Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Հաշմանդամ երեխաներ խնամող ծնողները նոր նպաստի կարիք ունեն

 

 

Բոլորովին վերջերս՝ մայրաքաղաքի օրվան ընդառաջ, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին նամակ էր գրել 12-ամյա Սիրանույշ Պապյանը, ով հենաշարժողական խնդիրներ  ունի  և տեղաշարժվում է անվասայլակով: Փոքրիկ Սիրուշիկը իր նամակով փորձ էր արել քաղաքապետի ուշադրությունը հրավիրել հաշմանդամություն ունեցող անձանց, նաև երեխաների համար մատչելի միջավայր ստեղծելու խնդրին: Սիրուշիկը ու նաև իր կրտսեր եղբայրը, որը ևս հաշմանդամություն ունի, լիովին մոր՝  Մերի Մարտիրոսյանի խնամքի տակ են:

 

WomenNet-ի հետ զրույցում տիկին Մարտիրոսյանը պատմեց, որ միայնակ է դաստիարակում երեխաներին, սոցիալապես վատ պայմաններում են ապրում, քանի որ ինքը չի կարող աշխատել, որովհետև այդ դեպքում կտուժեին իր կարիքը խիստ զգացող երեխաները: Այդ իսկ պատճառով երեք հոգանոց այս փոքրիկ, խնդիրներով լի ընտանիքը գոյատևում է միայն երեխաների հաշմանդամության նպաստով՝ ամսական 36 հազար դրամով: Օգնում են բազմապիսի հասարակական կազմակերպություններ, Հայ Առաքելական եկեղեցին, իսկ քանի որ ընտանիքը անգամ սեփական բնակարան չունի, ապաև վերջին տարիներին վարձով բնակարանի վճարը հոգում է «Հայաստան համահայկական հիմնադրամը» ….

 

Մի խոսքով՝ խնդիրները շատ են, բայց ուրախությունն էլ, ըստ մեր զրուցակցի, երես չի թեքել Մերի Մարտիրոսյանի ընտանիքից. «Սիրուշիկս  սովորում է 129 ներառական դպրոցում, դաշնամուրի եմ տանում, , սիրում է նկարել: Շատ ակտիվ է, երեխաները սիրում են Սիրուշիկիս, ընկերներ ունի…ինձ էլ ի՞նչ է պետք»,- ասում է մայրը:

 

Այ թե ինչ է պետք ոչ միայն Մերի Մարտիրոսյանին, այլև բազմահազար հայ մայրերին, որոնք հաշմանդամ երեխա են խնամում (առանձնացնում ենք հենց մայրերին, քանզի վիճակագրությունը ցույց է տալիս, որ  հիմնական հոգսը  հաճախ միայն մայրերի ուսերին է), գիտեն Ֆրանս-հայկական զարգացման հիմնադրամում, որտեղ նախաձեռնել են «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագիծ մշակել: Այս նպատակով հիմնադրամը համագործակցության է հրավիրել մի շարք հասարակական կազմակերպությունների, որոնք իրենց գործունեության առանցքում դրել են հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները:

 

Ի՞նչ են ենթադրում փոփոխությունները: Այս թեմայով երեկ կայացած  կլոր սեղանի ժամանակ պարզեցինք, որ ինչպես մի շարք զարգացած երկրներում, Հայաստանում ևս առաջարկվում է նպաստ վճարել  հատուկ խնամք պահանջող հաշմանդամ երեխայի  ծնողին, որն այդ խնամքի պատճառով հնարավորություն չունի աշխատելու: Նախագիծը դեռևս սաղմնային վիճակում է, առաջիկա մեկ ամսվա ընթացքում քննարկմանը ներկա կազմակերպությունները կներկայացնեն նաև իրենց առաջարկությունները, թե ի՞նչ մեխանիզմներ են անհրաժեշտ, ի՞նչ չափ պետք է ունենա այդ նպաստը և այլն: Իսկ հետո արդեն ամենաբարդ փուլն է սպասվում՝ նախագիծը ներկայացնել համապատասխան գերատեսչություններին՝ ի դեմս ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և սպասել պետության արձագանքին:

Քննարկմանը մի շարք մտահոգություններ հնչեցին, որոնցից թերևս ամենագլխավորն էր՝ արդյո՞ք պետական բյուջեն կարող է իրեն թույլ տար նման «շռայլ անհրաժեշտություն», այն էլ այն դեպքում, երբ հաջրդ տարի, օրինակ, պետական բյուջեի նախագիծը ո՛չ կենսաթոշակների և ո՛չ էլ աշխատավարձի բարձրացում չի նախատեսում: Սա, իհարկե, ցույց կտա ժամանակը, իսկ մինչ այդ քննարկվեց, թե որքան անհրաժեշտ է այս փոփոխությունը ու նպաստի առկայությունը մեր հասարակությունում, որտեղ միայն պաշտոնական տվյալներով ապրում է 8 հազար հաշմանդամ երեխա: Բացի այդ  կան բազմաթիվ երեխաներ, որոնք չունեն հաշմանդամության կարգավիճակ ու շարունակում են անտեսանելի մնալ համակարգի համար:

 

Բերվեց նաև միջազգային փորձը, մասնավորապես Ֆրանսիայի օրինակը, որտեղ հաշմանդամ երեխա խնամող ծնողին, ով չի աշխատում, պետությունը նպաստ է հատկացնում: Այդպես, նպաստի նվազագույն շեմը ամսական 90 եվրո է, սակայն նպաստի չափը կարող է հասնել 1000 եվրոյի: Իսկ բացի այդ կարևոր է այն հանգամանքը, որ երեխային խնամող ծնողը չի զրկվում աշխատանքային ստաժից, որն այդքան կարևոր է ծերության թոշակ ստանալու ժամանակ:

 

Ըստ նախագծի նախնական տեսքի, որը, կրկնում ենք, դեռևս շատ փոփոխությունների  կենթարկվի, մինչև որ կդրվի կառավարության սեղանին, առաջարկվում է «Պետական նպաստների մասին» օրենքով «սահմանել  նպաստի նոր տեսակ, որը կտրվի  համապատասխան ծառայության կողմից հաստատված  հատուկ խնամքի կարիք  ունեցող երեխայի ծնողին, եթե նա չի աշխատում և իրականացնում է երեխայի խնամքը: Նպաստը տրվելու է մինչև երեխայի չափահաս դառնալը կամ նպաստ ստանալու համար օրենքով նախատեսված հիմքերի վերացումը»:

 

Հիշեցնենք, «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կմետի համաձայն հաշմանդամ երեխա ճանաչված անձի կենսաթոշակի չափը կազմում է հիմնական կենսաթոշակի 140 տոկոսը: ՀՀ Կառավարության 2010թ-ի դեկտեմբերի 30-ի թիվ 1734-Ն  որոշման համաձայն հիմնական կենսաթոշակի չափը՝ 18.200 դրամ է: Քննարկման մասնակիցները եկան ընդհանուր հայտարարի, որ եթե պետությունը համաձայնություն տա նման նպաստի ներդրմանը, ապա այն նվազագույնը պետք է լինի 18.000 դրամ:

 

Էնզելա Մակարյան

 

 

P.S. Օրերս   Ռուսաստանի Ուլյանովսկ  քաղաքում 10 տարեկան  աղջիկը , ով մանկուց տառապում էր մանկական ցերեբրալ պարալիչով,  ինքնասպանության փորձ էր արել՝  ցած նետվելով հինգերորդ հարկից, քանի որ մայրը գումար չէր կարողացել հավաքել՝ բուժման հերթական կուրսը անցկացնելու համար: Երեխան ողջ էր մնացել,նրան վնասվածքներով տեղափոխել էին հիվանդանոց:

 

Մանրամասները կարելի է կարդալ  այստեղ.

http://www.rg.ru/2012/11/08/reg-pfo/operaciya.html

 

 

 

Դիտումների քանակը` 4280

Վերադառնալ վերև