Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

«Համավարակը չի նահանջում, զգոնությունը չենք կորցնում». Նարինե Ջհանգիրյան

 

 

Տեղ խոշորացված համայնքը  Սյունիքի մարզի այն եզակի համայնքներից  կարելի է համարել, որի ավագանու կազմում  իգական սեռի ներկայացուցիչները համեմատաբար մեծ թիվ են կազմում`11-ից երեքը  կանայք են: Եթե փորձենք պատկերը ամբողջացնել` Կապան, Գորիս, Մեղրի, Տաթև , Գորայք համայնքների ավագանու կազմերում  կանայք ներգրաված չեն: Երկուական կին ավագանու անդամ ունեն Սիսիանը  և Քաջարանը:

 

 

Նարինե Ջհանգիրյանը Տեղ համայնքի ավագանու 3 կին անդամներից  ամենաավագն է: Մասնագիտությամբ մեթոդիստ 52 ամյա  Նարինե Ջհանգիրյանը 20 տարի է Արավուսի տարրական դպրոցի տնօրենն է: չորս տարի առաջ որոշեց իր կարողությունները փորձել նաև քաղաքականության մեջ:Առաջադրվեց Տեղ բազմաբնակավայր համայնքի ավագանու անդամ` ստացավ 200 ձայն: Ընտրությանը մասնակցելու շարժառիթը `հետաքրքրությունն էր ոլորտի նկատմամբ և ինչու ոչ կանանց դերի բարձրացմանը ձգտելու սկզբունքը: Այսօր  WomenNet.am -ը զրուցում է  նրա հետ  արտակարգ իրավիճակի պայմաններում  համայնքում  ծագած խնդիրների մասին:

 

 

Տիկին Նարինեի խոսքով, նոր կորոնավիրուսային  վարակի տարածումը բացառելու, անվտանգության նկատառումներից ելնելով  Տեղն էլ ինչպես մյուս համայնքապետարանները  դադարեցրեց  քաղաքացիներից ու կազմակերպություններից արձեռն  նամակ-դիմումների ընդունումը: Ասում է, առցանց եղանակով է աշխատում համայնքապետարանը` 7 բնակավայր  է սպասարկում:  COVID-19-ի հետևանքով առաջացած դժվարությունները առանձնացնելիս` Նարինե Ջհանգիրյանն ուսումնական հաստատությունների փակվելու հանգամանքը մատնանշեց: Աշխատանքի չգնալը մանկավարժի սրտով չէ, թեպետ անցել են հեռավար ուսուցման ու փաստացի աշխատում են: «Մենք սովոր ենք դպրոց գնալ և ուսուցման այդ տարբերակին ենք կողմնակից: Միգուցե, հեռավար ուսուցումը դրական արդյունք տա` դա ժամանակը ցույց կտա, բայց դեռ չենք հարմարվել»,-ասում է նա:

 

 

Ընդամենը երեք աշակերտ ունի Արավուսի տարրական դպրոցը, աշխատողների թիվը հասնում է   ութի: Դասերը անցկացնում են ոչ թե զում հարթակում, այլ օգտվում են մեսինջեր հավելվածից` հաշվի առնելով աշակերտների փոքր թիվը: Տիկին Ջհանգիրյանը նշեց` ծնողները սմարթֆոներ ունեն, այլ հարց է, որ ապահովված չէին ինտերնետ կապով` ժամանակի ընթացքում այդ խնդիրը  լուծեցին:

 

 

Սահմանված արտակարգ դրության ռեժիմը , սահմանափակումները,  հոգեբանորեն ազդել են բնակիչների վրա: Նարինե Ջհանգիրյանը խոստովանում է` տեղաշարժման սահմանափակումների պատճառով առողջական խնդիրներ ունեցողները  չեն կարողանում այցելել բժշկական կենտրոններ` ավելի շատ գիտակցված խուսափում են: Ցավով է արձանագրում նաև , որ  ոչ հարազատ-բարեկամի ուրախության, ոչ դժբախտությանն են կարողանում հասնել. ինչ խոսք, այդ ամենը մեր ազգին բնորոշ չէ:

 

 

Գորիսում  վարակի առաջին դեպքը գրանցվելուց հետո, ավագանու անդամի դիտարկմամբ համայնքներում զգոնությունը կարծես  առավել մեծացել է: Թեպետ մարտի 16-ից սկսած` երբ արտակարգ դրություն մտցվեց հետևում էին  անվտանգության կանոներին ու սահմանափակումներին, բայց, ասում է, երբ վտանգը  շատ մոտ է, առավել քան սթափվեցնող է:« Տեղաշարժման թերթիկները պարտադիր լրացվում են, բոլորին զգուշացրել եմ ձեռնոցներով, դիմակով են հարկ եղած դեպքում տնից դուրս գալիս, այդ թերթիկներից տպել ու որոշ գյուղացիների ինքս եմ  բաժանել:Դպրոցի պատուհանին տեսանելի վայրում  փակցված է նաև անհատական պաշտպանիչ քայլերի մասին տեղեկատվություն, հեռուստացույցով բնակիչները մշտապես  հետևում են լրահոսին:

 

 

Թե որքանով են մարդիկ կարգապահ և զգոն  Արավուսի օրինակով է  նշում. «Ուսուցիչների  աշխատավարձերը փոխանցված է, բայց մարդկանց մեծ մասը  վախենում է   գնալ Գորիս  և ստանալ: Գնումների հետ կապված Արավուսում խանութ չկա, Տեղ գյուղ են հասնում: Արավուսից  Տեղ ընդամենը 2-3 կմ է, ոտքով էլ են գնում: Միայնակ տարեցներին և սոցիալապես անապահովներին թե համայնքի, թե տարբեր կազմակերպությունների և անհատ բարերաների կողմից սննդի  փաթեթներ են տրամադրվել: Համայնքի սոցիալական աշխատող Անժելա Գրիգորյանը շատ ուշադիր  է և անգնահատելի  գործ է անում : Ինչ վերաբերում է ախտահանմանը, Տեղ խոշորացված համայնքի յոթ  բնակավայրերի հասարակական նշանակության վայրերը, գյուղամիջյան ճանապարհները լուծույթով ախտահանվել են»,-պատմում է Նարինե Ջհանգիրյանը:

 

 

Ասում է, թեպետ 7 գյուղերի ավագանի է, իր գյուղի հոգսերը առավել շատ են իրեն   մտահոգում: Գյուղի համար ցավոտ խնդրի մասին է բարձրաձայնում.«Ի տարբերություն շատ գյուղերի , որտեղ դատարկ տներ կան, Արավուսում հակառակ պատկերն է, բոլորն էլ զբաղեցված են:Այս ոգևորիչ փաստի կողքին, այլ խնդիր է  առաջ գալիս: Երիտասարդները ամուսնանում են, ուզում են առանձին ապրել տուն չկա: Որպեսզի իմ գյուղը չքայքայվի և չհամարվի ծերացող իմ սրտի ցանկություն է` մի շենք կառուցվի ու տրվի երիտասարդ ընտանիքներին, որ նորապսակ զույգերը գյուղը չլքեն, իհարկե դա համայնքի ուժերից վեր է, կառավարության մակարդակով լուծելու խնդիր է: Մանկապարտեզ ունենալու անհրաժեշտություն էլ կա: Մանկապարտեզահասակ երեխաներ կան , որ կարելի է  դպրոցում մեկ խումբ բացել»,- ասում է զրուցակիցս:

 

 

Նելլի Միրզախանյան

 

Դիտումների քանակը` 846

Վերադառնալ վերև