… 20 տարվա գործազուրկ 66-ամյա Գրետա Ափոյանն այլևս հույս չունի, որ երբևէ կարող է աշխատանք գտնել: Մասնագիտությամբ բանասեր է, աշխատել է մարզային թերթերում, պատերազմի տարիներին ընտանիքի հետ սահմանամերձ գյուղից  տեղափոխվել  է մայրաքաղաք: Ամուսնու մահից հետո փորձել է աշխատանք գտնել, բայց ապարդյուն: «Մի քանի անգամ գնացի թերթերի խմբագրություն, լրատվական գործակալություններ, սակայն ասացին, որ աշխատանք ունենալու դեպքում կզանգահարեն, բայց ոչ մի զանգ էլ չստացա: Մի անգամ ես եմ զանգահարել, պատասխանը սպասելի էր՝ տիկին, մենք երիտասարդ կադրերի պահանջարկ ունենք»,- ասում է տիկին Գրետան: Նա ճարահատյալ սկսել է այլ ոլորտներում աշխատանք փնտրել: Մի քանի օր աշխատել է հրուշակեղենի արտադրամասում, սակայն օրական վարձատրվել է  700 դրամով: «Ստացածս օրավարձով կարողանում էի միայն երկու հաց գնել, դրա համար որոշեցի արտադրամասում չաշխատել: Նվաստացած եմ ինձ զգում, որ բարձրագույն կրթություն ունեմ, բայց այսօր անգործ տանը նստած եմ: Այնքան էի հուսահատվել, որ դեպրեսիայի մեջ ընկա, երեխաներս էլ արգելեցին աշխատանք փնտրել: Հիմա աղջկաս 70 հազար դրամ աշխատավարձով ենք ապրում, մյուս աղջիկս էլ ամուսնացել է ու հազիվ ծայրը ծայրին են հասցնում»,- նշում է Գրետա Ափոյանն ու հավելում. «Հիմա աշխատանքի են ընդունում միայն գեղեցիկ, բարձրահասակ, բայց կիսագրագետ աղջիկների, իսկ գրագետ, բայց արտաքինով ոչ երևացող աղջիկները շատ դժվար են աշխատանք գտնում»:

 

 

… 25-այա Մարինեն էլ, ով մասնագիտությամբ բուժքույր է, նշում է, որ թեև  մասնագիտությունը շատ է  սիրում, բայց ճարահատյալ խանութում է աշխատում՝ որպես վաճառող: «Հիվանդանոցում աշխատանքի տեղավորվելու համար ինձանից  1500 դոլար ուզեցին: Ախր որտեղից այդ գումարը տայի, ծնողներս թոշակառու են, հազից կարողացել են ինձ ուսումի տալ, վարձերս մուծել, հիմա որտեղից կարող էինք այդ գումարը գտնել: Ստիպված սկսեցի վաճառողի աշխատանք փնտրել ու գտա: Օրական վաստակում եմ 3 հազար դրամ, դժգոհ չեմ, կարողանում են ծնողներիս օգնել, բայց բուժքրոջ աշխատանքը շատ եմ սիրում: Եթե հարևաններից, բերակամներից մեկն հիվանդանում է, բոլորին հասնում եմ, սրսկում եմ»,- ասում է Մարինեն:

 
Աշխատանքի տեղավորման գործակալություններից մեկի փորձագետի հետ զրույցում պարզեցինք, որ գործատուների պահանջները տարեցտարի ավելանում են: «Այսօր գործատուն շատ պահանջներ է ներկայացնում, տարիքային սահմանափակումը շատ խիստ է, լավագույն դեպքում մինչև 35 տարեկաններին են աշխատանքի վերցնում, թե կանանց, թե տղամարդկանց շրջանում: Միայն հավաքարարների կամ աման լվացողների դեպքում է, որ մինչ 50 տարեկանի կվերցնեն»,- նշում է փորձագետը:  Նրա խոսքերով՝ այսօր ամենապահանջվածը մատուցողի և վաճառողի աշխատանքն է. «Պահանջում են երիտասարդ, գեղեցիկ, բարետես արտաքինով աղջիկների: Իսկ մյուս աշխատանքներում հիմնական պահանջներից մեկը բարձրագույն կրթությունն է, սակայն լինում են դեպքեր, երբ որպես հավաքարար նույնպես աշխատանքի են վերցնում բարձրագույն կրթությամբ մարդկանց»:

 

 

Զբաղվածության պետական ծառայության գործակալության պետ Սոնա Հարությունյանը WomenNet.am-ի հետ զրույցում ասաց, որ հանրապետությունում  շարունակում է բարձր մնալ գործազուրկ կանանց թիվը: Ըստ նրա՝  Հայաստանում կանանց զբաղվածությունը լուրջ հիմնախնդիր է, քանի որ զբաղվածության կենտրոնում հաշվառված 63 հազար գործազուրկների 73%-ը կամ 40 հազարից ավելին կանայք են: Երիտասարդների թվաքանակը կազմում է գործազուրկների 21.2%-ը կամ 13.3 հազար մարդ:

 

 

Ս.Հարությունյանի խոսքերով՝ հատկապես լուրջ է 50-ից բարձր տարիքի կանանց հարցը, քանի որ նրանք համարվում են ավելի երկարատև գործազուրկներ: «Նրանք համարվում են անմրցունակ խմբեր, ուստի այդ կանանց համար իրականացվում են տարբեր ծրագրեր: Եթե գտնվում են 50-ից բարձր տարիքային խմբում և 3 տարի հաշվառված են որպես գործազուրկներ, ապա նրանք կարող են ընդգրկվել մասնագիտական ուսուցողական ծրագրերում»,- ասաց Ս.Հարությունյանը:

 

 

Ըստ Ս.Հարությունյանի՝  թափուր աշխատատեղերում ևս կանանց համար նախատեսված աշխատանքն ավելի քիչ է:  «Դրա համար մեր խնդիրն է մասնագիտական դասընթացներ կազմակերպել և նրանց վերապատրաստել այն մասնագիտությունների գծով, որոնք այսօր պահանջարկ ունեն: Օրինակ՝  Ավստրիալիայում կանայք վերապատրաստվում են որպես ներկարարներ, հյուսն, ավտոմենքենաներ լվացողներ և որևէ վատ բան դրանում չկա: Իսկ ինչո՞ւ մեզ մոտ էլ որոշ մասնագիտությունների գծով վերապատրաստում չկազմակերպենք»,- ասաց նշեց Ս.Հարությունյանը:

 

 

Հարցին, թե միգուցե մեր մենթալիտետը  թույլ չի տալիս հայ կանանց նման մասնագիտություններով աշխատել, նա նշեց, որ նույն մենթալիտետով շատ կանայք այսօր լավ վարորդներ են, ձեռնարակատերեր են, ինչը մի քանի տարի առաջ հնարավոր չէր պատկերացնել: «Կամ պետք է ստեղծվեն աշխատատեղեր կանանց համար, կամ պետք է նրանք վերապատրաստվեն»,- ընդգծեց Ս.Հարությունյանը:

 

 

Ըստ նրա՝ այսօր կարի արտադրամասերը աշխատողների մեծ պահանջարկ ունեն, սակայն ոչ բոլոր կանայք են նախընտրում կարի ֆաբրիկաներում աշխատել, քանի որ աշխատավարձն այնտեղ ցածր է: «48 կանանց համար կազմակերպել ենք կարուձևի դասընթաց, սակայն նրանցից 18-ն անցավ հիմնական աշխատանքի, քանի որ գործարքային նորմաները բավականին բարձր են և ոչ բոլորն են կարողանում այդ շեմը հաղթահարել, իսկ աշխատավարձն էլ մաքսիմում 60 հազար է: Այստեղ գործատուները անելիք ունեն և նրանք պետք է նորմալ աշխատավարձեր սահմանեն»,- ասաց Ս.Հարությունյանը:

 

 

Անդրադառնալով բարձրագույն կրթություն ունեցող գործազուրկ կանանց, Ս.Հարությունյանը նշեց, որ հաշվառված գործազուրկների 14 տոկոսը բարձրագույն կրթություն ունեն. նրանց մեջ կան մանկարավարժներ, ինժեներներ, տնտեսագետներ, սակայն աշխատանքով չեն կարողանում ապահովել. «Դրա համար ենք ասում, որ կարևոր է մասնագիտական կողմնորոշման հարցը: Ավելի լավ է  լավ մասնագետ դառնալ և ունենալ աշխատանք, քան ունենալ բարձրագույն կրթություն, բայց չունենալ աշխատանք»:

 

 

Նշենք, որ Զբաղվածության պետական ծառայության գործակալության տվյալներով՝ 2012թ-ի դեկտեմբերի 1-ի դրությամբ Հայաստանում աշխատանք փնտրողների թիվը կազմել է 73 հազար մարդ: Գործազուրկների թվաքանակը կազմել է աշխատանք փնտրողների 85.9 %-ը կամ 62.7 հազար մարդ: Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 10.8%-ով:

 

Դեկտեմբերի 1-ի դրությամբ գործազրկության նպաստ ստանալու իրավունք է ունեցել 11 478 գործազուրկ:  Նույն աղբյուրի համաձայն՝  տարեսկզբից աշխատանքի է տեղավորվել 10 400 մարդ: Աշխատանքի տեղավորվածներից  6054-ը կանայք են, իսկ 3157-ը` երիտասարդներ:

 

Նոյեմբերի ընթացքում գործակալություն է ներկայացվել 1868 թափուր աշխատատեղ, նրանցից 811-ը բանվորական է, իսկ 1057-ը՝ ծառայողական: Աշխատաշուկայում պահանջված են հատկապես բժիշկների (մարզերում), մարքեթինգի մենեջերների, ՏՏ-ի գծով մասնագետների, գանձապահների, էլեկտրիկների, կարողների, վարորդների, վաճառողների, մատուցողների, հացթուխների, խառատների և այլ բանվորական մասնագիտություններով աշխատատեղերը:

 

Մերի Մարգարյան

Դիտումների քանակը:600

Leave a Reply

Հարգելի ընթերցող,
Կայքի խմբագրությունը իրավունք է վերապահում իրեն հեռացնելու այն բոլոր մեկնաբանությունները, որոնք անհարիր են քաղաքակիրթ բանավեճին եւ պարունակում են հայհոյանք, անձնական վիրավորանքներ ու սպառնալիքներ:


Ձեր էլ-հասցեն չի հրապարակվի:

CAPTCHA image
*