Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Մարդկության մայրամուտը սկիզբ կառնի, երբ երկրի վրա «վերջանան» կանայք …

 

 

«Կանանց կոնսուլտացիայում իմ հերթին սպասելիս հաճախ եմ նկատել, թե ինչպես մայրերը կամ գուցե սկեսուրները  զայրացած դուրս են բերում կաբինետից իրենց հեծկլտացող դուստրերին-հարսներին:  Սկզբում մտածում  էի`  երևի արգանդում գտնվող երեխայի մոտ  բարդ արատ են հայտնաբերել, և երիտասարդ  մայրը դրա համար է արտասվում: Սակայն որքան մեծ էր զարմանքս, երբ բուժքույրը պարզաբանեց. «Ուղղակի բժիշկը նրանց ասել է, որ աղջիկ են ունենալու, դրա համար էլ այդպիսի դեմքերով են դուրս գալիս»: Նման  ցնցում ապրեցի նաև այն ժամանակ,  երբ փողոցում ծանոթ մի կին հետաքրքրվեց` պարզե՞լ եմ  արդյոք սպասվող  երեխայի սեռը: Լսելով  իմ  հպարտ՝ «աղջիկ եմ ունենալու» պատասխանը՝ հիասթափված ծոր տվեց. «Ոչինչ, հաջորդը տղա կլինի»…  Իսկ եթե ոչ, մի՞թե դա ցավակցելու առիթ է» –  իր դիտարկումներով  է կիսվում  մեր ընթերցողուհիներից մեկը:

 

 

 

Հարց է ծագում. իսկ ի՞նչ կլինի, եթե  երրորդ կամ չորրորդ երեխան նույնպես աղջիկ լինի:  Նման դեպքերում է, որ  խորապես հիասթափված ամուսինը երբեմն  իրեն իրավունք է վերապահում ծննդատնից տուն  չտանել հերթական աղջիկ ունեցած կնոջը …

Ճիշտ է , ինչպես վկայում է բազմաթիվ ընտանիքների փորձը, հետագայում այդ նույն հայրերը ջերմորեն կապվում են հենց չսպասված աղջիկներին և հաճախ նույնիսկ նախընտրում են նրանց՝ բաղձալի արու զավակից:  Սակայն այսպիսի երջանիկ ավարտ ունենում են միայն այն  պատմությունները, որոնցում  ամուսինները չեն փորձում  տղա-աղջիկ երկընտրանքը լուծել ընտրողական  աբորտի միջոցով:

 

 

Իրականում մենք չենք էլ  գիտակցում իրավիճակի ողջ ցինիզմը. ընտանիքը որոշում է երեխա ունենալ, կինը գիտակցաբար հղիանում է, և երբ արդեն պտուղը համեմատաբար հասունացել է, որոշում է՝ արժանի՞ է արդյոք այդ երեխան լույս աշխարհ տեսնելու, թե՞ ոչ՝  առաջնորդվելով միայն սեռի սկզբունքով: Տղան արժանի է, աղջիկը՝ ոչ, նշանակում է՝ սպանենք: Բարի, մի նոր փորձ…Պարզվում է, մենք այնքան էլ չենք հեռացել այն բարբարոսներից, ովքեր սովորույթի  համաձայն ողջ-ողջ թաղում էին նորածիններին  լոկ  նրա համար, որ աղջիկը վատ նշան է…Այն տարբերությամբ, որ արդիական տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս իմանալ սեռը և «սպանության» գործողությունը կատարել վաղօրոք…

 

Բրիտանական հեղինակավոր The Economist հանդեսի կանխատեսումներով՝ մարդկության անդառնալի մայրամուտը կսկսվի այն ժամանակ, երբ երկրի վրա կանայք «վերջանան»: Գործընթացը սկիզբ կառնի արդեն III հազարամյակում և կավարտվի V-VI հազարամյակների սահմանագծին« երբ լույս աշխարհ կգա մարդկության պատմության մեջ վերջին աղջիկը: Նման  մարգարեություններին անգամ թերահավատությամբ վերաբերվելով՝ անհնար է չընդունել, որ աշխարհն արդեն հասցրել է մի քանի վճռական քայլ անել մարդկության համար կործանարար այդ ճանապարհին: Չինաստանում, օրինակ՝ ընտրողական  աբորտների հետևանքով տղամարդ բնակչության գերակշռությունն արդեն հասել է 40 մլն մարդու: Տեղացի սոցիոլոգների կանխատեսումներով՝ սա կբերի միասեռական հարաբերությունների ծաղկման, ամուսնական միգրացիայի կամ հարևան երկրներից հարսնացու փախցնելու երևույթներին: Տղամարդ բնակչության կրճատման մեկ արմատական միջոց ևս գոյություն ունի՝ պատերազմը:

 

The Lancet բժշկական հրատարակության տվյալներով՝ վերջին 20 տարիների ընթացքում Հնդկաստանում սեռի հատկանիշով կատարվել է շուրջ 20 մլն աբորտ: Այս վտանգավոր երևույթի դեմ պայքարելով` հաճախ  օրենսդրորեն արգելում  են բժիշկներին երեխայի սեռի մասին տեղեկություն տալ: Ի պատասխան գրանցվում են դեպքեր, երբ  ամենահամառ ծնողները դիմում են վիրաբուժական միջամտությանը՝  այդ  եղանակով փոխելով արդեն իսկ ծնված երեխայի  սեռը և աղջկա փոխարեն ստանալով տղա:

 

ԵԽԽՎ-ի վերջերս  ընդունված բանաձևում՝  ընտրողական աբորտների տարածվածությամբ աչքի ընկնող չորս երկրների շարքում,  ավաղ« հայտնվել էր նաև Հայաստանը: Նշված  երկրներում (Ալբանիա« Ադրբեջան, Վրաստան, Հայաստան) ծնվող աղջիկների և տղաների հարաբերակցությունը հասել է ժողովրդագրության համար վտանգավոր հաշվեկշռի՝ 112 տղա 100 աղջկա դիմաց՝ 105-ը 100-ի բնականոն հարաբերակցության դեպքում:

 

Ըստ պաշտոնական աղբյուրների՝ Ադրբեջանում վերջին 12 տարիներին միայն յուրաքանչյուր երրորդ նորածինն է աղջիկ: Ի հետևանս՝ 16 տղա և 6 աղջիկ. այսպիսին է այսօր սեռերի հարաբերակցությունը դպրոցներում՝ 1-6-րդ գրեթե բոլոր դասարաններում: Այս իմաստով համեմատաբար բարվոք է վիճակը Վրաստանում« որտեղ հարաբերակցությունը 111-ը 100-ին է:

 

Հայաստանում այս տարվա ցուցանիշները վկայում են« որ վտանգավոր միտումը խորանում է: Այսպես,  ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ անցյալ տարվա  առաջին 5 ամիսներին մեր երկրում ծնվել են 8977 տղա և 7661 աղջիկ, այսինքն՝ հարաբերակցությունը կազմել է 117-ը 100-ի:

 

Ինչպես վկայում են ժողովրդագիրները՝ սեռային հավասարակշռության խախտմանը երբեմն «միջամտում» է նաև ինքը՝ բնությունը: Այսպես,  պատերազմից անմիջապես առաջ և հետո շատ տղաներ են ծնվում« իսկ բազում մարդկային կյանքեր խլած տարերային աղետներից հետո կտրուկ աճում է լույս աշխարհ եկած երկվորյակների և եռվորյակների թիվը: Սակայն այսօր հետազոտության արդիական մեթոդները հնարավորություն են ընձեռում  ծնողները սեփական հայեցողությամբ լուծելու բնության կողմից կարգավորվող հարցը, ինչը կարող է ճակատագրական հետևանքներ ունենալ երկրի ժողովրդագրության և նրա ապագայի համար:

ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ,  ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը դեռևս Ստրասբուրգ մեկնելուց առաջ ձևակերպեց պաշտոնական դիրքորոշումը  խնդրի վերաբերյալ:  Նրա խոսքով՝ «խնդիրը կա, սակայն չի հասել այնպիսի ծավալների, որի դեպքում Հայաստանն ընդգրկվի ռիսկային երկրների ցուցակում»:

 

Բացի այդ, ի տարբերություն այլ երկրների, որտեղ սելեկտիվ աբորտներն առավելագույնս են  տարածված,  հայ կանայք սովորաբար դիմում են սեռի հատկանիշով հղիության արհեստական ընդհատմանը  երրորդ և չորրորդ հղիության ընթացքում՝ բացարձակ լոյալություն հանդես բերելով առաջնեկների սեռի նկատմամբ: Այս փաստը հաստատվել է նաև ազգային վիճակագրական ծառայության 2010-ի տվյալներով, որոնց համաձայն եթե առաջին հղիության ընթացքում լույս աշխարհ են եկել 11.290 տղա և 10.664 աղջիկ, երկրորդի ժամանակ՝ 8325 տղա և 7556 աղջիկ, ապա երրորդ և չորրորդ հղիություններից հետո խզումը հօգուտ տղաների ավելանում է մեկուկես անգամից ավելի: Այսինքն` առաջին և երկրորդ երեխան իրավունք ունեն աղջիկ ծնվելու, իսկ երրորդն ուղղակի պարտավոր է տղա լինել: Արդյունքում՝ ամփոփ  տարեկան վիճակագրությունը մեզանում իրոք մտահոգիչ  է ՝ 100 աղջիկ 114 տղային:

 

 

Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնի ղեկավար, պրոֆեսոր Գեորգի Օկոևի խոսքով՝ առկա իրավիճակը լուրջ անհանգստության տեղիք է տալիս և պահանջում համապատասխան միջոցներ: «Հոգ տանելով այսօրվա ընտանիքի մասին՝ մենք չպետք է մոռանանք վաղվա օրվա ընտանիքի մասին: Ինչպիսի՞ն այն կլինի սեռերի նման հարաբերակցության, այն է` վերարտադրողական տարիքի տղամարդկանց ավելցուկի և  հարսնացուների սուր պակասի դեպքում: Ուստի կարծում եմ, որ անթույլատրելի է հայտնել երեխայի սեռի մասին  հղիության վաղ փուլերում, երբ հնարավոր է նրանից ազատվել», – ասում է նա:

 

«Ծնելիությունը ոչ մի պարագայում  չի կարող  կարգավորվել երեխայի  սեռի հատկանիշով», – համարում է ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ, ակադեմիկոս Ռազմիկ Աբրահամյանը:

 

Այդուհանդերձ, բազմաթիվ բժիշկներ և պաշտոնյաներ մտավախություն ունեն, որ երեխայի սեռի մասին տեղեկատվության արգելքը կբերի կոռուպցիայի աճի, երբ ծնողները  կսկսեն միջոցներ հայթայթել բժիշկներից իրենց անհրաժեշտ տեղեկություններն կորզելու նպատակով: Փորձագետների գնահատմամբ` խնդրի լուծումը  ծնելիության խթանման և բազմազավակ ընտանիքների աջակցության հարթությունում է: Միաժամանակ, հարկ է բարձրացնել բնակչության իրազեկությունը աբորտների  վնասի և անընդունելիության մասին,  էլ չենք ասում ընտրողական աբորտների:

 

Վալերիա Զախարյան

Դիտումների քանակը` 5138

Վերադառնալ վերև