Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Հայաստանը ներառվել է թրաֆիքինգի դեմ ակտիվորեն պայքարող երկրների առաջին խմբում. զեկույց

Հայաստանը երրորդ տարին անընդմեջ ներառվում է թրաֆիքինգի դեմ ակտիվորեն պայքարող երկրների առաջին՝ Tier 1,  խմբում ։ Ինչպես հաղորդում է ՀՀ–ում ԱՄՆ–ի դեսպանատան մամուլի ծառյաությունը, այս մասին նշվում է ԱՄՆ–ի պետական դեպարտամենտի ամենամյա զեկույցում, որը վերաբերում է մարդկանց թրաֆիքինգին։ 

 

Ըստ զեկույցի, որը երկուշաբթի օրը ներկայացրեց ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին,  Հայաստանը նախկին Խորհրդային Միության երկրներից միակն է, որ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի ու Գերմանիայի հետ միասին տեղ է գտել մարդկանց թրաֆիքինգի զոհերի պաշտպանության առաջին խմբի երկրների շարքում:

 

Մարդկանց թրաֆիքինգի մասին 2015թ.–ի զեկույցում դիտարկված են 188 երկրների ջանքերը նվազագույն չափանիշներին համապատասխանելու հարցում, որոնք անհրաժեշտ են տղամարդկանց, կանանց և երեխաների թրաֆիքինգի վերացման համար։  Զեկույցը բաշխում է յուրաքանչյուր երկրի ջանքերը  Tier համակարգով` Tier 1–ը` չափանիշներին ամենահամապատասխան երկիր, Tier 3` ամենացածր ցուցանիշ։ Tier 2` ամենաանկայուն կատեգորիա, քանի որ ներառում է ԱՄՆ Պետդեպարտամենտի ցանկի երկրները, որոնք ձեռնարկում են ոչ բավարար միջոցներ թրաֆիքինգի դեմ պայքարի գործում։

 

Ըստ զեկույցի` Հայաստանը պահպանել է իր դիրքերը Tier 1 խմբում մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի նվազագույն չափանիշների լիարժեք բավարարման ուղղությամբ կոնկրետ քայլեր ու գործողություններ ձեռնարկելու շնորհիվ:

 

Այդ գործողությունների ցանկում նշվում է 2014 թ.–ին ՀՀ Ազգային ժողովի կողմից օրենքի ընդունումը, որով միօրինականացվեցին թրաֆիքինգի կասկածյալ ու բացահայտված զոհերի նույնականացման, աջակցության, պաշտպանության և վերաինտեգրման ընթացակարգերը հանրապետական ու տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների, միջազգային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության համար:

 

Բացի այդ, ՀՀ իրավապահները բացահայտել են Հայաստան թրաֆիքինգի ենթարկված օտարերկրացի զոհերի, ուղղորդել նրանց խնամք ապահովող կենտրոններ: Կառավարությունը նաև պահպանել է ամուր գործակցային ու աշխատանքային կապերը թրաֆիքինգի դեմ պայքարող  ՀԿ-ների, տեղական լրատվամիջոցների, դոնոր կազմակերպությունների և տարածաշրջանային գործընկերների հետ:

 

Դրա հետ մեկտեղ, ըստ զեկույցի,  «առաջին խմբի» կարգավիճակը նշանակում է, որ երկիրն անհրաժեշտ քայլեր է ձեռնարկել թրաֆիկինգի դեմ պայքարի ակտի նվազագույն չափանիշներին համապատասխան, բայց դա չի նշանակում, որ մարդկանց թրաֆիքինգը վերացել է: Իրականում մարդկանց թրաֆիքինգը շարունակում է խնդիր մնալ առաջին խմբի սանդղակի բոլոր երկրներում, այդ թվում նաև ԱՄՆ-ում: Ոչ մի երկիր ապահովագրված չէ թրաֆիկինգից և մենք բոլորս էլ սովորում ենք՝ որդեգրելով նոր մեթոդներ և բարելավելով մեր գործողությունները:

 

Մասնավորապես,  Հայաստանը սկզբնաղբյուր և, ավելի փոքր ծավալով, վերջնակետ երկիր է աշխատանքային և սեռական թրաֆիքինգի ենթարկվող տղամարդկանց, կանանց և երեխաների համար:  Ահագնացող խնդիր է հայաստանաբնակ կանանց և երեխաների սեռական ու  աշխատանքային թրաֆիքինգը երկրի ներսում: Հայ կանայք և աղջիկները սեռական թրաֆիքինգի են ենթարկվում նաև Միացյալ Արաբական Էմիրություններում (ՄԱԷ) և Թուրքիայում: 2014թ. առաջին անգամ գրանցվեց Հայաստանում Չինաստանից բերված կանանց սեռական թրաֆիքինգի ենթարկելու դեպք: Հայ տղամարդիկ հարկադիր աշխատանքի են ենթարկվում Ռուսաստանում և, ավելի փոքր ծավալով, Թուրքիայում:

 

Հայ կանայք և երեխաները երկրի ներսում խոցելի են համարվում մուրացկանության մեջ ներգրավվելու տեսանկյունից: Որոշ երեխաներ երկրի ներսում աշխատում են գյուղատնտեսության, շինարարության և ծառայությունների մատուցման ոլորտներում, որտեղ նրանք նաև խոցելի են աշխատանքային թրաֆիքինգի մասով: Մարդկանց թրաֆիքինգի առումով խիստ խոցելի են մնում գյուղական բնակավայրերի կրթական ցածր մակարդակ ունեցող տղամարդիկ և խնամատար հաստատությունների երեխաները: Հայաստանի կառավարությունն ամբողջությամբ բավարարում է թրաֆիքինգի վերացման նվազագույն չափանիշներին: 2014թ. խորհրդարանն ընդունեց օրենք, որով  միօրինականացվեցին թրաֆիքինգի կասկածյալ ու բացահայտված զոհերի նույնականացման, աջակցության, պաշտպանության և վերաինտեգրման ընթացակարգերըհանրապետական ու տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների, միջազգային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության համար: Սակայն դեռևս չկար տուժողների կամ վկաների պաշտպանության պաշտոնական մեխանիզմ, ինչպես նաև բացահայտվել էին ավելի քիչ թվով զոհեր:

 

«ՀՀ–ում ԱՄՆ–ի դեսպանությունը արժևորում է թրաֆիքինգի դեմ պայքարում ՀՀ կառավարության հետ իր գործընկերությունը և ձգտում է շարունակել այն, մասնավորապես աշխատելով վկաների և տուժողների պաշտոնական պաշտպանության ու զոհերի նույնացման հարցերի շուրջ», – նշվում է  դեսպանատան  հաղորդագրության մեջ։

 

Մարդկանց թրաֆիքինգի մասին զեկույցի Հայաստանին վերաբերող ամբողջական տեքստը կարող եք գտնել  այստեղ  

 

«Սա պայքար է փողի դեմ, պայքար չարիքի դեմ։ Անընդունելի է, որ 2015 թվականին մենք դեռևս հանդիպում ենք մեր օրերի ստրկության դեպքերին», – ներկայացնելով զեկույցը՝ հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին, կոչ անելով այդ չարիքի դեմ մղվող պատերազմին մեկտեղել ամբողջ աշխարհի պետական կառույցների,  հասարակական կազմակերպությունների ու լրատվամիջոցների ջանքերը։

 

«Դա մի պատերազմ է, որում մենք պարտավոր ենք հաղթել: Դա մեր օրերի մարդու իրավունքների դեմ հսկայական մարտահրավեր է», – ասաց Քերրին ու ընդգծեց. – «Թեև փողով կարելի է շատ բան գնել, սակայն այլևս երբեք հնարավոր չպետք է լինի դրանով գնել մարդու»:

 

 

Ի դեպ,  ՄԱԿ-ի տվյալներով՝

 

Ողջ աշխարհում թրաֆիքինգի  զահերի 49 տոկոսը  կանայք են, 18 տոկոսը՝ տղամարդիկ,  12 տոկոսը՝ տղաներ եւ 21 տոկոսը՝ աղջիկներ:

 

Յուրաքանչյուր 3 բացահայտված  զոհերից մեկը երեխա է:  Աֆրիկայում եւ Միջին  Արեւելքում երեխաները կազմում են բացահայտված զոհերի 62 տոկոսը:

 

Աղբյուրը՝ Global Report on Trafficking in Persons 2014

 

 

Դիտումների քանակը` 3094

Վերադառնալ վերև