Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Հայոց Ցեղասպանության թանգարանում Նանսենյան անձնագրի բնօրինակ չկա / տեսանյութ

Նանսենյան անձնագրի բնօրինակ այսօր ԳԱԱ Հայոց Ցեղասպանության թանգարան ինստիտուտում չկա: WomenNet.am-ի հետ զրույցում ինտստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանն ասաց, որ  անձնագրի բնօրինակ ձեռք բերելը շատ թանկ հաճույք է:

 

«Թանգարանում նանսենյան անձնագրի որևէ բնօրինակ չունենք, կան պատճենները: Այն թանկ հաճույք է, բայց լինելու դեպքում էլ թանգարանը պատրաստ է վճարել և ձեռք բերել այն»,-ասաց Դեմոյանը:

 

2011 թվականին, երբ լրանում էր նորվեգացի բևեռախույզ, գիտնական, դիվանագետ և ականավոր հումանիստ Ֆրիտյոֆ Նանսենի 150-ամյակը, հոբելյանական միջոցառումների ծրագրում ներառված էր Հայաստանի Հանրապետությունում և Սփյուռքում նանսենյան անձնագիր ունեցողների և նրանց ժառանգների մասին տվյալների բազայի ստեղծումը (անձնագրերը կամ նրանց պատճենները, լուսանկարներ, փաստաթղթեր, նյութեր, որոնք կառնչվեն անձնագրերին, նրանց տերերին, գրքեր, հուշագրություններ և այլն):

 

Սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը WomenNet.am-ին ասաց, որ դա եղել է կառավարության հանձնարարությունը: Նախարարությունը կարողացել է հավաքել Նանսենյան անձնագիր ունեցողներից  մի քանիսի  ժառանգների տվյալներ:

 

«Նրանք բերել էին ծնողների անձնագրերի պատճենները: Նանսենյան անձնագիր ունեցողներից որևէ մեկն այսօր ողջ չէ»,-ասաց Ֆ. Զաքարյանը:

 

Ֆ. Զաքարյանի խոսքով, հավաքած տվյալներն ամբողջությամբ այս պահին գտնվում են կառավարության տրամադրության ներքո:

 

Հիշեցնենք, որ Նանսենի անմիջական ջանքերի շնորհիվ էր, որ 1922թ. Ժնևում գումարված համաժողովի ժամանակ որոշում կայացվեց փախստականներին և հայրենազուրկներին շնորհել անձը հաստատող ժամանակավոր վկայականներ` «Նանսենյան անձնագրեր», որոնց վրա զինանշանի փոխարեն փակցված էին Նանսենի դիմանկարով նամականիշեր:

 

Ազգերի լիգայի 1924թ. հուլիսի 12-ի որոշմամբ Հայոց ցեղասպանությունը վերապրած շուրջ 320.000 հայերի աշխարհի տարբեր երկրներում շնորհվեցին «Նանսենյան անձնագրեր»:   Այդ անձնագրերի ձեռքբերումով վերապրողները այս համաժողովի մասնակից երկրներում ազատ տեղաշարժվելու իրավունք ստացան, և նրանց նկատմամբ դադարեցին գործել մինչ այդ քաղաքացիություն չունեցողների համար կիրառված սահմանափակումները:

 

Հ. Կարապետյան

 

Դիտեք Նանսենի անձնագրի եւ Նանսենի մրցանակի մասին պատմող ՄԱԿ ՓԳՀ-ի տեսանյութը.

 

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

Ֆրիտյոֆ Նանսեն՝ աշխարհի խիղճը/ ֆիլմ

Հայոց Ցեղասպանության թանգարանում Նանսենյան անձնագրի բնօրինակ չկա

Փախստական ուսուցչուհին՝ Նանսենի մրցանակակիր – հաղորդում է ՄԱԿ ՓԳՀ-ն

 

Դիտումների քանակը` 3822

Վերադառնալ վերև