Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Հնարավո՞ր է իրագործել հավասար հնարավորություններ

 

                                   Արտահայտվում են երիտասարդ տղամարդիկ

 

Վերջերս Ազգային ժողովի կողմից ընդունված  «Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրենքն արդեն ստորագրվել է ՀՀ նախագահի կողմից եւ ուժի մեջ է մտել: Խնդիրն այժմ  այդ օրենքը կյանքի կոչելն  է:  Մենք  փորձեցինք Ճշտել երիտասարդ տղամարդկանց կարծիքը այդ խնդրի շուրջ՝ նրանց հարց ուղղելով, թե արդյոք մեր հասարակությունում կանայք ու տղամարդիկ  կարող են ունենալ  դե-ֆակտո հավասար հնարավորություններ, եւ թե որքանով են տղամարդիկ կողմ հավասարությանը: Կարծիքները բազմազան էին, ներկայացնում ենք դրանք առանց միջամտության:

 

Օգսեն Թարվերդյան 25 տ. «Հավասար հնարավորությունների ապահովման մասին օրենքը կյանքի կոչելու համար մեզանից շատ ժամանակ կպահանջվի, բայց ես լավատեսորեն եմ տրամադրված այս հարցում: Ինքս աշխատել եմ մի միջավայրում, որտեղ թե կնոջ թե տղամարդու կարծիքը հավասարազոր են եղել, այնտեղ գաղափարների մրցում կար, ոչ թե սեռերի: Սակայն մեր ծնողների սերունդը բոլորովին այլ արժեհամակարգով են ապրել, որի մի զգալի մասը փոխանցվել է նաեւ մեզ, այնպես որ մեզ էլ է ժամանակ պետք, որպեսզի մեր միջից վերացնենք այդ կարծրատիպը, թե տղամարդն ավելի բարձր է, քան կինը»:

 

Արման Աբգարյան 20 տ. «Կինն ու տղամարդը չեն կարող հավասար լինել, չնայած, հիմա կանանց իրավունքներն ավելի լավ են պաշտպանվում, քան մերը: Ես չեմ կարող ամբողջ հասարակության անունից խոսել, բայց անձամբ ես դեմ կլինեմ, որ իմ կինն աշխատի, որովհետեւ ուզում եմ, որ իմ երեխաները մայրական խնամքից զուրկ չլինեն, ուզում եմ, որ կինս տանը լինի եւ տնային գործերն անի: Ես այնքան կաշխատեմ, որ կինս ոչ մի բանի կարիք չզգա: Երբ երեխաները մեծանան, դառնան դպրոցական, այդ ժամանակ չեմ արգելի, որ կինս աշխատի»:

 

Էդուարդ Անդրեասյան 19 տ. «Այսօրվա Հայաստանում պրակտիկորեն անհնար է, որ կինն իրագործի իր հավասար իրավունքներն ու հնարավորությունները, եւ դա պայմանավորված է ոչ թե նրանով, որ կինը բավարար խելացի կամ պատրաստված չէ, այլ զուտ մեր մենթալիտետով, որը փոխելը շատ դժվար է: Ես սովորում եմ իրավաբանական ֆակուլտետում եւ կարող եմ ասել, որ մեր ոլորտում էլ կա գենդերային խտրականություն: Օրինակ, աղջկա համար բավականին բարդ է աշխատանքի անցնել ուժային կառույցներում, այնտեղ կինը հիմնականում գործավարի կամ քարտուղարուհու գործ կստանա, բայց որեւէ բաժնի կամ վարչության պետ չի դառնա, որքան էլ խելացի ու գրագետ լինի»:

 

Նարեկ Բարսեղյան 19 տ. «Մեր հասարակությունում կա անհավասարություն, բայց դա կամաց-կամաց փոխվում է, ես Արթիկից եմ, մեր քաղաքում ընկերոջս մայրը առաջադրվեց որպես քաղաքապետի թեկնածու, եւ դա նորմալ ընդունվեց: Նա երկրորդ տեղը զբաղեցրեց՝ զիջելով միայն իշխող կուսակցության թեկնածուին»:

 

Ռուբեն Մուրադյան 23 տ. «Մենք ավանդապաշտ ժողովուրդ ենք, մեզ մոտ հայրիշխանական համակարգ է, հայրիշխանությունը հայ ընտանիքի ամրության երաշխիքն է: Ես կողմ եմ հայրիշխանությանը, բայց ոչ բռնատիրությանը, պարզապես ճիշտ է, որ ցանկացած հարցի վերջնական լուծումը տղամարդն է տալիս: Սակայն պետք է խոստովանել, որ մեր հասարակությունը շատ արագ փոփոխությունների է ենթարկվում, ներկայումս հավասար իրավունքներ իրագործելը հնարավոր չէ, բայց մեր հաջորդ սերունդը կտեսնի գենդերային հավասարություն մեր երկրում»:

 

Գուրգեն Պետրոսյան. 25 տ. «Մեզ ոչ թե օրենք ընդունել կամ փոխել է պետք, այլ մարդկանց գիտակցությունը պիտի փոխվի, այլապես ոչ մի օրենք էլ չի գործի: Ես կողմ եմ հավասարությանը, իմ սիրած աղջկան ասել եմ, որ ես ուզում եմ, որ նա աշխատի ու ոչ թե փող վաստակելու համար, այլ որպեսզի նա չձանձրանա, իր կոլեկտիվն ունենա, իր աշխատանքային միջավայրը, ցրվի տնային գործերից: Իմ կարծիքով՝ հայ տղամարդիկ ճնշում են կանանց, որովհետեւ չեն վստահում, իսկ չեն վստահում, որովհետեւ անինքնավստահ են, վախենում են, որ կնոջն ազատություն տալով՝ կկորցնեն նրան: Ինքնավստահ տղամարդը երբեք չի ճնշի, առավել եւս բռնության չի ենթարկի կնոջը»:

 

Էդուարդ Ղազարյան 20 տ. «Ինձ համար կանայք եւ տղամարդիկ միշտ էլ հավասար են եղել` անկախ որեւէ օրենքից: Բայց ես շատ ուրախ եմ, որ մեր երկիրը նման օրենք ունի, դա առաջին քայլերից է մեր միջից խտրականությունը վերացնելու ուղղությամբ: Ցավոք, այսօրվա իրականությունում անհնար է նման օրենքի լիարժեք կիրառումը, որովհետեւ ժամանակ է պետք, կանանց գիտակցությունն էլ պետք է փոխվի, որպեսզի իրենք պայքարեն իրենց իրավունքների համար»:

 

Արման Ղարիբյան

Դիտումների քանակը` 2671

Վերադառնալ վերև