Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Կրծքով սնուցում. բնականից ճիշտը չկա

Կրծքով սնուցումը մեր երկրում տարեկան շուրջ 60 մանուկի կյանք կփրկի, պնդում են մասնագետները…  

Վերջին տարիներին անընդհատ լսում ենք այն մասին, թե որքանով է կարևոր կրծքով սնուցումը, որ արհեստական կերերը մի շարք վտանգներ են պարունակում, հիվանդությունների ու այլ շեղումների պատճառ հանդիսանում, և որ բնականից ճիշտը  չկա: «Կրծքով կերակրելը երեխայի կյանքի լավագույն սկիզբն է»,- ասում են  մասնագետները,  որոնց գնահատմամբ,   միայն ապահովվելով   կրծքով սնուցումը  հնարավոր է կրճատել  ողջ աշխարհում մանկական մահացությունը  10 տոկոսով:

 

Բայց արհեստական կերերի բիզնեսը  ծաղկում է, այդ թվում Հայստանում, իսկ  մանկաբույժները   շատ դեպքերում չեն էլ փորձում  օգնել  երիտասարդ մայրերին, ովքեր տարված են  կազմվածքի պահպանման խնդրով կամ կաթնարտադրության հետ կապված   դժվարություններ ունեն, այլ անմիջապես  խորհուրդ են տալիս արհեստական կերով փոխարինել մայրական կաթը: Մինչդեռ  ողջ աշխարհում քարոզարշավներ են ծավալվում բնական սնուցման օգտին … Գուցե պատճառն այն է, որ Հայաստանը մինչ օրս չի ընդունել կրծքով սնուցման վերաբերյալ համապատասխան օրենք, որը բազմաթիվ անգամներ ներկայացվել է, բայց ինչ-ինչ պատճառներով հետաձգվել է դրա ընդունումը և հիմա ահա նորից շրջանառության մեջ է դրվել (հուսանք այս անգամ ավելի արդյունավետ կլինի դրա ճակատագիրը):

 

WomenNet-ի հետ զրույցում ՀՀ Առողջապահության նախարարության Մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանը ևս անդրադարձավ այս խնդիրներին` ընդգծելով, որ օրենքի ընդունումը շատ ու շատ հարցերի պատասխաններ կտա ու նաև դրական արդյունքներ կարձանագրի:

 

 

-Տիկին Սարիբեկյան,  կրծքով սնուցումը խրախուսող օրենքը կարծես թե նորից  մտել է Ազգային Ժողով: Այդպե՞ս է:

 

-Խոսքը «Երեխաներին  կրծքով սնուցման խրախուսման և արհեստական կաթնախառնուրդների շրջանառության մասին» օրենքի նախագծին է վերաբերում (նախագծի մշակումը Առողջապահության նախարարության ու Ազգային Ժողովի համատեղ աշխատանքի արդյունքն է), որը տարբեր անգամներ, տարբեր անուններով կարևորվել, քննարկվել, շրջանառվել ու ուղարկվել է լրամշակման, սակայն մինչ օրս չի ընդունվել: Դեռ սպասում ենք:

 

-Ինչո՞վ եք այն կարևորում անձամբ Դուք:

 

 Ամենաառաջինը` օրենքը հստակ ամրագրում է կրծքով  սնուցման խրախուսման դրույթները, այսինքն ստեղծում է օրենսդրական այնպիսի դաշտ, որը  նպաստի կրծքով կերակրմանը: Մասնավորապես, եթե մենք ասում ենք, որ բուժաշխատողը չպետք է համագործակցի կաթնախառնուրդ արտադրողի հետ, ապա դրա վերաբերյալ  կոնկրետ միջազգային օրենսգրքի նորմը մեզանում  իրավական ուժ չունի(խոսքը Առողջապահության համաշխարհային ասամբլեայի (ԱՀԱ) կողմից ընդունված «Կրծքի կաթի փոխարինիչների վաճառահանման» միջազգային օրենսգրքի մասին է): Բայց եթե մենք դա ամրագրում ենք օրենքով, ապա նաև նախատեսում ենք դրա դիմաց պատժամիջոցներ և բժիշկը արդեն շատ լուրջ կմտածի`  արժե՞ համագործակցել, թե ոչ: Ի վերջո, կրկնվելու դեպքում բժիշկը կարող է նաև վարչական տույժի ենթարկվել, քանի որ Վարչական օրենսգրքում համապատասխան պատժամիջոցներ են նախատեսված:

 

Ի դեպ, օրենքն արգելելու է բուժաշխատողի և կաթնախառնուրդ արտադրող/ներմուծող կազմակերպությունների աշխատակիցների  ոչ միայն համագործակցությունը, այլև նրանց մուտքը բուժհաստատություններ, այդ կազմակերպությունների  կողմից ծրագրերի, գործողումների կազմակերպում, նրանց` ծնողների, մայրերի հետ աշխատանք և այլն: Անուղղակի գովազդ  է դիտվելու նաև այն, երբ իրենք, ասենք, նվերներ բաժանեն, որոնց վրա առկա է կազմակերպության լոգոն:

 

Միայն մեկ դեպքում է հնարավոր այդ համագործակցությունը, եթե բժիշկը կամ կաթնախառնուրդ արտադրող կազմակերպությունն ունի ապացույցների վրա հենված լուրջ , գիտական հետազոտություններ, որոնք կարող են ներկայացվել բժշկական հանրությանը:

 

-Այսինքն բավականին ընդգրկուն, հարաբերությունները կարգավորող օրենք է, որ պետք է, որքան հասկանում եմ, ավելի շուտ ընդունվեր:

 

-Այո, շատ ժամանակ ենք կորցրել…ինչ վերաբերում է օրենքին, ապա այն ամբողջությամբ փակում է դաշտը, լուծումներ տալիս և որ ամենակարևորն է` համապատասխանեցված է միջազգային օրենսգրքին:

 

 

-Իսկ որքանո՞վ է այսօր մեր հասարակությունը, հայ կինը պատրաստ  բացառել արհեստական կերը, եթե դրան ցուցումներ չկան և կերակրել երեխային միայն կրծքով:

 

-Այդ հարցն իսկապես շատ հետաքրքիր է… Ինքս դասավանդում եմ ու պարբերաբար դրա մասին խոսում եմ: Կա այսպիսի մի  ֆենոմեն. Ժամանակին, երբ կաթնախառնուրդներ չեն եղել և չի եղել անգամ պատկերացում այլընտրանքային կերակրման մասին, բոլորը  կրծքով են կերակրել, և որևէ մեկի մտքով անգամ չի անցել , որ  կարելի է այլ բան տալ երեխային: Ծայրահեղ դեպքերի մասին չէ, իհարկե, խոսքը, երբ առողջական և այլ խնդիրներից դրդված կինը ստիպված էր մտածել այլընտրանքի մասին, բայց անգամ այդ ժամանակ նրա գիտակցության մեջ այլ բան, քան կրծքով սնուցումն է, չի էլ եղել:

 

Եվ ահա, հարց `ի՞նչն է խանգարում մեզ վերադառնալ այդ վիճակին ու գիտակցությանը: Գովազդները, հասարակության շրջանում տարածված միֆերն ու սխալ կարծիքները, թե, ասենք, եթե երեխան նիհարիկ է, ապա կաթը լավը չի, գեղեցկության կեղծ կարծրատիպերը և այլն, այս ամենը թեև սուբյեկտիվ է ու ավելի շատ բավականին գրագիտորեն շահարկվում է կաթնախառնուրդներ արտադրողների կողմից, բայց և այնպես կարողանում է փոխել մայրերի մոտեցումն ու գիտակցությունը:

 

«Նպաստենք կրծքով կերակրմանը» ծրագիրը, ինքը, թվում է, միայն խոսքեր են , բայց իրականում մենք բավականին լուրջ կառուցվածքային փոփոխությունների հասանք: Երբ նախկինում երեխան ծնվում էր ու նրան անմիջապես իզոլացնում էին մորից, տանում այլ սենյակ, քանի որ ծննդատունը ամենափակ հաստատություններից մեկն էլ, ապա այսօր պարտադիր է մոր ու մանկան շփումը «մաշկը մաշկին»` մայրն ու նորածինը հենց ծնարանից պետք է իրար հետ լինեն: Եվ այս ծրագիրը իսկապես շատ արդյունավետ էր ու շատ խնդիրներ լուծեց:

 

 

-Տիկին Սարիբեկյան, այդ դեպքում այդքան արդյունավետ, խնդիրներ լուծող ու դրական արդյունքների տանող օրենքը ո՞ւմ պատճառով է, որ մինչ օրս Հայաստանում ընդունված չէ:

 

-Խնդիրը ներկրողների մեջ է… Ես չեմ կարող անուններ տալ, բայց հասկանալի է` գործարարները , կաթնախառնուրդներ ներկրողները, քանի որ մենք արտադրող երկիր չենք, շահագրգռված են գործը շարունակելու մեջ և ամեն ինչ անում են դրա համար: Եվ սա միայն մեր երկրի խնդիրը չէ, այլ ողջ աշխարհում գրեթե նույն պատկերն է:

Բացի այս, կա նաև շահերի կոնֆլիկտ` կաթնախառնուրդ արտադրողի, իրացնողի և երեխայի մոր միջև:

 

Սակայն այսքանի հետ մեկտեղ ես պետք է նշեմ, որ մենք լավ ցուցնիշներ ենք արձանագրում տարվող աշխատանքների շնորհիվ` Հայաստանում կրծքով սնուցման ցուցանիշը  1994 -2012թթ. 20 տոկոսից բարձրացել է 80 տոկոսի: Բացառապես կրծքով սնուցումը 0.7 տոկոսից դարձել է 35 տոկոս, թեև մենք աշխատելու դեռ շատ տեղ ունենք և որպես դրական արդյունք պետք է ունենանք 90 տոկոսի ցուցանիշ:

 

-Քանի որ խոսեցիք միֆերի ու կարծրատիպերի մասին, որոնք խոչընդոտում են երեխայի  կրծքով սնուցմանը, չէի՞ք նշի իրական պատճառները, երբ սնուցումից պետք է զերծ մնալ:

 

-Իրականում այդ դեպքերը շատ քիչ են, երբ կա երկու կողմի համար հակացուցումներ: Օրինակ, երբ կրծքի կաթը ընդհանրապես չի կարելի տալ և երբ կրծքով կերակրելու պրոցեսն է հակացուցված: Կան չորս ժառանգական հիվանդություններ, որոնց ախտորոշման դեպքում խորհուրդ է տրվում  մորը կրծքով չկերակրել, բայց Հայաստանում դրանցից միայն մեկն է ախտորոշվել, այն էլ շատ քիչ ցուցանիշով` տարեկան մոտ 50 դեպք: Այդ դեպքերի համար պետությունը գնում է հատուլ կաթնախառնուրդներ, որոնք զուրկ են երեխայի առողջության համար վտանգ պարունակող սպիտակուցից: Ինչպես նաև մայրական կաթը հակացուցված է, երբ երեխայի մայրը ՄԻԱՎ վարակակիր է` ռիսկը մեծ է, որ երեխան կարող է մոր կաթով վարակվել: Այլ հակացուցումներ` թե երեխայի կողմից, թե մոր  չկան:

 

-Իսկ, օրինակ, երբ մայրը ինֆեկցիոն հիվանդ է, ասենք տուբերկուլոզով:

 

-Այդ դեպքում բացառում ենք կերակրումը, բայց դա չի նշանակում, որ մայրը չի կարող կաթը կթել ու երեխային մայրական կաթով կերակրել: Նույնը նաև գրիպի դեպքում և այլն…

 

 

Հ.Գ. Մնում է ավելացնենք, որ մինչ օրենքի ընդունումը ՀՀ օրենսգրքում առկա «Գովազդի մասին» օրենքը պետք է որ պաշտպաներ մայրերին, ապա նաև երեխաներին արհեստական կերերից, քանի որ նշված օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ կետով ամրագրված է.

« Արգելվում է մինչև 6 ամսական երեխաների համար նախատեսված և մայրական կաթի փոխարեն օգտագործվող ցանկացած սնունդ և հեղուկ, ինչպես նաև կերակրման շշեր ու ծծակներ գովազդելը; կրծքի կաթի փոխարինիչների տուփերի վրա տվյալ արտադրանքը գովազդող գրառումներ և նկարներ տեղադրելը»…

Մինչդեռ,  արհեստական կերերի գովազդը կարելի է տեսնել և  դեղատներում, և որոշ սուպերմարկետներում…

 

 

Լիա Խոջոյան

 

Դիտումների քանակը` 5355

Վերադառնալ վերև