Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Հոկտեմբերի 15-ը` գյուղի կանանց միջազգային օր

Հայաստանում գյուղատնտեսական ոլորտում զբաղված  են հանրապետության աշխատանքային  ռեսուրսների  շուրջ 37,1 %-ը, որից  58.7 %-ը կանայք են, ինչը կանանց դարձնում է գյուղատնտեսության զարգացման առավել կարևոր մասնակից: Ընդ որում, տղամարդկանց զբաղվածության կառուցվածքում գյուղատնտեսությանը բաժին է ընկնում 28,7%-ը, իսկ կանանց զբաղվածության կառուցվածքում՝ 44,6%-ը: Բացի այդ, կանանց ոչ ֆորմալ զբաղվածության կառուցվածքում գյուղատնտեսությամբ զբաղվողների թիվը  86%   է: Ըստ էության , գյուղատնտեսական արտադրանքի մեծ մասը ստեղծվում է կանանց կողմից, և նրանք են սննդամթերքի մատակարարման և գյուղական վայրերում տնային տնտեսությունների գոյատևման հիմնական երաշխավորողները: Տղամարդկանց արտագնա աշխատանքի մեկնելու պայամաններում կանանց  այդ դերակատարումը միայն մեծանում է:

 

 

ՄԱԿ-ը փաստում է, որ ողջ աշխարհում կանայք կազմում են   գյուղատնտեսությունում զբաղվածների  մոտ 43%-ը, իսկ զարգացող երկրներում, որտեղ գյուղատնտեսությունը կազմում է ՀՆԱ-ի  32 %-ը, մոտ  80 %  տնտեսապես ակտիվ կանայք զբաղվում են գյուղատնտեսությամբ, սննդի արտադրությամբ: Դրա հետ մեկտեղ կանայք կազմում են աշխարհում սովից տառապող մարդկանց 70 %-ը:

 

Արժեւորելով գյուղի կանանց կարևորագույն դերը և նրանց ներդրումը գյուղատնտեսության զարգացման, պարենային անվտանգության ապահովման և աղքատության վերացման մեջ  ՄԱԿ-ն իր  պաշտոնական օրացույցում հոկտեմբերի 15-ը   որպես Գյուղաբնակ կանանց միջազգային օր է  հռչակել:

 

Պատահական չէ, որ այդ օրվան անմիջապես հաջորդող օրերին ՄԱԿ-ը նշում է ևս երկու տարեթիվ` հոկտեմբերի 16-ին պարենի համաշխարհային օրը, հոկտեմբերի 17-ին` աղքատության վերացման միջազգային օրը: Այդկերպ ընդգծվում է գյուղի կանանց առանձնակի դերը քաղցի և աղքատության վերացման և պարենային անվտանգության ապահովման գործում: Ի դեպ,   2010-ից սկսած ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը իր նախապատվություններից մեկն է դարձնում   «Կանայք – սննդի անվտանգության բանալին են»  սկզբունքը ՝ առաջարկելով դիտարկել գենդերային անհավասարության վերացումը գյուղատնտեսության մեջ որպես զարգացման եւ պարենի անվտանգության խնդիր:

 

Այս տարի գյուղի կանանց իրավունքների և հնարավորությունների ընդլայնման խնդիրը դիտարկվում է որպես կայուն զարգացման նպատակներին հասնելու վճռորոշ գործոն:

 

«Կայուն զարգացման նոր նպատակների առանցքային բաղադրիչներից է գենդերային հավասարության ապահովումը և կանանց իրավունքների և հնարավորությունների ընդլայնումը: Բացի այդ, դրանցում խնդիր է դրվում ,կրկնապատկել գյուղատնտեսության արդյունավետությունը և սննդամթերքի փոքր արտադրողների, մասնավորապես, կանանց եկամուտները: Անշուշտ, գյուղի կանայք կարող են էապես կարևոր ներդրում ունենալ կայուն զարգացման ասպարեզում  բոլոր 17 նպատակներին հաջողությամբ հասնելու գործում» , – ասված է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունի Գյուղաբնակ կանանց միջազգային օրվա  ուղերձում:

 

WomenNet.am

 

Լուսանկարը՝ Օքսֆամի, 

Ծաղկավանի  գյուղատնեսական կոոպերատիվի կանայք 

 

 

 

Կարդացեք նաեւ գյուղի կանանց  նվիրված՝ 

«Կինը եւ քաղաքականությունը« թերթի նոր համարը   այստեղ  

 

 

 

 

Դիտումների քանակը` 2231

Վերադառնալ վերև