Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Մարինա Խաչատրյան. «Պետք է փշրել երևանցիներին իրարից հեռացնող պատնեշները»

Մեր զրուցակիցն է Երևանի ավագանու ընտրություններում «Երկիր Ծիրանի» կուսակցության ցուցակի  5-րդ հորիզոնականում  առաջադրված Մարինա Խաչատրյանը: Ծնվել է 1981թ-ին Քաջարան քաղաքում, մասնագիտությամբ նյարդավիրաբույժ է ,աշխատում է  “Նաիրի” ԲԿ-ում ։ Ասում է  դառնալով ավագանու անդամ ՝ Երևանը սիրող բոլոր մարդկանց հետ միասին պայքարելու է հանուն մեր քաղաքի ազատության, մաքրության և առողջության։

 

– Մայրաքաղաքի ավագանու ընտրություններում առաջադրվելը  Ձեր առաջի՞ն քայլն է քաղաքականությունում:

 

-Կարծում եմ, մեր առօրյա կյանքում բոլորս էլ որոշակի  քաղաքականություն ենք վարոււմ  մեր նպատակներին հասնելու համար։ Իմ առաջին փորձն այդ առումով 2004-ին արեցի, երբ համարձակություն ունեցա ընտրել նյարդավիրաբույժի մասնագիտությունը, թեպետ ինձ դեմ գնացին Հայաստանի գրեթե բոլոր նյարդավիրաբույժները՝ ասելով, որ դա կանացի մասնագիտություն չէ։ Անցնելով շատ դժվար ուղի և հասնելով հաջողության՝ ես կարողացա ապացուցել, որ դա նաև կանացի մասնագիտություն է։ Դրա արդյունքում ինձ հետևեցին այլ աղջիկներ և նրանց արդեն բոլորն ընդունեցին որպես կարող և հավասար մասնագետների։ 

Բուն քաղաքականության մեջ գլոբալ առումով երբեք որևէ գործունեություն չեմ ծավալել, սակայն մեր երկիրն այժմ այնպիսի խոր անդունդի առջև է կանգնած, որ իմ պարտքն եմ համարում ծառայել հայրենիքիս նաև քաղաքական դաշտում: Հույս ունեմ, որ իմ օրինակը կրկին վարակիչ կլինի շատ հայուհիների համար։

 

 

– Ի դեմս ձեր թիմի առաջնորդի  Երևանի քաղաքապետի պաշտոնի համար կին թեկնածու է պայքարում:  Կարծում եք, մեր հասարակությունը պատրա՞ստ է նման բարձր պաշտոնում կնոջ տեսնել:

 

– Բնությունը կնոջն օժտել է մեծ ուժով, դիմացկունությամբ և տոկունությամբ, և ես վստահ եմ, որ կինն է փրկելու մեր Հայաստանը։ Վստահ եմ նաև, որ մեր հասարակությունն ուզում է տեսնել տիկին Փոստանջյանի պես ուժեղ, նպատակասլաց և հայրենանվեր քաղաքապետի, ով միևնույն ժամանակ մայրական սիրով կվերաբերվի մեր Երևանին։

 

 

-Որոնք են այն երեք հիմնական խնդիրները, որոնք լինելու են ձեր ուշադրության կենտրոնում՝ ավագանու կազմում ընտրվելու դեպքում:

 

– Լինելով բժիշկ՝ ես քաջ գիտակցում եմ, որ առողջ քաղաքացին է առողջ հասարակության գրավականը։ Առողջությունը չպետք է դիտարկել միայն որպես ֆիզիկական վիճակի գնահատական, անչափ կարևորում եմ նաև երևանցիների սոցիալական և հոգեկան բարեկեցությունը։ Մեր քաղաքը ներկայումս չի համապատասխանում մարդու առողջության պահպանման ոչ մի պահանջի, սակայն մենք ձեռքներս ծալած չենք նստելու և պատրաստվում ենք փոխել Երևանը՝ դարձնելով այն արժանավայել ապրելու քաղաք։

Բազմաթիվ խնդիրներ ծագում են հասարակության բևեռացումից։ Հարմարավետ առանձնատներում բազմած “վերնախավը” չի կարող նկատել ձմռանը փողոցում ցրտահարությունից մահացած անտուն մարդուն։ Պետք է փշրել երևանցիներին իրարից այսքան հեռացնող պատնեշները,  բոլորին ապահովել բարեկեցիկ կյանքով։ Այն ժամանակ միայն մարդիկ կսկսեն ժպտալ, և մեր Երևանը կդառնա  «արևի ու մարդկային ջերմության քաղաք»…

Կան նաեւ բազմաթիվ խնդիրներ, որոնք միայն  մայրաքաղաքին չեն վերաբերվում…Մեր տնտեսությունը հիմնված է հասարակ, աշխատող քաղաքացու վրա, որը ներկայումս գտնվում է ստրուկի կարգավիճակում իր իսկ երկրում:  Շատերը հուսալքվել են և լքել Հայաստանը, սակայն, եթե մենք բոլորս լքենք մեր երկիրը՝ կդառնանք անհայրենիք քոչվոր ցեղեր։ Դրա համար էլ  կարևոր խնդիր եմ համարում արտագաղթի դադարեցումը։  Մենք չպետք է թույլ տանք, որ հայի ձեռքով մեր իսկ հողում կատարվի թուրքերի դարավոր նպատակը. մեկ հայ, այն էլ թանգարանում…

 

 

-Երևանը որքանո՞վ է հարմար մանկական ժամանցի, ընտանեկան հանգստի տեսանկյունից: Ինչ բացթողումներ կան այս ոլորտում:

 

-Ոչ միայն մանկական ժամանցի, այլև երիտասարդների ու տարեցների համար Երևան քաղաքը որևէ հարմարություն չունի։ Նայեք մանկական խաղահրապարակներին, դրանցից շատերը կառուցված են բանուկ փողոցներին կից, չկան պարիսպներ և երեխաների համար ապահով չեն։ Առօրյա ժամանցի համար նախատեսված այգիներ նույնպես գոյություն չունեն։ Երևանը չեն կառուցում միայն նստարաններ տեղադրելով և ծաղիկներ տնկելով…

 

 

Ո՞րն է կին քաղաքական գործչի հաջողության բանաձևը:

 

Կին քաղաքական գործչի հաջողության բանաձևն իր ընտանիքի աջակցությունն է։ Մենք բոլորս ապրում և արարում ենք հանուն մեր ընտանիքի։ Իսկ երբ երկիրդ է կանգնում  քայքայման եզրին՝ հայրենիքդ է դառնում քո ընտանիքը։ Կինը միշտ էլ ի զորու է եղել զենքը ձեռքին, ընտանիքի մեջքին կանգնել՝  պայքարելով թշնամու դեմ՝ արտաքին թե ներքին։ Պաշտպանելու, ստեղծելու և արարելու ձգտումն է կին քաղաքական գործչի հաջողության բանալին…

 

 

-Ինչո՞ւ պետք է երևանցիներն ընտրեն հենց Ձեզ ու ձեր ներկայացրած կուսակցությանը:

Հանուն գաղափարի, հանուն մեր քաղաքի ազատագրման, վերականգնման, հանուն արտագաղթը ներգաղթի վերափոխելու, հանուն մեր երեխաների…

 

 

Տաթևիկ Սարգսյան

Դիտումների քանակը` 3087

Վերադառնալ վերև