Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Հայաստանի կառավարությունը պատրաստ է ընդունել սիրիահայերին, բայց …

Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության վերջին մի քանի նիստերի ժամանակ հայտարարել է, թե մեր երկիրը պատրաստ է ընդունել հալեպահայերին և հատկապես, երեխաներին: Սակայն այս հայտարարությունները նրանց կողմից մնում են առանց որևէ գործնական արձագանքի: Սիրիայում ներկայումս ապրում են շուրջ 25 հազար հայեր, որոնց 30 տոկոսը երեխաներ են…   

 

Ինչու սիրիահայերը չեն շտապում տեղափոխվել Հայաստան, թեպետ լարվախությունը  Սիրիայում միայն աճում է … Ինչու մեր  կառավարությունը  գործնական քայլերի չի դիմում այդ ուղղությամբ` սահմանափակվելով միայն հայտարարություններով: Լրագրողների այս հարցերին   ՀՀ Սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար, սիրիահայերի հարցերով հանձնաժողովի նախագահ Ֆիրդուս Զաքարյանն արդեն մի քանի անգամ   նույն պատասխանն է  տալիս.

 

«Սիրիայից արտագաղթելու որոշում այնտեղ ապրող հայերը իրենց ներկայացուցչության միջոցով չեն արտահայտել: Այսինքն, մենք որևէ գործողություն չենք կարող անել: Մենք ելնում ենք իրենց կայացրած որոշումից, որը արտահայտվում է այնտեղի հայկական համայնքի գործադիր և ներկայացուցչական մարմինների միջոցով: Իրենք ինչ որոշում կկայացնեն, մենք էլ կարձագանքենք դրան»,-  ասում է նա:

Արաբագետ Սարգիս Գրիգորյանը Panorama.am –ի հետ զրույցում  կարծիք հայտնեց, որ  հայերը չեն լքում Հալեպը, քանի որ այնտեղ համայնքի պահպանմանն ուղղված խնդիր են լուծում:

 

«Հիմա Հալեպից տեղաշարժը որոշակի վտանգներ է պարունակում իր մեջ: Կան մարդիկ իհարկե, որ կցանկանան դուրս գալ, բայց հնարավորություն չունեն, կան մարդիկ, ովքեր ուղղակի լսում են համայնքի աշխարհիկ և հոգևոր ղեկավարներին: Այնտեղ հայերի հիմնական մասը Անթիլիասին են պատկանում, իսկ Արամ Ա-ի խոսքը բավական ազդեցիկ է նրանց շրջանում: Կան մարդիկ ովքեր լսում են հոգևոր ղեկավարությանը: Ընդհանուր առմամբ, վիճակը շատ վատ է, իսկ իսլամականների ակտիվությունն էլ հավելյալ վատթարացնում է իրավիճակը», -մեզ հետ զրույցում ասաց արաբագետը` նկատելով, որ Հալեպն այժմ շրջափակման մեջ է` զրկված էլեկտրականությունից:

 

Նրա խոսքով, Հայաստանի կառավարության ձեռնարկած քայլերը համարժեք են իրավիճակին: «Ես կարծում եմ, որ այն ինչ անում է մեր կառավարությունը, մեր հնարավորությունների սահմաններում է: Էլ ի՞նչ անենք», -նկատեց արաբագետը:

 

Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում  նկատեց, որ  արդեն ժամանակավրեպ է խոսել գաղութի հետագա պահպանման մասին, երբ տեղում վիճակը գնալով վատանում է։

 

«Արդեն, ցավոք սրտի, շատ բան է կորսված, սրանք վերջին հուսահատական ճիչերն են։ Իհարկե, շատ լավ կլիներ, որ այնտեղ հանգստություն, խաղաղություն լիներ, համայնքը վերագտներ իրեն, բայց ցավով եմ ասում՝ այսօր ավելի բացասական է իմ կարծիքը համայնքի լիաթոք գործունեության առումով։ Կարծում եմ՝ երբ խնդիրը կյանքի և մնացած հարցերի միջև է, իհարկե, կյանքը պետք է փրկել, կյանքից ավելի թանկ բան չկա»,- ասաց նախարարը, նշելով, որ Հայաստանի կառավարությունը պետք է ելքեր գտնի՝օգտակար լինելու նրանց, ովքեր ցանկություն ունեն դուրս գալ պատերազմական գոտուց։

 

«Գումար ուղարկելն ամենահեշտն է։ Այստեղ խնդիրը հետևյալն է՝ արդյոք օդանավի անվտանգության հարցերը որևէ մեկը կվերցնի՞ իր վրա, կապահովի՞ օդանավի թռիչքը։ Դա արդեն ես չեմ կարող ասել, Արտաքին գործերի, Արտակարգ իրավիճակների նախարարությունները պետք է սրա պատասխանը տան։ Պետք է տրվի իրավիճակի գնահատականը։ Սա բոլորիս, կառավարության, պատկան կառույցների խնդիրն է, սա մեկ կառույցի խնդիրը չէ»,- ասաց Հրանուշ Հակոբյանը։

 

Սիրիայում գործող ոչ կառավարական կազմակերպությունները հաղորդում են, որ վերջին օրերին իրավիճակն էլ ավելի է սրվել, բազմաթիվ սիրիահայեր դիմել են «Հալեպ» բարեգործական կազմակերպությանը՝ խնդրելով ավիատոմս գնել Հայաստան հասնելու համար։

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

Հալեպի հայերը Հայաստանի իշխանություններից աջակցություն են խնդրում
Օգնության ձեռք Հալեպում մնացած հայերին

 

Սիրիայում մարդասիրական աղետ է

 

Դիտումների քանակը` 2392

Վերադառնալ վերև