Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Մարտի 8. կանանց մեծարմա՞ն, թե՞ իրավունքների պաշտպանության օր


Կանանց տոնի ընկալումը հայ հասարակության մեջ այլեւս միանշանակ չէ: Վերջին տարիներին մարտի 8-ին սոցիալական ցանցում հայտնվում են ինչպես շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ, այնպես էլ կանանց իրավունքներին նվիրված գրառումներ: Տեսակետները երբեմն ծայրահեղ տարբեր են լինում՝ հատկապես կանանց շրջանում: Փորձեցինք հարցում անցկացնել երիտասարդ կանանց (20-30 տ.) շրջանում՝ հասկանալու համար, թե ինչպիսին է նրանց ընկալումը եւ ակնկալիքները տոնի հետ կապված:

 

Հասմիկ Թագակչյան. «Ինձ համար այդ օրն ավելի գնահատված ու հիշված լինելու առիթներից մեկն է, տոն, որ ամբողջովին քոնն է, որը նշում ես կամ սիրելիի, կամ ընտանիքիդ անդամների, կամ էլ ընկերներիդ հետ: Այդ օրը առանձնակի ակնկալիքներ չունեմ, կարեւորն ինձ համար նշանակալի մարդկանց կողմից շնորհավորանքն ու նրանց ուշադրությունն է»:

 

Լուսինե Սաղումյան. «Մարտի 8-ը կանանց իրավունքների պաշտպանության օրն է, ու քանի դեռ այս հարցի շուրջ խնդիրներ կան, այն ինձ համար պայքարի օր կմնա: Յուրաքանչյուրն ինքը պիտի որոշի՝ ինչպես է ուզում տոնել այդ օրը՝ ծաղիկներ ու կոնֆետներ ստանալով, թե քայլերթի դուրս գալով: Ես դեռեւս քայլերթի եմ դուրս գալիս, քանի որ ինձ պատասխանատու եմ զգում կանանց՝ իրենց իրավունքների մասին իրազեկելու համար»:

 

Տաթեւ Գոգչյան.  «Ես շատ եմ սիրում այդ տոնը, մենք միշտ այդ օրը գեղեցիկ անակնկալներ ենք անում միմյանց: Այն պետք է նշել գարնանային ջերմ տրամադրությամբ: Սա կանանց կարեւորելու, նրանց գնահատելու, սիրելու, ինչու չէ, նաեւ իրավունքները պաշտպանելու օր է, իսկ նվերը ուղղակի սիմվոլիկ բնույթ է կրում»:

 

Տաթեւ Զորյան. «Մարտի 8-ն ինձ համար շատ սովորական մի օր է…տոնել չեմ պատրաստվում եւ որեւէ ակնկալիք չունեմ: Ֆորմալ բաներ երբեք չեմ սիրել, ինձ համար հատուկ օրեր պետք չեն կնոջը հիշելու, նվերներ տալու համար: Երբեք այդ տոնին ուշադրություն չեմ դարձրել, ֆիկտիվ ռետուալիզմը տանել չեմ կարողանում»:

 

Նատաշա Հարությունյան. «Վերջերս իմ շրջապատում շատերից եմ լսում, թե ինչու պետք է մենք նշենք Մարտի 8-ը, որը կոմունիստական տոն է, ինչու պետք է մարդ իր մորը կամ կնոջը շնորհավորի Կլարա Ցետկինի  առաջարկով… Իսկ ինչո՞ւ ոչ: Ի՞նչ կլինի, որ տարվա գոնե մեկ օրն էլ պաշտոնապես լինի կանանց տոնը: Հաճախ ասում են, թե պետք չէ օր առանձնացնել, կանանց պետք է ամեն օր շնորհավորել, սիրել եւ այլն, բայց կյանքը ցույց է տալիս, որ մեկ է, ոչ մի ուրիշ օր էլ այդ ուշադրությունը չի լինում: Ուրեմն կանայք թող գոնե այդ օրը իրենց ավելի լավ զգան, հասկանան, որ դա հենց իրենց տոնն է: Ես հասկացել եմ, որ ակնկալիքներ կարող եմ միայն ինքս ինձնից ունենալ: Քանի տարիներ տխրել եմ Մարտի 8-ին՝ սպասելով այդ շրջանում իմ կողքին եղած տղամարդուց ինչ-որ հաճելի բան ու չեմ ստացել: Հետո հասկացա, որ պետք է ես ինքս իմ օրը տոն դարձնեմ ու սկսեցի Մարտի 8-ի կապակցությամբ տորթ գնել, նշում եմ  իմ սիրելի կանանց հետ ու ինձ ավելի ուրախ եմ զգում: Նույնն էլ անելու եմ այս տարի»:

 

Լուսինե Մկրտչյան. «Մարտի 8-ն ինձ համար ամենագեղեցիկ տոնն է եւ որ ամենակարեւորն է՝ կանանց տոնն է: Այդ օրը մեզ հնարավորություն է տալիս եւս մեկ անգամ հիշեցնել, ասել, թե ինչքան կարեւոր են մեզ համար մեր Մայրիկները, մեր իգական սեռի սիրելի ներկայացուցիչները: Այդ օրը պետք է պարզապես շատ գեղեցիկ լինել եւ ժպտալ»:

 

Փիրուզա Գինոյան. «Մարտի 8-ն առանձնահատուկ տոնելու կարիք չեն տեսնում, բայց ինձ դուր է գալիս, երբ կանայք այդ օրը ծաղիկներ են ստանում: Նաեւ դուր է գալիս, որ հայրս մայրիկին, տատիկին եւ ինձ ծաղիկներ է նվիրում: Նա սովորաբար մեզ ծաղիկներ չի նվիրում, իսկ այդ օրը պարտադիր հենց ծաղիկներ է նվիրում: Ակնկալում եմ, որ իմ ծանոթ տղամարդիկ կշնորհավորեն ինձ, իսկ ամենամտերիմները ծաղիկներ կնվիրեն»:

 

Լիլիթ Պետրոսյան. «Դա առանձնապես տոն էլ չէ, չնայած այս տարի որոշել եմ մի լավ ուրախանալ, ոչ թե այն պատճառով, որ աղջիկ եմ, այլ որովհետեւ այդ օրը տարբեր տեղեր հետաքրքիր բաներ են կազմակերպում: Իսկ ընդհանրապես, կարծում եմ, շատ տարօրինակ բան է, որ կա կանանց նվիրված տոն, որովհետեւ հերթական անգամ մարգինալացվում եւ առանձնացվում են կանայք հայրիշխանական համակարգի մեջ: Որեւէ ակնկալիք չունեմ այդ օրվա հետ կապված, ավելին, եթե ինչ-որ տղաներ որոշեն ինձ ուշադրություն դարձնել որովհետեւ Մարտի 8-ն է, առանձնապես հաճելի արձագանք չեն ստանա ինձանից»:

 

 

Էլմիրա Մարտիրոսյան. «Ես առանձնապես արարողակարգային մարդ չեմ, բոլոր տոների կողքով անցնում եմ, մարտի 8-ն էլ՝ դրանց թվում է: Ցանկացած տոն պայմանականորեն  եմ ընկալում, եթե հարազատներս մոտս են  նշում եմ, մոտս չեն, տոն չկա: Այդ պահին մայրս մոտս է, իրեն կուրախացնեմ: Երբեք չեմ սպասում, թե ինչ կանեն ուրիշներն ինձ համար»:

 

 

Լիլիթ Հարությունյան. «Իմ ընկալմամբ՝ Մարտի 8-ը գարնան, կանանց նկատմամբ հատուկ ուշադրության տոն է: Ընդ որում՝ ուշադրություն ոչ միայն տղամարդկանց, այլ նաեւ կանանց կողմից: Այդ օրը պետք է ուշադիր լինել մայրիկների, տատիկների, հորաքույրների նկատմամբ: Եթե տոնը ինչ-որ ռոմանտիկ երանգ է ունենում, ապա ավելի լավ»:

 

Կարծիքները հավաքեց՝ Արման Ղարիբյանը

Դիտումների քանակը` 3913

Վերադառնալ վերև