Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Հանրային կարծիքը հաշմանդամության խնդիրների վերաբերյալ՝ ինչպիսի՞ն է այն Հայաստանում

Save the Children  կազմակերպության կողմից Հայստանում կատարված հետազոտության տվյալներով  հանրային կարծիքը այս խնդրով  բավականին հակասական է, ինչը հիմնականում տեղեկատվության պակասի արդյունք է:

 

Աշխարհում ավելի քան մեկ միլիարդ մարդ ապրում է այս կամ այն տեսակի հաշմանդամությամբ, իսկ 200 միլիոն մարդ հաշմանդամության հետ կապված խնդիրների պատճառով զգալի դժվարությունների է հանդիպում տարբեր գործողություններ կատարելիս: Որպես կանոն, նրանք  համեմատաբար ցածր մասնակցություն ունեն առողջապահական, կրթական ու տնտեսական բնագավառներում և առանձնանում են աղքատության ավելի բարձր ցուցանիշներով:

 

 

 

Հայաստանում 2011-ի  դրությամբ հաշմանդամություն ունեցող անձանց պաշտոնապես գրանցված թիվը՝  179,257 էր: Նրանց  մեծամասնությունը բախվում է  հասարակության կողմից հաշմանդամության թյուր ընկալմանը: Դեռեւս ԽՍՀՄ ժամանակաշրջանից  հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրների նկատմամբ մոտեցումը Հայաստանում  հիմնված է «բժշկական մոդելի» վրա:

 

 

Այդ   մոդելի շրջանակներում հաշմանդամությունը դիտարկվում է որպես հիվանդության հետևանք` փոխկապակցված կենսագործունեության որևէ տեսակի սահմանափակմամբ: Արդյունքում, սոցիալական աջակցության ծավալը որոշելիս  հաշվի չեն առնվում անհատական գործոնները, ինչպիսիք են անձի մասնագիտական  արողությունները, տարիքը, աշխատանքային փորձն ու նոր մասնագիտություն ձեռք բերելու հնարավորությունը և այլն: Գործող համակարգի շրջանակներում հաշվի չեն առնվում նաև շրջակա միջավայրի գործոնները: Վերը նշված հանգամանքները հնարավորություն չեն տալիս ամբողջությամբ բացահայտել հաշմանդամություն ունեցող անձի անհատական կարիքները, ինչը հնարավոր է աշխարհում լայն  կիրառվող «սոցիալական մոդելի» ներդրման միջոցով:

 

 

Վերապատրաստման և աշխատանքի բացակայության պայմաններում հաշմանդամություն ունեցող անձանց եկամտի հիմնական աղբյուրը կառավարության կողմից սահմանված կենսաթոշակն է, որն այս պահի դրությամբ (2012թ. սեպտեմբեր) կազմում է հիմնական կենսաթոշակի 100-140%-ը՝ կախված հաշմանդամության խմբից, այսինքն՝ 13000-18200 դրամ:

 

 

Ինչպես նշվում է «Իրացրու՛ քո աշխատանքի իրավունքը» կայքէջում, «նրանք սահմանափակ տեղեկատվություն ունեն իրենց իրավունքների մասին և վարում են խիստ ներփակ կյանք՝ մերժվելով հասարակության կողմից և, անգամ աշխատանք ունենալու դեպքում, հաճախ խտրականության ենթարկվելով աշխատավայրում»:

 

 

Նշված խնդիրները  հաղթահարելու նպատակով Save the Children  կազմակերպությունը   ԱՄՆ ՄԶԳ ֆինանսական աջակցությամբ 2012-2014 թ.թ. իրականացնում է «Հաշմանդամություն ունեցող անձանց կենսամակարդակի բարելավում զբաղվածության խթանման միջոցով» (LIFE – Livelihood Improvement tհrough  Fostered Employment for People with Disabilities Program) ծրագիրը: Այն իրագործվում է   մի շարք  հաշմանդության խնդիրներով զբաղվող ՀԿ-ների,  ինշպես նաեւ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության,  «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության , այլ պետական կառույցների հետ սերտ համագործակցությամբ:

 

 

Ծրագիրը միտված է պետական ծառայողների կարողությունների բարձրացմանը, հմտությունների զարգացմանն ու հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածությանը վերաբերող պետական քաղաքականության, համակարգերի, օրենքների, մեխանիզմների ամրագրմանը: LIFE ծրագիրը կօժանդակի «սոցիալական մոդելի» ընդունմանը, ըստ որի, հաշմանդամությունը դիտարկվում է որպես անձի ֆունկցիոնալ կարգավիճակի և իրավունքների փոխազդեցություն նրա ֆիզիկական, մշակութային և քաղաքական միջավայրի հետ:

 

Օրերս Save the Children  կազմակերպությունը ներկայացրեց LIFE ծրագրի  շրջանակներում կատարված  «Հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության վերաբերյալ հանրային կարծիքի վերլուծության» արդյունքները: Հետազոտությունն իրականացվել է «Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի» (ՔԶՀՀ) կողմից` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ:

 

 

Միջոցառման ընթացքում ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ջեմմա Բաղդասարյանը, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության Ժողովրդագրության, առողջապահության և սոցիալական բարեփոխումների գրասենյակի տնօրեն Սթիվեն Բրագերը,  «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Իրինա Սաղոյանը և LIFE ծրագրի տնօրեն Ջինա Սարգիզովան:

 

 

Հետազոտության նպատակն է պարզել հանրության կարծիքը և վերաբերմունքը հաշմանդամություն ունեցող անձանց ու նրանց առջև ծառացած խնդիրների, մասնավորապես` նրանց զբաղվածության վերաբերյալ: Հետազոտության արդյունքները վկայում են հաշմանդամություն ունեցող անձանց առօրյա խնդիրների, հաշմանդամության  տեսակների, հաշմանդամություն ունեցող անձանց` աշխատանքի ընդունվելու և աշխատավայրում առաջացող դժվարությունների ու խոչընդոտների մասին հանրային իրազեկության պակասի մասին:

Ստացված արդյունքները թույլ են տալիս եզրակացնել.

 

1. Հասարակության շրջանում տեղեկատվության պակաս կա հաշմանդամության տիպաբանության, հաշմանդամություն ունեցող անձանց առօրյա խնդիրների ու խոչընդոտների, նրանց անհրաժեշտ աջակցությունների մասին, աշխատանքի ընդունվելու և աշխատանքի ընթացքում առաջացող դժվարությունների ու խոչընդոտների մասին:

 

2. Հանրությունը «դրական» վերաբերմունք է արտահայտում հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ և պատրաստ է օգնել նրանց, բայց դրա հետ մեկտեղ  գոյություն ունի ընդհանրական կարծիք, որ լայն հանրության վերաբերմունքը «բացասական» է:

 

3. Հանրությունը «բացասական» վերաբերմունք ունի հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության և նրանց` աշխատաշուկայում ներգրավվածության նկատմամբ: Միաժամանակ, մարդիկ պատրաստ են աշխատել հաշմանդամություն ունեցող անձանց հետ միասին՝ միևնույն աշխատավայրում, նշելով, որ նրանք պետք է որոշակի արտոնություններ ունենան աշխատավայրում:

 

 

4. Աշխատավայրում հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ, ըստ հասարակական կարծիքի, առկա է աշխատակիցների և՛ «դրական», և՛ «բացասական» վերաբերմունք: Սակայն հարկ է նշել, որ հանրությունը հիմնականում տեղեկատվության պակաս ունի աշխատավայրում նրանց նկատմամբ առկա վերաբերմունքի մասին:

 

 

5. Հանրությունն այն կարծիքին է, որ գործատուները հրաժարվում են աշխատանքի ընդունել հաշմանդամություն ունեցող անձանց` վերջիններիս սահմանափակ կարողությունների պատճառով, թեպետ  գործատուները նշում են, որ պատրաստ են աշխատանքի ընդունել նրանց: Ընդ որում, գործատուները տեղյակ չեն այդ անձանց զբաղվածությանն աջակցող պետական ծրագրերի մասին և տեղեկատվության կարիք ունեն:

 

Հետազոտության արդյունքում ընդգծվել է այն հանգամանքը, որ անհրաժեշտ է լայնածավալ իրազեկում հաշմանդամություն ունեցող անձանց, հաշմանդամության տիպաբանության, ընդունելի հասկացությունների կիրառման վերաբերյալ: Սույն հետազոտության համատեքստում հույժ կարևոր է նաև հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության հնարավորությունների, աշխատանքային ունակությունների վերաբերյալ կրթական միջոցառումներ անցկացնել թե՛ հանրության, թե՛ հատկապես գործատուների շրջանում: Տեղեկատվության տարածումն ու կրթական միջոցառումները կնպաստեն նաև հանրային վերաբերմունքի փոփոխությանը, ընդ որում, բացի հաշմանդամություն ունեցող անձի՝ «հիվանդ» կամ «սահմանափակ կարողություններով» մարդու կարծրատիպերից, հարկ է վերանայել նաև խղճահարության, կարեկցանքի, առանձին հիացմունքի առարկա լինելու վերաբերյալ պատկերացումները, որպեսզի հանրությունն ի վերջո հաշմանդամություն ունեցող մարդուն դիտարկի որպես լիարժեք և հասարակության մեջ հավասար դիրք ունեցող անձի:

 

Ընդհանուր առմամբ՝  հետազոտության արդյունքների հիման վրա կարելի է եզրակացնել, որ անհրաժեշտ է լայնածավալ իրազեկում հաշմանդամություն ունեցող անձանց, հաշմանդամության տիպաբանության, ընդունելի հասկացությունների կիրառման վերաբերյալ: Հույժ կարևոր է նաև հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության հնարավորությունների, աշխատանքային  ունակությունների վերաբերյալ կրթական միջոցառումներ անցկացնել թե՛ հանրության, թե՛ հատկապես գործատուների շրջանում: Տեղեկատվության տարածումն ու կրթական միջոցառումները կնպաստեն նաև հանրային վերաբերմունքի փոփոխությանը:

 

Ինչպես նշում է,  LIFE ծրագրի տնօրեն Ջինա Սարգիզովան,  բացի հաշմանդամություն ունեցող անձի՝ «հիվանդ» կամ «սահմանափակ կարողություններով» մարդու կարծրատիպերից,  հարկ է վերանայել նաև խղճահարության, կարեկցանքի, առանձին հիացմունքի առարկա լինելու վերաբերյալ պատկերացումները, որպեսզի հանրությունն ի վերջո հաշմանդամություն ունեցող մարդուն դիտարկի որպես լիարժեք և հասարակության մեջ հավասար դիրք ունեցող անձի:

 

 

Հետազոտության արդյունքներին կարելի է ծանոթանալ այստեղ.

 

http://life-disability.am/Docs/Public%20Opinion%20Survey%20Report%20Arm.pdf

 

 

 

Դիտումների քանակը` 3632

Վերադառնալ վերև