Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Մարիամ Մկրտչյանի բիզնես-բանաձևը. ճկունություն, ամուր նյարդեր, կամք ու աշխատասիրություն

«Art Areni» ձեռագորձ և ինքնատիպ հուշանվերների խանութ-սրահը գտնվում է  Վայոց ձորի մարզի Արենի գյուղում:  Մեզ հետ զրույցում խանութի  համահիմնադիր Մարիամ Մկրտչյանը պատմեց, որ այնտեղ ներկայացված են Վայոց ձորի, Սյունիքի վարպետների ձեռքի աշխատանքները: Մարիամի խոսքով, «Art Areni»-ն առանձնանում է նրանով, որ այն առաջինն է Վայոց ձորում և մարզի մշակույթի ներկայացման մի անկյուն է, որտեղ այցելուները կարող են ոչ միայն գնումներ կատարել, այլ պարզապես ծանոթանալ մարզի մշակույթին, ինչպես նաև մասնակցել Բատիկայի՝ հագուստի և շարֆերի վրա նկարչության, տիկնիկագործության, բնական ծաղիկներով զարդերի պատրաստման և կարպետագործության վարպեության դասերին: Իսկ վերջինը հատկապես պահանջված է զբոսաշրջիկների կողմից: Իսկ վարպետության դասերից բացի «Art Areni»-ին կից գործում է գինու և թեյի համտեսի սրահ: Այսպիսով «Art Areni» բաղկացած է երկու մասից՝ վարպետաց սրահից և համտեսի սրահից:

 

«Մեր գլխավոր նպատակն է զարգացնել կանանց ձեռներցությունը մարզերում, նրանց աշխատանքները դարձնել ճանաչելի, ինչպես նաև այցելուներին ծանոթացնել մեր մշակույթին: Ես մասնագիտությամբ իրավաբան եմ, ընկերուհիս՝ նկարչուհի և մինչ «Art Areni» մենք օգնում էինք, որպեսզի Վայոց ձոր մարզի Վայք քաղաքի և հարակից համայնքերի կանանց ձեռքի աշխատանքները ցուցադրվեն և իրացվեն մի շարք հուշանվերների սրահներում, ինչպես նաև ներկայացվեն մի շարք փառատոներում,: Արդյունքում գաղափար առաջացավ հենց մեր մարզում ունենալ մի վայր, որտեղ հնարավոր կլինի ներկայացնել այդ կանանց և երիտասարդների աշխատանքները, որը նրանց կօգնի նաև վաստակելու հավելյալ եկամուտ իրենց ընտանիքների հոգսերը թեթևացնելու նպատակով: Մի քանի բիզնես դասընթացի մասնակցությունից հետո վերջնական համոզվեցինք և սկսեցինք մեր աշխատանքները: Այս պահին արդեն համագործակցում ենք հիսունից ավելի վարպետների հետ, որոնցից 90%-ը  կանայք են և մյուս տարի ցանկանում ենք ավելացնել նրանց թիվը»,- ասաց Մարիամը:

 

 

«Art Areni»-ին նաև ինֆորմացիոն կենտրոն է դարձել զբոսաշրջիկների համար, քանզի գտնվում է անմիջապես մայրուղու վրա և այդպիսով աղջիկները օգնում են կողմնորոշվել մարզում հյուրատների, հյուրանոցների, ինչպես նաև հայկական խոհանոցի ընտրության հարցում: Իսկ սա արդեն ավելի է մեծացնում համագործակցության շրջանակը տեղի ընկերությունների ու հատկապես գինու արտադրողների հետ:

 

Մարիամը նշում է, որ շատ դժվարությունների միջով են անցել. ««Art Areni»-ի հիմնադրման օրվանից մինչ օրս բազմաթիվ դժվարությունների ենք հանդիպել, սակայն դրանք հաղթահարելի են դարձել մեր համառության և աշխատասիրության շնորհիվ: Ասեմ, որ  բիզնեսի հիմնադրումը կնոջ կողմից թե՛ հեշտ է, թե՛ դժվար:  Հատկապես զավեշտալին այն է, որ շատ հայ տղամարդիկ, երբ հարցնում են՝ բա ո՞վ է սեփականտերը ու ստանում են պատասխանը, անակնկալի են գալիս, ասելով, որ դա իրենց համար մի քիչ անհավատալի է և գուցե մենք թաքցնում ենք իրական տիրոջը: Իրենց պատկերացմամբ՝ միայն տղամարդը կարող է բիզնեսով զբաղվել: Բայց մեր աշխատանքով ու մեր հաջողություններով մենք, փաստացի, ապացուցում ենք հակառակը»,- ընդգծեց նա:

 

Հայաստանում, համոզված է Մարիամը, հնարավոր է բիզնես անել, ուղղակի պետք է ունենալ ճկունություն, ամուր նյարդեր, կամք ու աշխատասիրություն…. իսկ եթե կին ես՝ ամուր նյարդերը պետք կգան հատկապես կարծրատիպերի դեմ պայքարում:

 

«Մենք շատ ծրագրեր ունենք, որ պետք է իրագործենք: Օրինակ, այս տարի ցանկանում ենք համտեսի սրահը դարձնել ավելի գրավիչ ու հարմարավետ այցելուների համար, որտեղ հնարավոր կլինի կազմակերպել մշակութային փոքր միջոցառումներ: Եվ որ ամենակարևորն է՝ կանանց առաջխաղացումը շարունակելու է մնալ մեզ համար առաջնահերթ»,- հավելեց նա:

 

Լիա Խոջոյան

Դիտումների քանակը` 428

Վերադառնալ վերև