Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Հայաստանում աղքատ է ամեն երրորդ երեխան, իսկ բազմաչափ աղքատությունից խոցելի է յուրաքանչյուր երկրորդը. զեկույց

child-poverty-2«Եթե Հայաստանում նյութապես աղքատ է ամեն երրորդ երեխան, ապա բազմաչափ աղքատության դրսևորումների տեսանկյունից խոցելի է յուրաքանչյուր երկրորդը», – փաստում է  այսօր   ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ)-ի հայաստանյան գրասենյակի և ՀՀ ազգային վիճակագրական ծառայության կողմից  հրապարակված զեկույցը ՝ Հայաստանում Մանկական բազմաչափ աղքատության վերաբերյալ ; Այն  մանկական աղքատության վերաբերյալ ամբողջական պատկեր է տալիս ազգային համատեքստում՝ ներառելով թե՛ բազմաչափ, թե՛ դրամական աղքատությունը, ինչպես նաև՝ տվյալներ տրամադրում չափումների համընկման աստիճանի վերաբերյալ:

 

 

«Մանկական աղքատությունն ավելին է, քան պարզապես դրամական կարիքը. այն բազմաչափ է: Երեխաների համար աղքատ լինել կարող է նշանակել զրկված լինել կյանքի համար վճռորոշ պայմաններից, ինչպիսիք են սնուցումը, կրթությունը, ժամանցն ու կացարանային պայմանները: Այս զրկանքներն ավելին են, քան պարզապես դրամական կարիքները, որոնք ազդում են երեխայի ոչ միայն ներկա կյանքի, այլև՝ հետագայում իրենց ամբողջական ներուժը զարգացնելու կարողության վրա», – նշել է  Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը:

 

 

Վերլուծությունը չափում է կարիքավորությունը մի շարք չափումներով, որոնք ընտրվել են շահագրգիռ կողմերի հետ խորհրդատվական լայնածավալ գործընթացի արդյունքում՝ խարսխվելով նաև Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի վրա: Դրանք են՝ սնուցումը, վաղ մանկական կրթությունն ու խնամքը,  կրթությունը, ժամանցը, սոցիալական փոխհարաբերությունները, հագուստի առկայությունը, տեղեկատվությունը, կոմունալ և տնային պայմանները: Զեկույցի մեթոդաբանության հիմնական առանձնահատկություններից մեկը կենսափուլային մոտեցումն է. տարբեր տարիքի երեխաներ ունեն տարբեր կարիքներ: Ուստի վերլուծության հիմքում ընկած են երեք հիմնական՝ 0-5, 6-14 և 15-17 տարիքայինխմբեր:

 

 

Ըստ զեկույցի երեխաների մեծ մասը խոցելի է կոմունալ ծառայությունների (վատ ջրամատակարարման և ջեռուցման համակցություն),, բնակարանայի պայմանների (բնակելի տարածքի գերբնակեցում և բնակարանային խնդիրների առկայություն)  և ժամանցային հնարավորությունների տեսանկյունից (ժամանցի պարագաների և խաղալու տարածքի համակցություն):

 

Ինչ են փաստում զեկույցի տվյալները.

 

  • Հայաստանում երեխաների 64 տոկոսը խոցելի է աղքատության երկու  և ավելի չափելի դրսևորման ուղղությամբ:

 

  • Գյուղական բնակավայրերում երեխաների  խոցելիությունը հասնում է 82 տոկոսի, մինչդեռ քաղաքային բնակավայրերում այն կազմում է 53 տոկոս: Ազգային մակարդակում  երեխաների միայն 12 տոկոսն է, որ չի կրում աղքատության տարբեր դրսևորումների ազդեցությունը: Սա վերաբերում է գյուղական բնակավայրերում ապրող երեխաների 3 տոկոսին, քաղաքային բնակավայրերում ապրող երեխաների 18 տոկոսին: Նման երեխաները միաժամանակ խոցելի են աղքատության միջինում 3 չափման ուղղությամբ:

 

  • Կոմունալ ծառայությունների առումով (վատ ջրամատակարարման և ջեռուցման համակցություն) շատ սուր է տարբերությունը  գյուղական և քաղաքային բնակավայրերի միջև. գյուղական բնակավայրերում երեխաների 87 տոկոսը զրկված է որոշ ծառայություններից, քանի որ անբավարար է թե ջրամատակարարման, թե ջեռուցման հասանելիությունը:

 

  • Գյուղական բնակավայրերում ապրող երեխաների 57 տոկոսի համար տեղեկատվությունը հասանելի չէ, մինչդեռ քաղաքային բնակավայրերում ապրող երեխաների միայն մեկ երրորդն է գտնվում նույն իրավիճակում:

 

  • Երեք երեխայից գրեթե մեկը թե աղքատ է, թե խոցելի. երեխաների 28 տոկոսը խոցելի է (աղքատության 2 կամ ավելի չափելի դրսևորմամբ) և ապրում է դրամական տեսանկյունից աղքատ տնային տնտեսությունում: Այս երեխաներն ամենախոցելին են, և, հետևաբար, առաջնահերթ ուշադրության պետք է արժանանան սոցիալական քաղաքականության տեսանկյունից: Երեխա ունեցող ընտանիքների սոցիալական պաշտպանությունը պետք է ընդլայնվի՝ ավելի շատ երեխաներ ընդգրկելու համար՝ զուգակցելով նպատակային ոլորտային միջամտությունների հետ:

 

  • Միաժամանակ,  երեխաների 36 տոկոսը խոցելի է, սակայն չի ապրում աղքատ տնային տնտեսություններում: Այս երեխաների խոցելիությունը հաղթահարելու համար անհրաժեշտ է ուղղակի միջամտություն, որպեսզի նրանք դուրս չմնան ուշադրությունից՝ միայն դրամական աղքատության խնդիրները լուծող քաղաքականությունների կիրառման արդյունքում:

 

  • Ավելի ցածր տարիքի երեխաների շրջանում հիմնականում նկատվում է սնունդի գծով խոցելիություն. 0-5 տարեկան երեխաների գրեթե մեկ երրորդը խոցելի են սննդի առումով, իսկ 3-5 տարեկան երեխաների 23 տոկոսը խոցելի է վաղ մանկության տարիքի կրթության առումով: Տարիքային այս խմբի համար խոցելիության ամենաբարձր ցուցանիշը տեղ են գտել տեղեկատվության (49 տոկոս), կոմունալ ծառայությունների (48 տոկոս) և բնակարանային պայմանների (51 տոկոս) չափումներում:

 

  • Ավելի բարձր տարիքի երեխաները հիմնականում խոցելի են ժամանցի և սոցիալական փոխհարաբերությունների առումով. 6-14 և 15-17 տարեկան երեխաներն առավել խոցելի են ժամանցի տեսանկյունից, քանի որ չունեն դրսում խաղալու տարածք, գրքեր կամ խաղալիքներ:  6-14 տարեկան երեխաների գրեթե կեսը խոցելի է սոցիալական փոխհարաբերությունների տեսանկյունից: Երեխայի զարգացման վրա նման խոցելիությունը կարող է ազդել ավելի շատ, քան նյութական զրկանքները եւպահանջում է համապատասխան քաղաքականության մշակում և իրականացում,  որը  կերաշխավորի  երեխաների հավասար հնարավորությունները լինելու առողջ, լավ սնված, համայնքում ընդգրկված, ինչպես նաև կապահովի  ինքնահարգանքի սոցիալական հիմքերը:

 

  • 6-14 տարեկան երեխաների 37 տոկոսը խոցելի է կրթության տեսանկյունից, մինչդեռ ավելի բարձր տարիքի երեխաների 12 տոկոսը ներառված չեն կրթական կամ ուսուցման համակարգերում:

 

 

Նշենք, որ բազմաչափ աղքատությունը և վերջինիս մոնիթորինգը Կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ) մասն են կազմում: 2015թ. հաջորդող Զարգացման օրակարգի շրջանակներում ՝ սահմանված Կայուն զարգացման նպատակներից է թիվ 1.2 Նպատակը, որը հստակորեն սահմանում է.

 

«Մինչև 2030թ.-ը առնվազն կիսով չափ կրճատել ըստ ազգային սահմանումների բազմաչափ աղքատության մեջ ապրող բոլոր տարիքների տղամարդկանց, կանանց և երեխաների համամասնությունը»:

 

Ըստ զեկույցի տվյալների,  երեխաներն ավելի քան որևէ տարիքային խումբ, ենթակա են աղքատության ռիսկին եւ  մանկական աղքատությունը վերացնելը լուրջ մարտահրավեր է նաեւ  Հայաստանի համար:

 

 

 

Զեկույցի հայերեն տարբերակն  ամբողջությամբ այստեղ

 

Անգլերեն  տարբերակն  այստեղ

 

 

Դիտումների քանակը` 469

Վերադառնալ վերև