Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Մարգարիտ Եսայան. «Միակ ելքը այս իրավիճակից երկխոսությունն է»

 

«Ցավոք սրտի, Հայաստանում վերջին քսան տարիներին, այսինքն, անկախությունեից ի վեր, բոլոր  համապետական ընտրություններից հետո մեր հասարակության մի հատվածը միշտ չի ընդունում ընտրությունների արդյուքները եւ դուրս է գալիս իր բողոքի ձայնը  արտահայտելու», –  ասում է   ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը՝ պատասխանելով   Womennet.am-ի հարցերին: Մեր  զրույցը նրա հետ   նախագահական ընտրություններից հետո ստեղծված իրավիճակի եւ հասարակության մեջ առկա տարաձայնությունները հաղթահարելու ուղիների վերաբերյալ է: 

 

 

Մեկնաբանելով  այն  փաստը, որ  նախագահական ընտրությունների արդյուքներով երկրորդ հորիզոնականն զբաղեցրած Րաֆֆի Հովհաննիսյանը չի ընդունում ընտրությունների գործող նախագահ Սերժ Սարգսյանի հաղթանակը  եւ հանրահավաքային շարժում է ծավալել, Մարագարիտ Եսայանը  նշում է.

 

«Ցավոք սրտի, վերջին քսան տարիներին, այսինքն, անկախությունեից ի վեր, բոլոր  համապետական ընտրություններից հետո մեր հասարակության մի հատվածը միշտ չի ընդունում ընտրությունների արդյուքները եւ դուրս է գալիս իր բողոքի ձայնը  արտահայտելու», -կարծում է Մարգարիտ Եսայանը:

 

Նրա համոզմամբ   Հայաստանում ընդհանրապես ընտրությունների նկատմամբ հասարակության վստահության վերականգնման անհրաժեշտություն կա եւ այս ուղղությամբ լուրջ անելիքներ ունենք:

 

Միեւնույն ժամանակ, պատգամավորը բնական է համարում ,որ ամբողջ հասարակությունը չի կարող  սիրել կամ չսիրել թեկնածուներից կամ կուսակցություններից մեկին, որովհետեւ հասարակությունը  բազմադեմ է, նա  պետք է ունենա իր ֆավորիտներին  եւ դրա հետ մեկտեղ մարդկանց  ու գործիչներին, որոնց չի ուզում ընտրել:

 

‘’Հրապարակում կանգնելով հարցեր չեն լուծվում, սա հասկանալու համար մենք պետք է դասեր քաղած լինեինք անցյալից: Հրապարակում  կանգնելը տարբեր տարիներին, տարբեր ընտրություններից հետո տարբեր ելքեր է ունեցել: Այս պահին ես ուզում եմ հավատալ եւ համոզված տեսնում եմ, որ մենք ավելի շահեկան վիճակում ենք: Ասեմ ինչու: Նախ  հանրապետության  նախագահն իր տեսակով այնպիսին է, որը երբեք ուժի կիրառման չի գնա իր ժողովրդի, իր հասարակության դեմ, այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող, ես ուղղակի համոզված եմ սրանում: Նաեւ համոզված եմ, որ Րաֆֆի Հովհաննիսյանն այն  ընդդիմադիր լիդերն է, որը երբեք ժողովրդին չի տանի առճակատման’’,- ասում է   Մարգարիտ Եսայանը:

 

Նրա խոսքով, այսօր Հայաստանում ստեղծված հետընտրական իրավիճակը բոլորովին այլ է, քան 2008-ին էր եւ թե հասարակությունը , թե իշխանությունը, թե  ընդդիմությունը պետք է փորձի սրանից օգտվել:

 

‘’ Միակ ելքը այս իրավիճակից երկխոսությունն է: Ես ուղղակի կոչ եմ անում եւ Րաֆֆի Հովհաննիսյանին, եւ հանրապետության նախագահին, ընդ որում կարծես երկուսն էլ պատրաստ են նստել եւ զրուցել, ուղղակի նստել եւ պայմանավորվել հետագա քայլերի հետ կապված: Որովհետեւ այն 800 հազարից  ավելի մարդիկ, ովքեր ընտրել են հանրապետության գործող նախագահին եւ այն 500 հազար  մարդիկ, որոնք ընտրել են Րաֆֆի Հովհաննիսյանին, մեր հասարակությունն են…  Նրանք բոլորն էլ իրավունք ունեին ընտրություն անելու եւ  կատարել են իրենց ընտրությունը, եւ հանրապետության նախագահը բազմիցս է նշել, որ ինքը ոչ միայն իրեն ընտրողների, այլեւ իրեն չընտրողների նախագահն  է’’,- նշում է Մարգարիտ Եսայանը` հավելելով, որ այս իրավիճակում շատ ճիշտ եւ հասարակության հանդեպ ավելի ազնիվ կլինի, որ կողմերը նստեն երկխոսության: Պարզապես, ըստ նրա, Րաֆֆի  Հովհաննիսյանը պետք է ավելի հստակեցնի, թե ինքն ինչ է ուզում եւ ինչպես է պատկերացնում ելքը:

 

«Մարտի մեկի նախօրեին ես ուղղակի կոչ եմ անում քաղաքական այն ուժերին, որոնք փորձում են իրավիճակը պղտորել, սթափվեք, հանդարտվեք եւ ուղղակի  պատմությունից դասեր առեք եւ հանկարծ չփորձեք այն հանդարտ ու բարի մթնոլորը, որը ստեղծել է  Րաֆֆի Հովհաննիսյանն իր հանրահավաքներով եւ այն հանդուրժողականության մթնոլորտը, որը հինգ տարի շարունակ սերմանել եւ իրականացրել է գործող նախագահ Սերժ Սարգսյանը, փչացնել: Այդ ուժերը դրա իրավունքը չունեն»,- ասում է  նա:

Նրա խաոսքով ,  այսօր եթե քաղաքական  օրակարգի ձեւավորման խնդիր կա, ապա դրա իրավունքն ունեն մի կողմից  ընտրություններում  հաղթած  Սերժ Սարգսյանը  եւ Հանրապետական կուսակցությունը եւ/ մյուս կողմից,  երկրորդ տեղը գրաված Րաֆֆի Հովհաննիսյանը եւ Ժառանգություն կուսակցությունը::

 

Ըստ պատգամավորի,  որեւէ այլ կուսակցություն, որը փորձում է միջամտել եւ այսպես ասած վերականգնել իր դերակատարությունը քաղաքականության մեջ, դրա  իրավունքը  չունի, որովհետեւ այս իրավիճակի տերը Րաֆֆի Հովհաննիսյանն ու գործող նախագահ Սերժ Սարգսյանն են եւ իրենք, Մարգարիտ Եսայանի համոզմամբ, երկուսով կարող են ելքերը գտնել:

 

Մարիաննա Ղահրամանյան

Դիտումների քանակը` 3295

Վերադառնալ վերև