Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Հայկական օրգանական սննդամթերքի մակնշումը` երեք նռան պատկերն է

Հայաստանում կա 340 հազար  ֆերմերային  տնտեսություն, որոնց  90 տոկոսը տեղեկացված չէ օրգանական  սննդի մասին, թեև  օրգանական գյուղատնտեսության  զարգացումը գերակա  և հեռանկարային  ուղղություն  է ճանաչվել մեր երկրում:  Այս մասին  WomenNet.am ի հետ  զրույցում ասաց  Հայաստանում օրգանական սննդամթերքը սերտիֆիկացնող «ԷԿՈԳԼՈԲ» կազմակերպության հիմնադիր  տնօրեն Նունե Դարբինյանը: Մեր առաջին հարցը  մասնագետին՝ ո՞ր սննթամթերքն է   համարվում  օրգանական:

 

 

 

-Օրգանական  է համարվում այն սննդամթերքը,  որն  արտադրվել է  օրգանական ստանդարտով  սահմանված   պայմաններում: Այդպիսի  սննդի արտադրության  ընթացքում  բացառվում է թունաքիմիկատների,  գենետիկորեն  ձևափոխված  օրգանիզմների  կիրառումը:  Թեև Հայաստանում  օրգանական  գյուղատնտեսության զարգացումը մեծ հեռանկարներ ունի, այնուհանդերձ, առաջընթացի տեմպերը  գոհացնող չեն: Հայաստանում կա 340 հազար  ֆերմերային  տնտեսություն, որոնց  90 տոկոսը տեղեկություն  չունի  օրգանիկ սննդի մասին: Մինչդեռ  շատ   երկրներում օրգանական  գյուղատնտեսության  հանդեպ  պահանջարկը մեծ է, ուստի այդ ոլորտի զարգացման  համար  պետությունն աջակցում է ֆերմերներին:  Օրգանական արտադրանքն անպայմանորեն  սերտիֆիկացվում է, որպեսզի գնորդի համար  պարզ  լինի, թե  ով է այն արտադրել, ինչ պայմաններում, որ վայրերում:  Ամբողջ գործընթացը թափանցիկ է: Օրգանական  արտադրանքը  ապահովագրում է  մարդուն,  ինչպես  նաև  հետագա  սերունդներին  աղտոտված սննդի  ընդունման  վտանգավոր հետևանքերից:

 

– Օրգանիկ արտադրանքի սերտիֆիկացումն  իրականացվում է  Ձեր  ընկերության  կողմից: Արդյո՞ք  ռիսկային  չէր գործունեություն սկսել  մի ոլորտում, որի  մասին հանրությունն ու մասնավորապես  մթերք արտադրողները տեղեկացված չեն:

 

Հայաստանում օրգանական գյուղանտեսությունը սկսել է զարգանալ 2002թ. Արագածոտնի ու Արմավիրի մարզերի լեռնային գոտիներում,  հետագայում  այն  զարգացել է  նաև  Վայոց Ձորի, Սյունիքի ու Արարատի մարզերում: Օրգանական  սննդի  շուկան  սովորական  սննդի  շուկայից  տարբերվում է  սերտիֆիկացված արտադրանքով, որն էլ  իրակացնում է  «Էկոգլոբ» ՍՊԸ-ն: Այսօր «Էկոգլոբ»-ը միջազգային բոլոր ստանդարտներին համապատասխանող` ԵՄ-ում, ԱՄՆ-ում,  Շվեյցարիայում, Կանադայում  հավաստագրում անցկացնող կազմակերպություն է, որի սերտիֆիկատը ճանաչվում և  ընդունվում է նշված շուկաներում:  Դա  մեր կողմից  մեծ ձեռքբերում է:

 

Սակայն  մեր գործունեությունը  ինքնանպատակ կլինի, եթե սպառողը տեղեկացված  չլինի սերտիֆիկացված օրգանական  արտադրանքի մասին: Այս  հարցում  կարևոր է  պետության եւ  լրատվամիջոցների դերը, ինչն էլ  ակնկալում է մեր կազմակերպությունը: Սպառողը պետք է հավատ ընծայի «բիո», «էկո» և  նմանատիպ մակնշումներով արտադրանքին միայն այն դեպքում, երբ առկա է օրգանական սերտիֆիկատը, և սերտիֆիկացնող մարմնի մասին տեղեկատվությունը զետեղված է պիտակի վրա: Հայկական  օրգանական սննդամթերքի մակնշումը` երեք նռան  պատկերն է, սա  է , որը պետք է  ճանաչելի  լիներ  սպառողին: Պետությունը պետք է  միջոցներ ձեռնարկի այս  նշանը բոլորին  հասանելի դարձնելու համար, քանի որ շուկան  լի է  նաև կեղծ սննդամթերքով, բացի այդ օրգանիկ արտադրանքի այս նշանը սահմանված է «ՀՀ  օրգանական  գյուղատնտեսության մասին»  օրենքով, որը, ցավոք,  չի  կիրառվում: Մինչդեռ Գերմանիայում  մակնշումը  գովազդելու համար մեծ գումարներ են հատկացվում, արդյունքում գերմանացի  սպառողը գնումներ կատարելիս առաջնորդվում է այդ  նշանով:

 

 «Էկոգլոբ»-ն այսօր ողջ տարածաշրջանում և հետխորհրդային երկրներում միակ սերտիֆիկացնող մարմինն է, որը  հնարավորություն է տալիս օրգանական գյուղատնտեսական մթերք արտադրողներին իրենց ապրանքն արտահանելու և ճանաչելի դարձնելու զարգացած երկրների շուկաներում, ինչը Հայաստանի տնտեսության և  հատկապես՝ գյուղատնտեսության զարգացմանը նպաստող հանգամանք է։

 

 Ի՞նչ չափանիշներով է սերտիֆիկացվում օրգանիկ արտադրանքը:

 

-Օրգանական  սննդի արտադրությամբ զբաղվելու  որոշում  ընդունելուց  հետո  ընկերությունը պետք է  ծանոթանա օրգանական  սերտիֆիկացման ստանդարտներին: Ի  տարբերություն սովորական  գյուղատնտեսության,   օրգանական  գյուղատնտեսության  համար չափանիշները  խիստ են, սննդի արտադրության  մեջ պետք է ոչ միայն  բացառել թունաքիմիկատների և գենետիկորեն փոխակերպված օրգանիզմների կիրառումը, այլ կիրառել  էներգո- և ջրախնայող տեխնոլորգիաներ, դրանով իսկ նպաստելով  բերքատվության  բարձրացմանը:  Օրգանական  գյուղատնտեսությամբ զբաղվող ընկերությունը հումքի  ընդունման  պահից  մինչև պատրաստի արտադրանքի  պահեստավորումը  պետք է հավաստիացնի, որ օրգանականի փոխարեն  շուկա  չի  հանի ոչ օրգանական  սննդամթերք, որ իր արտադրանքը չի  պարունակի ԳՓՕ,  իսկ  օգտագործվող հավելումների քանակը կլինի սահմանափակ:

 

«Էկոգլոբը», իր հերթին,   պետք է  վերահսկի  օրգանական  սննդամթերքի ստեղծման ողջ ընթացքը, հումքի ընդունումից մինչև   տարաներում  պահպանման և տեղափոխման ավարտը: Ի դեպ,  մենք  ստուգում ենք  նաև հողի  պատմությունը, թե տվյալ  հողատարածքում ինչ է  տեղի ունեցել առնվազն երեք  տարի առաջ: Շատ  կարևոր է  տարածքի ընտրությունը, եթե այն  մաքուր է, ապա  մենք  շարունակում ենք  ողջ գործընթացի վերահսկողությունը: Օրգանական սննդամթերքի արտադրության  համար առավել  բարենպաստ  են  համարվում այն տարածքները, որոնք  գտնվում են աղտոտման  աղբյուրներից՝ արդյունաբերական  շրջանից,  մայրուղիներից ու երկաթգծերից  հեռու:  Կարևոր է  նաև,  թե  հարևան  գյուղացու  հողատարածքում  ինչ է  կիրառվել, քանի որ չի բացառվում այդտեղից աղտոտման թափանցումը: Նման  դեպքերի  հանդիպել ենք: Այնպես, որ առաջին  հերթին սերտիֆիկացվում է  հողը:

 

-Գյուղատնտեսության  ո՞ր ոլորտներն են  եւ ո՞ր սննդամթերքներն են սերտիֆիկացվում Հայաստանում:

 

– Պտղաբուծությունը, ցորենի արտադրությունը /այն էլ  որոշակի  տեսակի/, փոքրածավալ սուպերմարկետների բանջարեղենի տեսականին, կերային որոշ արտադրանքներ: Վերամշակող  գործարանների արտադրանքները ՝ Երևան գարեջուրն  իր «Արևա» օրգանիկ ապրանքանիշով, «Թամարա ֆրուտը», «ՍԻՍ նատուրալն»  իր  Բիո-Յան ապրանքանիշով, սերտիֆիկացվում են:

 

Իհարկե,  հնարավոր չէ, որ  օրգանական  սննդի կիրառումը դառնա  համընդհանուր,  դրա  համար տարիներ կպահանջվեն,  սակայն աստիճանաբար  սպառողի  մոտ կարելի է ձևավորել առողջ,  օրգանիկ սննդի օգտագործման  մշակույթ, ինչին էլ  ձգտում ենք:

 

Հայկական օրգանական  արտադրանքը ո՞ր երկրներն են  արտահանվում

 

Հիմնակնում  արտահանվում են  կորիզայուղեր, հյութեր,  մրգային  պյուրեներ,  կոմպոտներ: Նախատեսվում է   ընդլայնել արտահանվող մթերքների  տեսականին: Վերոհիշյալ  արտադրանքը  արտահանվում է ԱՄՆ,  ԵՄ, Ղազախստան, ավելի մեծ խմբաքանակով Ռուսաստան, որտեղ  հայկական  օրգանական  մթերքը շատ բարձր է  գնահատվում:

 

Զրուցեց Անուշ Ներսիսյանը

 

Հ.Գ. Նշենք, որ այս տարվա հուլիսին ՕՔՍՖԱՄ-ի հայաստանյան  գրասենյակը պարենային անվտանգության  և սնուցման   խնդիրների վերաբերյալ  լրագրողների համար  դասընթացներ էր  կազմակերպել Դիլիջանում: Ծրագրում  ներառված էին կենսաապահովման, պարենային  անվտանգության  հայեցակարգին,  օրգանական սննդի ստանդարտներին, սննդի անվտանգությանն առնչվող հարցեր:

 

Դիտումների քանակը` 4739

Վերադառնալ վերև