Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Հարստացնե՞լ ալյուրը, թե՞ ոչ. քննարկումները մասնագիտական հարթակում պետք է տարվեն

Թեև Ազգային ժողովը մեկ տարով հետաձգել է «Ցորենի ալյուրի հարստացման» օրինագիծը,  թեժ քննարկումները այս հարցի շուրջ  ոչ միայն չեն դադարում, այլ առիթից առիթ նոր թափ են առնում: Վերջին թեժացումը կապված էր Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարարության գլխավոր դիետոլոգ, ՌԴ սնուցման ինստիտուտի տնօրեն  ակադեմիկոս  Վիկտոր Թուտելյանի կողմից արտահայտված կարծիքի հետ, որը նա հնչեցրել էր Հայաստանի 4-րդ միջազգային բժշկական համագումարի շրջանակներում իր ելույթների ընթացքում: Ակադեմիկոսը նախ զարմանք է  արտահայտել,  որ  ալյուրի հարստացման ծրագիրը Հայաստանում  ընդդիմախոսներ ունի, նաև կարծիք հայտնել,  որ  այս թեմայի շուրջ գերադասելի է բացառապես գիտական հարթակում քննարկումներ անցկացնել: 

 

Մենք փորձեցինք որոշ մանրամասներ պարզել ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում կայացած առողջ սննդի հարցերին նվիրված կլոր սեղանի մասնակիցներից, այդ թվում ընդդիմախոսներից: Մայրական և վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանն իրեն վիրավորված է զգում  ակադեմիկոս Վիկտոր Թուտելյանի խոսքերից, ով ասել էր. «Ես իմ հայ ժողովրդին միշտ համարել եմ իմաստուն, խելամիտ ազգ, բայց երբ եկա ու իմացա, որ շատերը դեմ են ցորենի ալյուրի հարստացմանը, խիստ զարմացա և հիասթափություն ապրեցի»:

 

«Ես շատ վիրավորվեցի, որովհետև մեր գիտական պոտենցիալը շատ ավելին է,  քան եզրակացվեց: Եվ դա տեղի ունեցավ մի քանի մարդկանց պատճառով, ովքեր մասնագետ չեն սննդի հարցերում, սակայն անընդհատ խոսում են ալյուրի հարստացման թեմայով՝ վկայակոչելով ոչ այնքան հավաստի աղբյուրներ այլ երկրների պրակտիկայից», – WomenNet.am-ի հետ զրույցում ասաց Գայանե Ավագյանը՝ ի նկատի ունենալով, մասնավորապես,  ընդդիմախոսների կողմից   հաճախ հիշատակվող Չիլիի փորձը: «Եթե Չիլիում իրականում ֆոլաթթվի հետևանքով երկու անգամ ավելանար քաղցկեղով հիվանդացության ցուցանիշը, ինչպես դա Խաչիկ Ստամբոլցյանն ու   Աշոտ Կարապետյանն են պնդում, ապա, կարծում եմ,  այնտեղ համապատասխան միջոցներ կձեռնարկեին ու կկասեցնեին ալյուրի հարստացումը», – ասաց Ավագյանը՝ նշելով, որ  ծրագրին ընդդիմացողների ինֆորմացիան շատ հին է, չհիմնավորված, վերցնում են առանձին հոդվածներ, բայց գաղափար չունեն գիտականորոեն ընդունված հետազոտությունների արդյունքների մասին, որտեղ նշված է, որ ֆոլաթթուն չունի բացասական ազդեցություն:

 

«Լուրջ գիտական ուսումնասիրություններ կան, որոնք ապացուցում են՝ ֆոլաթթվի պակասը կարող է հանգեցնել չբերության, վիժման, վաղաժամ ծննդաբերության, ցածր քաշով երեխաներ ծնվելուն և այլ հետևանքների: Մենք շատ մտահոգիչ տվյալներ ունենք  կանանց և երեխաների մոտ նկատվող սակավարյունության առումով: Մասնավորոպես, հղիների մոտ այն կազմում է մոտ 12 տոկոս, վերարտադրողական տարիքի կանանց մոտ՝ մոտ 25 տոկոս, իսկ մինչև 5 տարեկան երեխաների մոտ՝ 37 տոկոս: Եվրոպական երկրներում, որտեղ ընդունված է հղիության պլանավորում, կանայք ֆոլաթթու օգտագործում են հղիանալուց 3 ամիս առաջ», – ասում է Գ. Ավագյանը:

 

Եթե Առողջապահության նախարարությունը կարևորում է այլուրի հարստացումը հանրային առողջության պաշտպանության տեսանկյունից բնակչության որոշակի խմբերի մոտ սակավարյունությունը կանխարգելելու համար, ապա օրինագծի  ընդդիմախոսները մտահոգություններ ունեն երկաթով և ֆոլաթթվով ալյուրի հարստացման վերաբերյալ, որոնցից հիմնականը այն է, որ դա կբերի քաղցկեղով հիվանդների թվի աճին: Թուտելյանի երևանյան ելույթներից անմիջապես հետո նրանք  շտապեցին հանդես գալ մի շարք  ասուլիսներով:

 

Մասնավորապես,Սպառողների ազգային ասոցիացիայի փոխնախագահ, մարկետինգի, մոնիտորինգի բաժնի պետ Ռուբեն Հայթյանը հայտարարեց ասուլիսի ժամանակ, որ խնդրի վերաբերյալ պարզաբանում ստանալու համար իրենք դիմել են ԳԱԱ ու  այնտեղից իրենց հայտնել են, որ մեր ակադեմիան չունի ցորենի ալյուրի հարստացման հարցերով զբաղվող մասնագետ: Ըստ Հայթյանի, դրանից հետո իրենք դիմել են  ՌԴ սնուցման ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Վիկտոր Թուտելյանին: Բանախոսի ներկայացմամբ, Թուտելյանը պատասխանել է, իբր Հայաստանում ցանկալի չէ դրա կիրառությունը:

 

«Ուրախացանք, որ այդ փաստաթուղթը կա մեր ձեռքերում: Դրանից մի քանի օր հետո իմացանք, որ առողջապահության նախարարությունը Երևանում անց է կացնում բժիշկների միջազգային համաժողով, որտեղ պետք է քննարկվի ֆոլաթթվով ալյուրի հարստացման թեման: Հրավիրել է նաև տվյալ մասնագետին: Մեզ չէին հրավիրել, սակայն գնացինք: Մեզ այնտեղ հորդորում էին չխոսել, չաղմկել, կարծես թե միտինգի էինք գնացել: Այնտեղ Թուտելյանը բոլորովին այն տեսակետ հայտնեց ֆոլաթթվի հետ կապված և 180 աստիճանով փոխված ներկայացրեց այն»,- նշեց Հայթյանը:

 

Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանը  WomenNet.am-ի հետ զրույցում պատմեց, որ Վիկտոր Թուտելյանի երևանյան  ասուլիսի ժամանակ ինքն անձամբ հետաքրքրվել է այդ հարցով: Ակադեմիկոսն էլ  պատասխանել է, որ  իրեն այդ թեմայով դիմողները շատ են եղել, կոնկրետ անուններ չի հիշում, բայց հստակ ասել է, Անահիտ Հայթյանը մեջբերեց  նրա բառերը. «Ես նման բան չէի կարող ասել, որովհետև իմ դիրքրոշումն ունեմ: Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ սա լիովին անվտանգ և շատ օգտակար ծրագիր է»:

 

Բժիշկ, կենսաբան ներկայացած Ֆեդյա Գսպոյանն  իր ասուլիսում ալյուրի հարստացումն համակարգված դավադրություն որակեց. «Կան որոշ դեղեր, որոնք ֆոլաթթու են պարունակում, օրինակ Բ12 –ը, հանված է արտադրությունից՝ որպես քաղցկեղածին պրեպարատ»:

 

Խաչիկ Ստամբոլցյանն էլ կարծիք հայտնեց, որ սա մարդկանց ոչնչացնելու ծրագրերից մեկն է, ինչպես  նույնականացման քարտերն ու անձնական տվյալները: Փաստարկներից մեկն էլ այն է, որ օրինագծի կոդը պարունակում է 666 «սատանայական» թիվը: «Սա հակամարդկային, հակաաստվածային, դաժան գործողություն է, հացը սրբություն է մեր ազգի համար, գիտեք, քրստոնեության կանոններով այն Աստծու մարմինն է», – ասում  է Ստամբոլցյանը:

 

Նշենք, որ հարցին այս տեսանկյունից մոտեցողների համար,  Վիկտոր Թուտելյանը երևանյան իր ելույթներից մեկում  ասել էր. «Մեկն ինձ ասաց` պետք չէ ձեռք տալ Աստծո տված հացին։ Բայց չէ՞ որ Աստծո տված հացը խանութներում վաճառվող սպիտակ հացը չէ, որ զրկվել է բնության տված միկրոսննդատարրերից ցորենի մշակման արդյունքում»:  Բարձր կարգի ալյուրն իր մեջ գրեթե ոչ մի օգտակար նյութ չի պարունակում, քանի որ դրա մշակման ընթացքում հեռացվում է օգտակար նյութերով հագեցած թեփը: Ակադեմիկոսը համաձայնվում է, որ եթե արտադրվեր և օգտագործվեր չթեփազատված, միայն ամբողջական հացահատիկից ալյուր, ապա  պրեմիքսներով ցորենի ալյուրի հարստացման խնդիրը չէր ծագի: Սակայն թեփով հացը, ինչպես հայտնի է, ավելի թանկ արժե, քան սպիտակը: Եվ երկրորդը, բնակչությունը պատրաստ չէ հրաժարվել սպիտակ հացից և բարձր կարգի ալյուրից:

 

ԱՆ նախարարի մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանի դիտարկմամբ՝  ընդդիմախոսների հայտարարությունները որևէ քննադատության չեն դիմանում ու մինչ Հայաստանում շարունակվում են ալյուրի հարստացման շուրջ վիճաբանությունները, աշխարհում սնունդը հարստացնող երկրների թիվն ավելացավ  մեկով՝ դառնալով 83:

 

Ինչ վերաբերում է  այն պնդումներին, որ իբր ալյուրի հարստացման համար կիրառվող նյութերը քաղցկեղ են առաջացնում, նախարարությունից պարզաբանում են. Ֆոլաթթվի և քաղցկեղի հնարավոր կապի պարզաբանման ուղղությամբ իրականացվել են հազարավոր փորձարարական և համաճարակաբանական հետազոտություններ: Այն հետազոտությունները, որոնք կապ են ենթադրում ֆոլաթթվի և քաղցկեղի միջև, դիտարկում են լաբորատոր փորձերում կիրառված կամ մարդկանց կողմից ընդունած ֆոլաթթվի (հավելումների և/կամ հարստացված սննդամթերքի ձևով) այնպիսի քանակներ, որոնք 4-ից 10 անգամ գերազանցում են միջազգայնորեն առաջարկվող թույլատրելի օրական չափաքանակները։ Սննդամթերքի անվտանգության Եվրոպական գործակալության (EFSA) «Ֆոլաթթվով սննդամթերքի հարստացման ռիսկերի գնահատման» աշխատանքային խումբը եզրակացրել է, որ ներկայումս բարձր չափաքանակներով ֆոլաթթվի օգտագործման և քաղցկեղի առաջացման ռիսկերի կապը հաստատող բավարար տվյալներ չկան։

 

Նախարարությունից նաև նշում են. Հայաստանն առաջին երկիրը չէ, որ նախատեսում է հանրային առողջապահական այս խնդիրը լուծել ալյուրի պարտադիր հարստացման ճանապարհով։ Ցորենի ալյուրի հարստացում առաջին անգամ կատարվել է դեռևս 1943թ. ԱՄՆ-ում, ապա 1949-ին` Միացյալ Թագավորությունում և Կանադայում (առ այսօր)։ Ալյուրի և այլ սննդատեսակների տարբեր միկրոսննդատարրերով հարստացում իրականացվել է նաև Խորհրդային Միությունում: Ներկայումս 82 երկիր ունի արդյունաբերական եղանակով աղացվող առնվազն մեկ տեսակի հացահատիկի որոշ վիտամիններով և միկրոսննդատարրերով հարստացման օրենսդրություն։ Այն երկրներում, ուր հացն ու հացամթերքը համեմատաբար քիչ է օգտագործվում, զուգահեռաբար հարստացվում են նաև այլ սննդատեսակներ` կաթը, հյութերը, առավոտյան նախաճաշի փաթիլները և այլն։ Ավստրիայում այսօր հարստացվում է 470 տարբեր սննդատեսակ, որից 43-ը` վիտամին C-ով և B6-ով, Գերմանիայում` 288 սննդատեսակ, որից 20-ը` ֆոլաթթվով, ևս 20-ը` երկաթով։ Իռանդիայում վիտամին D-ով և B12-ով հարստացվում է օրվա սննդաբաժնի 5-12 տոկոսը։

 

«Կանադայում ցորենի ալյուրը հարստացնում են, բայց քանի որ այնտեղ հաց քիչ են օգտագործում, ապա հարստացնմում են նաև առավոտյան նախաճաշի մաս կազմող՝  փաթիլները, կաթն ու որոշ հյութեր: Առողջապահության նախարարությունում մեր ազգին թշնամի պաշտոնյաներ չկան։ Եվ եթե ցորենի ալյուրի հարստացումը որևէ վտանգ պարունակեր, ապա առաջին հերթին պատասխանատուները կհրաժարվեին դրանից։ Բայց ես կարծում եմ, որ ցանկացած ծրագրով պետք է զբաղվեն մասնագե։տները։ Ծրագրի ընդդիմախոսները եթե անգամ իրենց մասնագիտության մեջ մեծ նվաճումների են հասել, ապա հանրային առողջապահական ծրագրերով պետք է թույլ տան զբավել բժիշկներին ու այդ ոլորտի մասնագետներին»,- ասաց Հայթայանը:

 

Այն հարցին թե ինչպե՞ս  պետք է վարվեն երկաթի ավելցուկով պայմանավորված հիվանդություններ ունեցողները կամ  մարդիկ, որոնց բժիշկները հակաֆոլատային դեղամիջոցներ են նշանակում, մասնագետները պատասխանում են, որ  ֆոլաթթվով ու  երկաթով  հարստացվելու է արտադրվող ալյուրի միայն  որոշակի տոկոսը և մարդիկ ունենալու են   ընտրություն և   չհարստացված ալյուրից օգտվելու հնարավորություն:

 

Ի դեպ առողջապահության նախարար Արնեն Մուրադյանը  ԳԱԱ-ում տեղի ունեցած  քննարկման ժամանակ ընդգծել է, որ ալյուրը հարստացնելու մասին  նախագծում խոսքը միայն 30 տոննա և ավելի ալյուր արտադրող ալրաղացների մասին է:

 

«Հայաստանում գործող 60 ալրաղացներից միայն 12 են 30 տոննա և ավել ալյուր արտադրում»,- հստակեցրեց Արմեն Մուրադյանը` հորդորելով քննադատներին և բնակչությանը վստահությամբ լցվել դեպի հանրային առողջապահական ծրագրերը, իսկ քննարկումների ժամանակ ուսումնասիրել առարկան, օրենքի նախագիծը: Նա հույս հայտնեց, որ խորը ողջամտությունը և գիտական ներուժը կգերակշռի անառողջ զգացմունքայնությանը: Արմեն Մուրադյանը նաև պատրաստակամություն հայտնեց շարունակել քննարկումները մասնագիտական հարթակում:

 

Հ. Կարապետյան

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

Ակադեմիկոս Թուտելյանին զարմացնում է, որ Հայաստանում ալյուրի հարստացման ծրագիրն ընդդիմախոսներ ունի

 

Հանքավայրերի ազդեցությունը շրջակա միջավայրի եւ մարդկանց առողջության վրա. քննարկում

 

Հայաստանում բացվեց թունաքիմիկատների որակի վերահսկման ժամանակակից լաբորատորիան

 

Գլխավոր ինֆեկցիոնիստի խորհուրդը. Տեռորի մի ենթարկեք ձեր ստամոքսները

 

Արմավիրում երեխաների թունավորման դեպքեր . Ի՞նչ է պարզել նախաքննությունը

 

 Հեղինե Բիշարյան. «Բա ես չիմանա՞մ՝ ինչ եմ ուտում, էս ո՞ր դարն է»

 

Ինչպե՞ս բացառել մանկապարտեզներում երեխաների թունավորման դեպքերը

 

Թունավորվել են թթից թե թթի միջոցով՝ ինչո՞ւ

 

Վահան գյուղի տասնյակ բնակիչներ թունավորվել են թթից

 

Ամեն օր մարդիկ սնունդ են թափում ու ամեն օր մարդիկ սոված են քնում

 

Առողջ սնվելու օր. հիվանդությունների 90 տոկոսը ոչ ճիշտ սնվելու արդյունք է

 

500 հազար դրամ տուգանք` մանկապարտեզներին քիմիական նյութերով մշակած հավեր մատակարարողին

 

Երկու ծայրահեղություն` թերքաշություն ու գիրություն

 

Հայաստանի բնակչության 60 տոկոսը ստանում է օրական 2100 կալ ցածր սնունդ

 

Ի՞նչ են ուտում Հայաստանի բնակիչները

 

«Յուրաքանչյուր հինգերորդ երեխան Հայաստանում թերաճ է»

 

Մանկական աղքատություն

 

Դիտումների քանակը` 2305

Վերադառնալ վերև