Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Հայ հասարակությունն արդարացնում է կնոջ նկատմամբ բռնությունը. հետազոտության արդյունքներ

 

info-brnutyun

«Կանանց 45,9%-ը խոստովանել է, որ ենթարկվում է հոգեբանական բռնության իրենց զուգընկերոջ կողմից: Հարցմանը մասնակցած 21,3%-ը պատասխանել է, որ ենթարկվում է տնտեսական բռնության, իսկ 12,5%-ը՝ ֆիզիկական բռնության: Ինչ վերաբերում է տղամարդկանց, ապա նրանց 52,3%-ն է խոստովանել, որ իրենք ենթարկում են հոգեբանական բռնության իրենց զուգընկերոջը, 28%-ն ասել է, որ զուգընկերոջը ենթարկում է տնտեսական բռնության, իսկ 17,4%-ը խոստովանել է, որ զուգընկերոջը ենթարկում է ֆիզիկական բռնության»…

 

 

Այս մասին են փաստում  մեր հանրապետությունում   առաջին անգամ իրականացված  «Տղամարդիկ և գենդերային հավասարության հիմնախնդիրը Հայաստանում» սոցոլոգիական հետոզոտության արդյունքները,  որոնք  ներկայացվեցին Երևանում Ընդդեմ գենդերային բռնության 16-օրյա քարոզարշավի մեկնարկին նվիրված միջոցառմանը:   Հետազոտությունն իրականացվել է  ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի նախաձեռնությամբ ,  IMAGES հարցաշարի հիման վրա, որն ընդգրկում է  հարցեր տարբեր թեմաներով , այդ թվում գենդերային բռնության վերաբերյալ:

 

 

«Տղամարդկանց 95,5%-ը վերահսկողական վարք է  կիրառում  ուգընկերոջ նկատմամբ»…

 

 

jina-un

 

Զեկույցի  փորձագետ Ջինա Սարգիզովան՝ ներկայացնելով հետազոտության տվյալները  գենդերային բռնության մասով,   նշեց, որ Հայաստանում սա  իր տեսակի մեջ առաջին հետազոտությունն է, որն ուղղված է խնդրին  տղամարդկանց վերաբերմունքի և փորձի ուսումնասիրությանը : «Առաջին անգամ համապետական կտրվածքով հարցեր են տրվել գենդերային հավասարության, մեր կյանքի տարբեր երևույթների մասին տղամարդկանց և կանանց, ինչի արդյունքում փորձել են հասկանալ, թե տվյալ երևույթի մասին կանայք և տղամարդիկ ինչ պատկերացումներ ունեն»,- ասաց նա:

 

Հետազոտությունն իրականացվել է Երևանում և մարզերում  2015-2016թթ-ին: Հարցաթերթիկները լրացրել է 1617 հոգի. այս թիվը հավասարաչափ բաժանված է կանանց և տղամարդկանց միջև:  

 

 

Ջինա Սարգիզովան ասաց, որ հետազոտությունն անցկացվել է երեք տարբեր հարցաշարերով. մեկ հարցաշարը եղել է ընդհանուր, իսկ երկու հարցաշարը տարբեր են եղել, որոնցից մեկը տրվել է միայն տղամարդկանց, իսկ մյուսը՝  կանանց: Այստեղ արդյունքներն այլ են եղել, մասնավորապես, եթե ընդհանուր  հարցաշարով  կանանց 12,5%-ն է ասել, որ  ենթարկվում է ֆիզիկական բռնության իրենց զուգընկերոջ կողմից,  ապա մյուս  հարցաշարով արդեն   22,4%-ն է խոստովանել, որ ենթարկվում է ֆիզիկական բռնության: Իսկ տղամարդկանց տրամադրած հարցաշարում այն հարցին՝ թե արդյոք ենթարկել եք սեռական բռնության ձեր զուգընկերոջը, տղամարդկանց 14,6%-ը պատասխանել է՝ այո:

 

« Ավելին, այն հարցին, թե արդյոք ձեր զուգընկերոջ նկատմամբ կիրառում եք վերահսկողական վարք, տղամարդկանց 95,5%-ը պատասխանել է՝ այո: Սա մեկ անգամ ևս փաստում է, որ այսօր Հայաստանում իրավիճակը շատ մտահոգիչ է,  և որքան մենք շարունակենք ապրել այս երևույթի կողքին և փորձենք չնկատել այն՝ ասելով  երևույթը կա, բայց ավելի հրատապ հարցեր կան, այնքան ավելի դժվար կլինի  պայքարել  դրա դեմ վաղը»,-  ասաց Ջինա Սարգիզովան:

 

info-brnutyun-2

Փորձագետը  նաև նշեց, որ տղամարդկանց  ուղղված  հարցերից մեկն էլ եղել է այն, թե  արդյոք իրենք մանկության տարիներին բռնության ենթարկվել են, հարցված տղամարդկանց 27,2%-ը պատասխանել են, որ մինչև 18 տարեկանը ենթարկվել են ֆիզիկական բռնության իրենց ընտանիքում, 10,9%-ը՝ հոգեբանական բռնության, 3,5%-ը՝ սեռական բռնության, 1%-ն ասել են, որ իրենց արհամարված ու լքված են զգացել:   «Այո, ստեղծված իրավիճակը գալիս է ընտանիքից և զարգանում հասարակությունում: և մինչև մենք չփորձենք փոխել մեր վերաբերմունքն այս իրավիճակի հետ կապված, ապա ոչինչ էլ չի փոխվի»,- ընդգծեց նա:

 

Ըստ նրա՝ փորձել են պատասխանները գնահատել կրթության մակարդակի տեսակետից, որտեղ տարբերությունն ակնհայտ է: Բարձրագույն կրթություն ունեցող կանանց շրջանում բռնության արտահայտումները շատ ավելի քիչ են, այսինքն՝ այդ կանայք ավելի քիչ են ենթարկվում բռնության:

 

Ինչ վերաբերում է տղամարդկանց, ապա հետաքրքիր բացահայտում է եղել, որ այն տղամարդիկ, որոնք զուգընկերոջ հետ այլևս չեն ապրոմ, այնուամենայնիվ հակված են պարբերաբար սեռական հարաբերությունները պահպանել նախկին զուգընկերների հետ, և այս պարագայում նույնպես կիրառում են բռնության որոշակի տեսակներ և վերահսկողություն են իրականացնում:

 

 

 

«Կինը  ծեծի է արժանի որոշ դեպքերում » պնդման հետ համաձայն է յուրաքանչյուր չորրորդը

 

volodya

Զեկույցի այլ  փորձագետ  Վլադիմիր Օսիպովի դիտարկմամբ,  այն տղամարդիկ, որոնք մինչև 18 տարեկան  ենթարկվել են բռնության, նրանք ավելի շատ են հակված կիրառել բռնությունը կանանց նկատմամբ:

 

Վլադիմիր Օսիպովը ներկայացրեց  գենդերային բռնության նկատմամբ վերաբերմունքը: Հարցվողներին ներկայացվել են չորս պնդումներ, որոնք պարունակում են մի շարք պատճառներ, որոնցով արդարացնում են զուգընկերոջ կողմից կանանց հանդեպ գործած ֆիզիկական բռնությունը: Տվյալները, ըստ Վլադիմիր Օսիպովի, արտահայտում են հակասական պատկերացումները և արդի հայ հասարակության մեջ գոյություն ունեցող արժեքների բախումը:

 

Այսպես, հարցվածները պետք է պատասխանեին, թե արդյոք նրանք համաձայն են հետեւյալ պնդումների հետ.

 

  • «Կինը պետք է հանդուրժի բռնությունը հանուն ընտանիքի պահպանման» պնդմանը  հարցվածների 35,7%-ը դրական է պատասխանել:

«Որոշ չափով ստացվում է պարադոքսային իրավիճակ. մի կողմից ավանդական ընտանիքը հանդիսանում է բացարձակ արժեք հայ ժողովրդի համար, մյուս կողմից՝ արդարացվում է բռնությունը, որն ընտանեկան արժեք չէ, քանի որ բռնությունը քայքայում է ընտանիքը»,- ասաց բանախոսը:

 

  • «Կինը ծեծի է արժանի որոշ դեպքերում » երկրորդ պնդմանը համաձայնել են հարցվածների 27,7%-: Այսինքն՝ հարցվածներից յուրաքանչյուր  4-րդը արդարացնում է բռնությունը:

 

  • «Եթե կինը տղամարդուն դավաճանում է, ապա վերջինս կարող է կնոջը խփել», երրորդ պնդման դեպքում հարցվածների 55,4%-ը համարում են, որ ամուսնական անհավատարմությունը արդարացի պատճառ է բռնության համար:

 

  • «Տղամարդը կարող է խփել կնոջը, եթե նա հրաժարվում է իր հետ սեռական հարաբերություն ունենալ»  չորրորդ պնդմանը՝ հարցվածների միայն 5,1%-ն է համաձայնել:

 

Հարցումները ցույց են տալիս, որ կանայք ավելի քիչ հակված են արդարացնել բռնությունը, քան տղամարդիկ:  Բարձրագույն կրթություն ունեցող տղամարդիկ, մասնավորապես երիտասարդները, որոնք բնակվում են մայրաքաղաքում, ավելի քիչ են հակված արդարացնել  զուգընկերոջ բռնությունը կանանց նկատմամբ:

 

Վլադիմիր Օսիպովը նշեց, որ հետազոտությունը հաստատել է այն հայտնի պնդումը, որ կանանց նկատմամբ բռնություն գործադրելը և դրա հանդեպ վերաբերմունքը սերտորեն փոխկապակցված են:

 

 «Ընդհանուր առմամբ՝ բռնարարները 1,5-2 անգամ ավելի են հակված արդարացնելու զուգընկերոջ բռնությունը, քան երբևէ բռնություն չգործադրած տղամարդիկ: Նաև բավարար հիմքեր կան եզրակացնելու, որ այս հետազոտության տվյալները հաստատում են սկզբնական  վարկածը, որ կանանց նկատմամբ բռնությունը արդարացնող տղամարդիկ ավելի շատ են հակված բռնություն գործելու»,- ասաց նա:

 

Փորձագետը նշեց նաեւ, որ   հարցվածների 32,2%-ը ընդունել է  նաև հետևյալ պնդումը՝ «եթե կինը բռնաբարվում է, սովորաբար նա է ինչ-որ բան արել՝ ինքն  իրեն դնելով այդ իրադրության մեջ»:   Հարցվածների 35,8%-ն էլ պատասխանել է, որ բռնաբարության որոշ դեպքերում կանայք իրականում ուզում են, որ դա տեղի ունենա, իսկ 59,8%-ը պատասխանել է, որ եթե կինը ֆիզիկապես չի հակադարձում, ապա հնարավոր չէ հաստատապես պնդել, որ տեղի ունեցածը բռնաբարություն է: Իսկ այն պդնմանը, թե ցանկացած բռնաբարության դեպքում անհրաժեշտ  է պարզել, թե արդյոք զոհը պատահական սեռական կապեր կամ վատ համբավ չի ունեցել, համաձայնել է հարցվածների  62,7%-ը:   

 

Ուսումնասիրության արդյունքները հստակորեն ցույց են տալիս, որ հայրիշխանական և «ավանդական» խստահայաց սոցիալական նորմերը և ընկալումները  առնականության, կանացիության, գենդերային հավասարության, սեռականության,  ընտանիքի այլ անդամների, այդ թվում՝ երեխաների հետ հարաբերությունների, տնային պարտականությունների բաշխման, ինչպես նաև կանանց նկատմամբ  բռնության մասին  դեռևս լայն տարածում ունեն  հայ հասարակության շրջանում:

 

Նշենք, որ այս  հետազոտության տվյալներն ամբողջությամբ   ներկայացվելու են հանրությանը  առաջիկայում:

 

 

Մ. Մարգարյան 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

 

Կանանց և աղջիկների նկատմամբ բռնությունը շարունակում է մեծ խնդիր մնալ ողջ աշխարհում

 

Կանանց նկատմամբ բռնությունը համարվում է մարդու իրավունքների ամենալուրջ խախտումներից մեկը

 

Հայ հասարակությունն արդարացնում է կնոջ նկատմամբ բռնությունը. հետազոտության արդյունքներ

 

«Աշխարհը կրկին ողողվեց նարնջագույնով»

Դիտումների քանակը` 1926

Վերադառնալ վերև