Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Հոկտեմբերի 2. Կանանց ուշագրավ առաջադրումները համայնքի ղեկավարի պաշտոնում

Հոկտեմբերի 2-ին համայնքապետի ընտրություններ են անցակցվելու  Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի և Վայոց ձոր մարզերի մոտ  300 համայնքներում: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դեռևս թեկնածուների թվի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չի հրապարակել: Մինչ հանձնաժողովում սպասում են թեկնածուների գրանցման ժամկետի ավարտին՝ սեպտեմբերի 7-ին ժամը 18:00-ին,  WomenNet-ն  ամփոփել է ու ներկայացնում է կանանց ուշագրավ  առաջադրումները:

 

 

WomenNet.am-ի նախնական վերլուծությունը ցույց է տալիս, որ ընդհանուր թվով  համայնքների ղեկավարների պաշտոններում առաջադրվել է 35 կին: Ուշագրավ է, որ   առաջադրվածերի թվում կան  նաև քաղաքի ղեկավարի  պաշտոնին հավակնող կանայք:  Հիշեցնեք, որ Հայաստանում երբևիցե  չեն եղել   կին քաղաքապետներ, ավելին՝  այդ պաշտոնում  1995-ից ՝ ՏԻՄ համակարգի ներդրումից ի վեր ,   կանայք գրեթե չեն առաջադրվել, բացառությամբ   3-4 դեպքի:

 

 

Այս անգամ, առաջիկա ՏԻՄ ընտրություններում երկու քաղաքներում՝  Սյունիքի մարզի Սիսիանում և Շիրակի մարզի Ամասիայում, համայնքապետի կին թեկնածուներ կան:

 

 

Սիսիանում «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն առաջադրել է «Սիսիանի կանանց ռեսուրս» հիմնադրամի գործադիր տնօրեն Սրբուհի Գրիգորյանի թեկնածությունը: Վերջինս քաղաքի գործող ավագանու անդամ է, միակ կինը:

 

 

Սիսիանում համայնքապետ դառնալու համար ընտրություններին մասնակցության հայտ են ներկայացրել նաև գործող անկուսակցական քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը, համայնքապետարանի գլխավոր մասնագետ, անկուսակցական Կամո Մանուչարյանը, անկուսակցական Արթուր Սարգսյանը: Տղամարդ բոլոր թեկնածուներն ինքնաառաջադրված են:

 

 

Շիրակի մարզի Ամասիա քաղաքը համայքների խոշորացման ծրագրի համաձայն իր մեջ ներառելու է 9 համայնք՝ Ամասիա, Արեգնադեմ, Բանդիվան, Բյուրակն, Գտաշեն, Հովտուն, Մեղրաշատ, Ողջի, Ջրաձոր: Դրանով պայմանավորված այստեղ մրցակցությունն առավել թեժ կլինի:

 

 

Առաջադրված 5 թեկնածուներից երկուսը կանայք են: Աղունիկ Հազրյանը 2005-ից Արեգնադեմ համայնքի ղեկավարն է: Նա ՀՀԿ-ական է, սակայն Ամասիայում իշխող կուսակցությունը սատարում է Ամասիայի գործող համայնքապետ Աղասի Ամիրյանին:

 

 

Մյուս կին թեկնածու Ջեմմա Հարությունյանն է, ով անկուսակցական է, աշխատում է Կադաստրի պետական կոմիտեում:

 

 

Ուշագրավ առաջադրում է կատարվել Կոտայքի մարզի Գառնի գյուղում: Այստեղ գյուղապետ դառնալու հայտ է ներկայացրել «Գառնին փրկող» անվանումը ստացած երկու կանանցից Արուսյակ Այվազյանը: Նա անկուսակցական է, «Գառնի» ՍՊԸ տնօրեն, ինքնաառաջադրված: Գառնիում էլ լարված պայքար է սպասվում: Չորս առաջադրվածների թվում է գործող անկուսակցական համայնքապետ Աշոտ Վարդանյանը, ՀՀԿ-ան այստեղ սատարում է  անկուսակցական Ահարոն Սահակյանին, ով «Կալինա-Դվին» ՍՊԸ-ի տնօրենն է, ՀՅԴ-ն առաջադրել է Տիգրան Կարապետյանի թեկնածությունը, նա Ա. Մանուկյան երիտասարդական կենտրոնի տնօրենն է:

 

 

Հոկտեմբերի 2-ի ՏԻՄ ընտրություններում 2 գյուղ կա, որտեղ առաջադրված թեկնածուները միայն կանայք են:

 

 

Լոռու մարզի Պաղաղբյուր գյուղը 2008-ից ղեկավարում է Արուսյակ Դումիկյանը: Նա  ցանկանում է  վերընտրվել: Միակ մրցակիցն անկուսակցական Կարինե  Ազոյանն է:

 

 

Սյունիքի մարզի Հացավան գյուղում էլ համայնքապետի պաշտոնի համար երկու կին է պայքարում՝ համայնքի ղեկավար Շուշան Մարգարյանը, ում սատարում է ՀՀԿ-ն և անկուսակցական Նազենի Հովհաննիսյանը: Շուշան Մարգարյանը գյուղը ղեկավարում է 2008-ից:

 

 

Կոտայքի մարզի Նոր Երզնկա գյուղում էլ 3 թեկնածուներից երկուսն են կանայք: 1996-ից համայնքը կառավորող Ալինա Հարությունյանն այս անգամ էլ կպայքարի վերընտրվելու համար: Նրան սատարում է ՀՀԿ-ն: Նրա մրցակիցներն են անկուսակցական Էվելինա Վարդանյանը, ով աշխատում է գյուղապետարանում, և անկուսակցական Գևորգ Հակոբյանը:

 

 

Ուշագրավ առաջադրում է կատարվել Լոռու մարզի Հովնանաձոր համայնքում: Այստեղ միմյանց դեմ պատրաստվում են պայքարել հայր ու աղջիկ՝ Անգելինա Հակոբյան Կարենի և Աբովյան Կարեն Տիգրանի: Հայրը գործող գյուղապետն է: Կարելի է ենթադրել դուստրը ինքնաբացարկի շրջանում զենքերը վայր կդնի:

 

 

WomenNet.am-ի վերլուծությունը ցույց է տալիս, որ Գեղարքունիքում համայնքապետի պաշտոնում առաջադրված կանայք կան հինգ համայնքներում, Լոռիում՝ 16, Շիրակում՝ 2,  Սյունիքում՝ 7, Կոտայքում՝ 5:  Վայոց Ձորի որևէ համայնքում  առաջադրված կին չկա:

 

Հ. Կարապետյան

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

Սեպտեմբերի 18 . Ներկայացնում ենք կանանց առաջադրումները Տավուշում

Տավուշի կանայք ընտրական պայքարում. երեկ ու այսօր/ տեսանյութ

Հոկտեմբերի 2. Կանանց ուշագրավ առաջադրումները համայնքի ղեկավարի պաշտոնում

Գյումրիում և Վանաձորում կուսակցությունների ցուցակներով առաջադրված թեկնածուների 32 տոկոսը կանայք են

Այս պահին Հայաստանում ընդամենը 18 կին գյուղապետ կա

ՏԻՄ ընտրություններ. ավագանիների թեկնածուներից 13.5 տոկոսը կանայք են

ՏԻՄ ընտրություններ. համայնքի ղեկավարի պաշտոնում 21 կին է առաջադրվել

 

 

Դիտումների քանակը` 2567

Վերադառնալ վերև