Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Մարմարը, կամ Հովհաննես Թումանյանի գաղտնի սերը

«Մարմար Մարկովնան… նոր ծրագիրներ է կազմել, Տե՛ր Աստված: Ես կարծում եմ այս ձմեռ նոր բաներ ենք տեսնելու: Նա կանի, ես հավատում եմ: Զարմանալի կին է: Ափսոս, որ նրան լավ չեն ճանաչում առհասարակ: Է˜հ, վերջումը կճանաչեն, միշտ վերջումը»: Ամենայն հայոց բանաստեղծի այս տողերը իր լավագույն բարեկամուհու`իշխանուհի Մարիամ Թումանյանի մասին են, գրում  է Մեդիամաքս -ը , ներկայացնելով Սոսսի Խանիկյանի հեղինակած հոդվածը մի  կնոջ  մասին, ով  մեծ, սակայն այսօր շատերի համար անհայտ  դեր է ունեցել հայ մշակութային կյանքի զարգացման գործում:

 

Գեղեցկությունը, խելքը, ինտելեկտն ու բարությունը հիանալի համատեղվել էին այդ ինքնատիպ կնոջ մեջ: Լինելով հասարակական-մշակութային գործիչ եւ մեկենաս` նա նպաստել է բազմաթիվ գրքերի հրատարակությանը, կազմակերպել բազմաթիվ բարեգործական միջոցառումներ, ներկայացումներ, դրանցից ստացված գումարը փոխանցել կարիքավորներին, անվճար թեյարաններ, ճաշարաններ, արհեստանոցներ, գորգագործարաններ բացել գաղթականների համար, իսկ  նրա որբանոցի սաները նրան մայրիկ են անվանել: 1902թ. Գաբրիել Սունդուկյանի հետ նա հիմնել է Հայոց դրամատիկական ընկերությունը, որը նախագահել է 4 տարի, մեծ նպաստ է ունեցել Հավլաբարի ժողովրդական թատրոնի ստեղծման գործում: Հիրավի մեծ է թիվը բոլոր այն անձնվեր աշխատանքների, որոնք իշխանուհին կատարել է իր ազգի համար: Բոլոր այդ աշխատանքների կողքին կա եւս մեկ բան, որն արժանի է հիշատակման. Մարիամ Թումանյանի սերը, բարեկամությունն ու սրտացավ հոգատարությունը Հովհաննես Թումանյանի նկատմամբ:

Այդ բարեկամությունն առաջին հերթին հիմնված էր հոգեւոր ներդաշնակության վրա: Իշխանուհի Թումանյանը ոչ միայն հոգեւոր ընկեր էր, այլեւ շատ բան էր անում, որպեսզի բանաստեղծի նյութական վիճակը թեթեւանա: Հենց նա է կազմել եւ հրատարակել Թումանյանի մի քանի ժողովածուները`չմոռանալով շարունակ  նախատել բանաստեղծին անիմաստ քեֆեր կազմակերպելու եւ փողերն անմիտ կերպով վատնելու համար:

 

Ամեն ինչում կանոնավոր եւ միշտ ճշտապահ իշխանուհու համար դժվար էր համակերպվել ազատություն սիրող բանաստեղծի խենթ հոգու պոռթկումներին: Մյուս կողմից էլ, նրանք այնպես էին մտերմացել, որ հաճախ իրար հասկանում էին կես բառից: Իշխանուհին իր տանը հինգշաբթի օրերին կազմակերպում էր գրական երեկոներ, որոնց 5 մշտական անդամների թվում էր նաեւ Հովհաննես Թումանյանը: Մարիամ Թումանյանը, կամ Մարմարը, ինչպես քնքշորեն նրան անվանում էր բանաստեղծը, ամուսնացած էր ամբողջովին վրացականացած հայ իշխանի` «Նովոյե օբոզրենիե» լրագրի խմբագիր Գեորգի Թումանովի հետ: Սակայն երիտասարդ իշխանուհուն ոչ միայն հաջողվել էր հայկականությանը վերադարձնել իր ամուսնուն, հայեցի դաստիարակություն տալ երեխաներին, այլեւ ամբողջությամբ փոխել  իշխանական ընտանիքում տիրող վիճակը: Ամուսնուց տարիքով կրկնակի փոքր իշխանուհին կարողանում էր այնպես անել, որ իր ընտանիքում, որտեղ նախկինում հայերեն խոսք անգամ չէր հնչում, բոլորը սկսեն խոսել հայերեն: 

 

Կնոջն անչափ գնահատող ամուսինը երբեք չի խանգարել նաեւ, որ տեղի ունենան «Հինգշաբթիներ» անունը ստացած գրական երեկոները: Երեկոներ, որոնք շատ կարեւոր են դառնում հայ գրականության զարգացման համար: Առհասարակ, այդ ուժեղ, բայց, միեւնույն ժամանակ, հուզական կինն իր ողջ կյանքի ընթացքում մեծ ներդրում է ունեցել հայ գրականության, մշակութային տարբեր ոլորտների զարգացման գործում: Նա կովկասահայության ամենալուրջ դեմքերից էր եւ անդամակցում էր միանգամից 8 մեծ կազմակերպությունների: Եվ պատահական չէ, որ այդքան  հայրենասեր, գեղեցիկ ու խելացի կինը զգացմունքներ է արթնացնում նաեւ մեծ բանաստեղծի սրտում: Ավելորդ է նշել, որ զգացմունքը փոխադարձ էր: Սակայն երկուսն էլ չափից դուրս վեհ էին եւ բարոյական մեծ արժեքների տեր, որպեսզի զգացմունքը դառնար իրականություն:

 

Գարնանային մի երեկո, այնուամենայնիվ, երկար տարիներ լռելուց հետո Թումանյանը վերջապես խոստովանում է իր սերը Մարմարին: Իշխանուհին ոչինչ չի պատասխանում, միայն իջեցնում է գլուխը, եւ աչքերը լցվում են արցունքով: Երկուսն էլ հասկանում էին, որ իրենք ամուսնացած են, բազմազավակ ծնողներ (Հովհաննես Թումանյանը 10 երեխա ուներ, Մարիամը` 6), եւ իրենց սերն անհնար է: Այդ առիթով Մարիամ Թումանյանը գրում է. «Մենք չէինք կարող միանալ,– որովհետեւ երկու ընտանիք պիտի քանդվեր, իսկ ուրիշի դժբախտության վրա հիմնված բախտավորությունը երբեք ուրախություն չի տալիս մարդուն»:

 

Հավանաբար, հենց նույն ամուսնական պարտականությունների եւ պատասխանատվության պատճառով Մարիամ Թումանյանն իր հուշերում գրում է, որ ինքը սիրահարված չի եղել Թումանյանին, սակայն ճիշտ հակառակն է ապացուցվում, երբ կարդում ես նրա` Թումանյանին գրած նամակները: Ահա թե ինչ է գրում իշխանուհին բանաստեղծին, որն, ի դեպ,  Աբասթուման բուժվելու էր մեկնել հենց իշխանուհու շնորհիվ. «Իմ փափագս է, որ ձեզ այնպես պաշտպանեմ, որ ոչ մի մարդ չդիպչի ձեր զգայուն սրտին, որ ձեր հոգին հանգիստ լինի, որ ձեր առողջությունը վերականգնվի: Հավատացե՛ք, որ այս տողերը գրելիս ես լալիս եմ, որ իմ բոլոր ճիգերն իզուր են, եւ ես չեմ կարող տալ ձեզ հանգստություն, չեմ կարող պաշտպանել ձեր սիրտը կոպիտ ձեռքերից: Ես կուզենայի ձեզ խնամել, ինչպես մի քնքուշ ծաղիկ, պահպանել թե՛ արեգակի այրող ճառագայթներից, թե՛ ձմեռվա ցրտից: Ձեր ամեն մի վիշտը արձագանք է գտնում սրտիս մեջ»:

 

Այսքան զգացմունքային իշխանուհին իր հուշերում գրում է, որ երբեք չի վայելել ամուսնական քաղցրություն: Դա չի խանգարել, սակայն, որպեսզի Մարիամ Թումանյանն անմնացորդ նվիրվի ամուսնուն եւ ընտանիքին, այն աստիճան, որ  ամաչել է բանաստեղծի հանդեպ ունեցած սերը խոստովանել անգամ ինքն իրեն: Իր հերթին, ընտանիքին նույնքան նվիրված ամուսին եւ հայր էր նաեւ Թումանյանը, նա ուներ հրաշալի, շրջահայաց կին, որը մշտապես նրա կողքին էր:

 

Իր զգացմունքները թաքցնող իշխանուհին, սակայն, այդպես էլ չի ներում Թումանյանին Աբասթումանում գրած եւ իրեն նվիրած բոլոր բանաստեղծությունները ոչնչացնելու համար: Կարելի է միայն ենթադրել, թե այդ չստացված սիրո պատճառով որքան է տխրել նաեւ Ամենայն հայոց բանաստեղծը: Նրա խոսքերով`Մարմարի համեմատությամբ բոլոր կանայք ոչինչ էին: Բանաստեղծի խոստովանությունից հետո Թումանյանների հարաբերություններում   լռություն է իջնում, եւ նրանք մի քանի ամիս չեն հանդիպում:

 

Այստեղ ահա կբաժանվենք.

Մնաս բարյավ, սիրելիս.

Այսպես ես չեմ ցավել երբեք

Դառնությունով սիրտս լի։

 

Իսկ երբ վերջապես որոշ ժամանակ անց, ինչ-որ կերպ հաղթահարելով զգացմունքները, նրանք նորից հանդիպում են, նայում իրար, երկուսի համար էլ պարզ է դառնում, որ իրենց սիրուն վիճակված է մնալ «քնքուշ բարեկամություն»: Եվ հենց այդպես էլ լինում է․ նրանց բարեկամությունը վեհ արարքների, ազնիվ  զգացմունքների մի ամբողջ պատմություն է:  Ի դեպ, հենց իշխանուհուն ենք մենք պարտական, որ Թումանյանը շարունակեց գրական ուղին եւ չդարձավ քահանա: Տեղի տալով ընտանիքի ճնշումներին, նյութական ծանր վիճակից դրդված` Թումանյանը որոշում է թողնել գրականությունը` քահանա ձեռնադրվելու նպատակով: Այդ մասին նա հայտնում է Մարիամ Մարկովնային: Թումանյանի որոշումից սարսափած իշխանուհին, անքուն գիշեր անցկացնելուց հետո, կարողանում է այնպիսի միջոցներ ձեռք առնել, որպեսզի Թումանյանը եւ՛ աշխատանք ունենա, եւ՛ ստեղծագործի:

 

Շրջապատի վերաբերմունքը միշտ չէ, որ դրական է եղել նրանց կապի հանդեպ: Եթե իշխանուհու ընտանիքում պարզապես այնքան էլ ոգեւորված չէին իշխանուհու նվիրվածությամբ Թումանյանին, ապա բանաստեղծի ընտանիքում Մարիամ Թումանյանը գնալով դառնում է ոչ այնքան սպասված հյուր:

 

 

Ա՛խ, առանց քեզ տխուր կյանքիս,

Օրը տարի կդառնա,

Բայց ուր լինիս, դարձյալ հոգիս

Շուրջդ պիտի թրթռա։

 

Եվ աստիճանաբար` տարիների ընթացքում նրանց հարաբերությունների մեջ սառնություն է առաջանում: Ըստ իշխանուհու, Թումանյանն արդեն հայտնի մարդ էր դարձել եւ այլեւս իր կարիքը չուներ: Այստեղ, իհարկե, խոսում է վիրավորված կնոջ ինքնասիրությունը: Եվ նրա համար դժվար էր հասկանալ, որ Թումանյանի համար գուցե հեշտ չի եղել հանդիպելու մի կնոջ, որին ինքը ժամանակին սիրահարված է եղել: Եվ գուցե այդ անհնարին զգացմունքը մոռանալու լավագույն տարբերակն էլ հենց չհանդիպելն էր: Էլ չենք խոսում բոլոր այն դժվարությունների եւ դժբախտությունների մասին, որ այդ տարիների ընթացքում անցել էին բանաստեղծի գլխով` ձերբակալություններ, եղբոր եւ որդիների մահ, մասնատված, ցեղասպանված հայրենիք: Հատկապես հայրենիքի ծանր, անկայուն վիճակը ստիպել էր բանաստեղծին հետին պլան մղել անձնական բոլոր զգացմունքներն ու ապրումները: Նրանց մտերմությունն ավելի է սառում Դիլիջանում կատարված մի միջադեպից հետո…

 

Նյութը ամբողջությամբ կարող եք կարդալ  այս հղումով. http://www.mediamax.am/am/news/society/24639/

 

Դիտումների քանակը` 389

Վերադառնալ վերև