Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Մայրություն, մանկություն, ընտանեկան բժշկություն…

 

 «Կանանց հանրապետական խորհուրդ» – ի քննարկումը

Երեխաների պաշտպանության միջազգային օրվան ընդառաջ

 

Բացելով քննարկումը Կանանց հանրապետական խորհրդի նախագահ Աիդա Թոփուզյանը հայտնեց, որ  իրենց առաջարկությամբ՝ ՀՀ կառավարությունը նախատեսում է հայտարարել  2014  թվականը Ընտանիքի տարի: Նա տեղեկացրեց, որ մինչև տարեվերջ  կմշակվի և կառավարության քննարկմանը կներկայացվի գործողությունների ծրագիրը, եւ առաջարկեց փորձագետների հետ միասին քննարկել  մայրության,  մանկության, ընտանեկան բժշկության , երիտասարդ ընտանիքներին և մայրերին աջակցության հիմնախնդիրները :

 

 

Երեխայի առողջությունը սկսվում է մայրական առողջությունից

 

Կանանց հանրապետական խորհրդի  նախագահի տեղակալ Լուսինե Թամազյան-Բեկիրսկայան իր զեկույցում թվարկեց  այն քայլերը, որոնք արդեն իսկ իրականանցվում  են Հայաստանում նշված հիմնախնդիրների լուծման ուղղությամբ:  Մասնավորապես,  կառավարության որոշման համաձայն պոլիկլինիկական ծառայությունները, ծննդօգնությունը, 0-7 տարեկան երեխաների բուժումը դարձել են անվճար,  աշխատանքներ են իրականացվել ընտանեկան բժշկության ինստիտուտի կայացման ուղղությամբ և այլն:  Սակայն շատ  ու շատ  խնդիրներ դեռեւս չեն գտնում իրենց լուծումները: Ընտանեկան բժշկի ինստիտուտը  դեռ կայացած չէ,  պետպատվերով բուժվելու կարիք ունեցողների թիվն ավելի շատ է, քան  տրամադրվող միջոցները:

 

«Լինում են դեպքեր, երբ պետպատվերը վերջացած են լինում , և այդ դեպքում 0-7 տարեկան երեխայի հետազոտման հերթը կարող է հասնել 3-4 ամիս հետո»,-ասաց նա:

 

Առողջապահության ոլորտի խնդիրներից է նաեւ պոլիկլինիկաների ոչ բարվոք վիճակը, հատկապես մարզերում գործող. «Բժշկական սարքավորումները հին են կամ չկան, պոկված մանրահատակ, լուսավորության բացակայություն»:

 

Դրա հետ մեկտեղ, բանախոսը՝ ներկայացնելով Համաշխարհային բանկի տվյալները, նշեց, որ Հայաստանի առողջապահության ստվերային մասում շրջանառվում է 2-3 անգամ ավելի միջոցներ, քան տրամադրվում է պետբյուջե:

Ինչու՞ են կանայք անտեսում իրենց առողջությունը

 

Անդրադառնալով մայրական առողջության հիմնախնդիրներին, նա նշեց, որ, ըստ հարցումների,   կանանց 53 տոկոսը  բժշկի չի դիմում դրամական անբավարար միջոցներ ունենալու պատճառով,  իսկ 33 տոկոսը  պատասխանել են`«չենք դիմում, քանի որ   չենք ուզում մենակ գնալ հետազոտման»: Հարցման արդյունքներից պարզ է դարձել նաև, որ մոտ 78 տոկոսը չի իմացել` ինչպես, օրինակ,  կատարել կրծքի ինքնազննում : ընդհանուր առմամբ, առկա է իրազեկման խնդիր` մայրական առողջության վերաբերյալ, ինչպես  նաեւ հղիների իրավունքների, պետության կողմից ընձեռած հնարավորությունների մասին:

 

Քննարկման  արդյունքում կլոր սեղանի մասնակիցները որոշեցին նպատակաուղղել իրենց ջանքերը հետևյալ հարցերի լուծմանը ` քարոզչական աշխատանք տանել հղիների շրջանում մայրական առողջության ոլորտում հղիների իրավուքնենրի և նրանց հասցեագրված հնարավորությունների մասին, կարգավորել պետպատվերից օգտվելու իրավունք ունեցող հիվանդների շուրջտարյա բուժման, հետազոտման խնդիրները, քայլեր ձեռնարկել մանկաբույժերի աշխատավարձը բարձրացնելու համար, թափանցիկ և ճիշտ պլանավորել  պետպատվերի համար հատկացվող ֆինանսական միջոցները:

 

Քննարկման մասնակիցներն առաջարկեցին նաև քայլեր ձեռնարկել նախադպրոցական և դպրոցական կրթական հաստատություններում երեխաների բուժսպասարկման մակարդակը բարձրացնելու ուղղությամբ, մասնավորապես,  բարելավել աշխատանքը հիվանդությունների կանխարգելման առումով:

 

Կրթության և գիտության նախարարությանն էլ  առաջարկելու են  բարելավել «Առողջ ապրելակերպ» առարկայի ուսուցումը և սեռական դաստիարակությանն ուղղված գործընթացը, կատարելագործել տարրական դպրոցում «Ես և իմ շրջակա միջավայրը» առարկայի ուսուցումը:

 

ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության գլխավոր մասնագետ Անահիտ Մուրադյանը խոսելով  2008-ից բարձր դասարաններում դասավանդվող  «Առողջ ապրելակերպ» առարկայի մասին, նշեց, որ հանրապետությունը, ըստ էության,  համապատասխան մասնագետներ չունի եւ պետք է խնդիր դնել մանկավարժական բուհերում այդ գծով  մասնագետներ  պատրաստելու համար:

Ներառական կրթությունը երեխայի իրավունքը իրացնելու հնարավորություն է  

 

Քննարկման մասնակիցները անդրաարձան նաեւ  հաշմանդամություն ունեցող երեխաների հիմնախնդիրներին, նշելով, նրանք հանդիսանում  են  հասարակության ամենախոցելի և մեկուսացված խմբերից մեկը՝ ենթարկվելով բազմաթիվ անհավասարությունների: Պաշտոնական տվյալներով՝ հանրապետությունում  գրանցված է 8156 հաշմանդամություն ունեցող երեխա: Հայաստանում  որոշակի քայլեր  են  արվել  ներառական կրթությունը ներդրման ուղղությամբ, որը   հնարավորություն է ընձեռում հաշմանդամություն ունեցող երեխաներին սովորել սովորական աշակերտների հետ միասին:

 

Անդրադառնալով ներառական կրթության խնդիրներին` Անահիտ Մուրադյանը նշեց, որ այն  հնարավորություն է  խնդիրներ ունեցող երեխաների համար  իրացնել իրենց կրթություն ստանալու և իր ընտանիքում ապրելու իրավունքը: «Ցանկացած երեխա իրավունք ունի իր տանը ամենամոտ գտնվող դպրոցում կրթություն ստանալու իրավունք»,-նշեց Ա.Մուրադյանը:

 

Քննարկմանը ներկա Արմավիրի փոխմարզպետ Լարիսա Մուրադյանը WomenNet-ի հետ զրույցում նշեց, որ  մարզում գործում են ներառական կրթության երկու դպրոց: Փոխմարզպետի կարծիքով` ներառական կրթության համակարգի ներդրումը տվել է դրական արդյունքներ: «Այդ երեխաները շփվում են իրենց հասակակիցների հետ, մեկուսացված չեն»,-ասաց նա:

 

Լ.Մուրադյանը մի խնդիր էլ մատնանշեց ՝ նա  հորդորեց  ծնողներին չթաքցնել, չմեկուսացնել հաշմանդամ երեխաներին. «Հայերի հոգեկերտվածքին է դա բնորոշ` հաշմանդամ երեխա  ունենալն ամոթ է, թաքցնում են նրանց, մեկուսացնում, տանն են պահում, բժիշկներին ցույց չեն տալիս: Խնդրում են ծնողներին, անգամ փոքր ինչ կասկածի դեպքում դիմեն բժշկի, քանի որ վաղ հայտնաբերումը կարող է կանխարգելել հաշմանդամությունը: Բացի այդ, հաշմանդամ  երեխաններն էլ մեր հասարակության լիիրավ անդամներն են»,  – ասաց փոխմարզպետը:

 

Կրծքով սնուցումը նպաստում է մանկական մահացության ցուցանիշի նվազմանը

 

Քննարկման մասնակից մեկ այլ բանախոս` ՀՀ առողջապահության նախարարության Երեխաների առողջության պահպանման բաժնի պետ Նունե  Փաշայանի խոսքով,  երեխաների առողջությունը  մեզանում գերակայություն է եղել նույնիսկ ֆինանսական ճգնաժամի  ժամանակ՝ այդ ուղղությամբ հատկացվող ֆինանսական միջոցները  ոչ միայն չեն կրճատվել, այլև ավելացվել են»:

 

«Ուրախությամբ պետք է նշեմ, որ 2012 թվակաինին նախնական տվյալներով, մենք ունենք մանկական մահացության 1 պրոմիլեով նվազում», – ասաց նա, նշելով, որ 2010 և 2011-ին  արձանագրված աճը պայմանավորված էր  այդ դեպքերի գրանցման լուղղությամբ տարվող աշխատանքներով:

 

Անդրադառնալով կրծքով կերակրման ցուցանիշին, նա նշեց, որ այն մեր երկրում այսօր կազմում է 81 տոկոս : «Կրծքով սնուցումը մանկական մահացության ցուցանիշի նվազմանը նպաստելու մեծ ներուժ ունի»,-նշեց մասնագետը : Նրա  տեղեկացմամբ կաթնախառնուրդ արտադրող ընկերությունների ագրեսիվ քարոզչության պատճառով վերջին տարիներին գրեթե անփոփոխ է արձանագրված ցուցանիշը: Այդ առումով նա կարևորեց «Կրծքով սնուցման խրախուսման և կաթնախառնուրդների շրջանառության մասին» ՀՀ օրինագծի ընդունումը: Նշվեց նաև, որ համապատասխան օրինագիծն ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է:

 

Քննարկման ժամանակ հնչեցված բոլոր  կարծիքները և առաջարկությունները,  Աիդա Թոփուզյանի խոսքով,  կհամակարգվեն և փաթեթով կներկայացվեն ՀՀ կառավարությանը:

Ա.Հակոբյան

Դիտումների քանակը` 2201

Վերադառնալ վերև