Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը և գործընկերները նշեցին ՄԱԿ-ի օրը

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը, իր ռազմավարական գործընկերների՝ կառավարական պաշտոնյաների, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների, միջազգային կազմակերպությունների, մասնավոր հատվածի, քաղաքացիական հասարակության, կրթական հաստատությունների և լրատվամիջոցների հետ միասին այսօր տոնում է ՄԱԿ-ի 68-րդ տարեդարձը:

 

 

Հոկտեմբեր ամսվա ընթացքում ՄԱԿ-ը կազմակերպել է  զանազան իրազեկման   միջոցառումներ ամբողջ երկրում. Գյումրու կենտրոնական  գրադարանում ՄԱԿ-ի նոր անկյան բացում,  ՄԱԿ-ի նյութերի բաշխում շրջիկ գրադարան-ավտոբուսով, բազմաթիվ քննարկումներ երիտասարդների հետ, ուսումնակրթական միջոցառումներ տարբեր համալսարաններում և ՄԱԿ-ի մոդել խորհրդաժողովի հրավիրում:

 

 

Տոնակատարության գագաթնակետը ՄԱԿ-ի Լրագրողական մրցանակաբաշխության արարողությունն էր, որտեղ երկու լավագույն լրագրողներ մրցանակներ ստացան Հայաստանում ՄԱԿ-ի աշխատանքին վերաբերող հարցերի մասնագիտական լուսաբանման համար: «Հայաստանում ՄԱԿ-ի աշխատանքի ընդհանուր լուսաբանում» անվանակարգում հաղթել է Մարթա Հախնազարյանը՝  «Գոլոս Արմենիի» օրաթերթից, ով ստացել է պլանշետ և հատուկ վկայական: «Հայաստանի մարզերում ՄԱԿ-ի աշխատանքի լուսաբանում» անվանակարգում  հաղթող է ճանաչվել Լիա Խոջոյանը՝ Panorama.am և WomenNet.am լրատվակայքերից, ով նույնպես ստացավ պլանշետ և վկայական:  Մրցույթի առավել աչքի ընկած  մասնակիցները նույնպես ստացան վկայականներ ու նվերներ, որոնք օգտակար կլինեն նրանց մասնագիտական աշխատանքում: ՄԱԿ-ի փորձագիտական ֊ժյուրին հաղթողներին ընտրել էր հենվելով լուսաբանման խորության, լրագրողների պրոֆեսիոնալիզմի, ՄԱԿ-ի մանդատի մասին գիտելիքների, հայաստանյան համատեքստում հարցի կարևորության և տեսլականի վրա:

 

ՄԱԿ-ի մշտական համակարգող՝ Բրեդլի Բուզետտոն ասաց. «Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի ստեղծումից ի վեր, ՄԱԿ-ի ընտանիքի տարբեր գործակալությունների համատեղ ջանքերի շնորհիվ, մենք համեստորեն կարող ենք խոսել երկրի առաջխաղացման գործընթացում  ՄԱԿ-ի շոշափելի ներդրման մասին, որն իհարկե կշարունակվի: Մեր գործունեության ոլորտը բազմազան ծրագրերի միջոցով բավական ընդարձակ է, հատկապես ուղղված  խոցելի խմբերին: Ինչևէ, մեկ բառով մենք վճռականորեն կարող ենք ասել, որ Հայաստանում ՄԱԿ-ի համակարգի աշխատանքի հիմնական նպատակը ժողովուրդն է և, հատկապես, նրա խոցելի հատվածները»:

 

 

Այլ գործընկերներ ևս խոսեցին ՄԱԿ-ի ունեցած կարևոր դերի մասին՝աջակցելու երկրի ջանքերին առաջ մղելու կայուն մարդկային զարգացումը, ինչպես նաև հասնելու Հազարամյակի զարգացման տեղայնացված նպատակներին:

 

Բրեդլի Բուզետտոն շնորհակալություն հայտնեց ՄԱԿ-ի բոլոր գործընկերներին, այդ թվում կառավարությանը, քաղաքացիական հասարակությանն ու ԶԼՄ-ներին, ՄԱԿ-ի տարբեր կառույցների հետ իրենց համագործակցության և օժանդակության համար:

 

 

1945 թ. հոկտեմբերի 24-ին՝ 68 տարի առաջ, ուժի մեջ մտավ ՄԱԿ-ի հիմնադիր կանոնադրությունը: Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակը բացվել է 1992 թ. դեկտեմբերին, նույն թվականի մարտին Հայաստանի՝ ՄԱԿ-ին անդամակցությունից հետո:

 

 

 ՄԱԿ-ի Հայաստանյան գրասենյակ 

Դիտումների քանակը` 4401

Վերադառնալ վերև