Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Հայաստանում էլ են ընտանեկան բռնության հետևանքով կանայք մահանում …

…Փոքրիկ շիրմաքարի վրա 25-ամյա գեղեցկատես կնոջ նկարի տակ գրված էր. «Սպանվեց բարբարոս ամուսնու կողմից: Ծնողներից և զավակներից»:

 

…Ինչպես հետո ամուսինն էր պատմում, խանդից ինքը կուրացել էր, երեխաներին տարել ծնողների տուն և վերադարձել արյունոտ աչքերով, ձեռքերը նույնպես արյունոտելու մտադրությամբ: Ծեծը սկսվել էր կաշվե գոտու հարվածներով, հետո հերթը հասել էր ոտքերով հարվածներին, ներքին արյունահոսություն էր սկսվել, վերջում էլ աթոռն էր կոտրել գլխին` վնասելով գանգոսկրը: Հետո դատի ժամանակ ամուսինը դատարանից խնդրում էր հաշվի առնել, որ առանց խնամքի են մնում երկու անչափահաս երեխա, և մեղմ պատիժ տան իրեն»,-այս դաժան պատմությունը «Կանանց իրավունքների կենտրոն»-ին պատմել է սպանված կնոջ մայրը: Նա Լոռու մարզից է: Այլ տվյալներ կենտրոնից չեն հստակեցնում: Այս դեպքը  կենտրոնի աշխատակիցներն ընդգրկել են 74 էջանոց` մեկը մեկից սարսափելի «Իրական պատմություններ» գրքում:

 

Ծանոթանալով գրքում ներառված պատմություններին, հասկանում ես, որ ընտանեկան բռնության զոհ դառնում են և երիտասարդ, և ծեր, և  միջնակարգ, և բարձրագույն կրթությամբ, և քաղաքաբնակ, և գյուղաբնակ կանայք: Եվ  նրանցից յուրաքանչյուրը օրենքով  պաշտպանված լինելու իրավունք ունի: Բացի այդ ընտանեկան բռնության կարող է ենթարկվել ընտանիքի ցանկացած անդամը, եւ «Ընտանեկան բռնության մասին» օրենքը անհրաաժեշտություն է նաեւ նրանց համար…

 

 

Կանանց իրավունքների կենտրոնի ամեն մի թիվ` մարդկային խեղված ճակատագիր է 

 

Կանանց իրավունքների կենտրոնի կողմից   այսօր հրավիրված համաժողովի նպատակն էր  ամփոփելու կազմակերպության 10-ամյա գործունեությունը բռնության կանխարգելման ոլորտում՝ ներկայացնելով Հայաստանում  ընտանեկան բռնության առկա իրավիճակը:

 

Վերջին երկու տարիների ընթացքում Կանանց իրավունքների կենտրոնը ստացել է 4688 ահազանգ, որոնցից 2557-ը ընտանեկան բռնության դեպքերի վերաբերյալ:  Այս տարվա առաջին ինը ամիսների ընթացքում կենտրոնի իրավաբանական բաժինը 700 զանգ է ստացել:

 

Ընտանիքներում ֆիզիկական, հոգեբանական կամ սեռական բռնության ենթարկված կանանցից 300-ն այցելել են Կանանց իրավունքների կենտրոն, 129 կին հայցադիմում է ներկայացրել, 35-40-ը դիմել է ապահարզանի: Զանգերի մյուս մասը վերաբերել է հիմնականում ալիմենտների, գույքի բաժանման և երեխայի բնակության վայրը հաստատելու հետ կապված խնդիրներին:

 

 

Կազմակերպությունը թվեր էր ամփոփում, իսկ ամեն մի թիվ մարդկային խեղված ճակատագիր է… Մի քանի տարի առաջ կենտրոնի կողմից պատվիրված հարցման արդյունքներով, Հայաստանի կանանց գրեթե 66 տոկոսը ենթարկվել է հոգեբանական  ճնշման, ընդ որում 46 տոկոսը` հաճախ կամ երբեմն: Հոգեբանական ճնշման միջադեպերի 74 տոկոսի դեպքում բռնարարներն ամուսիներն են, և 28 տոկոսի դեպքում` սկեսուրները: Հայաստանի 10 կանանցից 3-ը տանը ենթարկվել է ֆիզիկական բռնության:  Նույն հարցման արդյունքներով, բռնության ենթարկված 10 կանանցից մեկը դիմել է  բժշկական օգնության ընտանեկան բռնության հետևանքով ստացած վնասվածքների պատճառով: 71 տոկոսը ֆիզիկական խնդիրներ ունի, 29 տոկոսը` հոգեկան խանգարումներ: Բռնության ենթարկված կանանց միայն վեց տոկոսն է դիմել ոստիկանություն:

 

Կազմակերպության ղեկավար Սուսանա Վարդանյանը այսօրվա միտումների մասին դժվարանում է  հստակ բան ասել, նոր հարցումներ ու վերլուծություն է պետք: Կենտրոնին ուղղված ահազանգերը շատացել են, սակայն Ս. Վարդանյանը մտածում է, որ դա ոչ թե բռնությունների թվի ավելացման հետևանք է, այլ իրազեկման ու նաև կազմակերպության ընդլայնման արդյունք է:

 

 

Նա ընդունում է, որ ընտանեկան բռնությունն առկա է բոլոր երկրներում, պատճառներն ու հետևանքները նույն են, միմյանցից տարբերվում են ազգային նրբերանգներով: Օրինակ, Հայաստանում աղջիկներին ծնողները անընդհատ հորդորում են հնազանդ լինել հորը, եղբորը, հետագայում` ամուսնուն, սկեսրայրին:

 

 

«Քո մարդն է, քո հայրն է, քո կեսրարն է: Փոքրուց ներշնչում ենք, որ պետք է լռել ընտանիքում առկա բռնության մասին: Դա բերում է նրան, որ դանակը հասնում է  կոկորդին»,-ասում է Ս. Վարդանյանը, նշելով, որ հենց այդ վիճակում դիմած մի քանի կանայք երեխաների հետ տեղափոխվել են ու ապրում են հատուկ ապաստարաններում:

 

Կենտրոնի մասնագետների  խոսքով, հայ կանանց նկատմամաբ կիրառվող բռնություններից առաավել տարածված են այս կամ այն հարցում սահմանափակումները` այստեղ չգնաս, ծնողներիդ, ընկերներիդ հետ չշփվեց: Ամուսիները հաճախ ընդդիմանում են կանանց կրթության շարունակմանը:

 

 

Դրա հետ մեկտեղ ընտանիքներում բռունցքի օգնությանն են դիմում հիմնականում գործազուրկ տղամարդիկ:  Կամ էլ կինն աշխատում է, իսկ ամուսինը և սկեսուրը սպասում են, որ նա աշխատավարձը ստանա և բերի, մինչև վերջին լուման տա ամուսնուն կամ սկեսուրին: Հոգեբանական բռնության պատճառն էլ , հիմնականում, անհիմն խանդն է հանդիսանում: Հաճախ այս ամենը զուգորդվում է ծեծով: Ունեցել ենք դեպք, երբ հարսը բռնության է ենթարկվել, թե ամուսնու, թե սկեսուրի, թե սկեսրայրի կողմից»,- մանրամասնեց կենտրոնի իրավաբան Աստղիկ Կարապետյանը:

 

 

Անդրադառնալով ընտանիքներում սեռական բռնությունների թեմային` իրավաբանը նշեց, որ գրանցվել են դեպքեր, երբ նաև սկեսրայրների կողմից են սեռական ոտնձգության փորձեր եղել: «Ունեցել ենք դեպք, երբ սկեսրայրի կողմից սեռական ոնձգության են հարսները ենթարկվել և բարեբախտաբար հերթը սեռական բռնության չի հասել: Հաճախ կանայք լռել են, անհամար են զգացել ասել ամուսնուն: Իսկ երբ ասել են, շատ հաճախ ամուսնները չեն հավատցել և իրենց կանանց ենթարկել են ֆիզիկական բռնության»,- պատմեց  Աստղիկ Կարապետյանը:

 

Կենտրոնի ղեկավար Սուսաննա Վարդանյանը հավելեց,  որ վերջերս հասարակությանը ընտանեկան բռնության դեմ պայքարի իրազեկման գործընթացում իրենք ներգրավել են նաև տղամարդկանց, որովհետև հստակ է` միայն կանայք չէ, որ պետք է այս հիմնախնդիրը բարձրաձայնեն: Ստեղծվել է «Տղամարդիկ ընդդեմ կանանց բռնության» ցանց,  որում ներգրավվել են տարբեր տարիքային և սոցիալական խմբերի տղամարդկանց ,այդ թվում  պաշտոնական անձանց, դերասանների, հայտնի մարդկանց,  ովքեր ակտիվորեն մասնակցում են կենտրոնի աշխատանքներին: Մասնագետները հույս ունեն, որ այսպիսով հնարավոր կլինի նվազեցնել ընտանեկան բռնությունների քանակը:

 

 

«Մենք ինքներս էլ հուզվում ենք, որովհետև մեր սպասումներից ավելի ակտիվ են հատկապես երիտասարդ  տղաները»,- նշեց Ս.Վարդանյանը:

 

 

«Ընտանեկան բռնության մասին» օրինագիծը պատրաստ է

 

 

Համաժողովին ներկա էր նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ընտանիքի, կանանց, և երեխաների հիմնահարցերի վարչության պետի տեղակալ Արմինե Թանաշյանը: Նա ասաց, որ լրամշակման փուլում է գտնվում «Ընտանեկան բռնության» մասին ՀՀ օրենքի նախագիծը, որի հիմնական նպատակն է կանխել ընտանեկան բռնությունները և համապատասխան աջակցություն տրամադրել արդեն բռնության ենթարկվածներին: Ըստ Արմինե Թանաշյանի՝ օրինագիծը շրջանառության մեջ կդրվի նոյեմբերին:

 

 

Կանանց իրավունքների կենտրոնի տնօրեն Սուսաննա Վարդանյանը մեզ հետ զրույցում հիշեցրեց, որ օրենքը մի քանի տարվա նախապտմություն ունի: Այն իրենց կողմից մշակվել  դեռևս 2007թ-ին, առանցքում ունենալով միջազգային փորձը և երկու տարի անց ներկայացվել  կառավարությանը:

 

 

«2009 թվականի մայիսից մինչ օրս օրենքը լրամշակվում է , վերջերս էլ հասանք նրան, որ օրինագիծը   համապատասխանեցվեց  Բռնության դեմ պայքարի մասին միջազգային կոնվենցիային , բայց պարզվեց, որ որպես հասարակական կազմակերպություն մենք այն չենք կարող ներկայացնել, այդ գործառույթը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանն է: Բացի այդ որպես առանձին օրենք այն ներկայացվել չի կարող, այլ պետք է մշակվի փաթեթով, հարակից իրավական ակտերի հետ միասին,  այժմ էլ նախարարությունն  աշխատում է այդ ուղղությամբ», – ասաց  Սուսասննա Վարդանյանը՝ հույս հայտնելով, որ շուտով  այս փաթեթը կներկայացվի հանրությանը, քանի որ նախագծի վերաբերյալ հանրային քննարկումներ են նախատեսված:

 

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչության պետ Լալա Ղազարյանը Womennet-ի հետ զրույցում  հաստատեց ,  որ «Ընտանեկան բռնության մասին» ՀՀ օրենքի նախագծի աշխատանքային խումբը շուտով նախագծի վերաբերյալ հանրային քննարկում կկազմակերպի:

 

 

Նշենք, որ նախագծով սահմանվում են ընտանեկան բռնություն, բռնարար, զոհ և այլ հասկացություններ: Օրինագիծը սահմանում է նաև ընտանեկան բռնությունից պաշտպանություն իրականացնող և այն կանխարգելող մարմինները և հատուկ միջոցները:

 

 

Դրանք են պաշտոնեական նախազգուշացումը,  արտակարգ միջամտության որոշումը,  պաշտպանական որոշումը: Այսպես, օրինակ, ընտանեկան բռնություն թույլ տված անձին, հնարավոր է իրավապահ մարմնի որոշմամբ հարկադրվի անմիջապես հեռանալ ընտանեկան բռնության զոհի բնակության տարածքից, որոշակի ժամկետով, նույնիսկ եթե բռնարարը հանդիսանում է այդ բնակելի տարածքի սեփականատերը:      Բռնարարին կարող են նանեւ արգելել 100 մետրից ավելի մոտենալ իր բռնության զոհին, իսկ եթե անհրաժեշտություն լինի, նրան նաեւ կարգելվի՝ մոտենալ երեխաներին:

 

 

Նախագիծը ոչ միայն  վարչական նաև քրեական պատասխանատվություն է սահմանում ընտանեկան բռնության համար: Նախատեսված է նախազգուշացման մեխանիզմ, առաջին եւ երկրորդ զգուշացումները  քրեական հետեւանքներ չեն ենթադրում, եւ գուցեւ դա սթափեցնի բռնարարին, դրանով իսկ հնարավոր կլինի կանխարգելել հետագա բռնություններն ընտանիքում:

 

 

Womennet.am-y առաջիկայում առավել մանրամասն կանդրադառնա նախագծի բովանդակությանը, դրա անհրաժեշտությանը:

 

Հասմիկ Կարապետյան

Անի Գորյան

Դիտումների քանակը` 4256

Վերադառնալ վերև