Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

ՄԱԿ-ը կրճատել է Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 64-րդ նստաշրջանը կորոնավիրուսի պատճառով

 

Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի (CSW) կազմկոմիտեն՝ վկայակոչելով COVID-19 կորոնավիրուսի տարածման հետ կապված վտանգները, որոշում է կայացրել կրճատել 64-րդ նստաշրջանի միջոցառումներըը, որոնք նախատեսվում էր անցկացնել մարտի 9-20-ը Նյու Յորքում, ՄԱԿ-ի Կենտրոնակայանում: Իր կրճատված տարբերակով Կանանց կարգավիճակի հարցերով  հանձնաժողովը, որը  առանցքային դեր է խաղում Պեկին+25 գործընթացում,  կանցկացնի մեկ ընթացակարգային հանդիպում մարտի 9-ին` Կանանց միջազգային օրվան հաջորդող օրը, և կընդունի քաղաքական հռչակագրի նախագիծ` դրանով իսկ նշելով Պեկինում ստորագրված կանանց իրավունքների պատմական հռչակագրի  և գործողությունների ծրագրի 25 ամյակը:  

 

 

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեսի հանձնարարականով փոխվել է 64-րդ նստաշրջանի ձևաչափը, նստաշրջանին անդամ պետությունները ներկայացված կլինեն միայն  ՄԱԿ-ում իրենց մշտական ներկայացուցչություններով: Մինչդեռ, հայտնի է, որ   նստաշրջանը պետք է  հյուրընկալեր անդամ պետությունների, ՄԱԿ-ի սուբյեկտների և հասարակական կազմակերպությունների մոտ 12 հազար ներկայացուցիչներ ամբողջ աշխարհից:  Մարտի 9-ին կայացվող ընթացակարգային հանդիպման օրակարգում  են  միայն  բացման հայտարարությունները`  հանձնաժողովի նախագահ, ՄԱԿ-ում Հայաստանի ներկայացուցիչ  Մհեր Մարգարյանի և  ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեսի և ՄԱԿ-ի մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից, ինչին  հաջորդելու են քաղաքական հռչակագրի ընդունումը և տարբեր բանաձևերի շուրջ որոշումների ընդունումը:  Այնուհետև միջոցառումը կդադարեցվի մինչև հետագա ծանուցումը. ոչ մի ընդհանուր քննարկում չի լինելու, և պլանավորված բազմաթիվ զուգահեռ միջոցառումները չեղարկվել են:

 

 

ՄԱԿ-ի բոլոր դեսպաններին ուղարկված նամակում Մհեր Մարգարյանը վերահաստատել է Գլխավոր քարտուղարի խիստ հորդդորը պատվիրակություններին և այլ շահագրգիռ կողմերին՝ զերծ մնալու Նյու Յորքի ՄԱԿ-ի կենտրոնակայան մեկնելուց:

 

 

Reuters գործակալության հաղորդմամբ, քաղաքացիական  հասարակության բազմաթիվ ներկայացուցիչներ մտահոգություն են հայտնել, որ կորոնավիրուսի տարածման վտանգով  պայմանավորված ՄԱԿ-ում գենդերային հավասարության հարցերով գլխավոր հանդիպման կրճատումը կարող է մեծ հարված հասցնել կանանց իրավունքների առաջխաղացմանը և անհրաժեշտ է վերապլանավորել այն, որպեսզի ներառվեն բազմազան կարծիքներ:

 

 

Նստաշրջանին մասնակցության հայտ ներկայացրած ՀԿ-ների ներկայացուցիչները և փորձագետները մտահոգված են այն փաստով, որ ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հարցերով  հանձնաժողովի ամենամյա երկշաբաթյա նստաշրջանը, որը մեծ իրադարձություն է  համարվում հավասարության խթանմանն ու կանանց հզորացման հարցում , կտևի ընդամենը մեկ օր: Դա նշանակում է, որ ընդհանուր քննարկում տեղի չի ունենա, և տասնյակ զուգահեռ միջոցառումներ չեղարկվել են՝ դուրս թողնելով քննարկումների ձևաչափից քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին ողջ աշխարհից: Վերջիններս համոզված են, որ լիարժեք երկշաբաթյա հանդիպումը պետք է տեղափոխել, որպեսզի ապահոված լինի Պեկինի բոլոր գործընթացներին բնորոշ քաղաքացիական հասարակության ակտիվ մասնակցությունը:

 

 

«Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովն առանց քաղաքացիական հասարակության ընդհանրապես ԿԿՀ չէ», – գրել է ՄԱԿ-ում Մեծ Բրիտանիայի առաքելությունն իր պաշտոնական Twitter- ում. «Մենք պետք է ապահովենք ամբողջական և ներառական # CSW64 քննարկումներ, որոնք տեղի կունենան այս տարվա վերջին»:

 

 

Twitter- ում «We  Effect»  Շվեդիական զարգացման խումբը կիսում է նստաշրջանի հետաձգման գաղափարը` նշելով. «Որպես համերաշխություն կանանց շարժումներին ամբողջ աշխարհում,  մենք` «We  Effect »-ը, միանում է  այն հետաձգելու #postponeCSW պահանջին. # ԿԿՀ 64 -րդ նստաշրջանը չի կարելի անցկացնել առանց կանանց անվտանգ, բովանդակալից և տեղեկացված մասնակցության»:

 

 

Սակայն, ինչպես  կարծում է Վանեսա Ջեքսոնը ՝ ՄԱԿ-ի CARE- ի (ընդդեմ աղքատության և սոցիալական արդարության կազմակերպության) ներկայացուցիչը, քաղաքացիական հասարակության 12 հազար մասնակիցների համար երկշաբաթյա հանդիպումը վերապլանավորելը կարող է դժվար լինել:

 

 

Նրա խոսքով, Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովն առանցքային նշանակություն ունի նաև այս տարի պլանավորված երկու հսկայական ֆորումներին ընդառաջ, որոնք կանցկացվեն մայիսին Մեքսիկայում և հուլիսին Փարիզում: Ֆորումները դիտարկվում են որպես վճռական քայլ` ՄԱԿ-ի գլոբալ նպատակի` մինչև 2030 թվականը  գենդերային հավասարության հասնելու համար, և ԿԿՀ-ի նստաշրջանի աշխատանքները  չեղարկելու  որոշումը վտանգի տակ է դնում նաև ֆորումների աշխատանքների արդյունավետությունը:

 

 

Գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դուջարիչը՝ մեկնաբանելով հետագայում, օրինակ տարեվերջին,  հանձնաժողովի հնարավոր վերսկսման գաղափարը, լրագրողներին տեղեկացրել է, որ դա պետք է որոշվի անդամ պետությունների կողմից, և եթե նրանք պայմանավորվեն նստաշրջանի աշխատանքները վերսկսելու մասին, ՄԱԿ-ը կանի  առավելագույնը խնդրանքին ընդառաջ գնալու համար:

 

Դիտումների քանակը` 258

Վերադառնալ վերև