Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Համայնքապետի 31 թեկնածուներից ընդամենը 2-ն են կին

 

 

Մի քանի օրից` հուլիսի 8-ին Հանրապետության 5 մարզերի` Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի և Վայոց Ձորիհամայնքներում տեղի կունենան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ:

 

 

 

Ինչպես Կենտրոնական ընտրական հանձնաժողովի երեկվա  նիստում հայտարարեց հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվելու հանրապետության ինը ընտրատարածքների 17 համայնքում, որոնցից 16-ում` անցկացվելու են հերթական և մեկում` արտահերթ ընտրություններ: 16 համայնքում անցկացվելու են համայնքի ղեկավարի, իսկ մեկ համայնքում (Լոռու Ահնիձոր)` ավագանու անդամի ընտրություններ:

 

16 համայնքներից երկուսում միաժամանակ անցկացվելու են նաև ավագանու անդամի ընտրություններ: 6 համայնքում գրանցվել են համայնքի ղեկավարի մեկակական թեկնածու, այսինքն այլընտրանքի հնարավորություն չկա: Մնացած համայնքներում պայքարը ավելի թեժ է լինելու՝ 2-4 թեկնածու է գրանցվել:

 

Համայնքի ղեկավարի գրանցված 31 թեկնածուներից ընդամենը երկուսն են  կին:  ԿԸՀ պաշտոնական կայքում զետեղված տեղեկատվության համաձայն, համարձակ կանանցից մեկը Արմավիրի մարզի Այգեկի գյուղապետարանի օպերատոր Գոհար Հովհաննիսյանն է: Նա իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ է: Գոհար Հովհաննսիայանի մրցակիցը գործող գյուղապետն է`Վարուժան Աբրահամյանը: Վերջինս էլ ՀՀԿ անդամ է: Կուսակցությունը որոշել է սատարել Վ. Աբրահամյանի թեկնածությունը, իսկ  Գ. Հովհաննիսյանը ինքնառաջադրվել է:

 

 

Հաջորդ կին թեկնածուն Լոռու մարզի Սարամեջ գյուղից է: Անկուսակցական Տեր-Ավագյան Համեստը, ով գյուղապետարանի սանտեխնիկն է, նույնպես ինքնառաջադրվել է: Մրցակիցը ՀՀԿ-ական գործող գյուղապետն է` Հայկ Հովհաննիսյանը: Ըստ ԿԸՀ հրապարակած տեղեկատվության, նա ինքնառաջադրվել է, այսինքն կուսակցությունը չի առաջադրել ու գուցե չի էլ սատարելու նրա թեկնածությունը:

 

Սարամեջում ևս մի կին` միջնակարգ դպրոցի ուսուցչուհի, անկուսակցական, ինքնառաջադրված Նատալյա Հովհաննիսյանը պայքարում է ավագանու անդամ դառնալու համար:

Հ. Կարապետյան

Հ.Գ.  Նշենք, որ Հայաստանում կին քաղաքապետեր չկան , իսկ 866 գյուղական համայնքներից  միայն 24-ն են ղեկավարում կանայք:

Դիտումների քանակը` 2778

Վերադառնալ վերև