Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Հաշմանդամ աղջիկներից ծնողներն ավելի հաճախ են հրաժարվում

Հաշմանդամություն ունեցող աղջիկ երեխաներին ավելի հաճախ են հանձնում մանկատուն, քան տղաներին: Եվ եթե տանը խնամվում են հաշմանդամ տղա երեխաների 68 տոկոսը, ապա աղջիկների միայն 32 տոկոսն է, որ ապրում է ընտանիքում: Դրա մասին է փաստում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (UNICEF) կողմից  հրապարակած «Հաշմանդամություն ունեցող երեխաների համար կրթական, առողջապահական և սոցիալական պաշտպանության ծառայությունների մատչելիությունը Հայաստանում» զեկույցում, որի հիմքում հետազոտության արդյունքներն են  մեր երկրում հաշմանդամություն ունեցող երեխաների խնդիրների վերաբերյալ:  Այդ երեխաների թիվը  պաշտոնական տվյալների համաձայն 8 հազար է, սակայն փորձագիտական գնահատականներով  կան բազմաթիվ երեխաներ, որոնք չունեն հաշմանդամության կարգավիճակ ու շարունակում են անտեսանելի մնալ սոցիալական ապահովության համակարգի համար:

 

Նշենք, որ հետազոտությունն իրականացվել է 5707 երեխաների ընտանիքների կամ խնամք տրամադրողների հետ, որոնցից 5322-ը գտնվում էին ընտանեկան խնամքի ներքո, իսկ 385-ը մանկատներից էին:

 

Համաձայն զեկույցի, հաշմանդամություն ունեցող  տղաների և աղջիկների ընդհանուր հարաբերակցությունը 2:1 է, իսկ մանկատներում այն գրեթե հավասարվում է` 5.5:4.5: Ընդհանուր առմամբ  մանկատներում  գտնվող հաշմանդամություն ունեցող տղա երեխաներին ընտանիքի անդամներն այցելում են ավելի շատ և նրանք տուն են գնում ավելի հաճախ, քան աղջիկ երեխաները: Մանկատան տղա երեխաները  ավելի հակված են ընկերներ չունենալու (19 տոկոս), քան աղջիկները (12 տոկոս): Իսկ ընդհանուր առմամբ մանկատներում գտնվող հաշմանդամություն ունեցող  յուրաքանչյուր 4 երեխայից մեկը (23 տոկոսը) մանկատան տարածքից երբեք դուրս չի գալիս կամ դուրս է գալիս միայն բժշկին այցելելու նպատակով:

 

Ի դեպ,  հաշմանդամություն ունեցող աղջիկներն ավելի շատ են հակված դուրս մնալ դպրոցից, քան տղաները և սեռերի միջև այս տարբերությունը առավել ակնհայտ է մարզային քաղաքներում: Բացառված չէ, որ աղջիկները ավելի ծանր են տանում շրջապատի վերաբերմունքը իրենց նկատմամբ, թեպետ դա իհարկե հաշմանդամություն ունեցող աղջկների եւ տղաների տարբերակաված վարքագծի միակ բացատրությունը  չէ:  Դպրոց հիմնականում չեն հաճախում մտավոր հաշմանդամություն ունեցող երեխաները` 27 տոկոսը, այնուհետև հենաշարժողական խնդիրներ ունեցող երեխաները` 26 տոկոս և համակցված հաշմանդամություն ունեցող երեխաները` 20 տոկոս:

 

Ինչ վերաբերում է մանկապարտեզներին, ապա իրավիճակն այստեղ էլ բարվոք չէ. հաշմանդամություն ունեցող երեխաների մանկապարտեզ հաճախելության ցուցանիշը առավել բարձր է Երևանում` 48 տոկոս, մարզերում այն կազմում է 31 տոկոս: Որոշակի տարբերություններ կարելի է տեսնել  նաև ըստ սեռերի, մասնավորապես Երևանում տղաների 50 տոկոսն է հաճախում կամ հաճախել մանկապարտեզ, իսկ աղջիկների միայն 44 տոկոսը, մարզային քաղաքներում` տղաների 43 տոկոսը, իսկ աղջիկների 37 տոկոսը: Եվ միայն գյուղական համայնքներում է, որ  այս իմաստով տարբերություն չի նկատվում:

 

Մինչդեռ, հիշեցնենք, «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիան վավերացնելով Հայաստանի կառավարությունը ստանձնել է «ապահովել և խթանել հաշմանդամություն ունեցող բոլոր անձանց մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների  լիարժեք իրագործումը», և այս մասին  զեկույցի շնորհանդեսին հիշեցրեց նաև ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

 

Հետազոտության  ընթացքում պարզվել է նաև, որ գենդերային տարբերությունը իրեն զգացնել է տվել նաև  հաշմանդամություն ունեցող երեխաներին տեխնիկական միջոցներով (պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական պարագաներ, լսողության սարք և այլն) ապահովելու գործընթացում: Նախ, հարցվողների 27 տոկոսը նշել է, որ ստացել են այդ միջոցները, ավելի շատ երևանաբնակները:  Ինչ վերաբերում է գենդերային տարբերությանը, ապա այն արտացոլվում է հետևյալ թվային պատկերում` աղջիկների 32 տոկոսը և տղաների 25 տոկոսն են ստացել վերոնշյալ միջոցները:

իսկ պատՃառները, թե ինչու  ընտանիքներն այդպես էլ չեն ստացել իրենց հաշմանդամ երեխաներին հատկացվող միջոցները ,  հետևյալն են.  87 տոկոսը նշել է, որ նման ծառայության կարիքը չունեն, 6 տոկոսը առհասարակ տեղյակ չեն եղել, որ կարող են օգտվել այդ ծառայությունից և 4 տոկոսն էլ ընդգծել է, որ ի վիճակի չէ վճարել ծառայության դիմաց:

 

 

«Հաշմանդամություն ունեցող բազմաթիվ երեխաներ ընդհանրապես չեն հաճախում նախակրթարան ու դպրոց, չեն մասնակցում համայնքի կյանքին: Իսկ հայտնի է, որ ներառական կրթարաններում ուսում ստանալը հասարակության բոլոր անդամների արժանապատիվ կեցության երաշխավորման կարևորագույն նախադրյալներից է. երեխան չի կարող լիարժեքորեն իրացնել իր ներուժը, եթե չկա բարենպաստ միջավայր» ,-համոզմունք է հայտնում  ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչ՝ Հենրիետ Արենսը:
«Հաշմանդամություն ունեցող երեխաներն ու նրանց ընտանիքները իրավունք ունեն ստանալու օժանդակություն, որը պետք է համակարգված ծառայությունների միջոցով ողջ կյանքի ընթացքում հասանելի լինի երեխային, և ներառումը այդ ամենը հնարավոր է դարձնում»,- նշեց տիկին Արենսը:

 

Նրա խոսքով, տարեց տարի ավելանում է այն երեխաների թիվը, որոնք օգտվում են բուժօգնությունից ու վերականգնողական ծառայություններից, սակայն որքան էլ ողջունելի լինի այս թիվը` Հայաստանում դեռևս հազարավոր երեխաներ մեկուսացված են իրենց ընտանիքներից ու հասարակությունից ու ապրում են մանկատներում, հատուկ դպրոցներում:  Ու ամենավտանգավորն, ըստ բանախոսի այն է, որ 0-3 տարեկան հաշմանդամ երեխաներին շարունակում են տեղավորել նմանատիպ հաստատություններ, իսկ դա կարող է անշրջելի լինել նրանց ապագայի համար:

 

Հետազոտությունը պարզել է, որ հանրապետությունում հաշմանդամություն ունեցող երեխաները լուրջ խոչընդոտների են հանդիպում ծառայություններից օգտվելու հարցում` սոցիալական պաշտպանության, առողջապահության ոլորտ և այլն: Խոչընդոտների են հանդիպում նաև դպրոցներում ներառական կրթության, վերականգնողական ծառայություններից օգտվելու առումով և համայնքային կյանքին մասնակցելու տեսանկյունից:

 

Բոլոր դեպքերում  ամենախոցելի խումբը հաշմանդամություն ունեցող այն երեխաներն են, ովքեր ապրում են հաստատություններում ու հատկապես մանկատներում:

 

Նշենք, հետազոտության թիրախ խումբ են հանդիսացել հաշմանդամություն ունեցող 0-18 տարեկան երեխաները: Հետազոտությունն իրականացրել է Մարքեթինգի հայկական ասոցիացիան (ՄՀԱ), օգտվել է հաշմանդամություն ունեցող անձանց «Փյունիկ» տվյալների շտեմարանից, որը 2011թ-ի օգոստոսին տրամադրել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:

 

Է.Մ.

Դիտումների քանակը` 4900

Վերադառնալ վերև