Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Սպորտն ու պատերազմը. Հալեպի լողի թիմի աղջիկները բրոնզե մեդալներ նվաճեցին Երևանում

Հալեպի  «Հայ  երիտասարդաց  ընկերակցություն»  ակումբի լողի թիմի մարզիչներ Հովհաննես Սուլահյանի, Ժակ Հադաթի և ակումբի լողորդ  աղջիկների հետ մեր հանդիպումը կայացավ   «Արարարտ» հյուրանոցում:  Նրանք Երեւան էին ժամանել  օգոստոսի 2-13-ը անցած  Համահայկական  ամառային  6-րդ խաղերին մասնակցելու համար:   

 

Ինչպես պատմեցին մեր զրուցակիցները,   նախկինում  Հալեպում  սպորտային  ակումբների թիվը մեծ էր, սակայն  հետզհետե դրանք  փակվեցին, ասպարեզում թողներով միայն «Հայ  երիտասարդաց  ընկերակցություն» և «Կոմենթմեն»    ակումբները: Ժամանակին   ակտիվորեն  մասնակցել են ինչպես արաբական երկրներում անցկացվող, այնպես էլ  միջազգային սպորտային  մրցաշարերին:

 

–         «Հայ  երիտասարդաց  ընկերակցության»  լողի թիմը 12 տարի  շարունակ  համարվել է արաբական  թիմի հիմնական մրցակիցը: Մեր լողորդները մարզվում էին  մեր ակումբի լողավազանում, որը սակայն վտանգավոր գոտում էր և  պայթեցվեց  ռմակոծություններից  մեկի  ժամանակ: Այսօր  մարզումներն անցկացվում են Հալեպի  կառավարական  լողավազանում, որտեղ  մարզվում ենք  տարվա մեջ մեկ անգամ և որի մաքրությունը մեզ  չի  գոհացնում, սակայն  այլ  տեղ չկա:  Ինչ վերաբերում է Սիրիայի  պատերազմական  վիճակին, ապա  գրեթե   վարժվել ենք,  չենք  վախենում,  երբեմն սարսափելի է,  եթե  ռմբակոծությունը սկսվեց` դու ես ու քո  բախտը: Բոլորն էլ  կուզեն  ապահով  պայմաններում ապրել,  բայց  մեր  կյանքը այնտեղ է, – ասում է  Հովհաննես Սուլահյանը:

 

Նրա խոսքով, մարզումներին  հաճախում են 7-20 տարեկան  փոքրիկներ ու երիտասարդներ: Համահայկական  խաղերին մասնակցելու եկան  թիմի երեք  լողորդները, շատերը ամիսներ առաջ Հայաստան են  եկել  իրենց   ընտանիքների հետ:

 

Լողի  թիմի անդամներից Լուսի Սարգսյանը 18 տարեկան է: Նա  արդեն  5 տարի է,  ինչ  հաճախում է  մարզումների: Թեև այս  անգամ  չարժանացավ  մրցանակի, սակայն ուրախ է  ընկերների հաջողությունների համար: «Շատ ուրախ եմ, որ հայրենիք  գալու հնարավորություն ունեցա: Նոր ծանոթություններ,  ընկերներ ձեռք  բերեցի: Համոզված եմ,  որ հաջորդ  մրցաշարում կհաղթեմ անպայման: Հայաստանը շատ սիրեցի»,- ասում է Լուսին:

 

14-ամյա Գառնի Դիշոյանի համար Համահայկական  խաղերի ժամանակ  նվաճած  բրոնզե երկու մեդալները մեծ  ձեռքբերում են: «Վերջին  շրջանում Հալեպում  կյանքը շատ է  դժվարացել, ապրում ենք  մշտական  վտանգի զգացումով: Թեև  պարապմունքերը  չեն  դադարում, սակայն  նախկինի  պես  հաճախակի  չեն: Արդեն 8 տարի է,  ինչ սիրելի մարզիչի մոտ  պարապում եմ ու շարունակելու եմ  պարապել: Հաջորդ  տարի էլ  պիտի գամ: Այստեղ  նախքան  մրցաշարը  պարապում էինք Դավիթ Համբարձումյանի անվան  լողավազանում,  ի~նչ հիանալի պայմաններ են այստեղ, երանի  երև անցի  երեխաներին»:

 

Գառնին Հայաստանում  բարեկամներ շատ ունի, նրա ընտանիքն այս օրերին  Հայաստանում է և  մտադիր են  մինչ սեպտեմբեր մնալ այստեղ: Հայաստանում մշտապես ապրելու որոշումը ծնողներինն է, եթե  կամենան  ապրել Հայաստանում, ապա Գառնին  դեմ  չէ:

 

Իսկ ահա 19-ամյա Միրեյ Հինդոյանը ասում  է, որ ծննդավայրից  հեռանալու մտադրություն  չունի: Նա  սովորում է Հալեպի  պետական  համալսարանում ու հետագա  կյանքը  չի պատկերացնում  Հալեպից  հեռու: Սպորտով  զբաղվել է  երկար տարիներ: Թեև Համահայկական  խաղերում  նվաճեց  բրոնզե մեդալ, սակայն վստահ է, որ հետագա  խաղերին կնվաճի ավելին:

 

Համահայկական  խաղերից  ու  թիմի աղջիկների մասնակցությունից  գոհ է  նաև Ժակ Հադաթը: «Հայաստանի սպորտային  կյանքին  հետևում ենք: Շատ  կուզեինք, որ   հայկական  լողի թիմը   գար Հալեպ, համատեղ  մրցումներ անցկացնեինք, շփվեինք ու մտերմանայինք  միմյանց,  թեև  հասկանում եմ, որ  հիմա  հարմար  չէ,  պատերազմ է: Ի դեպ, այս  խաղերի ժամանակ  Հայաստանի  լավագույն  լողորդներից  մեկը` 8 մրցանակի արժանացած լողորդուհի Բարդի Բաղդասարյանը իմ սանն է եղել»:

 

«Հայ  երիտասարդաց  ընկերակցություն»  լողի  թիմի երկու մարզիչները` Հովհաննես Սուլահյանն ու  Ժակ Հադաթը հույս  հայտնեցն, որ  Հալեպ վերադառնալուց  հետո  կրկնապատիկ  ջանքերով կկոփեն սաներին` Համահայկական հաջորդ  խաղերին գլխավոր մրցանակի արժանանալու համար:

 

Նշենք, որ այս տարվա   Համահայկական  ամառային  6-րդ խաղերին  մասնակցեցին աշխարհի 175 քաղաքներից  6352 սփյուռքահայ մարզիկներ, ովքեր  հանդես  եկան 17 մարզաձևերում: նրանց թվում էին նաև Սիրիայի հայ համայնքի մարզիկները: Սիրիայի 82-հոգանոց պատվիրակության ճանապարհածախսը և հյուրանոցի ծախսերը հոգացել էր ՀՀ  կառավարությունը՝ այդ նպատակով  39.8 մլն դրամ հատկացնելով «Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտե» հասարակական կազմակերպությանը և  Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը:

 

Անուշ Ներսիսյան

 

Դիտեք նաև  «Ազատություն» ռադիոկայանի ռեպորտաժը Համահայկական խաղերին Սիրիայի հայաբնակ Քեսաբ քաղաքի պատվիրակության  մասնակցւթյան  մասին:

 

 

Դիտումների քանակը` 2662

Վերադառնալ վերև