Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

“Հայաստանը ցույց է տալիս Եվրոպային ինչպես ընդունել փախստականներին”

Հայաստանը փոքր և, ի տարբերություն Եվրոպայի, համեմատաբար աղքատ երկիր է, սակայն ողջունել է փախստականների մուտքը երկիր՝ օգնություն տրամադրելով բոլոր նրանց, ովքեր ունեն դրա կարիքը: Այս մասին Euractiv  պարբերականում հրապարակած հոդվածում գրել է «Հայաստանի եվրոպական բարեկամներ» կազմակերպության նախագահ Էդուարդո Լորենցո Օչոան:

«Հայաստանը ցույց է տալիս Եվրոպային, թե ինչպես է պետք ընդունել փախստականներին» խորագիրը կրող հոդվածում Օչոան նշել է, որ սիրիական հակամարտության ամենասկզբից Հայաստան են ժամանել 17 հազար սիրիացիներ: Չնայած նրանց զգալի մասը սիրիահայեր էին, այդուհանդերձ, եկածների շարքում կային նաև ասորիներ ու եզդիներ, որոնց համար ևս Հայաստանը տուն դարձավ:

 

«Եվրոպայում Հայաստանը երրորդ երկիրն է ընդունած սիրիացի փախստականների թվով»,- նշում է հեղինակը:

 

Նրա պնդմամբ՝ Հայաստանից մեծ ջանքեր պահանջվեցին դա անելու համար, քանի որ ի տարբերություն Լիբանանի, Թուրքիայի կամ Հորդանանի՝ Հայաստանը Եվրամիությունից որևէ զգալի ֆինանսական աջակցություն չստացավ փախստականներին ընդունելու համար: Չնայած դրան, ՀՀ սփյուռքի նախարարությունը հրապարակայնորեն հայտարարեց, որ «եթե փախստականները որոշել են գալ Հայաստան, ապա մենք միջազգային կառույցների և հայկական կազմակերպությունների հետ միասին պետք է անենք առավելագույնը նրանց ընդունելու համար»:

 

«Նրանցից շատերը հասնելով Հայաստան կարող էին դիմել քաղաքացիություն ստանալու, կեցության համար կամ էլ պահանջել արագացված կերպով ապաստանի տրամադրում: Փախստականների լեզվական արգելքները հաղթահարելու համար կազմակերպվեցին անվճար լեզվի դասեր, նրանցից շատերը ապաստան գտան հայկական ընտանիքներում: Շուրջ 6000 նորեկներ 2014 թվականին ստացան անվճար իրավաբանական խորհրդատվություն: Նրանք իրենց հետ բերեցին նաև իրենց երկրի մշակույթը և մոտ 245 նոր ձեռնարկություններ հիմնվեցին Սիրիայից ժամանած միգրանտների կողմից:

 

Սիրիայում և Իրաքում ԻՊ­ի կազմակերպած կոտորածները հայերին հիշեցրին իրենց սեփական պատմությունը: Շատ սիրիացիներ, ովքեր եկան Հայաստան, Հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգներն էին, և շատ հայեր նրանց անվտանգ ապաստանով ապահովելու բարոյական պատասխանատվություն զգացին: Սա նաև բացատրում է այն հանգամանքը, թե ինչու եզդիներին, ովքեր իրենց հայրենի հողում ոչնչացման են ենթարկվում, այստեղ գրկաբաց են ընդունում:

 

Թեպետ տեսականորեն ԵՄ պետությունները համաձայնության են գալիս եվրոպական արժեքների և սկզբունքների հարցում, միևնույնն է նրանք գործնականում տարբեր կերպ են ընկալում դրանց կիրառությունը: Եվ դա առավել ակնհայտ ընդգծվեց փախստականների վերջին հոսքի ժամանակ:
Այս տարիներին փախստականների նկատմամբ դրսևորած դիրքորոշմամբ Հայաստանը ցույց տվեց, որ եվրոպական արժեքներն անկեղծորեն կիսող պետություն է: Դրա ապացույցներից է նաև այն, թե ինչպես հայերը Փարիզի ահաբեկչությունից անմիջապես հետո հավաքվեցին սգալու զոհերի հիշատակն ու դատապարտելով կատարվածը: Նրանց թվում էր նաև նախագահ Սերժ Սարգսյանը, ով մասնակցեց Ֆրանսիայի դեսպանատան առաջ իրականացվող մոմավառությանը:

 

Շառլ Ազնավուրը, ում ծնողները Հայոց ցեղասպանությունից հետո գաղթել էին Եվրոպա, ասել է, որ «միշտ կկանգնի նրանց կողքին, ովքեր թակում են դռները, այլ ոչ թե նրանց, ովքեր փակում են դրանք»: Ես հավատում եմ, որ այս խոսքերն արտացոլում են այն զգացողությունները, որոնք ունենում են շատ հայեր և եվրոպացիներ՝ բախվելով այն մարդկանց, ովքեր փախչում են պատերազմից՝ փորձելով փրկել սեփական կյանքը: Սրանք հենց այն եվրոպական արժեքներն են, որոնք միավորում են մեզ՝ սկսած Իռլանդիայի ժայռերից մինչ Հայկական լեռները»,- գրում է Օչոան:

 

Աղբյուրը` Panorama.am

 

 

Դիտումների քանակը` 1496

Վերադառնալ վերև