանու անդամ Մարինա Խաչատրյանի հանդեպ կոպիտ բռնության փասստը

 

«Բռնությունը չունի արդարացում». բողոքի ակցիա քաղաքապետարանի դիմաց

 

«Կրծքերիս, մարմնիս ձեռք տվեց, ապտակեցի». Մարինա Խաչատրյանը ահազանգում է սեռական ոտնձգության մասին

 

Դիտումների քանակը` 1350

Վերադառնալ վերև