Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Հայաստանի բնակչության սնուցման վիճակը. հետազոտություն

«Հասարակական հետազոտությունների առաջատար խումբ» (APR Group) կազմակերպությունը Օքսֆամ  հայաստանյան մասնաճյուղի հետ համագործակցությամբ հետազոտություն է անցկացրել Հայաստանի բնակչության սնուցման վիճակի վերաբերյալ: Հարցումը կատարվել է 1600 տնային տնտեսությունների շրջանում Հայաստանի բոլոր 10 մարզերում և մայրաքաղաք Երևանում: 

 

Ուսումնասիրությունն իրականացվել է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Պարենային անվտանգություն» ծրագրի շրջանակներում և այժմ գտնվում է նախնական  արդյունքների ամփոփման փուլում:

 

Սննդի և եկամուտների մասին

Ըստ հետազոտության նախնական արդյունքների` հարցվածների 46,4%-ը նշել է, որ անցած 12 ամիսների ընթացքում եղել են ամիսներ, երբ սնունդը չի բավարարել իրենց ընտանիքին: Առավել հաճախ, ըստ հարցվածների, դա եղել է փետրվար (58,3%), մարտ (68,5%) և ապրիլ (57,6%) ամիսներին:

Նշենք, որ հարցվածների գերակշիռ մասը` 70%-ը, նշել է, որ իրենց տնտեսությունների միջին ամսական եկամուտը եղել է 200 հազար դրամից ցածր, մասնավորապես, 29,6%-ի մոտ այն շուրջ 100-200 հազար դրամ է կազմել, 27%-ի մոտ` շուրջ 54-100 հազար դրամ և 13,8%-ի մոտ` մինչև 54 հազար դրամ:

Հարցվածների 49%-ը նշել է, որ անցյալ տարվա համեմատ սննդի վրա ծախսվող գումարն աճել է, իսկ 26,1%-ի դեպքում մնացել է անփոփոխ, և դա այն դեպքում, երբ նույն ժամանակահատվածում 39,1%-ի մոտ եկամուտները նվազել են, 45,5%-ի մոտ չեն փոխվել:

«Լինո՞ւմ է այնպես, որ սնունդ գնեք պարտքով» հարցին 17,8%-ը նշել է` գրեթե միշտ, 16,9%-ը` շատ հաճախ, 18,8%-ը` երբեմն, 9,2%-ը` հազվադեպ և միայն 36,6%-ը` երբեք:

Բնութագրելով իրենց տնտեսության իրավիճակը` 27,4%-ը նշել է, որ դրամը չի բավականացնում անգամ սննդի համար, 40,7%-ը` դրամը բավականացնում է միայն սննդի համար, բայց ոչ հագուստի, և միայն 23,6%-ի դեպքում դրամը բավական է սննդի և հագուստի համար, բայց ոչ տևական օգտագործման ապրանքներ գնելու համար: Ոչ միայն կենցաղային սարքեր, այլև կահույք կարող են իրենց թույլ տալ գնել հարցվածների միայն 1,4%-ը, իսկ թանկարժեք ավտոմեքենա, բնակարան և այլն` 0,3%-ը:

 

Սանիտարահիգիենիկ  պայմանների  և թունավորումների մասին

Հարցվածների 86,4%-ը նշել է, որ լվանում է իր ձեռքերը օրական 8 և ավելի անգամ, գրեթե միշտ օճառ է օգտագործում 72,2%-ը: Դրա հետ մեկտեղ մշտական ջրամատակարարում ունի հարցվածների միայն 69,6%-ը: Տան բոլոր կարիքները հոգալու համար ջուրը երբեք չի բավարարում հարցվածների 15,3%-ին:

Հարցվածների 2,3%-ը խմում է ցիստեռնով բերվող ջուր, 2,8%-ը` աղբյուրի ջուր, 1,6%-ը` ջրհորի, 2,56%-ը` շշալցված, 1,9%-ը` ծորակի ֆիլտրած և 87,6%-ը` ծորակի սովորական:

«Ձեզ մոտ երբևէ եղե՞լ են սննդային թունավորումներ» հարցին 89,2%-ը պատասխանել է` երբեք, 6,6%-ը` մի քանի տարին մեկ, 3,4%-ը` տարին մեկ-երկու անգամ:

«Ի՞նչ հետևություններ եք արել սննդային թունավորումից հետո» հարցին հարցվածների 4,76%-ը նշել է, որ դադարել է որոշակի սննդատեսակներ ուտելուց, 3,6%-ը ոչ մի փոփոխություն չի արել սննդակարգում, 0,3%-ը սկսել է ավելի ուշադիր կարդալ սննդի պիտակները, 0,3%-ը դադարել է սնվել որոշակի վայրերում (օրինակ` ռեստորանում, սրճարանում), 0,1%-ը փոփոխել է սննդի պատրաստման եղանակը, 0,1%-ը դադարել է ծորակի ջուր խմելուց:

 

 

 

Դիտումների քանակը` 1677

Վերադառնալ վերև