Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Հավասար հնարավորությունների քաղաքականություն – ի՞նչ է դա նշանակում

 

Այս հարցի պատասխանը  կարող եք գտնել ստորեւ  ներկայացվող  Euronews-ի ռեպորտաժում:  Գուցե ծանոթանալով այս նյութի հետ   մենք կարողանանք նաեւ ստանալ   այլ հարցի պատասխանը ՝ ինչու՞ Հայաստանում   ընդունվեց  «Կանանց ու տղամարդկանց հավասարիրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման մասին օրենքը» եւ  ի՞նչպես այն կարող է օգնել, օրինակ,  երիտասարդ  ընտանիքներին՝ իրենց  խնդիրները լուծելու: Մի փոքր  վիճակագրություն այս կապակցությամբ.  մեր հանրապետությունում նախադպրոցական տարիքի երեխաների միայն 21,6 %-ն է մանկապարտեզ հաճախում, իսկ գյուղական համայնքներում՝ ընդամենը 10,5 %-ը: Այս պաշտոնական թվերը ընդամենը փաստում են, թե որքան դժվար է երիտասարդ մայրիկներին համատեղել աշխատանքն ու ընտանիքը: Ընդ որում,  այսօրվա սոցիալ-տնտեսական պայմաններում կնոջ  չաշխատելու տարբերակը չի էլ դիտարկվում, այլապես երիտասարդ ամուսինները չեն կարողանա ոչ ընտանիքի գոյատեւման հարցը լուծել, ոչ էլ  մեկից ավելի երեխա ունենալ…

 

 

…Դյուսելդորֆում վաղ առավոտ է: Մառլեն Գրիսերը և ամուսինը շտապում են. 4-ամյա Պոլինին և 2 տարեկան Սամուելին պետք է մանկապարտեզ տանել: Տղան ընդամենը 9 ամսեկան էր, երբ Մառլենը որոշեց աշխատանքի վերադառնալ, իսկ գերմանական հասարակությունում դա ընդունված չէ: Գերմանիայում՝ հատկապես երկրի արևմուտքում, շատ կանայք նախընտրում են ծննդաբերությունից հետո ինչքան հնարավոր է երկար հոգ տանեն երեխայի մասին:

 

Մառլեն Գրիսեր. «Ինձ տանջում էին կասկածներս, քանի որ  ցանկանում էի ավարտել կրթությունս: Բացի այդ այնքան շատ ժամանակ էր անցել, ես ուզում էի ինչ-որ բան անել ինքս ինձ համար, որովհետեվ ես տանն եմ եղել, երբ ծնվեց առաջնեկս, և հետո երկրորդ երեխան»:

 

Չնայած գերմանական տնտեսությունը ամենակայունն է ողջ եվրոպական տարածաշրջանում, ծնելիության մակարդակը երկրում ցածր է միջին եվրոպականից, 2001-.ից մինչ 2011 թ. այն զգալիորեն նվազել է: Հնարավոր է ՝ կանայք ստիպված են լինում ընտրել երեխայի և աշխատանքի միջև:

 

Մառլեն Գրիսեր. «Գերմանիայում ինձ հաճախ զարմանքով ասում են – Քո երեխաներն այնքան փոքր են, բայց դու կարողանում ես համատեղել ուսումդ, ինչպե՞ս ես հասցնում- իմ ընկերուհիներից շատերը նույնիսկ աշխատանքի են վերադարձել ավելի շուտ, քան ընդունված է մեր հասարակությունում, և նրանք պատմում են, որ այդ իսկ պատճառով նրանց մի տեսակ թերահավատորեն են վերաբերվում: Սովորաբար մեր կանայք տանն են նստում մեկ տարի, կամ նույնիսկ ավելի երկար: Մեզ մոտ այնքան էլ լավ չեն նայում, երբ աշխատանքի են վերադառնում անմիջապես ծննդաբերությունից հետո»:

 

Անգելա Մերկելի կառավարությունն անում է ամեն ինչ ծնելիության մակարդակը բարձրացնելու համար. տարեկան 200 մլրդ եվրո է հատկացվում՝ որպես ընտանիքներին օգնություն: Սակայն դա էլ չի օգնում: Բեռլինում խնդիրը փորձում են լուծել մեծ թվով  մանկապարտեզներ կառուցելով: Այս առումով Ֆրանսիան և սկանդինավյան երկրները վաղուց առաջ են անցել, ծնելիության մակարդակը բավականին բարձր է այնտեղ:

 

Բեռլինից օրինակ են վերցնում նաև Գերմանիայի մյուս քաղաքները: Դյուսելդորֆի Պի-Կաս մանկապարտեզում 500 տեղ կա, սակայն 10 անգամ ավելի մարդ է ցանկանում երեխային այնտեղ տանել:

 

Գերալդինա Շուլդեն.  « Անցյալ տարի, երբ մենք դեռ նոր էինք բացվել, 600 ընտանիք էր դիմել մեզ: Բացվելուց 9 ամիս առաջ արդեն մեզ մոտ հերթագրվում էին: Այդ ժամանակ դեռ շենքը կառուցված չէր, և մենք նույնիսկ հստակ չգիտեինք, թե երբ կսկսենք աշխատել»:

 

Վերջին ամիսների ընթացքում Գերմանիայում շատ մանակպարտեզներ են կառուցվել, ինչի շնորհիվ էլ նոր աշխատատեղեր են բացվել: Ընտանեկան հարցերով նախարարը հայտնեց հաջողության մասին: Յուրաքանչյուր երեխայի խոստացել էին տեղ հատկացնել մանկապարտեզում: Սակայն Գերմանիայի քաղաքապետարանների Ասոցիացիայի տվյալների համաձայն դեռևս կան 100 000 երեխաներ, ովքեր ցանկանում են մանկապարտեզ գնալ: Նման իրավիճակում են ահյտնվել Զաբին Ռատկեն և Ուդո Դրիվսը:

 

Ուդո Դրիվս. «Երեխայի ծնվելուց հետո առաջին երկու ամիսը մենք հերթով խնամում էինք փոքրիկին: Սակայն հետո ես աշխատանքի գնացի: Ղեկավարությունն ինձ աջակցում է, ես ունեմ հայր լինելու հնարավորությունը»:

 

Քաղաքային մանկապարտեզում իրենց աղջկա համար այդպես էլ տեղ չգտան, այդ իսկ պատճառով Զաբինը և Ուդոն ստիպված եղան դիմել մասնավոր մանկապարտեզ, որն էլ 2 անգամ ավել արժի . 1000 եվրո ամսեկան, եթե երեխան մնում է ողջ օրը:

 

Զաբին Ռատկե. « Ես չեմ ջղայնանում, բայց հիասթափված եմ: Մեր բախտը բերեց, որովհետեվ մեզ աջակցեցին գործատուները: Մենք գտանք մասնավոր մանկապարտեզ, և այն մեզ դուր է գալիս: Սակայն հիասթափության զգացողությունը չի լքում ինձ. կառավարությունը խոստանում է ավելին, քան անում է: Մենք մանկապարտեզի համար վճարում ենք ավելին, քան երբևէ կմտածեինք: Եվ սա ընդհանրապես չի համընկնում իշխանությունների այն հայտարարություններին, թե ինչքան լավ է ամեն ինչ մեզ մոտ»:

 

Այն բանից հետո, երբ ընտանիքը փաստաբանի դիմեց, քաղաքային իշխանությունները տեղ հատկացրեցին տանից 5 կմ հեռավորության վրա գտնվող քաղաքային մանկապարտեզում: Սակայն Զաբինն ու Ուդոն մեքենա չունեն, նրանք օգտվում են հասարակական տրանսպորտից: Ուրիշ ծնողներ ստիպված են լինում դիմել դայակների օգնությանը, ինչը ավելի թանկ արժի: Արդյունքում, կառավարության խոստումները որոշ ընտանիքների վրա շատ թանկ է նստում:

 

Նման խնդիրներով է զբաղվում փաստաբան Քրիստոֆ Կրոշը: «Բանը նրանում է, որ քաղաքային իշխանությունները չեն կարող հստակ իմանալ՝ արդյոք աշխատում են երեխայի ծնողները, թե ոչ, կամ որտեղ է գտնվում նրանց աշխատավայրը»:

 

Դյուսելդորֆում շուրջ 80 ծնողներ դատարան են դիմել՝ բողոքելով քաղաքային իշխանությունների դեմ: Դա այնքան էլ շատ չէ: Գրեթե քաղաքի բոլոր երեխաները տեղավորված են: Արևմտյան Գերմանիայի քաղաքներում իրավիճակը փոխելը  ավելի դժվար է, քան արևելյան Գերմանիայի քաղաքներում, որտեղ սոցիալիզմի դարաշրջանում շատ մանկապարտեզներ են կառուցվել:

 

Ագնես Կլայնը /Քյոլնի քաղաքային խորհրդի ընտանեկան հարցերով զբաղվող վարչության պետ/ վստահ է, որ Գերմանիայում պետք է ավելի ու ավելւի շատ մանկապարտեզներ բացել երկարօրյա խմբերով: Ներկայումս երկրի մանկապարտեզների մեծ ամսը աշխատում է մինչ կեսօր:

 

Ագնես Կլայն. «Բեկումնային պահ է: 8 տարի առաջ Գերմանիայում վիճում էին այն մասին, որ երեխաների համար վնասակար է ամբողջ օրը գտնվել մանկապարտեզում կամ դպրոցում: Սակայն այլ եվրոպական երկրներում երեխաների հետ ոչ մի վատ բան էլ չի կատարվում, ինչու՞ դա պետք է վնասի գերմանացի երեխաներին»:

 

 

Շատ եվրոպական երկրներում կան երկարօրյա խմբեր և՛ դպրոցներում, և՛ մանկապարտեզներում, և այնտեղ տեղ կա բոլոր երեխաների համար. սա իսկական փրկություն է աշխատող ծնողների համար: Ֆրանսիայում և Սկանդինավիայում ծնելիության մակարդակը բարձր է, մայրերը աշխատանքի են դուրս գալիս ավելի վաղ: Գերմանիայում բարձր որակավորում ունեցող կանայք շատ հաճախ որոշում են երեխաներ չունենալ, կամ էլ ունենալ շատ ուշ: Ո՞րն է խնդիրը: Ուսանողուհիներն ասում են, որ նմանատիպ իրավիճակ է ստեղծվել այն պատճառով, որ շատ երկար են սովորում:

 

Մարիա Անոխին. «Ես գիտեմ, որ այլ երկրներում փաստաբան դառնալու համար ավելի քիչ են սովորում, քան Գերմանիայում: Եվ, բնականաբար, նրանք սկսում են ավելի վաղ աշխատել և ավելի շուտ են ընտանիք կազմում»:

 

Շիրին Իմանի. «Ես կարծում եմ, որ շատ դժվար է կանգ առնել, երբ արդեն ունես քեզ հետաքրքրող աշխատանք: Այդ ժամանակ ընտանիք ստեղծելու մասին չես էլ մտածում և աննդհատ հետաձգում ես: Սակայն երբեմն պետք է կանգ առնել, նույնիսկ եթե թվում է, թե երեխայի ծնունդից հետո աշխատելու հնարավորությունները կպակասեն»:

 

Գերմանիայում բարձրագույն կրթությամբ կանայք ավելի շատ են, քան տղամարդիկ: Սակայն ղեկավար պաշտոնները հիմնականում բաժին են ահսնում տղամարդկանց: Աշխատանքային օրենսդրության ոլորտում փորձագետ Գրեգոր Թյուզինգը կարծում է, որ նմանատիպ իրավիճակ  ստեղծվում է մասնագիտական կյանքի վաղ շրջանում:

 

Գրեգոր Թյուզինգ. «Այն պահին, երբ կարիք է լինում ֆիզիկական ներկայությունը աշխատավայրում, շատ կանայք նախընտրում են մնալ տանը երեխաների հետ»:

Ի տարբերություն շատ այլ գերմանական ֆիրմաների՝ փոստային կոնցեռն «Դոյչե Փոստը»  ձգտում է աշխատողների համար տարբեր հնարավորություններ ստեղծել և օգնում է նրանց հավասարակշռություն ստեղծել ընտանիքի և աշխատանքի միջև: Այս ընկերությունում նախատեսված է քվոտա կանանց համար, և կան կորպորատիվ մանկապարտեզներ: Հավասար հնարավորությունների քաղաքականությունն ազդել է նաև տղամարդկանց վրա. շատ ու շատ հայրիկներ են աշխատում «Դոյչե փոստում» ազատ գրաֆիկով:

 

Սյուզաննա Նեզմեսկալը 2 երեխա ունի և աշխատում է «Դոյչե փոստում» որպես մենեջեր. «Այսօր Գերմանիայում մենք շատ հետաքրքիր մի միտում ենք նկատում. վերջին վիճակագրական տվյալների համաձայն նոր սերունդը նախընտրում է հավասարակշռություն պահպանել ընտանիքի և աշխատանքի միջև: Նախկինում երիտասարդները ընտրում էին մասնագիտական աճը, որպեսզի ավելի շատ վաստակեն: Այսօր երիտասարդությունը կարևորում է հավասարակշռությունը ընտանիքի և կարիերայի միջև»:

 

 

 

 

Դիտումների քանակը` 2332

Վերադառնալ վերև