Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Հայկուհի Մարկոսյան. «Որպեսզի համայնքի երիտասարդ բնակիչը չլքի հայրենի ծննդավայրը»

Վայոց ձորի Վայքի ավագանու ընտրություններում առաջադրված հասարակական ակտիվիստ ,   ՀՅԴ անդամ  Հայկուհի Մարկոսյանն իր բոլոր ձեռնարկումներում մեկ սկզբունքով է առաջնորդվում: Ասում է, դժվար իրավիճակներում   Էքզյուպերիի «Փոքրիկ քայլերի արվեստ»-ն է իր ուղենիշը.  «Սովորեցրու ինձ ճշգրիտ տնօրինել իմ կյանքի ժամանակը: Նվիրիր ինձ ներքին ձայն, որպեսզի առանձնացնեմ այն՝ ինչը պետք է անել առաջին և ապա երկրորդ հերթին»: Այս պահի առաջնորդությունն իր համար  ընտրություններում  հաղթելն   է , հաջորդ քայլն  ընտրողների վստահությունն արդարացնելն է … Նա մեկն է այն 19 թեկնածուներից,   որ առաջադրել են իրենց թեկնածությունը Վայքում: Ի դեպ,  նրանցից   երեքը կին են: 

 

Հայկուհի Մարկոսյանի  համոզմամբ այսօր շատերը չգիտեն, թե ի՞նչ է ավագանին, ո՞րն է նրա պարտականությունը, ի՞նչ աշխատանք է կատարում:
– Շիտակ, համարձակ ու գրագետ խոսքին բնակիչը վստահում է: Ես ժողովրդին սարեր չեմ խոստանում, կարծում եմ, փոքր քայլերով ավելին կանեմ, քան ամպագորգոռ խոստումների տակ կքեմ, ընթացքում ոչինչ չանեմ ու չորս տարի անց չկարողանամ մարդկանց երեսին նայել,- ասում է Հայկուհին:

 

Աշխատասիրությունը, արժանապատվության զգացումը մշտապես եղել են Նախիջևանի Առինջ գյուղում ապրող Մարկոսյանների բազմանդամ ընտանիքին բնորոշ հատկանիշները, ու դրանք այսօր ժառանգել են այդ մեծ գերդաստանի շառավիղները: Երբ 1972 թվականին ընտանիքը տեղափոխվեց Հայաստան, Հայկուհին 10 տարեկան էր.

 

«Ես միշտ հիշում եմ ծննդավայրս՝ Առինջ գյուղը: Այսօր էլ իմ տան պատին փակցված մեր գյուղի լուսանկարը, մասունքի պես եմ պահում: Հայրս Հայաստան բերեց խաղողի ու նշի տնիկներ, որոնք այսօր առատ բերք են տալիս հայրենի հողի վրա: Մեր գյուղի անունը տալիս ծնողներս արտասվում էին, իսկ ես զարմանում էի, թե գյուղից հետո ապրում ենք ասֆալտապա , բազմահարկ տներով քաղաքում, էլի ինչ են ուզում: Հետո, երբ մեծացա, նոր միայն հասկացա, որ նրանց սիրտը կարոտից էր ցավում»,-պատմում է Հայկուհին:

 

Դպրոցն ավարտելուց հետո Հայկուհին ընդունվում է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետ, որն ավարտել  է 1989 թվականին ու աշխատանքի անցնել Վայքի թիվ 2 դպրոցում, որպես հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի: Այնուհետև աշխատել է Վայքի կոմերիտմիության շրջանային կոմիտեում նախ որպես քարտուղար, ապա 2-րդ քարտուղար, իսկ համակարգի փլուզումից հետո աշխատել է Վայոց ձորի Ազատեկ համայնքի միջնակարգ դպրոցում, որից  հետո Մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնում որպես փոխտնօրեն, ասմունքի խմբակի ղեկվար: Ամուսնացել է, մի որոշ ժամանակ ամուսնու և որդու հետ Մոսկվայում ապրելուց հետո ընտանիքով վերադարձել է Հայաստան, ու դարձյալ աշխատանքի է անցել Վայքի քաղաքային վարժարանում: Ներկայումս Վայքի ավագ դպրոցում աշխատում է որպես հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի:

 

Հայկուհին բնածին  հռետորական  ձիրքով, առինքնող  խոսքով մարդկանց  կարողանում է համախմբել  իր շուրջը:  Նրա  հավաստմամբ, եթե  նույնիսկ խոսում ես  այն  մասին,  ինչի  մասին  նախկինում  խոսել են ուրիշները, ապա պետք է փորձել ասել դա  նրանցից  լավ: Նրա ուժեղ կողմը  միայն խոսքը չէ, քանզի այն  արժեք  չունի, թե  նրան  չի հաջորդում  գործը: Համայնքի  խորհրդի անդամ կանանց  հետ Հայկուհին իրականացրեց քաղաքային այգու  կառուցապատումը,  որտեղ  սիրով  հանգստանում են  բնակիչները: Նույն  խորհրդի անդամների  ուժերով վերանորոգվեց երաժշտական  դպրոցի  շենքը: Իսկ  մինչ  խորհրդի կազմում  ընդգրկվելը Հայկուհին համագործակցել է «Փրկենք երեխաներին» և  «Հույս -98» ՀԿ-ների հետ:

 

Ավագանու թեկնածու Հայկուհի Մարկոսյանի  նախընտրական  կարգախոսն է «Օգնենք  իրար,  շենացնելու մեր  համայնքը»: Հայկուհին մեծ տեղ է տալիս երիտասարդության ներգրավմանը:  Ասում է,  որպեսզի համայնքի երիտասարդ  բնակիչը չլքի հայրենի ծննդավայրը հարկավոր  է  ստեղծել  նպաստավոր պայմաններ:

 

–         Ցավում եմ, որ երիտասարդները հեռանում են քաղաքից, իսկ  մնացողներին  նույն  ճակատագիրն է սպասվում, եթե չկանխենք,  չստեղծենք աշխատատեղեր,  ժամանացի ու հանգստի  վայրեր: Ստեղծել ենք երիտասարդական պարի խումբ, որում  ընդգրկված են  20 աղջիկ  և 1 տղա,  հույս ունենք, որ տղաների  թիվը կավելանա: Տարիների երազանք ունեմ, ստեղծել Երիտասարդական  բոհեմ ակումբ,  նմանատիպ ծրագիր իրականացրել եմ դեռևս  խորհրդային  տարիներին,  ցանկանում եմ  վերականգնել այդ  բարի ավանդույթը, –  ասում է Հայկուհին:

 

Նրա խոսքով,  Վայքի  տեքստիլ  ֆաբրիկայի  վերագործարկումը որքան էլ ցանկալի է,     այնուհանդերձ  ավագանու ուժերից  վեր է: Մինչդեռ այնտեղ  կարող էին աշխատել համայնքի  կանայք: Հայկուհին համոզված է, որ   ընտանիքի  կնոջ համար կարևորը սոցիալական ապահովվածությունն է, իսկ  մի կտոր  հաց  վաստակելու  համար  հեռավոր երկիր մեկնած ամուսնու  ուղարկած  չնչին  գումարը հարց  չի լուծի: Ուստի աշխատատեղերի ստեղծումը  առաջնահերթ  խնդիրներից է:

 

–         Ես  միշտ սիրել եմ  հասարակական  աշխատանքը, սակայն այսօր ցանկանում եմ  դրան պաշտոնական  բնույթ  հաղորդել, ուզում եմ  ավագանու  լծակներն  օգտագործելով  իրականացնեմ այն,  ինչ ծրագրել եմ,  նախ  լուծել երիտասարդությանը հուզող  խնդիրները, ապա թեթևացնել  Վայքի կանանց  հոգսը,-  ասում է  Հայկուհին:

 

 

Անուշ Ներսիսյան

Դիտումների քանակը` 2076

Վերադառնալ վերև