Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Հայկանուշ Մառք. «Պիտի կրենք մեր պատասխանատվությունը, պիտի ստեղծենք մեր իրավունքները»…

 

Պոլսահայ գրականության մեջ իր կարևոր ներդրումն է ունեցել բանաստեղծ ու արձակագիր, հանդուգն հրապարակախոս Հայկանուշ Մառքը, որն արժանի տեղ է գրավում Սրբուհի Տյուսաբի, Զապել Ասատուրի, Զապել Եսայանի պես մեծանուն հայ կին գրողների շարքում։
Բանաստեղծական խոր զգացողության տեր գրող էր Մառքը, որը ոչ միայն հայ կնոջ հուզաշխարհը շնչավորող գրականություն է կտակել մեր ժողովրդին, այլև անխոնջ դրոշակիր է դարձել՝ հայ կնոջ իրավունքների պաշտպանությանը նվիրաբերելով իր գրիչն ու իմացական ուժերը։

 

 

«Մեր հետևում թողնում ենք մի արահետ, որը թեև տոնական կամ փայլուն ոչինչ չունի, բայց արահետ է, որին առանց ամաչելու ենք նայում, գյուղի մի նեղ արահետ, որով անցել ենք կատարելով մեր պարտականությունները իբրև կին, իբրև ամուսին և իբրև մայր: Հիմա նոր ուղի պիտի հարթենք, այն պիտի քաղաքի լուրջ ճանապարհ լինի, ավելի լայն, ավելի ուղիղ, ավելի ձիգ դեպի նպատակը: Այդ ճամփի վրա պիտի կրենք մեր պատասխանատվությունը, պիտի ստեղծենք մեր իրավունքները, պիտի դարբնենք մեր գործը` ամենևին չհեռացնելով մեզ մեր կանացի բնազդներից, մեր տնից: Այն պիտի տանի մեզ մի բարձունք, ուր մղում են մեզ մեր սեռի, մեր ազգի, մեր հայրենիքի վերածննդի ջղապիրկ իղձերը»,  – «Հայ կին» հանդեսի առաջնորդողից Հայկանուշ Մառքի այս խոսքը  նրա քաղաքացիական դիրքորոշման վառ ապացույցն են:

 

 

Ծնվել է Կ.Պոլսում, Մարգար և Եպրաքսե Թոփուզյանների դուստրն էր: Մառք գրական կեղծանունն առաջացել է հոր անունից: Ավարտել է Եսայան վարժարանը, ապա կրթությունը շարունակել է մասնավոր դասերով: Նրա ուսուցիչն էր գրաբարի գիտակ Հակոբ Գուրգենը, որը մեծ դեր է խաղացել նրա՝ մայրենի լեզվի յուրացման և ճաշակի կատարելագործման գործում:

 

 

20 տարեկանում արժանացել է «Մասիս» թերթի երկրորդ գրական մրցանակին: 1905 թ. նշանվում է Վահան Թոշիկյանի հետ, նույն տարում էլ ձեռնամուխ լինում «Ծաղիկ» հանդեսի հրատարակմանը: 1907 թ. Հայկանուշ Մառքն ու Վահան Թոշիկյանն ամուսնանում և մեկնում են Զմյուռնիա, որտեղ Թոշիկյանին հրավիրել էին խմբագրելու «Արշալույս» և «Արձագանք» թերթերը: Այս թերթերում Մառքը շարունակում է իր աշխատանքը՝ վարելով կանանց բաժինը:

 

1909 թ. ամուսինները վերադառնում են Կ.Պոլիս, որտեղ Մառքը հայտնվում է հասարակական գործունեության էպիկենտրոնում: Սիպիլը հրավիրում է նրան «Ազգանվեր» ընկերություն: «Ահա տարր մը, որուն այդքան պետք ունինք»,- ասում է նա՝ ներկայացնելով Մայքին ընկերության անդամներին: Հետագայում, բացի «Ազգանվերից», Հայկանուշ Մառքը զբաղեցնում է ատենադպիրի պաշտոններ նաև այլ կազմակերպություններում: «Ծաղիկ» հանդեսի հրատարակումն ակամա ընդհատվել էր, բայց չէր մոռացված:

 

 

1919-ին՝ 14 տարի անց, Մառքը հիմնադրում է «Հայ կին» հանդեսը: 1932-ին «Հայ կինը» դադարեց լույս տեսնելուց: Դստեր մահից հետո Հայկանուշ Մառքը չկարողացավ աշխատել նախկին եռանդով և մի քանի տարի մեկուսացավ հասարակական կյանքից: 1936 թվականին նա համագործակցում է Վ. Թոշիկյանի հրատարակած «Նոր լուր» թերթի հետ՝ վարելով կանանց բաժինը: Միաժամանակ տպագրվում է այլ թերթերում ու հանդեսներում:
Հայկանուշ Մառքի գրական ստեղծագործությունները՝ արձակ բանաստեղծություններ ու պատմվածքներ, հավաքված ու առանձին հատորով լույս են տեսել «Ծուլութեան պահերէս» խորագրի ներքո, իսկ «Ծփանքներ կեանքէս» խորագրով հատորում նա ներկայացնում է իր ինքնակենսագրությունը:

 

Անահիտ Հարությունյանի

«Երևելի տիկնանց դարը» գրքից

 

 

Կարդացեք այս թեմայի շուրջ  հեղինակի այլ նյութերը մեր կայքում.

Կանանց հանդեսներ. մեր անցյալն ու սնգուրված ներկան

«Երևելի տիկնանց դարը»` գիրք, որը շատ ու շատ կարծրատիպեր է կոտրում

«Կինը, որ Սիպիլ կստորագրե, պարծանքն է իր սեռին»

Սրբուհի Տյուսաբ. «Պարզապես Հայուհի մ’եմ»

 

Դիտումների քանակը` 4219

Վերադառնալ վերև