Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Ճանապարհ, գոնե մեկ-մեկ ինձ… Բուրաստան դու տար …

Ճանապարհը մեր գյուղի համար կենսական նշանակություն ունեցող հարց էր: Մարզկենտրոն հասնելու համար երեք գյուղ էինք շրջանցում, ժամանակի կորստից բացի, քարուքանդ ճանապարհին մեքենաներն էին վնասվում: Նոր ճանապարհի շնորհիվ մեր գյուղն իսկական առաջընթաց ապրեց: Բերքը մեքենայով տեղափոխելն էլ է հեշտացել, երեխաներն էլ մաքուր ճանապարհով են դպրոց գնում, իսկ այն ժամանակ շատ դժվար էր, հատկապես ձմռան ամիսներին,- պատմում են Բուրաստան գյուղի բնակիչները և ուրախությամբ նշում, որ այդ խնդիրն արդեն անցյալում է:

 

Բուրաստանը մարզկենտրոնին կապող Ճանապարհի վերանորոգման աշխատանքները սկսվեցին 2009-ին՝ Ասիական զարգացման բանկի գյուղական ճանապարհների վերականգնման ծրագրի շրջանակներում: Արդյունքում՝ հիմնովին վերակառուցվեց Արտաշատյան խճուղուց մինչև երկաթգիծ տանող հատվածը: Դրանից ոչ միայն Բուրաստանը շահեց, այլ ևս հինգ մոտակա գյուղերը…

 

Անհնարին ոչինչ չկա

– Մեր սեփականաշնորհված հողերը գտնվում են գյուղից հեռու, և ամռանը, օրվա ընթացքում, նույնիսկ մի քանի անգամ անհրաժեշտ է հողամաս գնալ: Իսկ ճանապարհը քանդված էր ու մեծ դժվարություն էր առաջացնում: Ե՛վ ժամանակ էինք կորցնում, և՛ մեքենան էր վնասվում ու շատ այլ հարցեր,- պատմում է Բուրաստանի գյուղապետարանի քարտուղար Էվելինա Ղազարյանը:

 

Ամեն օր գյուղի դժվարություններին ու խնդիրներին է առնչվում տիկին Էվելինան ոչ միայն որպես բնակիչ, այլև գործի բերումով: Նա արդեն 30 տարի է, ինչ համայնքի ղեկավարի աշխատակազմի քարտուղարի պաշտոնն է զբաղեցնում:

 

Ու ինչպես համագյուղացիներն են ասում՝ ավելի շատ գյուղապետարանում է լինում, քան՝ տանը:  Իսկ աշխատանք, որքան ուզես՝ գյուղացու անձնական խնդիրներից մինչ վերադասի հանձնարարականներ:

 

– Մեկ-մեկ, երբ շատ հոգնած էի լինում, ինքս ինձ մտածում էի. ա՜խ, ինչ լավ կլիներ, որ ամուսինս էլ թույլ չտար ինձ աշխատել, բայց …- ժպիտով ասում է տիկին Էվելինան ու անմիջապես ավելացնում,- եթե մի քան օր մնում եմ տանը, հասկանում եմ, որ առանց աշխատանքի չեմ կարող:

 

Աշխատանքի մեջ էլ է պարտաճանաչ, տան բոլոր գործերն է հասցնում… Հարցնում եմ՝ ո՞րն է գաղտնիքը:

 

– Անհնարին ոչինչ չկա: Երեք երեխաների մայր եմ, միշտ աշխատել եմ 8 ժամից ոչ պակաս: Հիմա պայմանները շատ լավ են, ոչնչից չեմ կարող դժգոհել, իսկ այն ժամանակ քնել եմ ժամը 2-ին, 3-ին, բայց մշակել ենք մեր տնամերձը, այգին, նաև դաշտը: Չեմ դժգոհել, անասուն էլ ենք պահել, մթերքներն էլ վաճառել:

 

Տիկին Էվելինան համոզված է. ամենը հաղթահարվել է ընտանիքի աջակցության շնորհիվ:

 

– Տնեցիներն էլ սովորել են, որ պետք է աշխատեմ: Ամուսինս էլ, երեխաներս էլ շատ են ինձ օգնել, բոլորս, համատեղ ուժերով, իրար հասկանալով կառուցել ենք մեր տնտեսությունը:

 

Տիկին Էվելինայենց ընտանիքը 4 պոլիէթիլենային ջերմոց ունի, բանջարեղեն է մշակում: Խնամում են նորաստեղծ խաղողի այգին:

 

– Այսօր կյանքը շատ է փոխվել: Առաջ դույլերով ջուր էլ էինք կրում, գազ չկար: Ամուսնուս հետ միասին մեր տունն էլ ենք կառուցել, ամեն բան միասին ենք ստեղծել, հաղթահարել դժվարությունները: Այսօր էլ երջանիկ եմ, որ մեծ ընտանիք ունեմ, երեք երեխա, երկու հարս ու մեր ամենամեծ ուրախությունը՝ թոռնիկներս:

 

Բուրաստանն իր անվանը հավատարիմ է մնում

Գյուղում բոլորն են նրան ճանաչում. մեկի ճնշումն է բարձրացել, մյուսին պետք է ներարկում կատարել, կամ էլ թե կոտրվածք է, միջատի խայթոց … մի խոսքով՝ գյուղի առաջին շտապօգնությունը տիկին Աիդան է:

 

Բոլորի համար մի լուծում գտնում է ու ինչպես ինքն է ասում՝ ուրիշի հոգսը դառնում է մերը:

 

Ահա այսպես արդեն եկար տարիներ է, ինչ Աիդա Հովսեփյանը Բուրաստան գյուղի ամբուլատորիայի բուժքույրն է: Վերանորոգված Ճանապարհի բոլոր առավելություններն անմիջապես իր գործի վրա է զգացել. հիմա արդեն չի վախենում, եթե ծանր հիվանդին պետք լինի շտապ տեղափոխել մարզկենտրոն:

 

Ստանալով բարձրագույն կրթություն՝ 6 տարի աշխատում է Երևանի առաջին հիվանդանոցում, հետո ամուսնանում է ու տեղափոխվում Բուրաստան:

 

– Մայրս էլ բժշկությամբ էր զբաղվում, ճիշտ է՝ մասնագիտական կրթություն չուներ, բայց ավանդական բժշկությամբ, խոտաբույսերով շատ էր օգնում մարդկանց:

 

 

Նա մորից ժառանգել է նաև ծաղիկների նկատմամբ մեծ սերը:

 

– Դեռ մանկուց մեր հայրական տանը՝ Մխչյան գյուղում, ծաղիկների ջերմոց ունեինք: Այստեղ էլ որոշեցինք ջերմոց հիմնել, մեխակներ ենք աճեցնում:

 

Սկսելով մեկ ջերմոցից՝ այսօր արդեն 4-ն ունեն:

 

Բուրաստանն իր անվանը հավատարիմ է մնում անգամ ձմռան ամիսներին: Մտնելով տիկին Աիդայի ջերմոց՝ իսկական բուրաստանում ես հայտնվում. կարմիր ու սպիտակ մեխակներ, դեռ չբացված կակաչներ …

 

 Լիլիթ Քոչինյան

Երեւան-Բուրաստան

P.S. Ասիական զարգացման բանկի՝ Հայաստանում իրականացված գյուղական ճանապարհների վերականգնման ծրագրի շրջանակներում բարելավվել են մոտ 170 հազար շահառուների, իսկ ջրամատակարարման ու ջրահեռացման ծրագրի շնորհիվ՝ մոտ 600  հազար շահառուների կյանքի պայմանները: 

 

 

 

Դիտումների քանակը` 5006

Վերադառնալ վերև