Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Հայ աղջիկները կներկայացնեն իրենց նորարար բջջային հավելվածը Սիլիկոնային հովտում

Արագածոտնի մարզի Կարբի գյուղի հինգ աղջիկները Global Technovation challenge -ի մրցանակաբաշխության եզրափակիչ փուլի մասնակից են դարձել` հնարավորություն ստանալով  ներկայացնելու իրենց աշխատանքը WorldPitch գագաթաժողովում (World Wide Pitch Summit) , որը  կկայանա Սան Ֆրանցիսկոյի  Սիլիկոնային հովտում օգոստոսի 7-12-ը :  

 

Հայաստանը ներկայացնող 10-18 տարիքի հինգ  աղջիկները նորարարական բջջային հավելված են  մշակել,որի շնորհիվ կարելի է սովորել ժեստերի լեզու և ազատ շփվել լսողության խնդիրներ ունեցող մարդկանց հետ։ Հավելվածը կոչվում է «Հայերեն ժեստերի լեզու»։ Իրենց աշխատանքի շնորհիվ   նրանք   105 երկրից ներկայացված 3,000 թիմերից ընտրված  12 թիմերի թվում են հայտնվել: 

 

Նշենք,   որ Global Technovation-ը , որի շրջանակում աղջիկները ներկայացրել են իրենց աշխատանքը,  համաշխարհային ծրագիր է , որը խթանում է աղջիկների մասնակցությունը  գիտության և տեխնոլոգիաների ասպարեզում ( STEM):  Ծրագիրը Հայաստանի դպրոցների 10-ից 18 տարեկան աշակերտուհիներին հնարավորություն տվեց բջջային հավելվածներ ստեղծել Կայուն զարգացման նպատակների վեց թեմանեով՝ բնապահպանություն, աղքատություն, խաղաղություն, հավասարություն, կրթություն, առողջապահություն։

 

Այս տարվա գարնանը մեկնարկած ծրագրի 12 շաբաթների ընթացքում աղջիկների մինչև հինգ հոգանոց թիմերն ուսումնասիրել են Կայուն զարգացման նպատակներից բխող վեց թեմաներից որևէ մեկը, դիտարկել  թեման իրենց համայնքի համատեքստում և, մենթորների առաջնորդությամբ ձեռք բերելով համապատասխան հմտություններ, ստեղծել այդ խնդրի լուծմանն ուղղված բջջային հավելված։Մրցույթ-դասընթացին մասնակցել էր հանրապետության մարզերի 36 թիմ, կիսաեզրափակիչ էր անցել 22-ը: Կիսաեզրափակիչ անցած թիմերից ժյուրին որպես վերջնական հաղթող ընտրել է 6 թիմի, որոնք ներկայացնում են Կարբիի միջնակարգ դպրոցը, Աշտարակի թիվ 2 դպրոցը, Երևանի թիվ 2, թիվ 92,  թիվ 125 դպրոցներն ու «Անանիա Շիրակացի» ճեմարանը։ Մայիսի 17-ին՝  Հեռահաղորդակցության և տեղեկատվական հասարակության միջազգային օրը, բոլոր հաղթող թիմերը պարգևատրվեցին Հայաստանում  ՄԱԿ-ի գրասենյակի կողմից: Այժմ Կարբի գյուղից աղջիկների թիմը կարժանանա նաև միջազգային պարգևի:

 

Դիտումների քանակը` 451

Վերադառնալ վերև