Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Հարսնությամբ կնքված աշխատասիրություն և արարում

Մարտունու տարածաշրջանի Վարդաձոր համայնքից կթվոր-անասնապահ Ռոզա Սիրականյանի թեկնածությունը «Գյուղմթերք արտադրող կին հերոս-2014» մրցանակաբաշխությանն է ներկայացվել ՀՀ գյուղատնտեսության նախարարության և Գեղարքունիքի մարզպետարանի կողմից: Ռոզան մեր հանրապետության առաջին ֆերմերային և տոհմաբուծական տնտեսություն սկզբնավորողներից մեկի՝ Մնացական Սիրականյանի հարսն է:

 

Գեղարքունիքի մարզի Վարդաձոր գյուղի բնակիչ Մնացական Սիրականյանը ժամանակին ճանաչված դեմք էր ոչ միայն Հայաստանում, այլ ԽՍՀՄ ամենատարբեր տարածաշրջաններում: Նա դեռ 1988-ին Ուկրաինայից հարազատ գյուղի տնտեսություն ներկրեց բարձր կաթնատվություն և մսատվություն ապահովող «Սևաբղետ», «Շվից» և «Սիմենթալ» տեսակի 80 գլուխ խոշոր եղջերավոր անասուններ` տոհմաբուծությանը զարկ տալու նպատակով:

 

Ընդամենը երեք տարի անց նա ստիպված էր պայքար տալ իր հիմնադրած տոհմաբուծական տնտեսության պահպանման համար: Մնացական Սիրականյանի հինգ զավակները` Ռոբերտը, Պապինը, Մառլենը, Արմենակը և Ջոնիկը, պայքարեցին իրենց հոր հետ մինչև վերջ և պահպանեցին Վարդաձորի պետական տնտեսության հիմնական արտադրամիջոցները: Այդ նույն հիմքի վրա է, որ այսօր դեռ գործում ու զարգանում է «Անի և եղբայրներ» գյուղատնտեսական սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը: Նախևառաջ նրանց պայքարը սեփականաշնորհում անվան տակ ալան-թալան իրականացնող ուժերի դեմ էր, և ապա՝ այդ պայքարն արդեն հող ու քարի, ծանրագույն աշխատանքի և արտադրանքի իրացման, վերարտադրության կազմակերպման հետ էր: Այստեղ արդեն իրենց ամուսինների հետ օրնիբուն տքնում ու տանջվում, արարում ու ստեղծում էին Գյուլնարան, Ռիման, Նազիկը, Աննան և Ռոզան, նրանց զավակները: Գերդաստանի նահապետի թանկ կորստից հետո էլ կարողացան պահպանել տնտեսությունը, եղածի վրա ավելացնել նորը, մեկը երկուս անել, նորոգել անասնագոմերը, նոր գյուղտեխնիկա ձեռք բերել, արտադրել սիլոս, ցանովի խոտաբույսեր, ստանալ կարտոֆիլի բարձրորակ սերմացու, ստեղծել կաթի վերամշակման արտադրամաս:

 

Ռոզան Մնացականի տան փոքր հարսն է: Ինչպես ներկայացնում է նրա ամուսին Ջոնիկը, չափազանց հմուտ է պանիր պատրաստելու գործում: Նրա արտադրած պանիրը վաճառվում է Գեղարքունիքի մարզում, մայրաքաղաքում, Հայաստանի ամենատարբեր մասերում, նույնիսկ դարձել է արտերկրում ապրող մեր հայրենակիցների սեղանի պահանջվող կերակուրը:

 

– Երբ 16 տարեկանում հարս եկա, բացարձակ չէի հասկանում ո՛չ հողագործությունից, ո՛չ էլ անասնապահությունից,- զրույցն այսպես սկսեց Ռոզան,-դա 1990 թվականն էր, երբ կյանքը սկսում էր տակնուվրա լինել: Կանգնեցի ամուսնուս և նրա եղբայրների ու կանանց կողքին ու ամեն ինչ սովորեցի այդ տարիքում: Հետո ավելի ծանր ժամանակներ վրա հասան` վառելիքաէներգետիկ ճգնաժամ, շրջափակում, սով, պատերազմ… Մենք ընտանյոք առավոտ ծեգից մինչև ուշ գիշեր հանդերում էինք, ֆերմաներում՝ քաղուկապի, կթի, բերքահավաքի, անասունների կերակրման, արտադրված ապրանքը իրացնելու: Արդեն 24 տարի է անցել, շատ բան դարձել է սովորական, բայց սկզբնական շրջանում ինձ համար հեշտ չէր համակերպվել նման կյանքի հետ: Ճիշտ է, ես էլ այս գյուղի աղջիկ եմ, բայց իմ հայրը վաստակը ստեղծում էր արտագնա աշխատանքով, մեր տանը հողագործությունն ու անասնապահությունը մեզ համար առօրյա կյանք չէին դարձել այնպես, ինչպես ամուսնուս ընտանիքում էր: Առավոտյան ժամը 5-ին քնից զարթնել, գնացել եմ կով կթելու, որից հետո, երբ արդեն դուրս են եկել արևի առաջին շողերը, գնացել եմ կարտոֆիլի բոստան` քաղհան անելու: Երեկոյան նորից գնացել եմ կիթ, հետո զբաղվել կաթը մշակելով կամ իրացնելով, տուն մտել ուշ գիշերը: Քնելու և հանգստի համար ժամանակ գրեթե չի մնացել:

 

Ռոզա Սիրականյանը չորս զավակ ունի` երկու աղջիկ և երկու տղա: Դուստրերը մայրաքաղաքում ստացել են բուժքրոջ մասնագիտություն, իսկ երկու որդիները դեռ սովորում են Վարդաձորի միջնակարգ դպրոցում: Նրանք դեռ փոքր հասակից իրենց ծնողների կողքին են, արդեն գնում են արտադրող ու արարող պապի և հոր հետքերով:

 

– Առավոտից իրիկուն որդիներս մեր կողքին են` ֆերմայում կամ դաշտերում,-շարունակում է Ռոզան,- նրանք հատ-հատ գիտեն մեր 80 գլուխ կթի կովերի, նրանց հորթերի անունները, տիրապետում են հնձի, գյուղմեխանիզմները բանեցնելու աշխատանքներին ու բոլոր առումներով թեթևացնում են իմ ու ամուսնուս գործերը:

 

Անդուլ ու օրնիբուն աշխատանքում, սակայն, Ռոզան գտել է իր երջանկությունը, հոգու աշխարհի լիությունը, երբ միշտ անբաժան է եղել իր ամուսնուց ու զավակներից, նրա բազմամարդ գերդաստանից, մյուս հարազատներից:

 

– Այս աշխատանքում, անկասկած, ամենատրամադրողն այն է, որ ես խոպանչու կին լինելու ծանրությունը չեմ զգացել, որ ամուսնուս, երեխաներիս, գերդաստանիս ու հարազատներիս հետ եմ, ինձ զգում եմ սիրված, մեծարված, մարդկանց պիտանի: Տրամադրող է և այն, որ շարունակում եմ ամուսնուս հոր սկզբնավորած գործը` բերք ու բարիք արարելով իմ երկրի ու ժողովրդի համար:

 

Ջոնիկը և Ռոզան մի քանի տարի է, ինչ անջատվել են ընտանեկան «Անի և եղբայրներ» ՍՊԸ-ից և ստեղծել իրենց առանձին տնտեսությունը: Այսօր նրանք խնամում են 80 գլուխ բարձր կաթնատվություն ապահովող կովեր և մոտ 100 գլուխ մոզիներ և երինջներ: Նրանց տնտեսությունում արդեն աշխատում են կթվորներ և անասնապահներ` ամսական մինչև 120 հազար դրամ աշխատավարձով: Բացի աշխատավարձից, նրանց բնակվելու տարածքը և սնունդը, կոմունալ ծախսերը ևս հոգում են Սիրականյան ամուսինները:

 

– Սա մեր հող ու ջուրն է, մեր հայրենիքը, մեր զբաղմունքը: Եվ մենք գոհ ու երջանիկ ենք, որ կարողացել ենք մեր քրտինքով, մեր ջանքերով ստեղծել բարիք, մաքուր սնունդ, մրցունակ ու զարգացող տնտեսություն: Եթե յուրաքանչյուր գյուղում թեկուզ 5-10 այսպիսի տնտեսություն ստեղծվի, մարդիկ կմոռանան արտագաղթի և արտագնա աշխատանքի ճանապարհը, կշենացնեն ու կծաղկեցնեն մեր հայրենի հողի յուրաքանչյուր թիզը,- եզրափակում են Սիրականյան ամուսինները:

Խոսրով Խլղաթյան

Կարդացեք թեմայի շուրջ  մեր կայքում.

 

Գործունյա կնոջ ձեռքում քարն էլ է փափկում…/ տեսանյութ

 

Ամփոփվեց «Գյուղմթերք արտադրող կին հերոս-2014» մրցանակաբաշխությունը

 

Շնորհավորում ենք «Կանանց իրավունքները Հայաստանում. Դե-յուրե և դե-ֆակտո» մրցույթի հաղթողներին

 

«Մեր տան ամեն ինչը «բնական» է»…/ տեսանյութ

 

«Լիիրավ երջանկությունը ընտանիքիս համերաշխությունն է, ինչպես որ խաղաղությունը՝երկրի համար »…/ տեսանյութ

 

«Հասոյի լեգենդար պանիրը»

 

«Կանա՛յք, վստահե՛ք ձեր ուժերին և առա՛ջ շարժվեք»…

 

«Աշխատանքի մեջ պահանջկոտ եմ, ուզում եմ ամեն ինչ իր հունով, շիփ-շիտակ գնա»

 

«Հաջողության բանալին համբերատարությունն է ու սերը աշխատանքի նկատմամբ»

 

«Տարիների ընթացքում զարգացրել եմ սեփական տնտեսությունս»

 

«Նոր ուղիներ եմ փնտրում տնտեսությունս ընդլայնելու և զարգացնելու համար»

 

«Բոլոր դժվարությունները դառնում են հաղթահարելի, եթե գիտես` հանուն ում և ինչի պայքարել»

 

«Յուրաքանչյուր աշխատանքին հարկավոր է ստեղծագործաբար մոտենալ, սեր ու հոգի ներդնել»

 

«Գործս մեծ հաճույքով եմ անում ու երբեք չեմ մտածում քաղաքում ապրելու մասին» / տեսանյութ

 

Մի ձեռքը ծափ չի տալիս…/ տեսանյութ

 

Հարսնությամբ կնքված աշխատասիրություն և արարում

 

«Հողը, ծաղկած դաշտերը, մեր բնությունն ու մարդկանց ջերմությունն են ինձ ուժ տվողը»

 

«Ամեն ինչն էլ սիրով եմ անում, դրա համար էլ հասցնում եմ»…

 

«Մեկը բոլորի, բոլորը՝ մեկի համար»

 

«Գյուղն այն հենարանն է, որին պետք է ամուր հենվել» / տեսանյութ

 

«Իմ երջանկությունը ընտանիքս է, իսկ խնդիրները լուծում կստանան»/ տեսանյութ

 

«Կին, ով գյուղի հույսն ու հավատն է»

 

WomeNet.am-ը անդրադառնում  է  «Գյուղմթերք արտադրող կին հերոս» կոչմանը արժանացած բոլոր  կանանց  պատմություններին

 

Դիտումների քանակը` 2549

Վերադառնալ վերև