Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Մասիսում տեղի ունեցածի նախօրեին “Այրիների միջազգային օրն” էր …

…Հարսը լվացք է փռելիս լինում  հողամասում, երբ սկեսրայրը հարձակվում նրա վրա  և ինքնաշեն դաշույնատիպ  դանակով 2 անգամ հարվածում որովայնին: Եվ մինչև վրա հասած հարևանները փորձում  էին օգնել արնաքամ եղող հարսին, սկեսրայրը նստում է այգում դրված բազկաթոռին և կոշկակարի դանակով կտրում իր կոկորդը: Երկուսն էլ հիվանդանոցի ճանապարհին մահանում են…  Սահմռկելի այս դեպքը, ցավոք սրտի, դաժան իրականություն է, որը տեղի ունեցավ բոլորովին վերջերս՝  հունիսի 25-ին Մասիս քաղաքում:

 

 Այս ողբերգության զոհն էր 37-ամյա Քրիստինե Զաքարյանը, ով  6 տարի առաջ կորցրել էր ամուսնուն, և իր 4 երեխաների հետ  ապրում էր սկեսրայրի՝ 74-ամյա Վոլոդյա Սահակյանի տանը:

 

Մինչ հետաքննությունը փորձում է պարզել դեպքի մանրամասներն ու պատճառները,  լրատվամիջոցները  գրում են այն մասին, որ սպանությունը տեղի է ունեցել խանդի հողի վրա: Իբր ինչ-որ մեկը   ցանկացել է ամուսնանալ Քրիստինեյի հետ և հայրություն անել նրա երեխաներին, ինչն էլ սկեսրայրը չի կարողացել հանդուրժել: Արդյունքում ՝ ողբերգական վախճան ունեցավ ոչ միայն երիասարդ  կինը, որը դեռ կարող էր ապրել ու երջանիկ լինել,  տուժեցին նրա անչափահաս  երեխաները ՝  ասում են, հաշվեհարդար գործած ու ինքնասպան եղած սկեսրայրը կոշկակարությամբ է զբաղվել և  ընտանիքի միակ կերակրողն է եղել…

 

Անկախ նրանից ինչ ցույց կտա հետաքննությունը, այս դեպքը ջրի երես հանեց մի խնդիր, որը  մեզանում գրեթե լռության է մատնված: Այրիների մասին խոսվում է միայն աղքատության համատեքստում, քանի որ, ըստ վիճագրական տվյալների նրանք մեծամասամբ , հատկապես երիտասարդ այրիները, որոնք փոքր երեխաներ ունեն, աղքատության տեսանկյունից առավել խոցելի խմբում են գտնվում:  Մինչդեռ նրանց հետ կապված բազում այլ խնդիրներ կան:

 

Նրանք հաճախ կեղծ ադաթների զոհ են դառնում՝ զրկվելով անձնական կյանք ունենալու իրավունքից, հոգեբանական բարդույթներ ունենում՝ վախենալով շրջապատի ասեկոսներից կամ տարբեր կարգի ճնշումների են ենթարկվում, մանավանդ եթե շարունակում են ապրել ամուսնու ծնողների հետ: Մասիսում բնակվող ընտանիքը հարևանները օրինակելի էին անվանում, սակայն կատարված դեպքը ավելորդ անգամ վկայում է, որ այն, ինչ կարծրատիպայն պատկերացումների մեջ էր տեղավորվում եւ շրջապատին  օրինակելի էր թվում՝ իրականում ուրիշի աչքից  թաքնված կոնֆլիկտ էր: Այս ամենի մասին մեզանում ընդունված չէ խոսել , և ոչ միայն մեզանում:

 

 

Թերևս այս պատճառով  էլ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հունիսի 23-ը ճանաչել է Այրիների միջազգային օր (International Widow’s Day): Ի դեպ այդ որոշումն ընդամենը երկու տարի առաջ է ընդունվել` 2010-ին:

 

 

 

ՄԱԿ-ի տվյալներով այսօր աշխարհում կան 250 մլն. այրի, որոնցից 115 մլն-ն աղքատ են: Շատ երկրներում կնոջ կարգավիճակը  ամուսնու կարգավիճակին ածանցյալն է և այրիանալով կինը  կարող է կորցնել ամեն ինչ, մինչև իսկ գոյատևման տարրական միջոցները:

 

 

 

Այրիները հաճախ ժառանգության իրավունք չունեն, զբաղված լինելու իրավունք չունեն, և չեն կարող համարվել հասարակությոն լիիրավ անդամ: Կան երկրներ, որտեղ անգամ ամուսնու թաղման ծիսակարգը  նվաստացուցիչ է  կանանց համար և մինչև իսկ  վտանգում նրանց   կյանքը: Օրինակ, կնոջը ստիպում են խմել ջուրը, որով լվացել են ամուսնու դին, կամ սեռական հարաբերություն ունենալ ամուսնու ընտանիքի տղամարդկանց հետ: Շատ այրիներ ապրում են վախի մեջ, հատկապես այն երկրներում, որտեղ զինված բախումներ են լինում:

 

Հաճախ անգամ այնպիսի երկրներում, որտեղ կանանց իրավունքները պաշտպանված են օրենքով,   ավանդույթները վեր են օրենքից, ինչպես օրինակ, Չեչնյայում: Այստեղ, ինչպես պատմում է «Կնոջ արժանապատվություն»  կազմակերպության ղեկավար Լիպխան Բազաևան , ղեկավարվում են ոչ թե Ռուսաստանի սահմանադրությամբ, այլ տեղական ադաթներով և այս սովորության արդյունքում հազարավոր  կանանցից, ովքեր պատերազմի հետևանքով այրիացել են,  վերցնում են կացարանը, այլ սեփականությունը, երեխաներին և տնից դուրս վռնդում: «Այս դեպքերը, ոչ թե եզակի են, այլ գրեթե ամենօր կրկնվող երևույթ»,- նշում է նա:

 

Որոշ երկրներում  հասարակությունը  վատ է տրամադրված այրիների դեմ, ծաղրում է և անգամ սպանում` համարելով նրանց  վհուկներ: Եվ եթե  սրանք ծայրահեղ դեպքեր են, ապա անգամ  զարգացած երկրներում այրի կանանց ճնշող մեծամասնությունը ունի նյութական եւ հոգեբանական  աջակցության կարիք:

 

Թերևս այս ամենը պատասխանն է այն հարցին, թե ինչու  ՄԱԿ-ը որոշեց առանց այդ էլ հագեցած իր օրացույցում ևս մեկ օր ավելացնել՝ և դրանով իսկ  միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել այրի կանանց և նրանց երեխաների իրավունքների պաշտպանության հարցին:  Ճակատագրի հեգնանքով, Մասիսում տեղի ունեցածի նախօրեին  հենց Այրիների միջազգային օրն էր …

 

 

Կարինե Պետրոսյան

Դիտումների քանակը` 2592

Վերադառնալ վերև