Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Մալալան արժանացավ Եվրախորհրդարանի «Սախարով»-ի մրցանակին

Եվրոպական խորհրդարանի  Սախարովի անվան «Մտքի ազատություն» մրցանակի 2013թ. դափնեկիր է դարձել  պակիստանցի Մալալա Յուսաֆզայան։  Որոշումն ընդունվել է միաձայն: 

 

 

Եվրոպական խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը,  ով հայտարարեց «Սախարով» 2013թ․-ի մրցանակակրի անունը, իր շնորհավորական խոսքում ասաց․ «Մալալան երիտասարդ աղջիկ  է, ով խիզախություն ունեցավ դեմ դուրս գալ ռեժիմին, գնալ դպրոց և պայքարել իր կրթության իրավունքի համար։ Նրա օրինակը խրախուսեց մի ողջ սերնդի՝ պայքարել իրենց իրավունքների համար։ Թալիբանները Մալալայի նկատմամբ մահափորձով ցանկանում էին սպանել ոչ միայն նրան, այլև պայքարի ոգին։ Բարեբախտաբար նա ապաքինվեց և շարունակեց իր պայքարը։ Մենք հպարտ ենք այս որոշման համար։ Այս երիտասարդ աղջկա պայքարը չի կարող անգամ համեմատվել նրա հետ, ինչ մենք ենք անում այստեղ։ Մալալան անհավանական անհատականություն է 21-րդ դարում»։

 

 

 

16-ամյա Մալալա Յուսաֆզային պայքարում էր Թալիբան ռեժիմի դեմ, որը չէր թույլատրում աղջիկներին դպրոց հաճախել։ Նա 11 տարեկան էր, երբ սկսեց պայքարը սոցիալական ցանցերում՝ կեղծ անվան տակ։ 2012թ․-ին թալիբանները մահափորձ կատարեցին նրա նկատմամբ, որից հետո Մալալան դարձավ կանանց իրավունքների համար պայքարի խորհրդանիշ։

 

 

 

Մալալային մրցանակը կհանձնվի նոյեմբերի 20-ին՝ Ստրասբուրգում՝ պաշտոնական արարողության ժամանակ։

 

 

 

Նշենք, որ այս տարի Սախարով մրցանակի համար առաջադրվել էին Բելառուսի քաղաքական բանտարկյալներ Ալես Բիալացկին, Էդուարդ Լոբուն և Միկոլա Ստատկիչը, ԱՄՆ հետախուզության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը և աղջիկերի կրթության իրավունքի համար պայքարող պակիստանցի Մալալա Յուսաֆզային։

 

 

Այս տարվա հուլիսի 12-ին, երբ լրանում էր Մալալայի 16 ամյակը, նա ելույթ է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր գրասենյակում, այդ օրը ՄԱԿ-ը հռչակել է «Մալալայի օր»:  Իսկ  սեպտեմբերին Մալալան արժանացավ  Խաղաղության մանկական միջազգային մրցանակին:

 

Մալալա Յուսուֆզայը համարվում էր նաև Խաղաղության Նոբելյան մրցանակի ամենահավանական հավակնորդը: Բուքմեյքերները  գնահատում էին  Մալալայի շանսերը 4/7 հարաբերակցությամբ: Ու  թեպետ երեկ  հայտնի դարձավ, որ Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվել է Քիմիական զենքի ոչնչացմամբ զբաղվող խմբին, կանանց կրթության և հավասար իրավունքների համար այս խիզախ աղջնակի պայքարը ոգեշնչել է ողջ աշխարհին: Նրա հասցեին թալիբների կողմից հնչող անընդհատ սպառնալիքները, սակայն, չեն կոտրում նրան: Մալալան վստահեցնում է՝ շարունակելու է պայքարել հանուն աղջիկների կրթության իրվունքի, քանի դեռ ուժերը ներում են…

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

14-ամյա աղջկան ուզում էին սպանել` սովորելու մասին երազելու համար

 

 

Թալիբների մահափորձից հրաշքով փրկված Մալալան ելույթ ունեցավ ՄԱԿ-ում / վիդեո

 

 

Դիտումների քանակը` 2612

Վերադառնալ վերև