Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Սիրիայի բնակչությունն երկու կրակի միջեւ

Հայտարարություն  Սիրիայում ստեղծված իրավիճակի մասին   

Գլխավոր քարտուղարի Ցեղասպանության կանխարգելման հարցերով հատուկ խորհրդական Ադամա Դիենգը, Գլխավոր քարտուղարի Պաշտպանելու պատասխանատվության հարցերով հատուկ խորհրդական Ջենիֆեր Ուելշը, Փոքրամասնությունների հարցերով հատուկ զեկուցող Ռիտա Իսշակը և Կրոնի կամ հավատքի ազատության հարցերով հատուկ զեկուցող Հայնա Բիլեֆելդը խստորեն դատապարտել են Սիրիայում կառավարական ուժերի կողմից օդային հաճախացած հարձակումները և ոչ ընտրողական գործողության այնպիսի զինատեսակների կիրառումը, ինչպիսիք են բարելային ռումբերը, այդ թվում՝ քաղաքացիական բնակչությամբ բնակեցված տարածքներում: Նրանք զգուշացրել են, որ նման հարձակումները կարող են ավելի սանձազերծել ոչ պետական զինված խմբերի պատասխան գործողությունները և, հետևաբար, մեծացնել ենթադրաբար կառավարությանն աջակցող կրոնական և ազգային փոքրամասնությունների խոցելիությունը:

 

«Ըստ հաղորդումների՝ կառավարության օդային հարվածների հետևանքով անցյալ շաբաթվա ընթացքում ավելի քան 100 քաղաքացիական բնակիչ է սպանվել: Այնպիսի միջոցների կամ մեթոդների կիրառումը, որոնք չեն կարող տարբերակել քաղաքացիական բնակչությանը ռազմական թիրախներից, միջազգային մարդասիրական իրավունքի հստակ խախտում է: Սիրիայի կառավարությունը ոչ միայն ձախողվել է իր բնակչությանը ոճրագործություններից պաշտպանելու պարտականության հարցում, այլև ինքն է շարունակում հարձակվել սեփական ժողովրդի վրա»: Հատուկ խորհրդականներն ու հատուկ զեկուցողները Կառավարությանը հորդորել են իրականացնել մարդու իրավունքների և մարդասիրական միջազգային իրավունքի ներքո իր պարտականությունները:

 

Հատուկ խորհրդականներն ու հատուկ զեկուցողներն ահազանգել են կառավարության ուժերի օդային հարձակումների ավելի լայն հետևանքների մասին Սիրիայի հատկապես որոշ համայնքների համար: Նրանք զգուշացրել են, որ այս հարվածների հետևանքով ոչ պետական զինված խմբերը կարող են իրականացնել լայնածավալ պատասխան հարձակումներ կրոնական և ազգային այնպիսի փոքրամասնությունների դեմ, որոնք ընկալվում են որպես կառավարությանը հարող, այդ թվում շիա քաղաքացիական անձինք, որոնք ապրում են Հալեպի և Իդլիբի մարզերի Ալ Ֆուահա, Քեֆրայա, Զահրա և Նուբլ պաշարված գյուղերում և Աս-Սուայդա մարզում կենտրոնացած դրուզական համայնքներում: Հատուկ խորհրդականներն ու հատուկ զեկուցողներն ընդգծել են, որ եթե անհապաղ պաշտպանական միջոցներ չձեռնարկվեն, ամբողջական համայնքներ կենթարկվեն այս հակամարտության համար հատուցելու վտանգին:

 

Ի հավելումն, հատուկ խորհրդականներն ու հատուկ զեկուցողները ևս մեկ անգամ վերահաստատել են իրենց մտահոգությունը, որ շարունակվում են սպառնալիքները Սիրիայում փոքրամասնությունների խմբերի անվտանգության նկատմամբ, ներառյալ ալևիների, հայերի, ասորիների, դրուզների, իսմայիլականների և քրդերի, որոնք իրենց կրոնական կամ ազգային ինքնության պատճառով սպանվում, հետապնդվում կամ թիրախ են դառնում՝ հիմնականում ոչ պետական զինված ուժերի, այդ թվում՝ Ջաբհաթ ալ-Նուսրայի և այսպես կոչված «Իրաքի և Լևանտի իսլամական պետության» կողմից: «Կոչ ենք անում բոլոր կողմերին՝ հարգել մարդու իրավունքների և մարդասիրական միջազգային իրավունքը և անհապաղ դադարեցնել ազգային պատկանելության կամ կրոնական հիմքով մարդկանց թիրախ դարձնելը ու անել ամեն ինչ՝ գործողություններով, ինչպես նաև խոսքով, կանխարգելելու հետագա պառակտումը և լարվածության խորացումը հակամարտության գծերի երկայնքով:

 

Հատուկ խորհրդականներն ու հատուկ զեկուցողները նաև դատապարտել են ռասայական կամ կրոնական ատելության քարոզչությունը, ինչը ավանդական և սոցիալական մեդիայում խթան է հանդիսանում Սիրիայում ազգային և կրոնական փոքրամասնությունների դեմ բռնության հարցում: Մասնավորապես, նրանք վրդովմունք են հայտնել վերջին ելույթների և լրատվամիջոցներում հրապարակված հոդվածների կապակցությամբ, որոնցում մերժվում է ալևիների և քրիստոնյաների մարդկային էությունը և կոչ արվում նրանց դավանափոխության կամ մահվան ենթարկել: Նրանք հիշեցրել են, որ միջազգային իրավունքն արգելում է բռնության հրահրումը:

 

 

Հակամարտության բոլոր կողմերը, այդ թվում՝ Սիրիայի կառավարությունը և ոչ պետական զինված խմբերը, ենթադրաբար Սիրիայում մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի լուրջ խախտումներ են արել, որոնք, հնարավոր է, հավասարազոր լինեն պատերազմական հանցագործությունների և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների: Հատուկ խորհրդականներն ու հատուկ զեկուցողները դատապարտել են Սիրիայում գերիշխող անպատժելիության մշակույթը և զգուշացրել, որ՝ «զենք կրող կամ հրամանատարի պաշտոն զբաղեցնող յուրաքանչուր ոք պետք է ամենայն հստակությամբ գիտակցի, որ այս ոճրագործությունների մեղավորները պատասխանատվության են ենթարկվելու»:

 

Հատուկ խորհրդականներն ու հատուկ զեկուցողները հիշեցրել են, որ 2005 թ. համաշխարհային գագաթնաժողովի ժամանակ բոլոր պետությունների և կառավարությունների ղեկավարները հանձնառություն են ստանձնել՝ պաշտպանելու բնակչությանը ցեղասպանությունից, պատերազմական հանցագործություններից, էթնիկ զտումներից և մարդկության դեմ հանցագործություններից, ներառյալ դրանց հրահրումից, և համագործակցել պաշտպանելու իրենց հավաքական պարտականության իրականացման հարցում: «Սիրիայի Արաբական Հանրապետությունում բնակչության պաշտպանությունը Սիրիայի պետության առաջնային պարտականությունն է: Այդուհանդերձ, ելնելով այս հարցում պետության ձախողման փաստից և հաշվի առնելով հակամարտության բոլոր կողմերի շարունակվող հարձակումները քաղաքացիական բնակչության դեմ՝ միջազգային հանրությունը և, հատկապես, Անվտանգության խորհուրդը պարտավոր են անհապաղ և վճռական գործողությունների դիմել՝ պաշտպանելու Սիրիայի բնակչությանը»,- հայտարարել են հատուկ խորհրդականներն ու հատուկ զեկուցողները:

 

Աղբյուրը՝

Ցեղասպանության կանխարգելման և պաշտպանելու պատասխանատվության ՄԱԿի գրասենյակ

 

Դիտումների քանակը` 2552

Վերադառնալ վերև