Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Հայրերն ու դեկրետային արձակուրդը

Աշխարհի խոշորագույն Facebook սոցկայքի համահիմնադիր-ղեկավար Մարկ Ցուկերբերգը հայտարարել է, որ 2-րդ դստեր լույս աշխարհ գալուց հետո 1 ամսով դեկրետային արձակուրդ կվերցնի:  Միջազգային լրատվամիջոցները  շտապեցին ներկայացնել մանրամասները՝ նշելով, որ  «Facebook-ն իր աշխատողներին (և՛ կանանց, և՛ տղամարդկանց) 4 ամսվա դեկրետային արձակուրդ է տրամադրում, քանի որ, ուսումնասիրությունների համաձայն, երբ աշխատող ծնողները կարողանում են ազատ ժամանակ ստանալ ու այն անցկացնել նորածնի հետ, դա լավ է անդրադառնում ամբողջ ընտանիքի վրա:

 

«Երբ Մաքսիման (առաջին դուստրը- խմբ. ) ծնվեց, ես օգտվեցի 2 ամիս տևողությամբ դեկրետային արձակուրդից, ու այնքան գոհ եմ, որ կարողացա նրա կյանքի առաջին ամիսների ընթացքում կողքին լինել: Շուտով ծնվելու է մեր մյուս աղջիկը, ու ես կրկին մտադիր եմ դեկրետային արձակուրդ գնալ»,-իր պաշտոնական էջում գրել է միլիարդատերը: Նա նաև մանրամասնել է, որ արձակուրդի առաջին ամիսը կվերցնի անմիջապես դստեր ծնվելուց հետո, իսկ 2-րդ ամիսը՝ դեկտեմբերին:  «Վստահ եմ, որ ընկերությունը դեռևս կանգուն կլինի, երբ ես վերադառնամ»,-հավելել է Ցուկերբերգը: Նշենք, որ  33-ամյա Մարկ Ցուկերբերգը  ամուսնացել է Պրիսցիլա Չանի հետ 2012-ին, նրանց առաջնեկը՝ Մաքսիման, ծնվել է 2015թ.:

 

Առաջնեկի ծնվելու կապակցությամբ  դեկրետային արձակուրդ գնալու իր  ցանկության մասին  բոլորովին վերջերս հայտարարեց նաև  «Թող խոսեն» թոք շոուի արդեն արդեն նախկին հաղորդավար  Անդրեյ Մալախովը: Լրատվամիիջոցներն այդ կապակցությամբ գրեցին, որ հենց դա էր հանդիսացել  Առաջին ալիքից նրա  հեռանալու հիմնական  պատճառը: Գրում էին, իբր  պրոդյուսեր Նատալյա Նիկոնովան  ՝ ի պատասխան դեկրետ գնալու  դիմումին  առաջարկել էր նրան կողմնորոշվել ՝ դայակ է թե  հաղորդավար: 

 

Ի դեպ,  հոր համար երեխայի ծնվելու հետ կապված արձակուրդն օրինականացված Է ԵՄ-ի անդամ երկրների մեծ մասում, բացառությամբ Գերմանիայի, Ավստրիայի, Խորվաթիայի, Կիպրոսի, Չեխիայի, Լյուքսեմբուրգի եւ Սլովակիայի, բայց դրա տեւողությունն ու դրա հետ կապված նպաստի չափը տարբեր են: Եվրահանձնաժողովի առաջարկության համաձայն՝ նորածինների հայրերը դեկրետային արձակուրդի ժամանակ պետք Է ստանան նպաստներ, որոնք համարժեք են կամ գերազանցում են վճարումների չափը ժամանակավոր անաշխատունակության դեպքում: Այս տարվա ապրիլին  Եվրահանձնաժողովն առաջարկեց  Եվրամիության անդամ երկրներում սահմանել հայրերի համար նորածինների խնամքի պարտադիր միանվագ արձակուրդ առնվազն տասն աշխատանքային օր ժամկետով: Նախագիծը կոչված Է «խրախուսել տղամարդկանց»՝ ստանձնելու նորածին երեխաների «խնամքի պարտականությունների ավելի հավասար բաժին»:

 

 

ՄԱԿ-ը նույնպես որդեգրել է նման քաղաքականություն՝  հանդես  գալով  նորածինների հայրերի համար դեկրետային արձակուրդների պրակտիկայի ներդրման օգտին  և ընդգծելով, որ մայրերի առողջությունը եւ հայրերի համար դեկրետային արձակուրդը չափազանց կարեւոր են, որպեսզի ծնողներին հնարավորություն տրվի նորածիններին նվիրել կյանքի ամենալավ սկիզբը:

 

 

 Նշենք, որ ՀՀ Աշխատանքային օրենսգիրքը  նախատեսում է հայրերի համար մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդ (Հոդված 173, 1), որը  տրամադրվում է երեխային փաստացի խնամող ընտանիքի մոր (խորթ մոր), հոր (խորթ հոր) կամ խնամակալի ցանկությամբ: Արձակուրդը կաչելի է վերցնել  ամբողջությամբ կամ մաս առ մաս:  Աշխատանքային  օրենսգրքի հոդված 176 –ով նախատեսվում է նաև չվճարվող արձակուրդ, որը  տրամադրվում է  հղիության և ծննդաբերության արձակուրդում գտնվող, ինչպես նաև մինչև մեկ տարեկան երեխային խնամելու համար արձակուրդում գտնվող կնոջ ամուսնուն: Այդ արձակուրդի ընդհանուր տևողությունը չի կարող գերազանցել երկու ամիսը: Գործնականում սակայն հայ տղամարդկանցից  քչերն են օգտվում այդ հնարավորությունից: Մի կողմից կարծրատիպերն են խանգարում՝ իբր տղամարդու համար ամոթ է «դեկրետ» գնալ, մյուս կողմից՝ աշխատանքը կորցնելու մտավախությունը…

 

Դիտումների քանակը` 557

Վերադառնալ վերև